Բալայեանի Նամակը Եւ Ժիրինովսկու Առաջարկը. Արցախը Հայաստանից Բացի, Չի Կարող Լինել Այլ Պետութեան Կազմում

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Ռուսաստանի Պետական տումայի` խորհրդարանի փոխնախագահ եւ Ազատական-ժողովրդավարական կուսակցութեան առաջնորդ Վլատիմիր Ժիրինովսկին առաջարկել է Լեռնային Ղարաբաղը ներառել Ռուսաստանի կազմում: Իր այս արտառոց առաջարկութիւնը Ժիրինովսկին բացատրել է հետեւեալ կերպ. Հայաստանը եւ Ազրպէյճանը երբեք համաձայնութեան չեն գայ Լեռնային Ղարաբաղի հարցում, հետեւաբար ճիշդ կը լինի վիճելի տարածքը ներառել Ռուսաստանի կազմում: Ռուս քաղաքական գործիչը ասել է, որ դրանից հայերը չեն նեղանայ, իսկ ազրպէյճանցիները ստիպուած կը լինեն համակերպուել, քանի որ Լեռնային Ղարաբաղը չի լինի Հայաստանի կազմում:

Ժիրինովսկու այս առաջարկը կարելի էր անուշադրութեան մատնել, եթէ չլինէին մի շարք հանգամանքներ: Առաջին, քաղաքական այս գործիչը ռուսական կայսերապաշտական գաղափարախօսութեան եւ Խորհրդային Միութեան վերականգնման ջատագովներից է, ինչպէս` նախագահ Վլատիմիր Փութինը: Երկրորդ, ռուսամէտ հայ քաղաքական եւ հասարակական որոշ շրջանակների համար Ժիրինովսկու առաջարկը` Արցախը մտցնել Ռուսաստանի կազմ, միանշանակ մերժելի տեսակէտ չէ: Մի քանի ամիս առաջ Հայաստանի գործող իշխանութիւններին ամէնից մօտ կանգնած մտաւորականներից Զօրի Բալայեանը մի երկարաշունչ նամակ էր գրել Վլատիմիր Փութինին: Նամակում այն միտքն էր առաջ տարւում, որ Արցախը երկու հարիւր տարի առաջ Պարսկաստանի կազմից անցել է Ռուսաստանի կազմ եւ այսօր էլ Ռուսաստանը Արցախի անվտանգութեան երաշխաւորի պարտաւորութիւններ ունի:

Արցախը, Հայաստանից բացի, չի կարող լինել այլ պետութեան կազմում, լինի դա Ռուսաստանը, Իրանը կամ Վրաստանը: Եթէ մենք Հայաստանում, Արցախում կամ սփիւռքում սկսենք անգամ քննարկել վտանգաւոր այն գաղափարը, որը շրջանառութեան մէջ են փորձում դնել Զօրի Բալայեանը կամ Վլատիմիր Ժիրինովսկին, ապա դա աշխատելու է մեր դէմ: Այստեղ էլ պատճառները մի քանիսն են:

Առաջին, Արցախը օրինական հանրաքուէով (ճիշդ է, որեւէ պետութիւն, այդ թւում` Հայաստանը, չեն ճանաչել Արցախի անկախութիւնը) 1991 թուականի դեկտեմբերի 10-ին կողմ է քուէարկել անկախութեանը: 2006 թուականին Արցախը ընդունել է սահմանադրութիւն, կրկին հանրաքուէի ճանապարհով, վերահաստատելով անկախ պետականութիւն կերտելու իր ձգտումը: 1991-ից ի վեր Արցախում անց են կացուել նախագահական հինգ եւ խորհրդարանական վեց ընտրութիւններ: Այսպիսով, եթէ մենք անգամ քննարկում ենք Արցախի` Ռուսաստանի կազմում լինելու տարբերակը, ապա նահանջում ենք Արցախի անկախութեան համար պայքարից: Այդ պայքարի համար Հայաստանը, Արցախը եւ ողջ հայ ժողովուրդը չափազանց թանկ գին է վճարել եւ շարունակում է վճարել:

Երկրորդ, Արցախը չի կարող լինել Ռուսաստանի կազմում, քանի որ կարող են լինել այնպիսի զարգացումներ հինգ, քսան կամ հարիւր տարի անց, որի պայմաններում Ռուսաստանը Արցախը կը զիջի Ազրպէյճանին: Մէկ անգամ` 1921 թուականի ամրանը, Ռուսաստանը Ստալինի ցանկութեամբ Արցախը միացրել է Ազրպէյճանին: Այսօր հայ ժողովուրդը չափազանց թանկ գին է վճարում Ստալինի եւ Ռուսաստանի որոշման համար:

Երրորդ, աւելի քան քսան տարի հայ ժողովուրդը համաշխարհային հանրութեանը, այդ թւում Ռուսաստանին, Եւրոպային եւ Միացեալ Նահանգներին, փորձում է համոզել, որ Արցախի ժողովրդի պայքարը իր ինքնորոշման, ազատ, անկախ եւ արժանապատիւ ապրելու համար պայքար է: Եթէ մենք անգամ քննարկում ենք սկսում Արցախը Ռուսաստանի կազմում լինելու հնարաւորութեան մասին, ապա դրանով հարցականի տակ ենք դնում մեր քսան տարիների պայքարի իրաւական եւ քաղաքական հիմնաւորումների օրինականութիւնն ու փիլիսոփայութիւնը:

Աշխարհում կայ միայն մէկ պետութիւն, որի կազմում կարող է լինել Արցախը: Դա Հայաստանն է: Փաստացի, Արցախը Հայաստանի կազմում է արդէն աւելի քան քսան տարի: Ժամանակակից աշխարհում, երբ քաղաքական քարտէզի վրայ յայտնւում են նոր պետութիւններ, հայ քաղաքական միտքը պէտք է շարժուի այդ միտումներին համահունչ, որպէսզի ընկալելի լինի: Հետեւաբար, պէտք չէ քննարկուի ոչ միայն Արցախի` Ռուսաստանի կազմ մտնելու, այլ անգամ Արցախի եւ Հայաստանի միաւորման հարցը: Տասնամեակներ անց, երբ գուցէ Արցախը կը ճանաչուի միջազգայնօրէն, կարելի է քննարկել Արցախի եւ Հայաստանի միաւորման հարցը, բայց` ոչ այսօր: Ժամանակակից աշխարհում պետութիւնները ոչ թէ միաւորւում են, այլ պետութեան մի հատուածը ինքնորոշման ճանապարհով անջատւում է մետրոպոլիայից: Պետութիւնների միաւորման վերջին դէպքը գրանցուել է 25 տարի առաջ, երբ Պերլինեան պատի փլուզումից յետոյ երկու Գերմանիաները միաւորուեցին: Բայց նաեւ պէտք է հաշուի առնել, որ վերջին 25 տարիներին աշխարհի քաղաքական քարտէզի վրայ յայտնուել եւ ՄԱԿ-ի անդամ են դարձել մի քանի տասնեակ պետութիւններ, որոնցից վերջինը Հարաւային Սուտանն էր: Ահա այս իրողութիւնը հաշուի առնելով` հայ քաղաքական միտքը պէտք է աշխատանքներ տանի Արցախի ինքնորոշումը ամրագրելու եւ միջազգայնօրէն ճանաչել տալ չափազանց դժուար, երբեմն անհաս թուացող գործի ուղղութեամբ:

Ժիրինովսկու առաջարկը կարելի էր անուշադրութեան մատնել, եթէ չլինէին նախկին Խորհրդային Միութեան տարածքում կատարուող ուշագրաւ եւ վտանգաւոր զարգացումները: Այսօր համաշխարհային լրատուամիջոցների եւ միջազգային հանրութեան ուշադրութեան կիզակէտում Խրիմն է: Ռուսաստանը, տէ Ժիւրէ եւ տէ ֆաքթօ, շարժւում է Խրիմը Ռուսաստանին միացնելու ուղղութեամբ` այդ ճանապարհին հանդիպելով Արեւմուտքի կոշտ հակազդեցութեանը: Ժիրինովսկին յայտարարել է, որ նախկին Խորհրդային Միութեան տարածքները, որոնք ցանկութիւն յայտնեն, կարող են մտնել Ռուսաստանի կազմի մէջ: Արցախի հետ միաժամանակ նա նշել է Աբխազիան, Հարաւային Օսեթիան եւ Մերձտնեսթրը: Իրականութեան մէջ, Աբխազիան եւ Հարաւային Օսեթիա ամբողջովին, իսկ Մերձտնեսթրը` մասամբ, գտնւում են Ռուսաստանի վերահսկողութեան տակ: Աւելի՛ն. փաստացի այդ երեք միաւորները արդէն իսկ Ռուսաստանի կազմում են: Երեքն էլ գործածում են ռուսական ռուբլին, երեք տարածքներում  էլ կան ռուսական ռազմակայաններ, երեքի անվտանգութիւնը երաշխաւորում է Ռուսաստանը: Եւ ամենակարեւորը` Աբխազիայի, Հարաւային Օսեթիայի եւ Մերձտնեսթրի բնակիչները ունեն ռուսական անձնագրեր:

Ի դէպ, Արցախի քաղաքացիները ունեն Հայաստանի Հանրապետութեան անձնագրեր եւ այդ մասին գիտի ողջ աշխարհը: Աւելի՛ն. Արցախի քաղաքացիները ճամբորդելու դէպքում մուտքի այցեգրեր ստանում են Երեւանում հաւատարմագրուած օտարերկրեայ դեսպանութիւնների հիւպատոսական ծառայութիւններից: Այսպիսով, միջազգային հանրութիւնը գոնէ մասամբ ընդունում է Արցախի` Հայաստանին համարկուելու իրողութիւնը` դեռեւս հրաժարուելով ճանաչել Արցախի անկախութիւնը:

Վերջին շրջանում, յատկապէս երբ Հայաստանի ղեկավարութիւնը որոշեց (իմ կարծիքով` դա պարտադրուած որոշում էր, եթէ կ՛ուզէք` Փութինի որոշումն էր) անդամակցել Մաքսային միութեանը եւ ապագայում ձեւաւորուելիք Եւրասիական միութեանը, Հայաստանի հասարակութեան որոշ հատուածներում խօսակցութիւններ են գնում Հայաստանի` Ռուսաստանի հետ միաւորուելու ցանկութիւնների մասին: Այդ ցանկութիւնները փորձում են բացատրել նաեւ այն իրականութեամբ, որ Հայաստանը շրջապատուած է թշնամական հարեւանութեամբ եւ միայն Ռուսաստանն է, որ կարող է վտանգի պահին օգնել մեզ: Խօսքը Ազրպէյճանի եւ կամ Թուրքիայի հնարաւոր յարձակման մասին է:

Անկասկած, Հայաստանը շրջափակուած է ատամ կրճտացնող հարեւաններով: Չի կարելի բացառել, որ Ազրպէյճանը պատերազմ կը յայտարարի Արցախին եւ Հայաստանին: Սակայն  ո՞վ է ասել, թէ Ռուսաստանը մեզ կը փրկի թուրքերի եւ կամ ազրպէյճանցիներ յարձակման դէպքում: Հայաստանը անկախութիւն է նուաճել, որպէսզի յոյսը դրած իր ուժերին` պաշտպանի այդ անկախութիւնը: Պէտք չէ յոյսը դնել երրորդ երկրի վրայ, լինի դա Ռուսաստանը, Իրանը կամ Վրաստանը: Գիւմրիում տեղակայուած ռուսական 102-րդ ռուսական ռազմակայանը առաջին հերթին պաշտպանում է ոչ թէ Հայաստանի Հանրապետութեանը, այլ` ռուսական շահը: Հետեւաբար յոյսը պէտք է դնել առաջին հերթին սեփական ուժերի վրայ:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES