Ինչպէ՞u Անել, Որ Հայ Թեկնածուն Չյաղթի. Թուրքիայի Կուսակցութիւնների Հաշուարկը
ԱՍՏՂԻԿ ԻԳԻԹԵԱՆ
Թուրքիայում մարտի 30-ին անցկացուեցին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրութիւններ: Ընտրութիւննները հայերիս համար առանձնայատուկ են այն պատճառով, որ Թուրքիայում գործող կուսակցութիւններն առաջադրել էին հայ թեկնածուներ: Ընդ որում, հայ թեկնածուներ կան թէ՛ իշխող, թէ՛ ընդդիմադիր եւ թէ՛ ազգայնական կուսակցութիւնների ընտրացուցակներում:
Սակայն կուսակցական վերնախաւի ներկայացուցիչները հայ թեկնածուներ առաջադրելիս մանրամասն հաշուարկ են կատարել: Այլ կերպ ասած` նրանք առաջնորդուել են «հայերին առաջադրենք այն շրջաններում, որտեղ նրանց յաղթանակը անհնար է» սկզբունքով: Այդպիսով բոլոր այն շրջաններում, որոնք հայաշատ են, ու հայ թեկնածուները յաղթելու առաւել հաւանական առիթներ կարող էին ունենալ, չկան առաջադրուած հայ թեկնածուներ կամ առաջադրուած են այն կուսակցութեան կողմից, որը չի յաղթահարի անցողիկ շեմը:
Օրերս այս թեմայով զրուցեցի Տէրսիմի հայերի միութեան նախագահ Միհրան Կիւլթեքինի հետ: Նա հանգամանօրէն ներկայացրեց պատկերը` ասելով, որ ընտրութիւններում պայքարող կուսակցութիւնները հայ թեկնածուներին միանշանակօրէն օգտագործում «Փի.Առ.»-ի (հանրութեան հետ յարաբերելու) նպատակներով:
«Հայ թեկնածուները յաղթելու կարելիութիւն չունեն, քանի որ առաջադրուած են այնպիսի շրջաններում, որտեղ հայ թեկնածուն կամ տուեալ կուսակցութիւնն ընտրազանգուածի աջակցութիւնը չի ստանայ: Որտեղ կուսակցութիւնները միանշանակ պարտուելու են, այդտեղ առաջադրուած է հայ թեկնածու: Վերցնենք, օրինակ, Ժողովուրդի դեմոկրատական կուսակցութիւնը (ԺԴԿ – HDP): Ճիշդ է, հայ թեկնածուներն առաջադրուած են հայաշատ շրջաններում, բայց այս կուսակցութիւնը 4-5 առ հարիւր ձայն հազիւ թէ ստանայ, հետեւաբար հայ թեկնածուները կը պարտուեն: Իսկ ահա, եթէ նոյն այդ շրջաններում հայ թեկնածու առաջադրուէր Ժողովուրդի հանրապետական կուսակցութեան (ԺՀԿ – CHP) կողմից, ապա նա անշուշտ կը յաղթէր: Կուսակացութիւններն այսպէս են մտածում. Պաքըրքոյում հաստատ չեմ յաղթի, աւելի լաւ է այնտեղ հայ թեկնածու առաջադրեմ, դրանից հեղինակութիւնս կը բարձրանայ ու շատ ձայներ կը ստանամ», նկատում է Կիւլթեքինը:
Ինչքան էլ տհաճ է, այդուհանդերձ, Միհրան Կիւլթեքինի կանխատեսումը արտացոլում է իրականութիւնը: Այս ամէնից հետեւութիւն. Թուրքիան դեռեւս պատրաստ չէ ունենալ հայ քաղաքապետ, հայ նահանգապետ, հայ պատգամաւոր, քանի որ ազգային փոքրամասնութեան ներկայացուցիչն ընտրութիւններում կարող է յաղթել իրապէս ժողովրդավարական, այլ ոչ թէ «ժողովրդավարական երեւալ ցանկացող» պետութիւնում:
«Էրմէնի Հայեր»

