Բեկում. 1988 Թուականի Փետրուարի 12-ը` Ղարաբաղեան Շարժման Ժամանակակից Փուլի Ելակէտ

ԱՇՈՏ ԲԵԳԼԱՐԵԱՆ

19881988թ. փետրուարի 12-ը Արցախի հայութեան համար ճակատագրական տարեթիւ է: Այդ օրը, թերեւս, դարձաւ ղարաբաղեան ազգային-ազատագրական շարժման ժամանակակից փուլի  ելակէտ: Հէնց այդ օրուայ իրադարձութիւնները կանխորոշեցին շարժման յաջողութիւնն ամբողջապէս եւ երկար սպասուած ազատութեան ձեռքբերումն իրենով նշանաւորած պատմական նստաշրջանի անցկացումը:

Եւ հէնց այդ օրն Ազրպէյճանի յետադիմական վիթխարի ուժը ձեռնարկեց Ստեփանակերտի քաղաքական գրոհը, որի անկումը կը նշանակէր ամբողջ Ղարաբաղի վերջը:

Գրեթէ ողջ 87-ի ընթացքում (սկսած ապրիլից) ժողովուրդը ստորագրութիւններ էր հաւաքում: Դրա համար խթան հանդիսացան ազրպէյճանական հանրապետական թերթերից մէկում Հայաստանի զինանշանի` առանց Արարատի (Մասիսի) յայտնուելը, ազրպէյճանցիների կողմից մի շարք սադրանքներ, այդ թւում` թմրանիւթերով եւ ալքոլով հարբած աւելի քան 200 երիտասարդների` «Ղարաբաղ»-«Քեափազ» (Կիրովապատ) ֆութպոլային մրցախաղին Ստեփանակերտ ուղարկելը, որոնք ամենաանպարկեշտ եւ կռուարար ձեւով էին արտայայտւում հայկական բնակչութեան եւ մարզի ղեկավարութեան հասցէին` փորձելով անկարգութիւններ հրահրել` դրանք միջազգային յարաբերութիւնների պարզման հարթութիւն տեղափոխելու բացայայտ նպատակով եւ, վերջապէս, Չարդախլու գիւղի յայտնի իրադարձութիւնները, որի բնակիչները մի քանի ամիս շարունակ ահաբեկչութեան էին ենթարկւում Ազրպէյճանական ԽՍՀ Շամխորի շրջանի իշխանոյթունների կողմից:

Զինանշան` առանց Արարատի

Այդ սադրանքները յանգեցրին ստորագրութիւնների հաւաքին, իսկ այնուհետեւ, Միխայիլ Կորպաչովի հռչակած վերակառուցմանը հաւատացած ձեռնարկութիւնների ու հիմնարկների ամբողջական անձնակազմերի կողմից ստորագրուած` «Սովետական Հայաստանի հետ  ԼՂԻՄ-ի վերամիաւորման մասին» պատմական հռչակագրին:

Ըստ որում, եթէ ղարաբաղցիների ընկալմամբ «վերակառուցումը» նշանակում էր վերջապէս ազրպէյճանական բռնատիրութիւնից ազատուելու  հնարաւորութիւն, ապա ազրպէյճանցիների մեկնաբանմամբ` այն, ընդհակառակը, ենթադրում էր ղարաբաղցիներին հայրենի հողից վտարելն ու երկրամասի վերջնական ազրպէյճանացումը: Փետրուարի 12-ը դարձաւ Պաքուի` Ղարաբաղը ոչնչացնելու ցանկութեան եւ Ղարաբաղի` ազրպէյճանական լծից ձերբազատուելու երազանքի միջեւ գաղտնի հակամարտութեան գագաթնակէտ. մինչ այդ զսպուած զգացմունքները դուրս յորդեցին: Պաքուն եւ Մոսկուան լաւ էին հասկանում իրավիճակը.  բոլոր գործընթացները  գտնւում էին յատուկ ծառայութիւնների հսկողութեան տակ: Յոյսը դնելով սեփական ուժի եւ խորհրդային իշխանութիւնների աջակցութեան վրայ` Ազրպէյճանը վճռական քայլ ձեռնարկեց` իր նպատակին հասնելու համար: Ձգտելով իր գործողութիւններին քաղաքակրթութեան երեւութականութիւն հաղորդել` Պաքուն փորձում էր պատժամիջոցների հասնել ժողովրդից «ծայրահեղական-անջատողական» շարժումը ճնշելու պատրուակով: Այդ նպատակով որոշուեց Ստեփանակերտում եւ շրջկենտրոններում կազմակերպել կուսակցական-տնտեսական ժողովներ, իսկ արդիւնքներն ամփոփելով կուսակցական-տնտեսական մարզային ժողովում` անցնել գործնական քայլերի:

Ազրպէյճանի իշխանութիւններն, ըստ երեւոյթին, կասկած չունէին, որ ժողովների արձանագրութիւնները կը տան ցանկալի արդիւնք. մնացածը թեքնիք հարց էր, որին հանրապետութեան այն ժամանակուայ վարչական-բռնատիրական աշխատակազմը կատարելապէս տիրապետում էր: Պատուիրակութիւնը ղեկավարում էր Ազրպէյճանի Համայնավար կուսակցութեան Կենտկոմի  երկրորդ քարտուղար Վասիլի Քոնովալովը: Նրա հետ մէկտեղ մարզկենտրոն ներկայացան Ազրպէյճանի Համայնավար կուսակցութեան  կենտկոմի վարչական մարմինների բաժնի վարիչ Մ. Ասատովը, Ազրպէյճանի ուժային կառոյցների` ՊԱԿ¬ի,  ներքին գործոց նախարարութեան, դատախազութեան, Գերագոյն դատարանի բոլոր երկրորդ դէմքերը, ինչպէս նաեւ` յատուկ ծառայութեան աւելի քան 200 աշխատակիցներ: փետրուարի 11-ի լոյս 12-ի գիշերը մարզկենտրոնում կայացաւ կուսակցութեան մարզկոմի պիւրոյի նիստը, որտեղ գործնականում  հրամաններ տուողը Պաքուից եկած «տէրերն» էին:

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացները խստօրէն դատապարտելուց յետոյ պիւրոյի մասնակիցները կայացրին որոշում` փետրուարի 12-ին  ստեփանակերտում եւ բոլոր շրջկենտրոններում անցկացնել կուսակցական-տնտեսական ժողովներ:

«Ծայրահեղականներ», «Ափարաթիսթներ», «Աքթիվիսթներ» Պաքուից եկած հիւրերը ղարաբաղցիներին «խելքի բերելու» իրենց սպառնալիքներում եւ փորձերում չքաշուեցին միջոցների եւ արտայայտութիւնների ընտրութեան հարցում: Յատկանշական են Ասատովի սպառնալիքները. «Մենք Ղարաբաղը կը վերածենք հայկական գերեզմանոցի»: Ի միջի այլոց, Ղարաբաղը գերեզմանոց դարձաւ հէնց իր` Ասատովի համար. 1991թ. նոյեմբերի 20-ին Կարաքենդ (այժմ` Բերդաշէն) գիւղի օդային տարածքում կործանուեց ուղղաթիռը, որում թռչում էին ինքը եւ Ազրպէյճանի այլ բարձրաստիճան կուսակցական պաշտօնեաներ:

Փետրուարի 12-ի առաւօտեան  կուսակցութեան Ստեփանակերտի  քաղկոմը հաւաքեց քաղաքի կուսակցական¬տնտեսական ժողովը. հրաւիրուած էին ձեռնարկութիւնների առաջին դէմքեր, բոլոր կազմակերպութիւնների կուսկազմակերպիչներ եւ արհկոմներ: Քաղկոմի եւ մարզկոմի շէնքերը շրջապատուած էին յատուկ ծառայութիւնների` քաղաքացիական համազգեստ հագած աշխատակիցներով: Կուսակցութեան քաղկոմի դահլիճը լեփ¬լեցուն էր: Իսկ նախագահութիւնում տեղաւորուել էին դեռեւս տէրեր ձեւացող Պաքուից հիւրերը` Քոնովալովի գլխաւորութեամբ, կուսակցութեան մարզկոմի պիւրոյի ներկայացուցիչներ` առաջին քարտուղար Պորիս Քեւորքովի եւ քաղկոմի պիւրոն` առաջին քարտուղար Զաւէն Մովսիսեանի գլխաւորութեամբ:

Նիստը բացեց Զ. Մովսիսեանը` յայտարարելով մօտաւորապէս հետեւեալը. չգիտես ինչ է կատարւում Ղարաբաղում, բայց կատարուածը «ծայրահեղականների» ձեռքի գործ է, որոնք ժողովրդին շեղում են կուսակցութեան ուղղորդած ճանապարհից: Դրանից յետոյ նա խօսքը տուեց Քեւորքովին, ով յայտարարեց, թէ «ծայրահեղականների եւ անջատողականների» համար Ղարաբաղում տեղ չկայ, եւ որ` ժողովուրդը նրանց հետեւելու ցանկութիւն չունի եւ դահլիճում հաւաքուելու նպատակը ճշմարտութիւնը բացայայտելն է: Այնուհետեւ ելոյթ ունեցաւ Վասիլի Քոնովալովը` «ծայրահեղականներին եւ անջատողականներին» հասարակութեան տականք անուանելով, իսկ այդ արկածախնդրութեան տրուած ժողովրդին` ապերախտ` Ղարաբաղի զարգացման հարցում Ազրպէյճանի ունեցած ներդրման հանդէպ: «Մենք կազմակերպիչներին յստակ գիտենք անուններով եւ խոստանում ենք, որ նրանց կը մեկուսացնենք հասարակութիւնից: Ժողովրդի իմաստութիւնը, այդ թւում եւ ժողովականների` որպէս ժողովրդի մի մասի, կայանում է նրանում, որ քննադատութեան ենթարկուի այդ անջատողականութիւնը: Լինելով հանրապետութեան կազմում` Ղարաբաղը միշտ ծաղկել է. նա եղել է, կայ եւ կը լինի Ազրպէյճանի անբաժանելի մասը», յայտարարեց կուսակցական բոնզը: Միանալով Քոնովալովի խօսքերին` Քեւորքովը գործնականում կրկնեց նրա խօսքերը. «Համոզուած եղէք` Ղարաբաղը եղել է եւ կը լինի Ազրպէյճանի անբաժանելի մասը. միայն դրա մէջ ենք մենք տեսնում մեր ժողովրդի ապագան»:

Կենտրոնացուած հոգեբանական գրոհի աւարտից յետոյ կուսակցութեան Ստեփանակերտի քաղկոմի առաջին քարտուղարն առաջարկեց անցնել քննարկումների: Այդժամ ձեռք բարձրացրեց Ստեփանակերտի  2718 ինքնաշարժների շարասեան պետ մաքսիմ Միրզոյեանը, բայց, նրա վրայ ուշադրութիւն չդարձնելով` ժողովը վարողը խօսքը տրամադրեց կահոյքի գործարանի արհկոմի նախագահ Միքայէլ Շահրամանեանին: Նրա ելոյթի էութիւնն այն էր, որ Բ. աշխարհամարտի տարիներին ազրպէյճանցիները եւ հայերը միասին են  խրամատներում պաշտպանել հայրենիքը, կիսել վերջին կտոր հացը, եղել հոգեհարազատ եղբայրներ: «Այն, ինչ այսօր կատարւում է Ղարաբաղում, վայել չէ մեր ժողովրդին եւ նպատակ ունի վարկաբեկել մեզ` ղարաբաղցիներիս: Որպէս պատերազմի եւ աշխատանքի վեթերան` քննադատում եմ նման գործողութիւնները եւ սթափութեան կոչ անում», յայտարարեց Մ. Շահրամանեանը: Դահլիճը` աւելի քան 400 մարդ, ընկճուեց  այդ ելոյթից: Յետագայում պարզուեց, որ փետրուարի 11-ի լոյս 12-ի գիշերը ժողովականների անունից պատրաստուել են «գաղափարապէս թրծուած» 11 միատիպ ելոյթներ, որոնցից առաջինն էլ բարձրաձայնուեց: Այնուհետեւ քաղկոմի քարտուղարը նորից դիմեց դահլիճին ` նշուած ելոյթի կապակցութեամբ կարծիք յայտնելու առաջարկով: Մաքսիմ Միրզոյեանը նորից ձեռք բարձրացրեց: Սակայն, արհամարհելով իր իսկ առաջարկը, քարտուղարը խօսքը տուեց ցուցակով յաջորդին` հ. 10 դպրոցի տնօրէն Անուշաւան Պօղոսեանին: Վերջինս նոյնպէս տարակուսանք յայտնեց Ղարաբաղում կազմակերպուած ստորագրահաւաքի կապակցութեամբ, բողոքեց, որ դպրոցում տանիքը կաթկթում է… եւ որ այդպիսի մանրուքներն առիթ են դառնում հասարակութեան համար անցանկալի տարրերի աշխուժացման համար:

«Պօղոսեանի ելոյթի ընթացքում ես զգացի, որ նախաձեռնութիւնն ժողովականներից անցնում է նախագահութեան ծրագրին: Այդ պատճառով էլ չսպասելով` ինձ խօսք տրամադրեն, դուրս եկայ բեմ», պատմում է ղարաբաղեան շարժման աշխուժ մասնակիցներից մէկը` ԼՂՀ  մի քանի գումարումների Ազգային ժողովի պատգամաւոր Մաքսիմ Միրզոյեանը: Նիստը վարողին խօսքը նրան տալուց բացի ոչինչ չէր մնում անել: Դահլիճը քարացել էր սպասման մէջ:

Մաքսիմ Միրզոյեանի ելոյթը

Միրզոյեանն իր ելոյթն սկսեց հետեւեալ խօսքերով. «Իմ պապը Ռայխսթակի պատերի վրայ հայհոյել  է  հիթլերի մօրը: Այսօր այդ նոյնն անում են իմ մայր ղարաբաղի հանդէպ: Եւ այդ ամէնը հասցուած է պետական քաղաքականութեան աստիճանի, ինչն էլ խրախուսում էք դուք, Պորի՜ս Սարկիսովիչ (Քեւորքով ¬ հեղ.)`  կատարելով մեր ժողովրդին ոչ հարիր քաղաքական պատուէր: Ձեզ չեն   հետաքրքրում Ղարաբաղն ու նրա ապագան: Ինչպէս եւ Ազրպէյճանի ողջ ղեկավարութիւնը, դուք նրա ապագան տեսնում էք առանց հայերի: Եւ դրանք դատարկ խօսքեր չեն»:

Այնուհետեւ Մ. Միրզոյեանը նշեց, որ Քեւորքովի ժամանակներում հայկական Ղարաբաղի վրայ յարձակումը կատարւում էր տարբեր ուղղութիւններով. հայկական աշխարհագրական անուններն ինքնագլուխ փոխարինւում էին ազրպէյճանական տեղանուններով, ժողովրդագրական գործընթացներն արհեստականօրէն ուղղւում էին Ազրպէյճանի համար բարենպաստ հուն` հէնց Ղարաբաղի ներսում «միջազգայնական քաղաքականութեան» քօղի տակ:

«Շուշիում ամբողջութեամբ անհետացել են հայկական լեզուով ցուցանակները: Գրութիւններ կան ազրպէյճաներէն, ռուսերէն եւ անգամ անգլերէն լեզուներով: Չնայած այնտեղ անգլիացիներ չեն այցելում: Իսկ գուցէ դուք ցանկանում էք, որ նրանք գա՞ն, ինչպէս դա եղել է 1918 թուականին: Բոլորին յայտնի է, թէ ինչով դա աւարտուեց հայերի համար,¬ շարունակեց Մաքսիմ Միրզոյեանը, որին ելոյթի ընթացքում երկու անգամ ընդհատեցին Քեւորքովն ու Քոնովալովը:¬ Ձեր իմացութեամբ Շուշիում կառուցւում է ՆԱԹՕ-ի անդամ Թուրքիայի զինանշանը խորհրդանշող աղբիւր: Ինչպէ՞ս դա հասկանալ:

15 տարուան ընթացքում դուք մի անգամ էլ չայցելեցիք Հադրութ` Լեռնային Ղարաբաղի ամենացաւոտ կէտը: Փոխարէնը միշտ հիւրընկալւում էք յարգելի Մամունցի մօտ, որտեղ տաք է եւ սննդառատ: Այդպէ՞ս  էք դուք հոգ տանում Ղարաբաղի մասին: Իսկ ինչպէ՞ս դուք տնօրինեցիք հանրապետութեան կողմից ԼՂԻՄ¬ի, այսպէս կոչուած, ընկերային¬տնտեսական զարգացմանը յատկացուած չնչին միջոցները: Ինքնաշարժների նորոգման գործարանի շինարարութեան հաշուին, որը հետագայում, չգիտես ինչո՞ւ, վերանուանուեց  գիւղական մեքենաների գործարան, թալանուած է 16-18 մլն ռուբլի: Առայսօր հասկանալի չէ, թէ վերջում այն ինչի կը վերածուի: Եւ այդ ամէնը` ձեր մատուցմամբ, ընկե՜ր կենտրոնական իշխանութեան ներկայացուցիչ, Վասիլի՜ Նիկոլայեւիչ…»

Քոնովալովն ընդհատեց նրան.

–  Ի՞նչ էք առաջարկում:

– Ես ընկերական չեմ, ոչ էլ քաղաքագէտ, այլ ընդամէնը` ճարտարագէտ-մասնագէտ: Սակայն, ի տարբերութիւն ձեզ, ես գիտեմ իմ ժողովրդի կարծիքը: Եթէ ձեզ հետաքրքիր է այն, հանրաքուէ անցկացրէք եւ կը ստանաք պատասխանը:

– Միայն դա՜ էր պակասում:

– Իմ խորհուրդը` չվախեցնէք մեր ժողովրդին,¬ իջնելով բեմից`  նետել է Մաքսիմ Միրզոյեանը:

«Ում էք դուք պատրաստել»

Նախագահութիւնում հասունանում էր խուճապը: Ազրպէյճանի բարձրագոյն իշխանութեան ներկայացուցիչները փսփսում էին իրար միջեւ` փորձելով հակաթոյն գտնել: Սակայն արդէն ուշ էր. հոգեբանական արգելապատը յաղթահարուած էր, եւ դահլիճը դեռ երկար դատապարտում էր Պաքուի խտրական քաղաքականութիւնը Ղարաբաղում: Խախտելով հաստատուած կանոնակարգը (ըստ ցուցակի ելոյթ ունենալը)` խօսնակը դիմեց դահլիճին եւ կանգ առաւ ձեռք բարձրացրած` արհեստագիտական ուսումնարանի տնօրէն Վլատիմիր Սարգսեանի վրայ` առաջարկելով նրան ելոյթ ունենալ:

«Այդ ժամանակ ես քաջ գիտակցում էի, որ եթէ չխօսեմ` Մաքսիմին կը բռնեն»,- ասում է այսօր Վլատիմիր Սարգսեանը:

Նա սկսեց քօղազերծել աւելի վաղ ելոյթ ունեցած դպրոցի տնօրէնին, որի հաւաստմամբ, Ղարաբաղում ազգամիջեան խնդիրներ չկային, մեղադրեց Ազրպէյճանի ղեկավարութեանը` Ղարաբաղում «հայկական տարրը» լրիւութեամբ բացառելու նպատակով ժողովրդագրական պատկերը փոխելու ձգտման մէջ:  Դրա յստակ արտայայտութիւնը նա անուանեց Ազրպէյճանի իշխանութիւնների` Ստեփանակերտում միջշրջանային արհեստագիտական ուսումնարան կառուցելու մտադրութիւնը, որը նախատեսուած էր հանրապետութեան շրջաններին կից ծայրամասերում ապրող ազրպէյճանական երիտասարդութեան համար` փոխանակ կառուցելու Ստեփանակերտի արհեստագիտական ուսումնարանի նոր շէնքը:

Ընդ որում, Վ. Սարգսեանը ստեղծուած իրավիճակի մէջ մեղադրեց թէ՛ կուսակցութեան մարզկոմին, թէ՛ քաղկոմին:

Դահլիճը ոգեւորուեց եւ սիրտ առաւ, այն դէպքում, երբ նախագահութիւնն արդէն խուճապի էր մատնուել: Քեւորքովը մեղադրեց Զ. Մովսիսեանին. «Ո՞ւմ էք դուք պատրաստել»:

Առաջ անցնելով` ասեմ, որ յաջորդ օրը Քեւորքովը կանչեց Վլատիմիր Սարգսեանին` պահանջելով դուրս գալ հանրահաւաքի հաւաքուած ժողովրդի առաջ եւ համոզել նրանց ցրուել: Ինչի վրայ Վ. Սարգսեանը յայտարարեց. «Դուք ժողովրդին  դրան հասցրել էք 15 տարուայ ընթացքում, այժմ ուզում էք, որ ես 15 րոպէի ընթացքում ցրե՞մ նրանց»: Առաւել եւս, նա հանրահաւաք բերեց իր ղեկավարած ուսումնարանի սովորողներին:

Այդ ժամանակ ժողովի ընթացքից մտահոգուած Զ. Մովսիսեանն առաջարկեց ելոյթ ունենալ ըստ ցուցակի յաջորդ զեկուցողին` Ղարմետաքսկոմբինատի տնօրէն, այժմ` հանգուցեալ Ռադիկ Աթայեանին: Վերջինս հրաժարուեց: Քաղկոմի քարտուղարը կշտամբեց նրան անսկզբունքային լինելու մէջ` յիշեցնելով, որ լինելով մարզկոմի անդամ, նա պարտաւոր էր իր կարծիքը յայտնել: Տատանուելով` Ռ. Աթայեանը դուրս եկաւ բեմ, հանեց պատրաստի ելոյթը, բայց միտքը փոխելով` փակեց այն եւ ետ դրեց պիջակի ծոցագրպանում: Յետոյ նա բառացիօրէն արտաբերեց հետեւեալը. «Ես, ինչպէս եւ Միրզոյեանը, առաջարկում եմ այդ հարցով հանրաքուէ անցկացնել»: Ասաց եւ վերադարձաւ իր տեղը:

Ինչպէս  խեղդուողն է բռնւում յարդից, նախագահութիւնը փորձում էր բռնուել ցուցակով յաջորդ ելոյթ ունեցողից` Ստեփանակերտի մանկավարժական հիմնարկի կուսկազմակերպիչ Պաշիր Ֆարաճեւից, բայց դահլիճը շւուացրեց նրան:

Նախագահութիւնում իսկական իրարանցում սկսուեց, որի պատճառով բարձրաստիճան անձինք, ի նշան բողոքի, լքեցին դահլիճն առանց որեւէ յայտարարութեան:

Ստեփանակերտից յետոյ` Ասկերան

«Հէնց փետրուարի  12-ին մեր ինքնագիտակցութեան մէջ տեղի ունեցաւ հետագայ բոլոր գործողութիւնները կանխորոշած պայթիւնը,- ասում է ղարաբաղեան շարժման աշխուժ մասնակիցներից մէկը` Պաւել Նաջարեանը:- Ի հարկէ, ամէն ինչ չէ, որ հարթ էր անցնում, կային եւ սխալներ: Հասարակութիւնն ընդհանուր առմամբ դեռեւս բաւարար չափով պատրաստ չէր տեղի ունեցող եւ տեղի ունենալիք գործընթացներին, եւ մենք գործում էինք սեփական սխալներից դասեր քաղելով: Բայց կարեւորն այն էր, որ այն պատմական օրերին մենք հաւատացինք նպատակին հասնելու հնարաւորութեանը եւ, միաւորելով ջանքերը` կարողացանք կեանքի կոչել մեր դարաւոր յոյսերը: Եւ հէնց միասնութեան մէջ էր մեր յաջողութեան գաղտնիքը»:

Սակայն վերադառնանք դահլիճ: Նախագահութեան անդամների դուրս գալուց յետոյ ժողովականներից մէկը` Ռազմիկ Պետրոսեանը, բոլորին կոչ արեց  հանգստութիւն պահպանել եւ չտրուել սադրանքների: Այդ ընթացքում միջանցքում հերթապահող Արկադի Կարապետեանի (Ղարաբաղում յայտնի «Դաշնակ Ագոյ» անունով) խումբը, իմանալով Ազրպէյճանի ղեկավարութեան մտադրութեան ձախողման մասին, այդ առթիւ տեղեկութիւն հասցրեց Ասկերան, որտեղ պէտք էր տեղի ունենար շրջանի կուսակցական¬տնտեսական ժողովը: Ասկերանցիները արժանապատուօրէն դիմաւորեցին այստեղ եկած հանրապետական եւ մարզային մակարդակի բարձրաստիճան անձանց պատուիրակութեանը` վերջնականապէս ցրելով յաջողութեան նրանց յոյսերը: Այստեղ առաջինը ելոյթ ունեցան Նախիջեւանիկի կոլտնտեսութեան նախագահ Եուրի Իսրայէլեանը եւ դպրոցի տնօրէն Արմէն Աւանեսեանը: Նրանք քննադատեցին Ազրպէյճանական ԽՍՀ իշխանութիւնների` ԼՂԻՄ-ի հանդէպ խտրական քաղաքականութիւնը` արտայայտուելով հետագայում Ազրպէյճանի ղեկավարութեան կամքին ենթարկուելուց հրաժարուելու օգտին: Այդ նոյն օրը Հադրութի շրջանում կուսակցական-տնտեսական ժողով անցկացնելու փորձը յանգեցրեց համընդհանուր հանրահաւաքի, իրականում` Ղարաբաղում ժողովրդի ազատ կամարտայայտութեան օգտին առաջին հանրահաւաքին:

Փետրուարի 12-ին յաջորդած բոլոր իրադարձութիւնները հետեւողականօրէն տանում էին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը կանխորոշած պատմական նստաշրջանին:

Փետրուարի 13-ին ժողովուրդը սկսեց հանրահաւաքի հաւաքուել Ստեփանակերտում:

Սպառնալիքները ձեւակերպումներ են ստանում եւ սկսում իրագործուել

Փետրուարի 13-ի երեկոյեան հանրահաւաքից յետոյ կուսակցութեան Ստեփանակերտի քաղկոմի  առաջին քարտուղար Զաւէն Մովսիսեանը հաւաքեց առաւել գործունեայ տնօրէններին` յայտարարելու, ըստ իրեն, վատթարագոյն նորութիւնը` դէպի Ստեփանակերտ են շարժւում իրենց ազգային զգացմունքների մէջ վիրաւորուած ազրպէյճանցիների 800 օթոպիւսների, որոնք մտադիր էին այստեղ հանրահաւաք անցկացնել: Նա խորհուրդ տուեց հայերին դուրս չգալ քաղաք: Որեւէ քայլից ձեռնպահ մնալու մէջ համոզեցին Ազրպէյճանի Համայնավար կուսակցութեան Կենտկոմի` Ղարաբաղի հարցով կուրատոր Տեչենինը եւ մարզկոմի երկրորդ քարտուղար Պոկոսլովսքին: Իսկ յետոյ Քեւորքովը` Ղարաբաղում իր գործունէութեան երկար տարիների ընթացքում առաջին անգամ հանրութեան առաջ դուրս է  գալիս չսափրուած (լրիւ պատկերը ներկայացնելու համար հարկ է նշել, որ այն օրերին Քեւորքովը յայտնուել էր երկու կրակի արանքում. Լեռնային Ղարաբաղում Պաքուի քաղաքականութեան ձախողման հարցում նրան քիչ չէր մեղադրում Ազրպէյճանի ղեկավարութիւնը )…

Այդ ժամանակամիջոցում ամբողջ Ազրպէյճանում համար 1 պատրաստուածութեան հրաման էր տրուած: Աղտամում հաւաքուել էին Լեռնային Ղարաբաղին կից շրջանների բոլոր ղեկավարները, ինչպէս նաեւ` հանրապետութեան կուսակցական եւ վարչական ղեկավարութիւնը: Օգնութեան կանչեցին մօլլաներին: Կրկին ղարաբաղցիների հասցէին սպառնալիքներ հնչեցին. «100 հազար ազրպէյճանցիներ պատրաստ են ցանկացած ժամանակ ներխուժել Ղարաբաղ եւ արիւնալի սպանդ կազմակերպել այստեղ»: Այս դաւադրութեան ամբողջ կազմակերպումն անձամբ իր ձեռքը վերցրեց Ազրպէյճանի Համայնավար կուսակցութեան Կենտկոմի առաջին քարտուղար Քեամրան Պաղիրովը:

Պաղիրովի սպառնալիքները, ինչպէս ցոյց տուեց ժամանակը, դատարկ խօսքեր չէին:

Պաքուի մեղքով ղարաբաղեան շարժումը բացայայտ ընդդիմութեան բնոյթ ստացաւ` շուտով վերաճելով շարունակական եւ արիւնալի զինուած հակամարտութեան: Սակայն հէնց ինքը` ճակատագիրը, արդարութեան եւ ղարաբաղցիների անդառնալի որոշման կողմն էր, ովքեր աննախադէպ հերոսութեան գնով կարողացան կանխել իրենց ֆիզիքական ոչնչացման սպառնալիքը եւ կանգնել իրենց` միջազգային հիմնարար կանոններին համապատասխան ինքնորոշման վաղնջական իրաւունքի իրականացման ճանապարհին:

«Ազատ Արցախ»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )