Հայոց Ցեղասպանութիւնն Ու Հայ Կանանց Կրկնակի Ցաւը. Քրտական Ծագումով Լրագրողի Անդրադարձը

«ԹԵՐԹ»

GanaykՔրտական արմատներով թուրք լրագրող Միւժկան Հալիսն իր հերթական յօդուածը նուիրել է Հայոց ցեղասպանութեան պատճառով կրկնակի տուժած հայ կանանց` նրանց բռնաբարութիւնների, բռնի իսլամացման, ստրկացման դէպքերին:

«Տեմոքրաթ Հապէր» կայքում հրապարակուած յօդուածը ներկայացնում ենք գրեթէ առանց կրճատումների.

«Հայոց ցեղասպանութեան մինչ այժմ անտեսուած յուշերից մէկը սեռական կողմն է, այսինքն` Ցեղասպանութեան կանացի դէմքը: Այո՛, Ցեղասպանութիւնը հայ կանանց համար կրկնակի ցաւ էր, քանի որ նրանց համար դա միաժամանակ բռնաբարութիւններ, բռնի ամուսնութիւններ, ստրկացում էր նշանակում:

Բռնաբարութիւններ

1915թ. հայ կանայք թէ՛ իրենց հայրենիքից արտաքսուեցին, թէ՛ ամուսիններին, եղբայրներին ու երեխաներին կորցրին, թէ՛ պարբերական բռնաբարութիւնների զոհ դարձան…

Մինչ այժմ այդ թեմայով ուսումնասիրութիւնների թիւը շատ քիչ է: Մինչ մեր օրերը ողջ մնացածներն իրենց բանաւոր պատմութիւններում բռնաբարութիւնները կա՛մ մեղմացնում են, կա՛մ շրջանցում: Դա ցոյց է տալիս, որ կանայք չեն ցանկանում խօսել այդ բռնութեան մասին: Նոյն աղբիւրները նշում են, որ տղամարդիկ էլ այդ թեմայի շուրջ խօսել չեն ցանկանում կամ էլ նշում են, որ դա պատմելը շատ դժուար է:

Առեւանգուած, Իսլամացած Կանայք

Հայ կանայք Ցեղասպանութեան պատճառով վերապրեցին նաեւ բռնի իսլամացումը: Ենթադրութիւններ կան, որ 200 հազար հայ կին Ցեղասպանութեան ընթացքում եւ դրանից յետոյ իսլամացուեց, ձուլուեց, քրտական, թուրքական կամ արաբական «ծագում» ձեռք բերեց…

Հայ կանանց հանդէպ իրագործուած բռնաբարութիւններին յաջորդում էին բռնի ամուսնութիւնները:

Իսլամացած կանայք ժամանակի ընթացքում մոռանում էին իրենց ինքնութիւնն ու մայրենին: Նրանցից շատերն իրենց եւ իրենց հարազատներին փրկելու համար բացի իսլամանալուց այլ ելք չէին ունենում:

Տատիկների Դաջուածքները

Իսլամացած կանայք աւելի ուշ մուսուլման տղամարդկանց հետ էին ամուսնանում եւ, համաձայն աւանդոյթի, հինայ էին քսում: Այդ հինաները կամ դաջուածքները մէկ այլ նշանակութիւն էլ ունէին: Բեմադրիչ Սուզան Խարտալեանի «Մեծ մօրս դաջուածքները» ժապաւէնը հէնց դրան է նուիրուած: Ժապաւէնը Հայոց ցեղասպանութիւնը վերապրած, ստիպուած «մարմինը վաճառած» հազարաւոր մոռացուած կանանց մասին է: Նրանց մարմիններին այլ մարդկանցից տարբերելու համար դաջուածքներ կային:

Խարտալեանը նշում է, որ իր ժապաւէնը ընտանիքի գաղտնիքը բացայայտող մի ճանապարհորդութիւն է:

«Խանում նենեն (տատիկ) բոլորի նման չէր: Ես նրան որպէս չար սիրտ ունեցող մի կին եմ յիշում: Ֆիզիքական շփումն ատում էր: Երբեք չէր գրկախառնւում, համբուրում, ձեռքի դաջուածքները թաքցնում էր: Այժմ գիտեմ, թէ ինչու էր տատիկս շատ լաւ քրտերէն խօսում: 12 տարեկանում Եփրատի ափին բռնաբարութեան էր ենթարկուել, նրա` օգնութիւն հայցող աղաղակներին արձագանգած քիւրտը փախցրել էր նրան: Այդ տղամարդու հետ ստիպուած ապրել է 7 տարի, ապա մի անգլիացի միսիոնարի օգնութեամբ փախել է: Տատիկս տարիներ շարունակ գերու կեանքով է ապրել: Նրան կենդանիներին խարելու նման խարել են: Թուրքերը տատիկիս ոչ միայն ձեռքերը, նաեւ ճակատագիրն են խարանել, նրա յիշողութեան մէջ բռնութիւն, ամօթ եւ վախ են դաջելէ,-ասում է բեմադրիչը:

Առաջին համաշխարհային պատերազմից յետոյ հայկական միութիւններն ու միսիոնարական կազմակերպութիւնները փորձեցին ազատել առեւանգուած կանանց: Յատկապէս դանիացի միսիոնար Քարեն Եփփէն, արաբ աշիրեթների ղեկավարների հետ համաձայնութեան գալով, 2000 կանանց ազատ արձակեց:

Գերիների Շուկաները

Հայ կանանց վերապրած մէկ այլ դաժանութիւն էին գերիների շուկաները: Այդ մասին հնարաւոր է կարդալ Իւ Թեռնոնի` Մարտինի ցեղասպանութեան մասին պատմող գրքում:

Հեղինակը պատմում է, որ հայ կանանց աշխատացնում էին որպէս սեռային-ստրուկներ:

Թեռնոնի համոզմամբ` Օսմանեան կայսրութիւնում, չնայած 1909թ-ից ստրուկների շուկաների պաշտօնապէս վերացմանը, մինչեւ պատերազմի աւարտը հայ կանանց եւ երեխաների համար այդ շուկաները բացւում էին:

Վաճառողներն իրենց եապրանքիցէ կարճ ժամանակում ազատուել էին ցանկանում, այդ պատճառով` հայերի գինը շատ ցածր էր: 5-7 տարեկան երեխաները կարող էին վաճառուել 5-20 ղուրուշով, ինչը հաւասար էր մէկ գառնուկի գնին: Երիտասարդ աղջիկը կամ 14-15 տարեկան երիտասարդը 2-3 մէճիտիեյով (արծաթէ դրամ) գնորդ էր գտնում: Գները փոփոխւում էին` հայի ընտանիքի ունեցած դիրքով պայմանաւորուած: Այդ կանանց կամ աղջիկներին տիրացողներն ապագայում կարող էին օրինական ճանապարհով ձեռք բերել նրանց ունեցուածքը»:

 

 

 

Share this Article
CATEGORIES