Համեստ Ու Ազնիւ Մարդու` Յովհաննէս Մկրեանի Քառասունքին Առթիւ 1924-2014

H-Megerian003Յովհաննէս Մկրեանը ծնուել էր Դամասկոս, յունուար 1, 1924: Զաւակն էր 1915-ի ցեղասպանութիւնից վերապրած Յարութիւն եւ Երանուհի Մկրեանների: Փոքր տարիքից իր ծնողների հետ մեկնել է Լիբանան, Պէյրութ:

1946 թուի ներգաղթի օրերին, 22 տարեկան հասակում, հազարաւոր տարագիր հայերի նման,  իր ընտանիքի հետ հայրենի ուղին են բռնում դէպի մայր Հայաստան: Հայաստանում Յովհաննէսը զբաղւում է կօշկակարութեամբ, ապա աշխատանք է գտնում Միասնիկեանի անուան կահոյքի գործարանում` մինչեւ Ամերիկա գալը:

Նոյեմի Քայլաճեանի ծնողներն եւս եղել են Մեծ ջարդի վերապրողներից, նոյնպէս ընտանիքով Ալեքսանտրեթ-Էսկուտարից տարագրւում են Հալէպ եւ մի քանի տարի անց` ներգաղթում Հայաստան: Շատ չանցած, բախտի բերմամբ Յովհաննէսն ու Նոյեմին  ծանօթանում եւ ամուսնանում են 1950 թուականին: Նրանք բախտաւորւում երեք մանչ եւ մէկ աղջիկ զաւակներով` Յարութիւն, Րաֆֆի, Թորոս եւ Երան: Ամուսնացած են եւ ունեն զաւակներ:

1974 թիւն էր, երբ որոշ կենցաղային դժուարին պայմանների ազդեցութեան տակ, պարտաւորուած,  թողնում են Հայաստանը եւ հաստատւում Ամերիկա, Նիւ Եորք, ուր Յովհաննէսի հօրեղբօր տղան` Ճան Մկրեանը, (ծնուած ու մեծացած Նիւ Եորքի մէջ), արդէն իսկ տեղում զբաղւում էր գորգագործութեամբ: Յովհաննէսի տղաներն եւս հետեւելով իրենց հօրեղբօր տղայի գործունէութեան` 1976 թուին բացում են իրենց անձնական գորգի առեւտրական խանութը Նիւ Եորքի յայտնի Հինգերորդ պողոտայի վրայ, ուր նաեւ մաքրում ու նորոգում են թանկարժէք գորգեր: Յովհաննէս Մկրեանի ժրաջան զաւակների շնորհիւ` այսօր  Հայաստանի տարածքում գոյութիւն ունեն 22 «ՄԿՐԵԱՆ ՐԱԳՍ» գործարաններ, ուր աշխատում են բազմաթիւ հայրենակիցներ` նպաստելով իրենց ընտանիքների ապրուստին ու երկրին: Ցուցափեղկեր ունեն նաեւ մի շարք երկրներում («Մկրեան գորգ» տես. «Հայրենիք»-ի մարտ 15, 2013թ.):

Յովհաննէս Մկրեանը կարճատեւ հիւանդութիւնից յետոյ մահացաւ յունուար 16-ի առաւօտեան ժամը երկուսին իր բնակարանում` շրջապատուած իր սիրելի ընտանիքով, տղաները` Յարութը եւ Րաֆֆին ընտանիքով եկել էին Հայաստանից շաբաթներ առաջ. Թորոսը եւ Երանը` իրենց ընտանիքներով (Նիւ Եորք), եւ քրոջ աղջիկը` Վարդուհին Փարիզից, իսկ Մարի Թորոսեանը եւ դուստրը` Անահիտը Լոս Անճելըսից, ովքեր եկել էին օր առաջ:

Յուղարկաւորութիւնը տեղի ունեցաւ յունուար 19-ին Ս. Սարգիս եկեղեցում, Ս. պատարագից անմիջապէս յետոյ: Ներկայ էին հանգուցեալի կինը` Նոյեմին,  զաւակները, թոռները, ընտանիքի հարազատները, եղբօր կինը` Աննիկը զաւակներով` Ասատուր եւ Արմէն Սինանեանները (Լոս Անճելըսից), եղբօր տղան` Արշակն ու Ֆլորան ընտանեօք (Ֆիլատելֆիայից). եկեղեցին լեցուն էր ազգայիններով ու ծանօթներով:  Յուղարկաւորութեան էին մասնակցում եկեղեցւոյ հովիւ Նարեկ քհնյ. Թրթռեանը, Անուշաւան եպս. Դանիէլեանը, Մուշեղ Ա. քհնյ. Տէր Գալստեանը եւ Ս. Լուսաւորիչ մայր եկեղեցւոյ հովիւ Մեսրոպ քհնյ. Լագիսեանը:

Յուղարկաւորութեան արարողութիւնից յետոյ դամբանական ասաց Նարեկ քհնյ. Թրթռեանը` նշելով հանգուցեալի երկար տարիների անդամակցութիւնը Ս. Սարգիս եկեղեցւոյ եւ Ֆլաշինկի «Հայ տուն» ծերանոցին,  ուր յաճախ իր կնոջ Նոյեմիի հետ այցելութեան էին գնում: Յովհաննէսը պատուոյ անդամ էր նաեւ Հայ օգնութեան միութեան «Էրեբունի» մասնաճիւղին: Նրա հաւատքը, բարութիւնը, սէրը անսահման էր հանդէպ իր կնոջ, ընտանիքին ու ազգին: Անուշաւան եպս. Դանիէլեանը հաղորդեց Օշական արք. Չօլոյեանի ցաւակցութիւնը, որը բացակայում էր տեղից, ապա համառօտ անդրադարձաւ Յովհաննէսի կենսագրութեան, նրանց գերդաստանի տեղահանութեան ու երկրից երկիր գաղթելու դժուարութիւններին: Մինչեւ որ տարիներ անց յաջողեցին  վերջնականօրէն հաստատուել Նիւ Եորք: Որքան ուրախ էր նա իր զաւակներով, ութ թռռնիկներով, ուրախ էր կնոջ` Նոյեմիի ազգասիրութեամբ, նրա ելոյթներով, որ 64 տարի միասին ապրեցին ու վայելեցին իրենց ընտանիքի եւ  համայնքիս սէրն ու յարգանքը: Հայրենասէր էր ու համեստ. կեանքի մէջ տաքն ու պաղը տեսած էր ու միշտ օգտակար եղած էր իր համայնքին, ազգին: Մի շարք բարեգործութեան կողքին, նաեւ այսօր երկար տարիներէ ի վեր որդեգրած որբեր ունեն Հայաստանի մէջ: Դառնալով թոռնիկներին` սրբազանը ասաց. «Մեծ հայրիկները չեն մեռնի, քանի որ կայ նրա հայրենաշունչ հոգին ձեր հոգու մէջ: Հայրենիքը եւ հայ լեզուն միք մոռնայ»:

Յովհաննէս Մկրեանի յուղարկաւորողների երկար շարքը դանդաղօրէն մօտեցաւ «Սիթր Կրով» գերեզմանատան, ուր հաւաքուած էր հոծ բազմութիւն` իր վերջին յարգանքի տուրքը մատուցելու ազնիւ ու համեստ մարդուն: Մեսրոպ քհնյ. Լագիսեանը դամբանական կարդաց` դրուատելով նրա հայասիրութիւնն  ու հայերէն խօսելու կարեւորութիւնը ազգապահպանման խնդրում:

Թաղման արարողութիւնից յետոյ տեղի ունեցաւ հոգեճաշ, որին ներկայ էր հոծ բազմութիւն: Վերջաւորութեան Յարութիւն եւ Րաֆֆի Մկրեանները շնորհակալութիւն յայտնեցին ներկաներին, մօտիկ ու հեռու ցաւակցողներին եւ մասնաւորապէս նրանց, ովքեր հեռու քաղաքներից ու երկրներից էին եկել յարգելու իրենց հօր յիշատակը:

Մօտիկից ծանօթ լինելով Մկրեան ընտանիքին` յաճախ եմ վայելել նրանց  հարազատ  ընդունելութիւնը, պրն. Յովհաննէսի պարզ ու վեհանձն կեցուածքն ու նրա մշտական ժպտերես դէմքը, յաւերժ կենդանի պատկեր կը մնայ յիշողութեանս մէջ, եւ Նոյեմիի սիրալիր վերաբերմունքն ու գթառատութեան լուռ կատարելութիւնը անխախտօրէն մարդկային ամենալաւ ու բարի յատկութիւններից է կազմուած:

Կողքին նստած, իր թախիծը թեթեւացնելու միտումով, մտերմաբար իր զգացումները խնդրեցի. «Լաւ ամուսին էր, ասաց նա, հայերէն խօսէք եւ օգնէք հայրենիքին, ՄԵՐՆ Է, մեր նախնիները չտեսան ազատ, անկախ հայրենիքը, մի՛ լքէք: Միշտ իր խօսքն էր` «Սիրեցէք միմեանց, ծառայեցէք հայրենիքին, հայերէն, հայերէն խօսեցէք…»: Միշտ հպարտ էր իր ընտանիքով ու զաւակների հայրենասիրութեամբ: Ուրախ էր իր ութ սիրասուն թոռներով, որոնք մեծ հաճոյք էին պատճառում իրեն: Իննսուն տարի ապրեց ու կեանքից հեռացաւ մեծ գոհունակութեամբ»: Ըստ ընտանիքի փափաքին, հանգուցեալի յիշատակին, փոխան ծաղկեպսակի, նուիրատուութիւն կատարուեց ՀՅԴ-ին, Ս. Սարգիս եկեղեցւոյ եւ ՀՕՄ-ի «Էրեբունի» մասնաճիւղին:

Յովհաննէս Մկրեանի մահուան քառասունքի նախօրեակին ընտանիքի հարազատներն ու մօտիկ ծանօթներն այցելեցին հանգուցեալին թարմ շիրիմը, ուր Նարեկ քհնյ. Թրթռեան հոգեհանգստեան արարողութիւն կատարեց, որից յետոյ ներկաները հրաւիրուեցին ընտանիքի բնակարանը` հոգեճաշի: Իսկ քառասունքի առթիւ հոգեհանգստեան յատուկ պաշտօն կատարուեց փետրուար 23-ին Ս. Սարգիս եկեղեցում, եկեղեցւոյ հովիւ Նարեկ քհնյ. Թրթռեանի եւ Մուշեղ Ա. քհնյ. Տէր Գալստեանի ձեռամբ:   Ներկայ էին հանգուցեալին կինը, զաւակները, ընտանիքի հարազատներն ու եկեղեցին լեցուցած ազգայիններ:

Թող հողը թեթեւ գայ վրադ, ազնի՛ւ հայ, ու թարմ շիրիմդ վարդի փնջերով զարդարուի: Յարգանք` քո անթառամ յիշատակին ու քո ապրած օրերին:

ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ 

Նիւ Եորք  

Share this Article
CATEGORIES