Արմէնի Եւ Սերգէյի Տարբերութիւնները
ՅԱՐՈՒԹԻՒՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Ծ. Խ.- Ուքրանիոյ մէջ աւելի քան երկու ամիսէ ի վեր կատարուող ցոյցերը յունուար 22-ին հասան իրենց գագաթնակէտին եւ խլեցին երեք զոհեր: Անոնց կարգին էր հայորդի մը` Սերժ Նիկոյեան:
Հազիւ 21 գարուններ բոլորած Սերժ ժամանած էր Քիեւ, Տնեպրոփեթրովսքի մօտակայ Փերեզնովանիվքա գիւղէն եւ միացած էր Եւրասիոյ Մաքսային միութեան դէմ պայքարող ցուցարարներուն:
Սերժի ծնողքը Ուքրանիա ժամանած էր 1992-ին, Ղարաբաղի շրջանէն:
Ուքրանիա ծնած եւ լաւապէս տիրապետած թէ՛ հայերէնին եւ թէ՛ ուքրաներէնին` Սերժ միշտ ալ առաջին գիծի վրայ կը գտնուէր, շարունակ հայրենի եռագոյն դրօշն ալ իր ուսին կապած:
«Սերժ շատ կը փափաքէր Հայաստան այցելել: Երբեք չէր այցելած: Հպարտ էր իր հայութեամբ…», կը յայտնէ Սերժին հայրը` Գարիկը:
Սերժ կը նկատուի Ուքրանիոյ «Եուրոմայտան»-ի առաջին նահատակը: Ան ցոյցերու ժամանակ խոր ապրումով կ՛արտասանէր 19-րդ դարաշրջանի ուքրանացի բանաստեղծ Թարաս Շեւչենքոյի «Կովկասը» գործը, որ կոչ կ՛ուղղէր տեղացիներուն` պայքարիլ ռուսերուն դէմ:
Ուքրանիոյ մէջ զոհուած Սերգէյ Նիկոյեանի ընտանիքը փախել է Հայաստանից արցախեան պատերազմի պատճառով: Այս ձեւակերպումը կարելի էր կարդալ բոլոր լրատուամիջոցներում: Ինչ խօսք, ամօթալի որակում է, բայց փաստ, որի հետ հաշուի չնստել հնարաւոր չէ: Արդարութեան համար պէտք է խոստովանենք, որ այդ տարիներին շատերը հեռացան (փախան)` օտար ափերում բարեկեցիկ, խաղաղ կեանք գտնելու հեռանկարով: Հեռացան նաեւ Արցախից, բայց շատերն էլ, թողնելով իրենց «փափուկ անկողինը», ամերիկաներից, եւրոպաներից, Միջին Արեւելքի երկրներից, Իրանից, Ռուսաստանից եկան եւ իրենց պապերի կիսատ թողած կռուին տէր կանգնեցին:
«Սերգէյը խելացի, կրթուած երիտասարդ էր: Նա ցուցարարների համար Թարաս Շեւչենքոյի բանաստեղծութիւններն էր անգիր ընթերցել», գրել էին ուքրանական կայքերը:
Այդ նոյն օրը հայ-ազերի սահմանին հերոսաբար զոհուած` Սերգէյի հասակակից Արմէն Յովհաննիսեանի երակներում «պայթում էր» Դանիէլ Վարուժանի «Ցեղին կանչը»: Արմէնի ծնողները չհեռացան Հայաստանից: Նրա մօր աչքերում, երբ նկարւում էր իր մինուճար արու զաւակի հետ, ազնուացեղի, հերոսուհի մօրը վայել հպարտութիւն կար:
Սերգէյը ծնուել էր Ուքրանիայում, նա փախչող տեսակից չէր, բայց նրա ընտանիքը փախաւ: Եւ ոչ մի տարօրինակ բան չկայ, երբ նրա հայրն ասում է. «Ես ոչ ոքի չեմ մեղադրում: Ես նրան համոզում էի, որ չգնար Մայտան, բայց նա գնաց»: Հետաքրքիր է, եթէ Սերգէյը զոհուէր Հայաստանում, նրա հայրը դարձեա՞լ ոչ ոքի չէր մեղադրի, թէ՞ պահանջներն այլ կը լինէին: Սերգէյը Ուքրանիայում պարզել էր հայկական եռագոյնը, բայց նրա հայրենիքը Ուքրանիան էր: Սերգէյը մի հայրենիք էլ ունէր, որտեղից փախել էին ծնողները:
Արմէնի համար հայրենիքը սկսւում էր այն հատուածից, որի պաշտպանութիւնը նրան էր վստահուել: Անկախ Ուքրանիոյ ապագայ կարգավիճակից` Սերգէյը հերոսացաւ` յանուն Ուքրանիոյ, իսկ Արմէնը զոհուեց ոչ միայն իր, այլեւ Սերգէյի «խռոված» հայրենիքի համար, որտեղ թէկուզ կողպուած, բայց կանգուն է նրա հայրական տունը: Սերգէյը Ուքրանիոյ քաղաքացի էր, Արմէնը` Հայաստանի: Արմէնի կռիւը ցեղի տեսակը պահպանելու համար էր, Սերգէյինը` «համարկման»: Երկուսն էլ քաջ էին, բայց` տարբեր տիրոյթներում: Երկուսի երակներում էլ հայի արիւն էր հոսում, բայց` տարբեր երանգներով: Երկուսի ծնողներն էլ սգում են, բայց մէկը ոչ ոքի չի մեղադրում, որովհետեւ ինքն այդ երկրում եկուոր է եւ դեռ պէտք է ապրի, իսկ միւսի սիրտը վրէժ է ուզում:
Սերգէյը, ոտքի կանգնած, ձեռքը` սրտին, պատւում էր Ուքրանիոյ օրհներգը, իսկ Արմէնը ամէն լուսաբացի զգաստ պատւում էր Հայաստանինը: Իսկ Հայաստանի օրհներգը նաեւ յուշում է, որ`
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտի մեռնի,
Բայց երանի, որ իւր ազգի
Ազատութեան կը զոհուի:
Չեմ կարծում, թէ Սերգէյի ծնողները նրան սովորեցրել էին այս «օրօրոցայինը»: Նա մեր պատմութեան մէջ իր մահով կը մնայ որպէս դասալիք ընտանիքի ողբերգական վերջաբանի կրող, իսկ Արմէն Յովհաննիսեանի շիրիմին սերունդներ կ՛երդուեն, կը դաստիարակուեն նրա հերոսական կերպարով: Երկուսի տարբերութիւնը ինքներդ որոշէք, չէ՞ որ ամենայն տեղ մահը մի է…

