Հայաստանի 29 Վարչապետները
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Առաջիկայ օրերին եւ շաբաթներին իշխող Հանրապետական կուսակցութիւնն ու Սերժ Սարգսեանը կը ձեւաւորեն Հայաստանի նոր կառավարութիւնը եւ կը նշանակեն նրա ղեկավարին` վարչապետին: Վերյիշենք, թէ ովքեր են եղել Հայաստանի Առաջին Հանրապետութեան (1918 թ. մայիսի 28, 1920 թ. դեկտեմբերի 2), Խորհրդային Հայաստանի (1920 թ. դեկտեմբերի 2- 1991 թ. սեպտեմբեր 21) եւ արդի Հայաստանի 29 վարչապետները: Առաջին հանրապետութեան երկուսուկէս տարիներին Հայաստանում ամենաբարձր պաշտօնը հէնց վարչապետն էր, քանի որ կառավարման համակարգը խորհրդարանական էր: Խորհրդային Հայաստանում առաջնորդը Կոմունիստական կուսակցութեան Կենտրոնական կոմիտէի առաջին քարտուղարն էր, որին յաջորդում էին Գերագոյն խորհրդի նախագահութեան նախագահը, ապա Նախարարների խորհրդի նախագահը` վարչապետը:
Յովհաննէս Քաջազնունուց մինչեւ Սիմոն Վրացեան
Հայաստանի Առաջին Հանրապետութեան առաջին վարչապետը Յովհաննէս Քաջազնունին էր (իսկական ազգանունը` Իգիթխանեան): Ջաւախքում ծնուած Քաջազնունու վարչապետութիւնը ձգուել է մինչեւ 1919-ի օգոստոս: Այդ տարուայ փետրուարին Քաջազնունին մեկնեց Միացեալ Նահանգներ` լուծելու հացի խնդիրը: Անտանելի կը լինէր հայ ժողովրդի վիճակը, եթէ ամերիկեան կառավարութիւնը եւ ամերիկացի բարեպաշտ ժողովուրդը Հայաստան չուղարկէր աւելի քան 1,3 միլիոն փութ ալիւր եւ հացահատիկ: Քաջազնունու վարչապետութեան շրջանը հայ ժողովրդի պատմութեան ամենադժնդակ ժամանակներից էր: Վիճակագրական տուեալները սարսափազդու են` 1918-1919 թթ. սովից եւ բծաւոր տիֆից մահացաւ Հայաստանի բնակչութեան աւելի քան 20 տոկոսը, կամ` 200 հազար մարդ, այդ թւում` ներքին գործերի նախարար Արամ Մանուկեանը:
Առաջին հանրապետութեան անկումից յետոյ Քաջազնունին հաստատուեց Պուքրէշում, սակայն 1924-ին վերադարձաւ հայրենիք, 1937-ին ձերբակալուեց, իսկ մէկ տարի անց մահացաւ բանտում: 1918 թ. հայ-թուրքական պատերազմի օրերին սպաննուել էր Քաջազնունու որդին: Այդ պատերազմը խլել էր նաեւ Համօ (Համազասպ) Օհանջանեանի որդու կեանքը, որը վարչապետութեան աթոռը զբաղեցրեց 1920 թ. մայիսից նոյեմբեր: Մինչ Օհանջանեանը` 1919-ի օգոստոսից (փաստացի` փետրուարից, երբ Քաջազնունին մեկնեց Ամերիկա) մինչեւ 1920 թ. մայիս վարչապետի պաշտօնը զբաղեցրել է Ալեքսանդր Խատիսեանը: Նա եւս հեռացաւ Խորհրդային Հայաստանից եւ մահացաւ 1945-ին, Փարիզում:
Առաջին հանրապետութեան բոլոր չորս վարչապետները ՀՅԴ-ականներ էին: Վերջինը` Սիմոն Վրացեանը, Հայաստանը կառավարեց ընդամէնը 8 օր` 1920-ի նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 2-ը: Նրա օրօք Հայաստանը խորհրդայնացաւ: 1921 թուականի փետրուարից, երբ հակապոլշեւիկեան յեղափոխութեան արդիւնքում ստեղծուեց Հայրենիքի փրկութեան կոմիտէն, Վրացեանը ղեկավարեց երկիրը մինչեւ նոյն թուականի ապրիլի 2-ը: Վրացեանը մահացել է 1969-ին, Պէյրութում:
Ալեքսանդր Միասնիկեանից մինչեւ Վլադիմիր Մարգարեանց
Բոլոր 28 վարչապետներից ամենակարճ կեանքը ունեցել է Խորհրդային Հայաստանի առաջին վարչապետ Ալեքսանդր Միասնիկեանը (Մարտունի): Նա ընդամէնը 39 տարեկան էր, երբ 1925 թ. օդային աղէտի զոհը դարձաւ Թիֆլիսից Սոխում թռչելու ընթացքում: Միասնիկեանը ծնուել է Նոր Նախիջեւանում (Տոնի Ռոստով), պաշտօնավարել է 1921-1922 թթ:
Նոր Նախիջեւանում էր ծնուել նաեւ Միասնիկեանին յաջորդած Սարգիս Լուկաշինը (Սրապիոնեան), որը պաշտօնավարել է 1922-1925 թթ.: Լուկաշինը, ինչպէս եւ Քաջազնունին, զոհ դարձաւ ստալինեան տեռորին: Նա գնդակահարուեց 1937-ին:
Խորհրդային Հայաստանի յաջորդ երկու վարչապետները ծնուել են Շուշիում: Սարգիս Համբարձումեանը կառավարութիւնը ղեկավարել է երեք տարի` 1925-1928 թթ: Շուշեցի երկրորդ վարչապետը` Սահակ Տէր Գաբրիէլեանը, երկիրը կառավարել է եօթ տարի: Նա եւս զոհ գնաց ստալինեան տեռորին 1937 թ.:
Իրանի Սալմաստի շրջանում ծնուած Աբրահամ Գուլոյեանը վարչապետի աթոռը զբաղեցրել է խորհրդային կայսրութեան ամենադժնդակ տարիներին` 1935-1937 թթ., եւ ինքն էլ զոհ գնացել ստալինեան տեռորին, 1938 թ.: Հայաստանի ամենաուսեալ վարչապետներից էր, սովորել է Էջմիածնի Գէորգեան ճեմարանում, այնուհետեւ` Մոսկուայի եւ Փեթրոկրատի համալսարաններում:
Բոլոր 28 վարչապետներից ամենաերկար` 89 տարուայ կեանք ունեցել է Արամ Փիրուզեանը, որը ծնուել է Պաքւում, իսկ վարչապետի պաշտօնը զբաղեցրել 1937-1943 թթ: Փիրուզեանին յաջորդեց Եղէգնաձորում ծնուած Աղասի Սարգսեանը (1943-1947 թթ.):
Արմաւիրի մարզում ծնուած Սահակ Կարապետեանի օրօք (1947-1952) տեղի ունեցան երկու նշանակալի իրադարձութիւններ Խորհրդային Հայաստանի կեանքում: Նրա օրօք տեղի ունեցաւ սփիւռքահայերի մեծ ներգաղթը: Բայց նաեւ նրա օրօք էր, որ տեղի ունեցաւ 1949 թ. բռնագաղթը, երբ աւելի քան 10 հազար հայ աքսորուեց Ռուսաստանի Ալթայի երկրամաս:
Սահակ Կարապետեանին յաջորդեց Անտոն Քոչինեանը, որը Հայաստանի վարչապետներից միակն էր, ով կարգին կրթութիւն չունէր: Ընդամէնը աւարտել էր Երեւանի Կոմունիստական գիւղատնտեսական դպրոցը: Սակայն դա չի խանգարել, որ Լոռու մարզում ծնուած Քոչինեանը վարչապետի պաշտօնը զբաղեցնի ամենաերկարը բոլոր 28 վարչապետների մէջ, շուրջ` 13 տարի, 1952- 1966 թթ.: Վարչապետութիւնից յետոյ նա դարձաւ Խորհրդային Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար եւ հանրապետութիւնը ղեկավարեց մինչեւ 1974 թ.:
Արմաւիրի մարզում է ծնուել յաջորդ վարչապետը` Բադալ Մուրատեանը, որը կառավարութիւնը ղեկավարել է վեց տարի` 1966-1972 թթ.: Մուրատեանին յաջորդեց Սիւնիքի գիւղերից մէկում ծնուած Գրիգոր Արզումանեանը, ով վարչապետ եղաւ չորս տարի` 1972-1976 թթ.:
Ֆադէյ Սարգսեանը, ով Խորհրդային Հայաստանի 13 վարչապետներից միակն է, որ ծնուել է Երեւանում, կառավարեց 12 տարի` 1977-1989 թթ.: Խորհրդային Հայաստանի վերջին` 13-րդ վարչապետը, Ռուսաստանի հայաշատ Քրասնոտարի երկրամասում ծնուած եւ Միխայիլ Կորպաչովի հետ աշխատած Վլադիմիր Մարգարեանցը կառավարութեան ղեկավար նշանակուեց 1988 թ. աղէտալի երկրաշարժից մէկ ամիս յետոյ, 1989 թ. յունուարին:
Վազգէն Մանուկեանից մինչեւ Տիգրան Սարգսեան
Երրորդ հանրապետութեան առաջին վարչապետը Վազգէն Մանուկեանն էր, թէեւ պէտք է նկատել, որ 1990 թ. օգոստոսին, երբ նա նշանակուեց կառավարութեան ղեկավար, Հայաստանը դեռ անկախութիւն չէր հռչակել եւ տէ ժիւրէ Խորհրդային Միութեան մաս էր կազմում:
Գագիկ Յարութիւնեանը կառավարութիւնը գլխաւորել է մօտ 10 ամիս` 1991-ի հոկտեմբերից 1992-ի օգոստոս` լինելով վարչապետի պաշտօնակատար, քանի որ նա նաեւ երկրի փոխնախագահն էր: 1991-ի նախագահական ընտրութիւններում կար փոխնախագահի պաշտօնը, եւ Լեւոն Տէր Պետրոսեանի հետ որպէս փոխնախագահ ընտրուեց Յարութիւնեանը:
Խոսրով Յարութիւնեանը կառավարութիւնը ղեկավարեց կէս տարի` 1992-ի օգոստոսից մինչեւ 1993-ի փետրուար: Հրանտ Բագրատեանը վարչապետի պաշտօնը զբաղեցրեց աւելի քան երեք տարի` 1993-1996 թթ.: Հայաստանի երրորդ հանրապետութեան ամենադժուարին ժամանակաշրջանն էր` Ազրպէյճանի կողմից պարտադրուած արցախեան պատերազմ, Թուրքիայի կողմից շրջափակում, քաոս Վրաստանում, երկրաշարժից տուժած տասնեակ հազարաւոր անօթեւաններ, որոնց 1988-1990-ական թթ. աւելացել էին Ազրպէյճանում տունը եւ կահկարասին կորցրած տասնեակ հազարաւոր հայեր:
Բագրատեանին յաջորդած Արմէն Սարգսեանը վարչապետի աթոռը զբաղեցրեց մօտ վեց ամիս (1996 թ. հոկտեմբերից 1997 թ. մարտ): Նրան փոխարինեց Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարեանը, ով մէկ տարի (1997-1998 թթ.) պաշտօնավարելուց յետոյ դարձաւ Հայաստանի նախագահ:
Հայաստանի 28 վարչապետներից ամենաերիտասարդը եղել է Արմէն Դարբինեանը, որը կառավարութեան ղեկավար է նշանակուել 33 տարեկանում եւ պաշտօնավարել 14 ամիս` 1998-1999 թ.: Դարբինեանին յաջորդեց Վազգէն Սարգսեանը, որը կառավարեց ընդամէնը չորսուկէս ամիս եւ սպաննուեց 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կատարուած ոճրագործութեան ընթացքում: Սարգսեանին փոխարինեց եղբայրը` Արամ Սարգսեանը, վարչապետութեան պաշտօնում մնալով մօտ վեց ամիս:
Երրորդ հանրապետութեան ամենաերկարակեաց վարչապետը Անդրանիկ Մարգարեանն էր, որը կառավարութեան ղեկավարի պաշտօնը զբաղեցրեց եօթ տարի` 2000-2007 թթ.: 2007 թ. մարտի վերջերին սրտի կաթուածից մահացած Մարգարեանին փոխարինեց Սերժ Սարգսեանը, որը մէկ տարի անց դարձաւ նախագահ:
Տիգրան Սարգսեանը վարչապետի աթոռը զբաղեցրեց վեց տարի (2008-2014):
Հայաստանի վարչապետներից միայն երեքին` Անտոն Քոչինեանին, Ռոպերթ Քոչարեանին եւ Սերժ Սարգսեանին է յաջողուել կառավարութիւնը ղեկավարելուց յետոյ դառնալ նաեւ երկրի ղեկավար:
Յատուկ «Ազդակ»-ի համար

