Աճարիայի Հայերին Սպառնում Է Ձուլում Եւ Թրքացում

ՔՐԻՍՏԻՆԷ ՄԱՐԱԲԵԱՆ

bedros-apramianԻ՞նչ սպառնալիքներ կան Աճարիայի հայերի համար, ինքնութեան պահպանման ի՞նչ հնարաւորութիւններ կան եւ ի՞նչն է ստիպում մարդկանց մոռանալ մայրենի լեզուն, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Մեր ապագայ» հայկական երիտասարդական միութեան նախկին նախագահ Պետրոս Աբրամեանի հետ:

ՀԱՐՑՈՒՄ.-Աճարիայի հայերը աւելի շատ խնդիրներ ունեն, քան` մնացած Վրաստանի հայերը, որո՞նք են ձեզ համար ամենակարեւոր խնդիրները:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ի հարկէ ամենամեծ խնդիրը հայ ինքնութեան պահպանումն է: Դա ձուլման դէմ պայքարն է: Ցաւօք, մեր տարածաշրջանում շատ են ռուսախօս հայերը: Երկրորդ ամենամեծ խնդիրն այն է, որ հայերը չգիտեն վրացերէն, ինչն աւելի շատ վերաբերւում է աւագ սերնդին:

նախկինում ռուսների հետ ձուլման խնդիր կար` ռուսական մշակոյթ եւ ռուսերէն լեզու: Այժմ ձուլման ուղղութիւնը դէպի վրացական հասարակութիւն է, գործածման լեզուն վրացերէնն է: Իմ կարծիքով, մեր տարածաշրջանում խնդիրը կայանում է ոչ թէ հայոց լեզուի ուսումնասիրութեան մէջ, այլ` տարածաշրջանում հայերէնի չօգտագործման: Հայ ընտանիքներում հայերէնը չի գործածւում: Հայերէն չեն խօսում նոյնիսկ հայկական դպրոցների շրջանաւարտները, նախընտրելով խօսել կամ ռուսերէն կամ վրացերէն: Աճարիայում ընդամէնը մի հայկական դպրոց կայ` Պաթումում:

Հ.- Ինչո՞վ է դա բացատրւում:

Պ.- Թերեւս պատճառն այն է, որ հայերէն չի օգտագործւում լայնօրէն: Հայերէն գործածում ենք միայն հայերի մէջ: Կայ եւս մէկ տարբերակ, թերեւս պատճառը, կոպիտ ասած, լեզուների նորաձեւութիւնն է` «մոտան»: Պէտք է հասկացնել երիտասարդ սերնդին, որ լեզուն անհրաժեշտ է իմանալ եւ փորձել աւելի շատ օգտագործել այն:

Հ.- Վերջերս շատ է շրջանառւում Աճարիայի թրքացման մասին խօսակցութիւնները, կայ արդեօ՞ք թրքացման սպառնալիք հայերի համար:

Պ.- Աճարիայի թրքացման ցուցանիշը աճում է սարսափելի արագութեամբ, թերեւս այժմ երկրորդ առաւել խիտ բնակեցուած ցեղային խումբը Աճարիայում արդէն թուրքերն են: Կան թաղամասեր` ամբողջութեամբ բնակեցուած թուրքերով: Այստեղ թուրքերը ունեն միանշանակ ճիշդ ուղղութիւն` նրանք բացել են թուրքական դպրոցներ եւ անվճար բոլոր ցանկացողներին սովորեցնում են թուրքերէն: Այնտեղ թուրքերէն սովորելու գնում են նաեւ հայերը: Քանի որ թուրքերէնը տարածաշրջանում օգտագործուող լեզու է: Որովհետեւ երբեմն աշխատանք ունենալու համար պէտք է թուրքերէնի իմացութիւնը, քանի որ տարածաշրջան թուրքական դրամագլուխն է մտնում: Թուրքերը բացում են խանութներ եւ աշխատանքի վերցնում նրանց, ովքեր գիտեն թուրքերէն.

Հ.- Ինչպիսի՞ն է անգործութեան մակարդակը հայերի շրջանում:

Պ.- Աշխատանք գտնելը շատ դժուար է: Աշխատատեղերի պակասը ողջ երկրի հիմնախնդիրն է: Հայ բնակչութեան համար նորից ծագում է վրաց լեզուի չիմացութեան հիմնախնդիրը` աշխատանքի տեղաւորուելիս:

Հ.- Ինչո՞ւ ամբողջ Աճարիայում, որտեղ 12,000 հայեր են ապրում, գործում է ընդամէնը մի դպրոց եւ այն էլ քիչ աշակերտով:

Պ.- Այս պահին դպրոցն ունի մի քանի աշակերտ: Այժմ եկեղեցին ունի կիրակնօրեայ դպրոց, որն ամէն տարի վերցնում է մի խումբ աշակերտ եւ սովորեցնում գրել: Կիրակնօրեայ դպրոցը հետաքրքրութիւն է առաջացնում եւ աւելի այժմէական  այն իմաստով, որ հայերը փորձում են տալ իրենց երեխաներին կրթութիւն վրացական դպրոցներում կամ ճեմարաններում, որոնք կա՛մ թուրք-վրացական, կա՛մ վրաց-ռուսական են, կա՛մ… Պարզւում է, որ մեր երիտասարդները չգիտեն մայրենի լեզուն: Սակայն հայերէնի դասընթացները տալիս են որոշակի գիտելիքներ: Հայկական դպրոցները շատ աշակերտներ ունենալու համար պէտք է լինեն մրցունակ, ժամանակակից, ունենան ուսուցիչների լաւ կազմ, իսկ այդ ամէնը բխում է ֆինանսներից: Եւ եթէ շրջանաւարտները որոշ կրթանպաստներ ստանան հայկական համալսարաններու սովորելու համար, դա կը լինի հայկական դպրոցների աշակերտների քանակի աճի մղիչ պատճառ:

«Հարաւային Դարպաս»

Ախալքալաք

Share this Article
CATEGORIES