Սա Հայաստանի Տեղը Չէ. Ուքրանիայի Դէպքում Պէտք Էր «Ձեռնպահ» Քուէարկել Կամ Չքուէարկել Ընդհանրապէս
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովում Ուքրանիայի հարցով մարտի 27-ի քուէարկութիւնը անսպասելի չէր: Ուքրանիայի տարածքային ամբողջականութիւնը պաշտպանող եւ Խրիմի հանրաքուէն անօրինական համարող բանաձեւին կազմակերպութեան 193 անդամներից միայն 11-ն է «դէմ» քուէարկել: 58 պետութիւններ «ձեռնպահ» էին, իսկ 100-ը` «կողմ»: Եւս 24 պետութիւններ չեն մասնակցել քուէարկութեանը:
Նախօրէին Հայաստանի դիւանագիտական աղբիւրները լրատուական արտահոսք էին թողել, համաձայն որի` Հայաստանը «ձեռնպահ» է քուէարկելու: Այս արտահոսքով Հայաստանը հաւանաբար փորձում էր զգալ Ռուսաստանի արձագանգը: Հաշուի առնելով այն իրողութիւնը, որ Հայաստանը իր «դէմ» քուէով չի պաշտպանել Ուքրանիայի տարածքային ամբողջականութիւնը եւ օրինական է որակել Խրիմի հանրաքուէն, կարելի է ենթադրել, որ Մոսկուայի ճնշումը Երեւանի նկատմամբ եղել է սպառնալի: Միւս կողմից, պէտք է յիշել, որ մի քանի օր առաջ Սերժ Սարգսեանը զանգահարել էր Վլատիմիր Փութինին եւ բաւականին հասկանալի բառապաշարով ասել, որ ողջունում է Խրիմի ինքնորոշման փաստը:
Իր քուէարկութեամբ Հայաստանը դասուել է երկրների խմբի, որը պատիւ չի բերում Հայաստանի եւ հայութեանը: Հայաստանից եւ Ռուսաստանից բացի, Ուքրանիայի տարածքային ամբողջականութիւնը չեն յարգել` Պիելոռուսիան, Սիրիան, Սուտանը, Զիմպապուէն, Հիւսիսային Քորէան, Նիքարակուան, Պոլիվիան, Քուպան եւ Վենեզուելան: Հայաստանի պետութեանը եւ հայ ժողովրդին պատիւ չբերող աւելի վատ խումբ դժուար էր պատկերացնել: Հայաստանը պարտաւոր էր «ձեռնպահ» քուէարկել կամ ընդհանրապէս չքուէարկել:
Հայաստանի կողմից սա այն եզակի քուէարկութիւնն է ՄԱԿ-ում եւ միջազգային ամպիոնում, որը չունի որեւէ տրամաբանութիւն եւ բացատրութիւն: Միակ (չարդարացուած) բացատրութիւնը եւ տրամաբանութիւնը կարող է լինել այն, որ ռուսները մեզ ստիպել են: Բայց այս դէպքում էլ բացատրութիւնը վիրաւորական է հնչում մի պետութեան հասցէին, որն ունի արդէն 25 տարուայ անկախութիւն եւ փառահեղ յաղթանակ է տարել արցախեան պատերազմում:
Եթէ Արցախը հանրաքուէով որոշած լինէր միանալ Հայաստանին եւ Հայաստանը իր կազմում ընդգրկած լինէր Արցախին, ապա կարելի էր ասել, որ յանուն Արցախի է Հայաստանը ճանաչել Խրիմի հանրաքուէն եւ, հետեւաբար, մարտի 27-ի նրա «դէմ» քուէն արդարացուած է: Բայց մենք բոլորս գիտենք, որ Արցախը հանրաքուէով հռչակել է իր անկախութիւնը: Այսպիսով, հէնց այս հանգամանքը բաւարար է, որպէսզի անտեղի զուգահեռներ չանցկացուեն Արցախի եւ Խրիմի միջեւ:
Հայաստանը շուտով դառնալու է Մաքսային միութեան անդամ, որին մաս են կազմում` Ռուսաստանը, Պիելուռուսիան եւ Ղազախստանը: Եթէ Մաքսային միութեան անդամները միասնական դիրքորոշում որդեգրած լինէին, ապա գուցէ մարտի 27-ի Հայաստանի «դէմ» քուէարկութիւնը արդարացուած լինէր: Սակայն պարզւում է, որ Ղազախստանը «ձեռնպահ» է քուէարկել:
Հայաստանը մաս է կազմում ռազմաքաղաքական Հաւաքական անվտանգութեան պայմանագիր կազմակերպութեանը (ՀԱՊԿ), որին անդամակցում են` Ռուսաստանը, Պիելառուսիան, Ղազախստանը, Տաճիկստանը եւ Խըրխըզիան: ՀԱՊԿ-ի ողնաշարը Ռուսաստանն է: Այս դաշինքի անդամ պետութիւններից երեքը` Ղազախստանը, Տաճիկստանը եւ Խըրխըզիան, չեն հետեւել Ռուսաստանին: Ղազախստանը, ինչպէս նշեցինք, «ձեռնպահ» է եղել, իսկ Տաճիկստանն ու Խըրխըզիան չեն մասնակցել քուէարկութեանը: Որտե՞ղ է մեր «նախաձեռնողական» կոչուած արտաքին քաղաքականութիւնը:
Հայաստանը Անկախ պետութիւնների համագործակցութեան (ԱՊՀ) անդամ է: Այս (գրեթէ չգործող) կազմակերպութեանը, որի ողնաշարը նոյնպէս Ռուսաստանն է, անդամակցում են ԽՍՀՄ նախկին միութենական հանրապետութիւնները, բացի պալթեան երեք պետութիւնների, Վրաստանի (ԱՊՀ-ից հեռացել 2008-ի ռուս-վրացական հնգօրեայ պատերազմից յետոյ) եւ Ուքրանիայի (ԱՊՀ-ից հեռացել է մի քանի օր առաջ): ԱՊՀ անդամ 10 պետութիւններից միայն երեքն ենք «դէմ» քուէարկել` Ռուսաստան, Պիելոռուսիա, Հայաստան: ԱՊՀ անդամ Միջին Ասիայի հինգ հանրապետութիւններից երկուսը` Ղազախստանը եւ Ուզպեքստանը, «ձեռնպահ» են քուէարկել, իսկ միւս երեքը` Թուրքմենստանը, Տաճիկստանը եւ Խըրխըզիան, չեն մասնակցել քուէարկութեանը: ԱՊՀ միւս երկու անդամները` Մոլտովան եւ Ազրպէյճանը «կողմ» են քուէարկել:
Եթէ Հայաստանը քուէարկութիւնից առաջ յիշել է, որ միջազգային տարբեր ամպիոններում Ուքրանիան բազմաթիւ անգամներ յօգուտ Ազրպէյճանի է քուէարկել, երբ օրակարգի վրայ են եղել արցախեան հարցը կամ նախկին ԽՍՀՄ տարածքում առկայ սառեցուած հակամարտութիւնները, ապա այդ տրամաբանութեամբ Հայաստանը առաջին հերթին պէտք է յիշի, որ Ռուսաստանը եւս բազմաթիւ անգամ քուէարկել է Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան օգտին, այդ թւում` ԵԱՀԿ շրջանակներում: Հետեւաբար սա այն դէպքը չէ, երբ Հայաստանը պէտք է «վրէժ լուծէր» Ուքրանիայից, մի պետութիւն, որտեղ բնակւում են աւելի քան 300 հազար հայեր:
Ցանկալի է, որ Հայաստանը իր քաղաքացիներին, ինչու չէ` նաեւ արեւմտեան իր գործընկերներին, այդ թւում` բարեկամ համարուող Ֆրանսային, Միացեալ Նահանգներին, տրամաբանական բառապաշարով բացատրի, թէ ինչո՞ւ է կատարել նման քուէարկութիւն: Ո՞րն է եղել տրամաբանութիւնը: Աւելի՛ն. որտե՞ղ է Հայաստանի շահը:
Ճիշդ է, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարէն Նազարեանը քուէարկութիւնից առաջ բացատրութիւն է տուել, սակայն այն համոզիչ չէ. «Հայաստանը տարիներ ի վեր հետեւողականօրէն ու սկզբունքօրէն հանդէս է եկել ժողովրդավարութեան զարգացման, ազատութիւնների եւ իրաւունքների, ներառեալ իրաւահաւասարութեան եւ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի պաշտպանութեան օգտին` որպէս ՄԱԿ-ի կանոնադրութեան վրայ հիմնուած համամարդկային արժէքներ եւ սկզբունքներ»:
Այս բացատրութիւնը գուցէ համոզիչ ընկալուէր, եթէ Հայաստանը ճանաչած լինէր Քոսովոյի, Աբխազիայի եւ Հարաւային Օսեթիայի անկախութիւնը, ինչը չի արել: Եւ շատ ճիշդ է արել, որ չի ճանաչել այդ երեք միաւորների անկախութիւնը, քանի դեռ չի ճանաչել Արցախը: Բացի այդ, Խրիմի դէպքը աւելի շատ նման է Ռուսաստանի կողմից ուժի սպառնալիքի տակ արուած բռնակցումի:
Ամենացաւալին, անշուշտ, այն է, որ Հայաստանը մարտի 27-ի իր քուէարկութեամբ դասուեց պետութիւնների շարքում, որտեղ իրականացւում են բռնութիւններ ու սպանութիւններ, որտեղ իշխում է անօրինականութիւնն ու ամենաթողութիւնը, որտեղ փտածութիւնը սահմանադրական կանոն է, որտեղ ընտրութիւնների ճանապարհով նախագահ չի փոխւում:
Հիմա, ինչպէս ժողովրդական խօսքն է ասում` «ծուռ նստենք եւ շիտակ խօսքենք»:
Մեզ` Հայաստանին ու հայերին, պատի՞ւ է բերում լինել Հիւսիսային Քորէայի հետ նոյն խմբում: Իսկ Զիմպապուէի՞: Սուտանի մասին ի՞նչ կ՛ասէք: Իսկ Քուպայի՞: Թուարկումը չշարունակենք` յուսալով, որ այս ցաւալի եւ Հայաստանին ու հայ ժողովրդին պատիւ չբերող սխալը չի կրկնուի:
Յատուկ «Ազդակ»-ի համար

