Հայոց Լեզուի Եւ Գրականութեան Դասագրքեր Կը Ստանան Ոչ Բոլոր Աշակերտները
«Հարաւային Դարպաս»
Անցած տարուայ դեկտեմբերի կէսերին վերջապէս Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարութեան խոստացած հայոց լեզուի եւ գրականութեան դասագրքերը հասան Ջաւախք, սակայն գրքերը շատ աւելի քիչ քանակութեամբ են, քան` սպասող աշակերտները:
Գրքերը հասան ուսումնական տարուայ առաջին կիսամեակի վերջին օրերին, այդ իսկ պատճառով էլ դպրոցներին չբաժանուեց ուղարկուած դասագրքերը: Սոյն թուականի յունուարի 20-ին վերսկսուեց կրթական տարին Վրաստանում: Արդէն 2 օր է գործում են դպրոցները: Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը 14,700 կտոր գրականութիւն ու աշխատանքային տետրեր է ուղարկել Ջաւախքի եւ Վրաստանի հայկական դպրոցների համար:
Սակայն, ինչպէս պարզ դարձաւ, այդքան սպասուած դասագրքերը շատ քիչ են: Այս օրերին դեռեւս ստացուած դասագրքերը բաժանւում է շրջաններին, որպէսզի շրջաններն էլ իրենց հերթին բաժանեն դպրոցներին: Դպրոցներ եղան, որոնք ընդամէնը 15 դասագիրք ստացան, այնինչ աշակերտները ուղիղ 4 ամիս սպասում էին մի բանի, որն այդպէս էլ չունեցան: Մանկավարժների խօսքերով, հիմնականում շատ քիչ քանակութեամբ են եղել տարրական դասարանների մայրենիի դասագրքերը: Նշենք, որ մինչ Հայաստանից կ՛ուղարկուէին դասագրքերը` Ջաւախքի եւ ամբողջ Վրաստանի հայկական դպրոցների աշակերտների ցուցակ ուղարկուեց Հայաստան, որպէսզի համապատասխան քանակով դասագիրք յատկացուէր: Այստեղից ակնյայտ է, որ հայկական դպրոցների աշակերտները ստիպուած են հայերէն սովորել մաշուած դասագրքերով:

