ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՆՈՒԻՐԵԱԼ ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆԵԱՆԻ ԿԷՍԴԱՐԵԱՅ ՅՈԲԵԼԵԱՆԸ

Հայոց պատմութեան, Հայաստանի պատմական ժողովրդագրութեան, Ջաւախքի պատմութեան, հայ-վրացական յարաբերութիւնների, Արեւմտեան Հայաստանի, Հայկական հարցի, Հայոց ցեղասպանութեան հիմնահարցերի խորագիտակ պատմաբան Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, փրոֆեսէօր Աշոտ Մելքոնեանը թէ՛ մասնագիտական եւ թէ՛ մարդկային յատկանիշներով կապակցուած է մեր պատմական հայրենիքին եւ նրա անբաժանելի մի մասնիկն է իր ողջ էութեամբ: Դա պատահական չէ, քանի որ, ինքն էլ ծնունդով պատմական Ախալքալաքից է: Ծնուել է 1961-ին փետրուարի 16-ին վաստակաւոր լրագրող Աղասի Մելքոնեանի ընտանիքում, որտեղ փոքրուց մեծացել է Հայաստանի եւ պատմական հայրենիքի նկատմամբ սիրով ու կարօտով:

Ա. Մելքոնեանը 1977-ին «Գերազանցութեամբ» աւարտել է տեղի Դերենիկ Դեմիրճեանի անուան թիւ 4 հայկական միջնակարգ դպրոցը եւ նոյն թուականին ընդունուել Երեւանի պետական համալսարանի Պատմութեան բաժանմունքը: 1982-ին «Գերազանցութեան» վկայականով աւարտելով բարձրագոյն ուսումնառութիւնը` մինչեւ 1985-ին եղել է նոյն համալսարանի հայոց պատմութեան ամպիոնի ասպիրանտ: 1989-ին նա յաջողութեամբ պաշտպանել է իր թեկնածուական ատենախօսութիւնը` ստանալով պատմական գիտութիւնների թեկնածուի գիտական աստիճան: 1986 թուականից աշխատանքի է անցել Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների ազգային ակադեմիայի պատմութեան հիմնարկում, նախ` որպէս լաբորանտ, ապա` գիտաշխատող, գիտական քարտուղար եւ գիտական հարցերի գծով փոխտնօրէն, իսկ 2002-ին, պաշտպանելով դոկտորական թեզը, նույն թուականից դարձել է Հայաստանի Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի Պատմութեան հիմնարկի տնօրէն: Երկու տարի անց` 2004-ին ստացել է նաեւ փրոֆեսէօրի գիտական կոչում, իսկ 2006-ին` ընտրուել Հայաստանի Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ:

Փրոֆեսէօր Աշոտ Մելքոնեանը 11 գրքերի եւ աւելի քան 150 գիտական յօդուածների հեղինակ է, որոնք լոյս են տեսել ինչպէս Հայաստանում, այնպէս էլ` Ռուսաստանում, Միացեալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսայում, Վրաստանում, Լիբանանում, Եգիպտոսում, Իրանում, Արժենթինում, Հունգարիայում եւ այլուր` հայերէն, ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն, վրացերէն, պարսկերէն, սպաներէն, թուրքերէն, հունգարերէն:

Ա. Մելքոնեանը զեկուցումներ է ունեցել միջազգային բազմաթիւ գիտաժողովներում, ինչպէս նաեւ դասախօսութիւններով ու ելոյթներով հանդէս եկել արտերկրում, հայաստանցի հայագէտի իր ծանրակշիռ խօսքը ներկայացնելով սփիւռքահայ եւ օտարազգի լսարաններին` Ուքրանիայում, Գերմանիայում, Վրաստանում, Միացեալ Նահանգներում, Թուրքիայում, Ռուսաստանում, Ֆրանսայում, Եգիպտոսում, Շուէտում, Իրանում, Սպանիայում, Լիբանանում, Յունաստանում, Զուիցերիայում, Հունգարիայում, Սուրիայում, Մեծ Բրիտանիայում, Կիպրոսում, Մոլտովայում, ինչպէս նաեւ` Հայաստանում:

Փրոֆեսէօր Ա. Մելքոնեանը գիտական աշխատանքին զուգահեռ վարում է նաեւ եռանդուն մանկավարժական գործունէութիւն: Նա «Հայոց պատմութիւն» է դասաւանդում Երեւանի պետական համալսարանում, Հայաստանի Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի  մագիստրատուրայում: 2004-2006-ին զբաղեցրել է նաեւ Բժշկական համալսարանի հասարակական գիտութիւնների ամպիոնի վարիչի պաշտօնը: Բազմիցս եղել է տարբեր բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների (Երեւանի պետական, Խ. Աբովեանի անուան հայկական մանկավարժական եւ Արցախի պետական համալսարաններ, Գիւմրիի մանկավարժական հիմնարկ) պատմութեան բաժանմունքների պետական քննական յանձնաժողովների նախագահ:

Ա. Մելքոնեանը գլխաւորում է Հայաստանի Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի պատմութեան հիմնարկի գիտական եւ պատմութեան հիմնարկում գործող 4 հայոց պատմութեան մասնագիտական խորհուրդները, ԵՊՀ խորհրդի, պատմութեան բաժանմունքների, Հայաստանի Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի արեւելագիտութեան հիմնարկի, Երեւան քաղաքի պատմութեան թանգարանի գիտական խորհուրդների եւ մի քանի գիտական հանդէսների («Լրաբեր հասարակական գիտութիւնների», «Բանբեր Հայաստանի արխիւների», «Կանթեղ» «Վէմ» եւ այլն) խմբագրակազմերի անդամ է:

Արգասաւոր է փրոֆեսէօր Աշոտ Մելքոնեանի գիտական ուղին. նա ոչ միայն մեր պատմական հայրենիքի պատմագիտական ուսումնասիրութեանն է լծուած, այլ նաեւ` հանրագիտարանային յօդուածների, դպրոցական եւ բարձրագոյն ուսումնական հաստատութիւններ դասագրքերի միջոցով այն հանրամատչելի կերպով ներկայացնում է ընթերցող լայն հասարակութեանն ու երիտասարդ սերնդին: Ընդգրկուն է նրա հետազօտութիւնների աշխարհագրութիւնը` Կարս, Էրզրում, Պայազետ, Ալաշկերտ, Արաբկիր, Երզնկա, Ղարաքիլիսա, Քղի, Կեսարիա, Մալաթիա, Սամսոն, Սեբաստիա, Տրապիզոն, Սասուն, Շապին-Գարահիսար, Ջաւախք, Արցախ, Գետաշէն, Համշէն եւ այլն:

2010 թուականից Ա. Մելքոնեանը հայոց պատմութեան եւ մշակոյթի պատմութեան դասախօսութիւնների շարք է իրականացնում Հայոց բանակում` նպատակ ունենալով բարձրացնել հայ զինուորականի պատմաճանաչողական եւ ռազմահայրենասիրական ոգին:

Բազմարդիւն պատմաբան Ա. Մելքոնեանն իր գիտամանկավարժական ու հասարակական աշխուժ գործունէութեան համար արժանացել է մի շարք բարձրագոյն մրցանակների ու պարգեւների: Այսպէս, նրա «Էրզրում» մենագրութիւնը (Երեւան, 1994) եւ Արեւմտեան Հայաստանի գաւառներին ու բնակավայրերին նուիրուած շուրջ 30 յօդուածներն արժանացել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գլխաւոր մրցանակին, իսկ «Ջաւախքը 19-րդ դարում եւ 20-րդ դարի առաջին քառորդին» աշխատութիւնը (Երեւան, 2003)` «Գուրգէն Մելիքեանի Քաշաթաղի բազմազաւակ ընտանիքների» հիմնադրամի դրամաշնորհին եւ Թէքէեան մշակութային միութեան «Հայկաշէն Ուզունեան» մրցանակին: Նա պարգեւատրուել է նաեւ Երեւանի բժշկական համալսարանի «Ոսկէ մետալով», «Ակսել Բակունց», «Ֆրիտեոֆ Նանսէն» մետալներով եւ այլն: Պատմագիտութեան բնագաւառում ձեռք բերած ակնառու յաջողութիւնների համար փրոֆեսէօր Աշոտ Մելքոնեանը 2003-ին պարգեւատրուել է Հայաստանի նախագահի «Մովսէս Խորենացի», իսկ 2005-ին` Հայոց ցեղասպանութեան 90-ամեայ տարելիցի միջոցառումներին աշխուժօրէն մասնակցելու համար, Հայաստանի Հանրապետութեան  վարչապետի մետալներով: Իսկ վերջերս` ծննդեան 50-ամեայ յոբելեանի առիթով նա պարգեւատրուել է «Մանկավարժական համալսարան» յուշամետալով:

Ա. Մելքոնեանի գրչին են պատկանում նաեւ` «Նիւթեր Ախալցխայի եւ Ախալքալաքի դպրոցների պատմութիւնից (19-րդ դար – 20-րդ դարի սկիզբ)» (Երեւան, 2005) աշխատութիւնը, ինչպէս նաեւ` փրոֆ. Վ. Ղազախեցեանի հետ կազմել ու խմբագրել է «Հայաստանը պետական գաղտնի փաստաթղթերում (1922-1929-ին)», (Երեւան, 2008) ժողովածուն եւ «Հայոց պատմութիւն. հնագոյն ժամանակներից մինչեւ մեր օրերը» (համահեղինակ փրոֆ. Է. Լ. Դանիէլեան, Երեւան, 2008):

Մեր պատմական հայրենիքն իր անցեալով ու ներկայով եւ առաւել եւս ապագայով հանգիստ չի տալիս Ա. Մելքոնեանին, քանի որ այն նրա հոգու մէջ է եւ նուիրեալ պատմագէտի միջոցով մեզ հետ հաղորդակցուելու ուղիներ է որոնում: «Երկրից է սկսւում Էրկիրը», «Արեւմտեան Հայաստանի ճամբաներով», «Հայաստան աշխարհի անմահութեան խորհուրդը», «Արարատ. Հայոց անմահութեան խորհուրդը»` ահա պատմագէտ Ա. Մելքոնեանի մտասեւեռումը: Եւ պատահական չէ, որ հետազօտական, մանկավարժական ու գիտավարչական աշխատանքով ծանրաբեռնուած գիտնականը եօթ անգամ ուխտագնացութիւն է կատարել Արեւմտեան Հայաստան եւ, իր պատմագէտի, տեղագրագէտ-քարտէզագրի ու պատմաաշխարհագրագէտի մասնագիտական խոր իմացութեամբ շրջել է մեր հայրենիքի գիւղերով ու քաղաքներով, ուսումնասիրել պատմական նուիրական տարածքները, ապա, վերադառնալով, աշխատութիւններով ու տեսաֆիլմերով իր տպաւորութիւնները կիսել հայրենակիցների հետ  «հայրենաբաղձ նորանոր մարդկանց» մղելով «դէպի գերուած հայրենիքի ճամբաները»: Նրա ուխտագնացութիւնների արդիւնք է «Կարօտի էրգիր» (Երեւան, 2006) ժապաւէնը, որտեղ հեղինակն իր անձնական փորձառութեամբ ու տպաւորութիւններով եւ հայ մարդու պատմահոգեբանական զգացողութեամբ ու ապրումներով հանդիսատեսին առաջնորդում է հայրենի սրբասուրբ տարածքներով` գրեթէ ողջ Արեւմտեան Հայաստանով ու Հայկական Կիլիկիայով, որպէսզի մեզանում արթուն պահի հայրենիքի երազանքն ու այն երբեւէ վերադարձնելու ձգտումը:

Պատմագէտ Ա. Մելքոնեանն այն իւրայատուկ անհատներից է, որը ձգտում եւ հասնում է անհասանելիին: Եւ ահա այդ ուղեւորութիւնների տրամաբանական շարունակութիւնը եւ թագն ու պսակը դարձաւ 2007-ին օգոստոսի 10-ին հայ ժողովրդի համար բախտորոշ Սեւրի դաշնագրի օրը, Արարատ լերան 5.165 մ բարձրութեան դժուարահաս գագաթ ոտք դնելը արդիւնքում զոյգ խորհրդանշական ստեղծագործութիւնների` «Արարատ. Հայոց անմահութեան խորհուրդը» գրքի եւ ֆիլմի ծնունդը (Երեւան, 2008): Խորհրդանշական են Արարատի գագաթից հեղինակի հնչեցրած ապրուած խօսքերը. «Մենք` հայերս, ճակատագրի բերումով դատապարտուած ենք փնտռելու… պատմական ճշմարտութիւնը մեր բռնազաւթուած հայրենիքի խորհրդանիշ լերան վերադարձը նոյնացնելով հրամայականի պէս յառնած միացեալ Հայաստանի վերաստեղծման բաղձալի երազանքի հետ… Այնպէս որ, Կամք, Հաւատք, Յաղթանակ, Հայրենիք…»:

Ահա Աշոտ Մելքոնեան հայի, քաղաքացու եւ գիտնականի կեանքի իմաստն ու դաւանած ազգային արժէքները, որոնք, պատմափաստագրական ու պատմաճանաչողական իր մնայուն աշխատութիւններով, գիտագործնական կարեւոր դեր ու նշանակութիւն են ստանում` նորանոր սերունդներ դաստիարակելով ի շահ հայրենիքի եւ ի ծառայութիւն Հայկական հարցի:

 ՔՆԱՐԻԿ ԱՒԱԳԵԱՆ
Պատմական գիտութիւնների թեկնածու,
ՀՀ ԳԱԱ Պատմութեան հիմնարկի
աւագ գիտաշխատող

Share this Article
CATEGORIES