Սումկայիթեան Եղեռնագործութեան 26-րդ Տարելիցին Դեսպան Աշոտ Քոչարեանի Արտասանած Խօսքը

Amb.Ashod-Kocharian_SumgayitԱյսօր մենք հաւաքուել ենք կրկին անգամ մեր յարգանքի տուրքը մատուցելու սումկայիթեան եղեռնագործութեան անմեղ զոհերի եւ 10 տարի առաջ Պուտափեշտում սպաննուած Գուրգէն Մարգարեանի յիշատակին: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրաւունքը ստիպուած է եղել պաշտպանել արեան գնով` իրեն պարտադրուած պատերազմի ընթացքում: 26 տարի առաջ Արցախի ժողովուրդը ձայնը բարձրացրեց սեփական իրաւունքների ու ազատութեան պաշտպանութեան օգտին:  Քաղաքակիրթ եւ օրինական իւրաքանչիւր գործողութեանը հետեւում էր հայ ազգաբնակչութեան իրաւունքների զանգուածային եւ համատարած ոտնահարում, բռնութիւններ եւ կոտորածներ, տնտեսական շրջափակում:

Ղարաբաղեան շարժման առաջացումը խիստ անհանգստացրեց Խորհրդային միութեան ղեկավարութեանը, քանի որ այս ժողովրդավարական շարժումը կարող էր վարակիչ օրինակ հանդիսանալ կայսրութեան համար: Ազրպէյճանական ազգայնամոլները պատասխան խաղաղ ցոյցերի կազմակերպեցին հայ բնակչութեան ջարդեր Սումկայիթում (1988թ. փետրուար), Ազրպէյճանի այլ վայրերում, ապա Պաքւում (1990թ. յունուար), որին զոհ դարձան հարիւրաւոր հայեր: Այս ջարդերից յետոյ շուրջ 400 հազար հայեր ստիպուած թողեցին Ազրպէյճանի հայաբնակ վայրերը եւ նրանց զգալի մասը տեղափոխուեց Հայաստան: Շուտով Ազրպէյճանը դիմեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը` մեծ վնաս պատճառելով Հայաստանի եւ Ղարաբաղի տնտեսութեանը:

Հակառակորդը դիմել էր տնտեսական շրջափակման ամենատարբեր ձեւերի` արտաքին աշխարհից, մանաւանդ Հայաստանից Լեռնային Ղարաբաղի մեկուսացմանը, բեռների, սննդամթերքի, վառելանիւթերի եւ առաջին անհրաժեշտութեան այլ իրերի ներկրման կամ տեղափոխման արգելակմանը:

1988 թ. փետրուարի 26-28-ին Ազրպէյճանի Սումկայիթ արդիւնաբերական քաղաքում հայ բնակչութեան հանդէպ տեղի ունեցած ջարդերը ցեղային զտման քաղաքականութեան առաջին դրսեւորման օրինակն էին Խորհրդային Միութեան տարածքում: Բարբարոսական յարձակումների եւ խոշտանգումների արդիւնքում եղան տասնեակ զոհեր: Հարիւրաւոր անմեղ մարդիկ վիրաւորուեցին եւ անդամալոյծ դարձան: Ամէն հնարաւորն արուեց կատարուած յանցագործութիւնների հանգամանքները թաքցնելու եւ խեղաթիւրելու համար:

Միջազգային արձագանգը բաւարար չէր: Փլուզուող Խորհրդային միութեան իշխանութիւններն  չտուեցին համապատասխան գնահատական կատարուածին: Սումկայիթում հայերի դէմ կատարուած բռնութիւնները փոխեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան բնոյթ եւ 1988 թուականը Լեռնային Ղարաբաղի պատմութեան մէջ դարձաւ շրջադարձային:

Սումկայիթեան եղեռնագործութիւնից յետոյ ազրպէյճանական իշխանութիւնների նախաձեռնութեամբ յարձակումները հայ բնակչութեան հանդէպ շարունակուեցին ամբողջ երկրի տարածքով: 1988թ. մայիսին Շուշիում, որտեղից յաջորդ մի քանի տարիների ընթացքում հրետանային ռմբակոծութիւններ էին իրականացւում Ստեփանակերտի վրայ կազմակերպուեց հայերի տեղահանում: 1988թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հայերի կոտորածները տեղի ունեցան Պաքւում, Կիրաւապատում` Գանջա, Շեմաքում, Շեմաքորում, Նախիջեւանում, այլ բնակավայրերում: Հայերը սպաննուեցին եւ վիրաւորուեցին Խոճալու գիւղում:

Յաջորդ տարիներին Ազրպէյճանը փորձեց լայնածաւալ ռազմական գործողութիւններ ծաւալել Ղարաբաղի դէմ, սակայն տապալուեց իր նենգ ծրագրերում: Ղարաբաղի ինքնապաշտպանութեան ուժերն արժանի հակահարուած տուեցին ազրպէյճանական բանակին: Ռազմական պարտութիւնները ստիպեցին ազերիներին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ 1994թ. մայիսի 12-ին Խըրխզստանի մայրաքաղաք Պիշքեկում ստորագրել հրադադարի արձանագրութիւնը:

Ազրպէյճանն իր անկախութեան հռչակումից անմիջապէս յետոյ ազատեց դատապարտուած մարդասպաններին եւ հրապարակայնօրէն նրանց հռչակեց ազգային հերոսներ: Նոյնը արուեց վերջերս, երբ հունգարա-ազրպէյճանական խայտառակ գործարկի արդիւնքում ազատ արձակուեց մարդասպան Սաֆարովը, ով կացնահար էր արել քնած հայ զինուոր Գուրգէն Մարգարեանին ՕԹԱՆ-ի դասընթացների ընթացքում, եւ նախագահ Ալիեւի կողմից հռչակուեց ազգային հերոս: Ի դէպ այս տարի փետրուարի 19-ին լրացաւ այդ սարսափելի եւ անմարդկային յանցագործութեան 10-րդ տարելիցը: 10 տարի յետոյ գլուխ ենք խոնարհում Գուրգէն Մարգարեանի յիշատակին, 26 տարի յետոյ մենք գլուխ ենք խոնարհում Սումկայիթեան անմեղ զոհերի, Արցախի ազատագրական պաքարում զոհուած ազատամարտիկների, խաղաղ պայմաններում սահմանային գօտիներում զոհուած հերոս երիտասարդների  յիշատակի առջեւ եւ համոզմումք յայտնում, որ մեր ժողովրդի հանդէպ կատարուած յանցագործութիւնները, աննկարագրելի դաժանութիւններն եւ ոճրագործութիւնները կ՛արժանանան համապատասխան գնահատականի եւ կը դատապարտուեն ողջ մարդկութեան կողմից:

Ազրպէյճանը հիմա էլ շարունակում է կոպտօրէն խախտել զինադադարի դրութիւնը եւ հայերի հանդէպ ատելութեան մթնոլորտ ստեղծել իր երկրում: Սա պէտք է խստօրէն դատապարտուի միջազգային  հանրութեան կողմից:

Գիտակցում ենք, որ միայն մեր միասնական կամքով եւ հաւաքական ուժով կարող ենք հզօրացնել մեր հայրենիքը` Հայաստանը, Արցախը եւ հայոց բանակը:

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )