Յետդարձի Ճանապարհ Դէպի Ջաւախք Ընտրում Են Քչերը

«ՀԱՐԱՒԱՅԻՆ ԴԱՐՊԱՍ»

pouhՅետդարձի ճանապարհ դէպի Ջաւախք ընտրում են ոչ բոլոր ջաւախքցի ուսանողները, կամ` «ուղեղի արտահոսք» Ջաւախքից:

Ջաւախքի երիտասարդները բուհերում (Բարձրագոյն ուսման հիմնարկ) են սովորում Երեւանում, Թիֆլիսում եւ այլ քաղաքներում, մեծամասնութիւնը չի ցանկանում վերադառնալ հայրենիք:

Համաձայն ոչ պաշտօնական տուեալների, հայաստանեան բուհերում ուսանում են մօտաւոր 2500-3000 ջաւախքցիներ: Եթէ նախկինում ջաւախքցիների մեծամասնութիւնը նախընտրում էր բարձրագոյն կրթութիւն ստանալ Հայաստանում, ապա վերջին 3 տարիներին պատկերն մի քիչ փոխուել է: Վրաստանի կառավարութեան յատուկ որոշման արդիւնքում, Վրաստանի ոչ վրացալեզու դիմորդների համար քննական առանձին պայմաններ են ստեղծուել (1-4 ծրագիրը), դիմորդները կարող են ընդունուել յանձնելով քննութիւնը մայրենի լեզուով: Ընդունուելու դէպքում մի տարի խտացեալ դասընթացքով սովորում են վրացերէն յետոյ նոր անցնում են բուհական ծրագրի: Չնայած սրան` կրկին քիչ չեն այն շրջանաւարտները, ովքեր նախապատուութիւնը տալիս են հայկական բուհերին: Անկախ այն հանգամանքից ջաւախքցի ուսանողը Երեւանո՞ւմ է բարձրագոյն կրթութիւն ստանում, թէ՞ Թիֆլիսում, միեւնոյն է չի ցանկանում վերադառնալ եւ աշխատել իր ծննդավայրում:

Նարինէն հէնց սկզբից էլ չի սիրել իր մասնագիտութիւնը եւ մանկուց երազել է բժշկուհի դառնալ: «Դպրոցս աւարտեցի եւ խնդիրներ առաջացան: Չցանկացայ այդ մասնագիտութեամբ սովորել եւ եղբայրս ընտրեց իմ մասնագիտութիւնը (ծրագրաւորող), մտածելով, որ կը սիրեմ եւ կը կարողանամ հետագայում առաջ գնալ, բայց…»:

Նարինէն ընտանիքի հետ արդէն 3 տարի է տեղափոխուել է Երեւան ապրելու համար:

«Ինձ թւում է, էլ երբեք էլ բնակուելու համար Ջաւախք չեմ վերադառնայ, այսինքն մենակ հանգստանալու համար կը գամ: Որովհետեւ Ջաւախքում ապրելը դժուար է»:

Հարցին, որտե՞ղ է հեշտ ապրել, Նարինէն պատասխանեց. «Այնտեղ, որտեղ կը կարողանաս քո ջանքերով արդիւնքի հասնել: Իմ պարագայում ես կը կարողանամ Հայաստանում արդիւնքի հասնել, քանի որ Ջաւախքում արդէն վրացիներն են իշխում: Իմ շրջապատում շատ ջաւախքցիներ կան, նրանք եւս չեն ուզում յետ գնալ: Վրացիների մօտ ստացւում է Ջաւախքը հայաթափել»:

Երեւանի պետական համալսարանում 2013-2014 ուսումնական տարում կրթութիւն են ստանում 215 ուսանող Վրաստանից, որոնցից մօտաւոր 180-ը Ջաւախքից են:

Անի Նահատակեանը այն հազուադէպ մարդկանցից է, որ բարձրագոյն կրթութիւնը ուզում է օգտագործել հէնց Ջաւախքի համար: Նա սովորում է Երեւանի պետական համալսարանի լրագրութեան բաժնում: Եւ ինչ էլ լինի, չի մնալու Երեւանում: «Երկընտրանք չի կարող լինել, որովհետեւ հէնց սկզբից եկել եմ վերադառնալու միտումով: Ընտրել եմ լրագրողի մասնագիտութիւնը, որովհետեւ ինձ համար հետաքրքիր է: Ինչպէս նաեւ ընտրել եմ նրա համար, որ լրագրող նշանակում է լինել «լուսաւորող»: Ճիշդն ասած, 1-ին եւ 2-րդ տարիներին սկսել էի հիասթափուել, հանդիպելով լրագրութեան իրական դժուարութիւնների հետ, սակայն յետոյ հասկացայ, որ նման փոքր խնդիրներից պէտք է սկսել առաջ գնալ…», ասաց նա:

Աշոտը սովորում է Երեւանի տնտեսագիտական համալսարանում եւ մեր հարցերին կարճ պատասխանեց. «Ուզում եմ մնալ Երեւանում, կախուած է նրանից, թէ արդեօք լաւ աշխատանք կը գտնե՞մ, մինչեւ համալսարանն աւարտեմ»:

Երեւանի մանկավարժական համալսարանում Ջաւախքից 233 ուսանող է սովորում, որից 181 պսակաւոր արուեստի եւ գիտութեան, 18 մագիստրոս, 34 հեռակայ, 1 ասպիրանտ: Իսկ մնացած Վրաստանից 211, որից 171 պսակաւոր արուեստի եւ գիտութեան, 17 մագիստրոս, 23 հեռակայ եւ նախապատրաստականում 4 ջաւախքցի եւ 2 վրաստանցի:

Մարգարեան Լուսինէն որոշել է, որ անպայման վերադառնալու է հայրենի գիւղ. «Ես անպայման վերադառնալու եմ եւ մեր գիւղի դպրոցում դասաւանդելու եմ իմ մասնագիտութեամբ: Ինչքան էլ գրաւիչ լինի քաղաքը, միեւնոյն է, չի կարելի փոխել ծննդավայրի հետ»: Լուսինէն սովորում է Երեւանի պետական մանկավարժական համալսարանում, մասնագիտութեամբ կենսաբան է:

Ջաւախք չեն ուզում վերադառնալ նաեւ թիֆլիսեան բուհերի ուսանողները: Հարցման ենթարկուած 5 ուսանողից 3-ը չի ցանկանում յետ գալ:

Աննան մասնագիտութեամբ իրաւաբան է. «4-րդ տարին է Թիֆլիսում եմ, ինձ շատ է դուր գալիս այս քաղաքը: Թիֆլիսին ինձ շատ բան է տուել, լաւ ընկերներ, կրթական լայն հնարաւորութիւններ եւ ամենակարեւորը` վրացերէնի իմացութիւն: Շնորհիւ նրան, որ վրացերէն արդէն լաւ գիտեմ, ինձ աշխատանք են առաջարկել: Հաւանաբար կը մնամ Թիֆլիսում, քանի որ ես այստեղ կարող եմ իսկապէս առաջ գնալ»:

Ուսանողները դեռ ծրագրում են իրենց կեանքը, սակայն չգիտեն, թէ ինչ կը լինի վաղը իրենց հետ: Մեր զրուցակիցներից Արտակ Մելքոնեանը արդէն ընտրել է յետ չվերադառնալու ճանապարհը եւ հաստատուել է Երեւանում:

Նա բուհն աւարտելուց յետոյ աշխատում է Երեւանում: Աշխատանքի պատճառով գիտական գործունէութեամբ չի զբաղւում: «Անկեղծ ասած` մասնագիտութիւնս ընտրել եմ շատ պատահական: Հիմա զղջացել եմ, բայց ուսողութիւնը շատ բան է տուել գիտական ոլորտում: Մագիստրոսի դասընթացքները աւարտելուց յետոյ որոշել էի դիմել ասպիրանտուրա, քանի որ գիտական գործեր ունեմ անաւարտ: Հետագայում չընդունուեցի ասպիրանտուրա ու առաջարկ ստացայ աշխատելու: Քանի որ ասպիրանտուրա ընդունուելու ծրագիրներս դեռեւս առկայ էին, որոշեցի աշխատեմ ու միաժամանակ զբաղուեմ գիտական գործունէութեամբ»,- պատմեց Արտակը:

Ջաւախք չի վերադարձել քանի որ աշխատանքի տեղաւորուելու ակնկալիք չունէր: «Բարձր պաշտօնի չեմ ձգտում, քանի որ ղեկավարման կազմում որպէս այդպիսին փորձ չունեմ, բայց Ջաւախք վերադառնալու ցանկութիւնս կապուած է ոչ թէ պաշտօնի հետ այլ աշխատանք ունենալու հետ: Ա՛յ, օրինակ, եթէ Ջաւախքում զարգացնեն ենթակառուցուածքներն ու այն դիտարկեն ոչ թէ գիւղատնտեսական համայնք, այլ հիմնեն, ասենք երկրաչափական կամ ծրագրաւորման հիմնարկ, սիրով կը վերադառնամ իմ մասնագիտական գիտելիքներս ներդնելու, այն զարգացնելու ու նոյն կառոյցներում դասաւանդելու համար»: Միաժամանակ յաւելեց, որ` «Չեմ ուզում ստացած կրթութիւնս վատնել դպրոցում դասաւանդելու համար: Դա միակ աշխատանքն է, ինչ կայ հիմա Ջաւախքում, այն դէպքում, երբ դպրոցները լցուել են վկայեալ դասատուներով»,- եզրափակեց Արտակ Մելքոնեանը:

Սեփական «քատրեր» չունենալու պատճառով Ջաւախքում աւելանում է դրսից եկած աշխատողների թիւը, թէ ջաւախքցի ուսանողների համար հեռանկար չկայ ծննդավայրում, որն է աւելի մեծ հիմնախնդիր հարցը, մնում է հռետորական:

Նշենք, որ մեր զրուցակիցների մեծամասնութեան խնդրանքով փոխուած են բոլոր անուն-ազգանունները:

 

Share this Article
CATEGORIES