«Յօշոտուած Հայաստան» Գիրքը Թարգմանուել Է Թուրքերէնի

ParcalamisԱրշալոյս Մարտիկեանն առաջիններից էր, ով իր «Յօշոտուած Հայաստան» գրքով հայոց ցեղասպանութեան թեման ներկայացրել է միջազգային հանրութեանը: Մարտիկեանը մահացել է 1994 թուականին, 96 տարեկան հասակում:

Նրա մահուան 20-րդ տարելիցին «Յօշոտուած Հայաստան» գիրքը Տիրան Լոքմագէօզեանի շնորհիւ թարգմանուել է թուրքերէն եւ հրատարակուել «Փենճերէ» հրատարակչութեան կողմից:

Թուրքիայում լոյս տեսնող երկլեզու «Ակօս» շաբաթաթերթը այս իրադարձութեանն ընդառաջ փորձել է պարզել` Մարտիկեանի հայրենի շրջաններում արդեօ՞ք մնացել է հայկական հետք. յիշատակութիւններ հայերի մասին, հայերից մնացած կառոյցներ, պատմութիւններ:

Մարտիկեանի ծննդավայր Թունջելիի (Տէրսիմ) Չեմիշգեզէք (Չմշկածագ-«Ակունք»-ի խմբ.) գաւառում հայերի մասին յիշեցնող ոչ մի հետք անգամ չի մնացել: Այսօր այնտեղ ոչ մարտիկեա՛ն ընտանիքի տունը, ո՛չ եկեղեցին, ո՛չ էլ հայկական թաղամասը կանգուն չեն: Չմշկածագում, որտեղից Արշալոյսը 14 տարեկանում ստիպուած հեռացել էր, փողոցների անկիւններում թաքնուած մի քանի պատմական կոթողներ են մնացել, դրանք էլ պատկանում են մահմետական ճարտարապետութեանը:

Թունջելիի կայքում շրջանի անցեալի մասին ոչինչ չի հաղորդւում, իսկ ահա Չմշկածագի  քաղաքապետարանի կայքում  Հայոց ցեղասպանութեան մասին առանց որեւէ խօսք ասելու նշուած է միայն, որ հայերը համագործակցել են ռուսների հետ: Մասնաւորապէս նշուած է, որ թուրքական զօրքերը յաջող պայքար են մղել ռուսների դէմ, իսկ երբ վերջիններս  արդէն յետ են քաշուել այդ տարածքներից, այնտեղ մտել են հայերը, որոնց զինել էին հէնց ռուսները: «Սրանց դէմ Չմշկածագի ժողովուրդը յաջող պայքար է մղել»,  թերթը մէջբերում է քաղաքի կայքից:

Իսկ տեղի բնակչութիւնը յայտնում է, որ ժամանակին այդտեղ հայեր են եղել, որոնց հետ միասին են ապրել: Սակայն այստեղ էլ, կարծես, կա՛մ հայերին մոռացել, կա՛մ էլ ցանկացել են մոռանալ: Այդ իսկ պատճառով, երբ հարցը հայերին է հասնում, երկարատեւ լռութիւն է տիրում: Խօսակցութեան ընթացքում մի ծերունի  նշում է. «Իսկ հայերին ո՞վ յիշում որ»:

http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1426

 

 

 

 

Share this Article
CATEGORIES