Քեսապի Ազատագրումը Եօթ Սարերի Հետեւում Չի, Նրանք Կը Վերադառնան. Հրանդ Մարգարեան

Hrant-Margaryan_KessabԱպրիլ 7-ին «Երկիր Մետիա» պատկերասփիւռի կայանի «Երկրի հարցը» հաղորդաշարին հիւրն էր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան, որ զրոյցին ընթացքին անդրադարձաւ ընդհանրապէս Սուրիոյ եւ յատկապէս Քեսապի մէջ տեղի ունեցած իրադարձութիւններուն, քեսապահայութեան ներկայ վիճակին:

ՀԱՐՑՈՒՄ.- Այն, ինչ վերջերս տեղի ունեցաւ Քեսապում, եւ յարակից շրջաններում, շարունակում է մնալ միջազգային հանրութեան ուշադրութեան կենտրոնում: Խնդրին անդրադառնում է նաեւ միջազգային մամուլը, ցաւօք երբեմն չճշդուած տեղեկութիւններով, երբեմն էլ` ապատեղեկատուութեամբ: Այսօր մենք հնարաւորութիւն ունենք լսելու տեղեկութիւններ առաջին ձեռքից, առաջին` որովհետեւ Հրանտ Մարգարեանը նոր է վերադարձել Սիրիայից:  Պարո՛ն Մարգարեան որտե՞ղ եղաք, ի՞նչ տեսաք, ո՞ւմ հանդիպեցիք եւ ինչ տպաւորութիւններով վերադարձաք:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Եղայ Հալէպում եւ Լաթաքիայում: Այնտեղ մենք ունենք բաւական մեծ կազմակերպուածութիւն, բնականաբար իմ հանդիպակաց կողմը եղել են մեր կազմակերպութեան անդամները, Լաթաքիայում` նաեւ գաղթականութեան հետ: Ինչ որ առումով ես գնացել եմ ընթացիկ հանդիպման` մեր մէջ այդ հարցը քննարկելու, ընդհանրապէս սիրիահայութեան իրավիճակի օրակարգով:

Հ.- Քեսապից ի՞նչ նորութիւններ ունէք: Այստեղ ամենատարբեր լուրեր են հասնում:

Պ.- Իրականութեան մէջ այսօր ի՞նչ է կատարւում , ի՞նչ կայ Քեսապում, այսօր ոչինչ էլ չկայ: Քեսապը գրաւուած է այդ ուժերի կողմից, այնտեղ հայութիւն չկայ, մի քանի տարեց անձինք են` տեղափոխուել են Թուրքիա: Եւ ժողովուրդ, ժողովրդի մնացորդաց գոյութիւն չունի: 28 հոգի են մնացել Քեսապում: Հայութիւն չի կարելի դրանց ասել` մնացողները ծերեր են, անկարողներ: Քեսապում այսօր պատերազմ է: Քեսապը առճակատման գիծ է` մի կողմից սիրիական բանակն է, միւս կողմից` ընդդիմութիւնը` Թուրքիայի զօրակցութիւնն ունենալով ու անմիջական մասնակցութեամբ:

Հ.- Իսկ այն մարդիկ, ովքեր արտագաղթից յետոյ մնացել էին ու տեղափոխուել Թուրքիա, նրանց ճակատագրի մասին, որեւէ տեղեկութիւն կա՞յ:

Պ.- Քեսապի շուրջ բարձրացուած արձագանգը այնքան մեծ է եղել, որ Թուրքիան պէտք է ամէն գնով փորձի քարոզչական նպատակով օգտագործել այդ մի քանի ծերերին, ապաստան տալ, եւ չեմ կարծում, թէ նրանց վտանգ սպառնայ: Հիմնականը ժողովուրդն է, որ գաղթական է դարձել, որ տնից-տեղից կտրուել է եւ հիմա Լաթաքիայում է:

Հ.- Ինչպէ՞ս է իրեն զգում Քեսապի ժողովուրդը Լաթաքիայում: Գիտենք , որ մի մասը եկեղեցում է տեղաւորուել, միւս մասը` իրենց կամ հարազատների: Ի՞նչ վիճակ է, ինչի՞ կարիք ունեն:

Պ.- Սպասողական վիճակ է: Ամենալաւ երեւոյթն այն է, որ քեսապցին սպասում է, որ վերադառնայ Քեսապ: Մտածում է` ժամանակաւոր կեցութեան մասին է հարցը, ոչ թէ հիմնաւոր: Եւ սա լաւ է, որովհետեւ առանց քեսապցիների` Քեսապի վերականգնումն անիմաստ է: Օրինակ, ինձ համար շատ հետաքրքիր է այն, որ նրանք աւելի շատ մտահոգ են իրենց պարտէզներով, քան` բնակարաններով: Սիրիայի վերջին դէպքերը, ռազմական իրողութիւնը նկատի ունենալով` հաշտուել են այն գաղափարին, որ բնակարանները պէտք է վնասուած լինեն, բայց յոյս ունեն, որ պարտէզները անվնաս կը մնան, որպէսզի իրենց համար կարելի դառնայ Քեսապ վերադարձը եւ Քեսապի վերականգնումը: Մեր հայ ժողովրդի առջեւ դրուած է մի խնդիր. Մենք ամէն ինչ պէտք է անենք, որ քեսապցիները մնան Լաթաքիայում` Քեսապի կողքը, որպէսզի իմաստ ունենայ Քեսապի վերականգնումը: Ինչպէս ամէն մի գաղթական ժողովուրդ, բնականաբար նրանք եւս ունեն բազում դժուարութիւններ: Նրանք, ովքեր տեղաւորուել են իրենց հարազատների, բարեկամների բնակարաններում, նրանք էլ շատ յարմար վիճակի մէջ չեն ապրում: Դա ժամանակաւոր լուծում է, ոչ թէ` հիմնաւոր: Նրանք ովքեր եկեղեցում են, կենցաղային մեծ դժուարութիւններ ունեն, բայց այսօրուայ իրենց մտահոգութիւնը, խնդիրը եւ այն, ինչ որ տանելի է դարձնում այդ պայմանները, շուտով Քեսապ վերադարձն է:

Հ.- Իսկ ինչի՞ կարիք ունեն ամէնից շատ:

Պ.- Չեմ կարող ասել, թէ մասնաւոր որեւէ բանի կարիք ունեն: Սնունդը շատ դժուար չի իրենց համար ձեռք բերել. Տարբեր բարեգործական կազմակերպութիւններ են գործում, նաեւ` Սիրիայի հայկական կենտրոնը, որ այս օգնութեան առումով է կազմակերպուել: Այդ առումով լուրջ խնդիր գոյութիւն չունի: Բայց գոյութիւն ունի հիմնական խնդիր` ժամանակաւոր կեցութիւնը որքան երկարի, այդքանով խնդիրները կը մեծանան: Դա վերաբերում է կացարանին եւ կրթութեանը, բնականոն բոլոր խնդիրներին: Այսօրուայ դրութեամբ նրանց թւում է, որ Քեսապի ազատագրումը 7 սարերի հետեւում չի եւ իրենք կը վերադառնան իրենց գիւղը:

Հ.- Պարո՛ն Մարգարեան, սպասելի՞ էր, որ նման բան տեղի կ՛ունենայ Քեսապի հետ: Այս հարցը ես յաճախ տալիս եմ, նկատի ունենալով, որ Քեսապը այս ողջ հակամարտութեան ընթացքում ընդունուած էր համարել ամենաապահով, անվտանգ վայրը:

Պ.- Անցած մէկուկէս- երկու տարուայ ընթացքում Քեսապը նուազագոյն վնասն է կրել: Հիմնական պատճառը եղել է այն, որ համաձայնութիւն է տեղի ունեցել Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ: Եւ այդ սահմանից թափանցումների հարցը, սահմանի ապահովութիւնը ստանձնել է Թուրքիան: Սա եղել է փոխադարձ համաձայնութեամբ, որովհետեւ սիրիական բանակ գոյութիւն չի ունեցել այն նկատառումով, որ սիրիական բանակը կարող է յարձակման թիրախ դառնալ եւ յարձակումներից կարող է վնասուել նաեւ խաղաղ բնակչութիւնը: Սահմանի անվտանգութիւնը ամբողջութեամբ վերապահուած է եղել Թուրքիային:

Յարձակումից մի գիշեր առաջ սահմանապահ զօրքը քաշուել է եւ տեղի է ունեցել յարձակում: Ինչը որ կրկնակիօրէն է ապացուցում, որ այս յարձակումը եղել է թրքական պետականութեան անմիջական մասնակցութեամբ եւ համագործակցութեամբ: Ինչ վերաբերում է կանխատեսելուն, պատերազմի ժամանակ ամէն բան կանխատեսելի է: Սիրիական պետութիւնը ունի մեծ փորձ Թուրքիային վստահելու եւ յուսախաբ լինելու առումով: Այն մասը, որ վստահում էր, հէնց այդ մասում էր խնդիրը: Սակայն ինձ թւում է, որ այս գործողութիւնը շատ աւելի հեռուն գնացող նպատակ է ունեցել, քան Քեսապը: Նրանց յարձակման հիմնական նպատակը եղել է շրջափակել Քեսապը եւ ամբողջ բնակչութեանը վերցնել իբրեւ պատանդ:

Պատանդ վերցնելով` իրենք պէտք էր ապահովէին իրենց սիրիական զօրքի կոպիտ միջամտութիւններից: Դրան զուգահեռ, նրանք գրաւում էին Քեսապի կողքին գտնուող բարձունքները, որից յետոյ սկսում էին վտանգել Լաթաքիան: Մի խօսքով, իրենք հարուածում էին ալեւիններով բնակեցուած աւաններին, ցոյց տալիս թէ ալեւիների անվտանգութիւնը որքան խախուտ երեւոյթ է: Այս հարցին կարելի է զանազան մեկնաբանութիւններ տալ, քաղաքական վերլուծութիւններ անելը մի քիչ անշնորհակալ գործ է, բայց ես հաւատում եմ նաեւ, որ այստեղ կայ Խրիմի հարց, այստեղ կայ Ռուսաստանի երկրորդ` խորքային ապահով նաւահանգիստը վտանգելու հարցը, Թարթուս-Լաթաքիա նաւահանգստային քաղաքների խնդիրը կար, Խրիմի դիմաց այս նաւահանգիստը կորցնելու ծրագիրը կար: Ոտքի տակ է գնացել Քեսապը, Թուրքիան ի միջի այլոց լուծել է նաեւ իր հիմնական նպատակներից մէկը` ցեղային զտումի է ենթարկել Սիրիան, տարածքը ազատել հայերից, քրտերից, քրիստոնեաներից: Մէկ այլ կռուի, շատ մեծ կռուի զոհ է գնացել Քեսապը: Դրա համար մենք պէտք է կարողանանք ճիշդ կողմնորոշուել: Շատ կարեւոր մի հարց, որ ուզում եմ ասել, անցած երկու տարուայ ընթացքում, սիրիահայութիւնը ունեցել է մէկ քաղաքականութիւն: Մի քաղաքականութիւն, որ եղել է Սիրիայի կողքին, եղել է Սիրիայի անկախութեան կողքին, եղել է Սիրիայի զարգացման երաշխիքների կողքին, բայց դէմ է եղել եղբայրասպան կռուին, դէմ է եղել ներքին առճակատմանը, արտաքին միջամտութեանը եւ իրեն այս պատերազմի մէջ կողմ չի համարել, եւ ոչ մի ձեւով մասնակից չի դարձել այս պատերազմին, ի նպաստ մէկի` ընդդէմ միւսի: Եւ այս քաղաքականութիւնը արդիւնք է տուել, արդիւնք` այն առումով, որ վերջապէս այս երկու տարուայ ընթացքում, սիրիահայութիւնը իբրեւ հայութիւն, թիրախ չի դարձել: Ճիշդ է սիրիահայութիւնը շատ է վնասուել, բայց վնասուել են իբրեւ սիրիայի քաղաքացիներ, ոչ թէ իբրեւ սիրիահայեր, իբրեւ հայութիւն` առանձնաբար: Մենք միշտ պէտք է գիտակցենք, որ այս քաղաքականութիւնը պէտք է կարողանանք շարունակական դարձնել: Այսինք Սիրիայի մէջ կռիւը մեր կռիւը չի: Պէտք չի, որ մենք այդ կռուին կողմ լինենք` ո՛չ այս եւ ո՛չ էլ այն կողմից: Սա է, որ մենք պէտք է գիտակցենք եւ հասկանանք եւ սիրիահայութիւնից էլ համապատասխան ակնկալիք ունենանք: Որովհետեւ այդքան ասում ենք քեսապահայութիւն, այնինչ խօսքը մօտ երեք հարիւր ընտանիքի մասին է, երեք հազար` հիմնականում ծերացած հասարակութեան մասին, որովհետեւ երիտասարդութիւնը տարիներ ընթացքում միշտ աշխատանքի փնտռտուքով գտնուել է Սիրիայից դուրս: Մենք պէտք չունենք ոգեւորուելու, անիմաստ յայտարարութիւններ անելու, անիմաստ կտրուկ շարժումներ անելու, այլ պէտք է հասկանանք, որ սա մեր կռիւը չի: Այս կռուից վնասւում է Սիրիան եւ Սիրիայի բնակչութիւնն ընդհանրապէս, որոնց շարքում նաեւ` մենք: Սա այն կռիւը չէ, որին մենք իբրեւ համայնք լինենք կողմ եւ մասնակից: Սա մենք բոլորս պէտք է գիտակցենք եւ մեր քայլերի ու յայտարարութիւնների մէջ ունենանք այն զգուշաւորութիւնը, որ աւելորդ անզգուշութիւններ չդրսեւորենք, որի գինը կարող է վճարել սիրիահայութիւնը:

Հ.- Արդեօ՞ք այն ինչ տեղի է ունեցել Քեսապում եւ Լաթաքիայում, աւելի շատ եւ աւելի շուտ պայմանաւորուած է նրա դիրքով, ռազմավարական նշանակութեամբ եւ ոչ թէ այլ խնդիրներով, ասենք Հայաստանում իշխող է այն տեսակէտը, որ սա Թուրքիայի հակահայ քաղաքականութեան պատճառով է տեղի ունեցել:

Պ.- Ինչ որ Թուրքիայի մասին ասում են, ես կողմնակից եմ, եւ մենք պէտք է այդ ուղղութեամբ իսկապէս հիմնաւորուած աշխատանք տանենք: Բայց ինձ թւում է, որ Քեսապը եղել է հիւսիսային շրջանի համեմատաբար խաղաղ վիճակի մէջ գտնուող Սիրիայի դարպասը: Այդ դարպասի հետ ինչպէս են վարուել, նաեւ փորձել են ցեղային զտումի ենթարկել շրջանը: Ճիշդ դրա համար, մենք երկու բանում պէտք է պահանջատէր լինենք. պահանջատէր պէտք է լինենք աշխարհով մէկ Թուրքիայից, որ ապահովի սահմանի անվտանգութիւնը, եւ յետ կանչի զօրքերը, պահանջատէր պէտք է լինենք Սիրիայի պետութիւնից, որովհետեւ Սիրիայի պետութիւնը իր քաղաքացիների անվտանգութեան պատասխանատուն է: Պէտք է ակնկալել Քեսապի ազատագրումը Սիրիայի իշխանութիւնից: Եւ անիմաստ է այս հարցով այլ ակնկալիք ունենալ քեսապցիներից, կամ փորձել հերոսի կեցուածք ընդունել: Քեսապի հարցը այնպիսի հարց էր, որ ունեցաւ մեծ միջազգային արձագանգ:

Հ.- Միջազգային արձագանգը ի՞նչ ազդեցութիւն ունեցաւ:

Պ.- Միջազգային մեծ արձագանգը կարող է պատճառ դառնալ, որ շահագրգռուած կողմը, որն այս անգամ կարծեմ Սիրիայի պետութիւնն է, ցանկանայ, որ հայկական գործօնը անընդհատ դերակատար մնայ այդ հակադրութեան մէջ, որովհետեւ իրենք տեսան, որ երբ հարուածեցին Քեսապին` իբրեւ զուտ հայկական տարածքի, այն ունեցաւ մեծ միջազգային արձագանգ: Ինչ-որ անցած մէկ ու կէս տարուայ ընթացքում ոչ մի շրջանի աւերածութիւնն ու անմարդաբնակ դառնալը չէր ունեցել: Ուրեմն կայ շահագրգռուած կողմ մեզ ներքաշելու մի կռուի մէջ, որը մեր կռիւը չի: Մենք պէտք է կարողանանք սա հասկանալ: Եւ պէտք է հասկանանք, որ մի գործ, որ պէտք է անի սիրիական պետութիւնը, պէտք է անի ինքը:

Սիրիական պետութիւնը պէտք է ազատագրի թէ՛ Քեսապը եւ թէ՛ ապահովի քեսապցիների ժամանակաւոր կեցութիւնը եւ հոգսերի բաւարարումը: Մենք կողքից կ՛օգնենք քեսապցիներին, մենք կ՛օգնենք, որ այդ ժամանակաւոր կեցութիւնը աւելի հեշտ լինի, աւելի դիւրին լինի, աւելի տանելի լինի, աւելի մարդկային լինի: Այո՛, կ՛անենք դա: Բայց մենք պէտք է ակնկալիք ունենանք սիրիական պետութիւնից, որ հայութեան համար անվտանգութեան երաշխիք ստեղծի:

Հ.- Այսինքն հայկական գործօնը բուն իրադարձութեան ժամանակ այնքան էլ կարեւորութիւն չունէր, որքան իրադարձութիւններից յետոյ` այս ամբողջ տեղեկատուական շրջապտոյտի մէջ:

Պ.- Այո, դա է իրականութիւնը, բոլորը շահագրգռուած են այդ գործօնը օգտագործել: Մենք պէտք է այդ գործօնը աշխուժ պահենք, Թուրքիայի վրայ ճնշում գործադրենք , որ զօրքերը յետ քաշի Քեսապից, որ սահմանը ապահովի: Այդ գործօնը պէտք է մնայ աշխուժ եւ լինի դերակատար: Սակայն պէտք է զգուշանանք, որ այդ գործօնը չծառայի այլ նպատակի: Մեր հիմնական նպատակը Քեսապն է, Քեսապի վերականգնումը եւ ժողովրդի վերադարձը` Քեսապ: Քեսապցիները պէտք է ապրեն այդ միջավայրում, հարեւանութեամբ մուսուլման` թուրքմէն ժողովրդի:

Հ.- Ինչպէ՞ս էք վերաբերւում այս ողջ միջազգային արձագանգին.Պաշտօնական յատարարութիւններ պաշտօնական Ուաշինկթընից, պաշտօնական Մոսկուայից եւ այլ տեղերից:

Պ.- Ես կարծում եմ, դա հայկական գործօնի դերակատարութեան արդիւնքն է` մեր ուժի ցուցադրումը: Դա վկայում է այն փաստի մասին, որ հայութիւնը կարողանում է ստեղծել միջազգային մթնոլորտ` քարոզչական, տեղեկատուական մթնոլորտ, որն անշուշտ դրական է: Բայց անպայման չի, որ ցանկացած գործունէութիւն, այլոց աշխուժութիւնը` ի նպաստ հայ ժողովրդի է: Մենք պէտք է կարողանանք այս մթնոլորտը օգտագործել, հիմնական հարցը լուծելու` Թուրքիայի վրայ ճնշում բանեցնելու, որ դադարեցնի օժանդակութիւնը ու յետ քաշի զօրքը եւ սահմանի վրայ ապահովութեան երաշխիք ստեղծի: Որպէսզի հնարաւոր լինի Քեսապը վերականգնել եւ քեսապցիներին վերադարձնել իրենց բնօրրանը:

Հ.- Ինչպէ՞ս էք վերաբերւում միջազգային մամուլի արձագանգներին. յաճախ լինում են չճշդուած տեղեկատուութիւն, ապատեղեկատուութիւն:

Պ.- Ապատեղեկատուութիւնը երկու պատճառ ունի. նախ` անտեղեակութիւնը, սակայն ապատեղեկատուութեան մէջ մէկ բաժին կայ, որ կազմակերպուած է /նկարների ցուցադրում, բռնաբարուած աղջիկներ, եռագոյն հագած զինեալներ, որ գնում են Քեսապն ազատագրելու/, սա էլ միւս պատճառն է, երբ իրենք ուզում են հայկական գործօնը առճակատման կողմ ցոյց տալ այս պայքարում, սրանով իրենք այլ նպատակ պէտք է յաջողեցնեն: Այստեղ է, որ մենք իրենց ջրաղացին ջուր պէտք չէ լցնենք:

Հ.- Իսկ Հայաստանի արձագանգը, լինի դա պետական մակարդակով` կառավարական , խորհրդարանական եւ կամ հանրային:

Պ.- Կարծում եմ դրական է եւ բնական: Ճիշտ է, այստեղ էլ կար որոշ անտեղեակութիւն, որը պատճառ դարձաւ քայլերի, որոնք եթէ չարուէին եւ կամ չունենային հրապարակային արձագանգ աւելի ճիշդ կը լինէր, բայց ընդհանուր առմամբ միտումը եղել է դրական, եղել է ազգային եւ համապատասխան:

Հ.- Հայաստանում նաեւ կոչեր հնչեցին` հաւաքուել, զինուորագրուել, գնալ, պայքարել, կռուել:

Պ.- Դա գալիս է նրանից, որ մարդիկ չգիտեն` ինչի մասին են խօսում: Բայց մօտեցումն ազնիւ է, ուզում են մի բան արած լինել, բայց չիմանալով` մի քիչ աւելին են ցանկանում, քան կարելի է: Սա միջպետական պատերազմ է Միջերկրական ծովի ափին: Գնալ, դրան մասնակցել, կարծում եմ, որ մի քիչ երեւակայութիւնից էլ դուրս է: Թէեւ միտումը կարծում եմ ազնիւ է:

Հ.- Ի՞նչ է Քեսապը ոչ միայն սիրիահայութեան, քեսապահայութեան, այլ ընդհանրապէս հայութեան համար, ո՞րն է նրա կարեւոր առանձնայատկութիւնը:

Պ.- Կիլիկիայի թագաւորութիւնից յետոյ երկու հայաբնակ օճախներ էին մնացել` Քեսապը եւ Մուսա լեռը: Այս առումով խորհրդանշական էին, լինելով սիրիական հող, միաժամանակ մեզ համար հարազատ հայրենի հող էին: Նրանց պատմութիւնը այնքան հին է, այնքան է յետ գնում, որ մի քիչ դժուար է զանազանել կամ նոյնացնել այլ տարածքների, Սփիւռքի այլ գաղթօճախների հետ: Նրանք ինչ որ առումով հայկական էին: Երկար դարերի ընթացքում մշակոյթ է կերտուել, սերունդներ դաստիարակուել, նրանք մարդուժով մատակարարել են սփիւռքի շատ ու շատ օճախներ, շատ ու շատ հաստատութիւններ: Քեսապցիների գործօնը հայկական իրականութեան մէջ աննկատ գործօն չի, մեծ գործօն է: Վեհափառ ենք ունեցել, գիտնականներ, մարդուժ, որ մեր, հայ ժողովրդի դրամագլխին են մաս կազմում, բաւական մեծ տոկոս են կազմում:

Հ.- Դուք անցեալ ժամանակով էք արդէն խօսում:

Պ.- Անցեալը Մուսա Լեռին էր վերաբերում, որովհետեւ այնտեղ հիմա մի քանի հայ ընտանիք կայ: Բուն մուսալեռցիք տեղափոխուել են Լիբանանի Այնճար գիւղ:

Հ.- Ո՞րն է ելքը Քեսապին այս վիճակից դուրս բերելու:

Պ.- Առաջին հերթին պէտք է կարելի դարձնել քեսապցիների ժամանակաւոր կեցութիւնը Քեսապի մօտ` Լաթաքիայում: Դրա համար համահայկական ուժերը պէտք է զօրաշարժի ենթարկել: Առանց այդ ժողովրդի` Քեսապի վերականգնումը անիմաստ է: Սա առաջին ամենակարեւոր հարցն է: Երկրորդը` քարոզչութեամբ, ցուցական աշխատանքով: Պէտք է կարողանալ միջազգային ճնշում ապահովել Թուրքիայի վրայ: Թուրքիան այս հարցում ունի բանալի դերակատարութիւն: Եւ երրորդ, մեր յարաբերական աշխատանքով պէտք է կարողանանք սիրիական պետութեանը ներկայացնել մեր ակնկալիքները, որ սահմանը ապահով լինի, Քեսապն ազատագրուած, եւ ժողովուրդն իր հետագայ կեցութիւնը պէտք է կարելի դարձնի Քեսապում:

Հ.- Ձեր թուարկած երեք ուղղութիւններով ներկայ վիճակում ի՞նչ մակարդակի, արդիւնաւէտութեան աշխատանք է կատարուել:

Պ.– Միջազգային առումով, կատարուել է մեծ աշխատանք եւ պէտք է շարունակուի ցուցական եւ քարոզչական առումով: Քեսապի ժամանակաւոր կեցութեան առումով, կարծում եմ, որ անմիջական անհրաժեշտն արուած է: Բայց եթէ այդ ժամանակն աւելի երկարի, լուրջ աշխատանք է պէտք տանել: Իսկ սիրիական պետութեան ուղղութեամբ, կարծում եմ, մենք ճանապարհի սկզբում ենք:

Հ.- Պարո՛ն Մարգարեան, մեր այսօրուայ թեման Քեսապն էր, բայց հաշուի առնելով այն իրողութիւններին, որ Հայաստանում այսօր կատարւում են, չենք կարող չանդրադառնալ: Վերջին իրադարձութիւնները` վարչապետի հրաժարական, խորհրդակցութիւններ, նոր կառավարութեան ձեւաւորում: ՀՅԴ-ն այս ամէնին ինչպէ՞ս է վերաբերւում, ի՞նչ մասնակցութիւն ունի եւ ի՞նչ է տեսնում:

Պ.- Չեմ ուզում խորանալ այս թեմայի մէջ, բայց ուզում եմ ասել` հայկական իրականութեան մէջ վերջին շրջանում տիրում էր համատարած յուսահատական մթնոլորտ: Լաւ կեանքի հանդէպ ունեցած յոյսը կարծես վերացել է երկրում: Մարդիկ մտածում են արտագաղթի եւ ծայրայեղ քայլերի մասին: Վարչապետի ուշացած հրաժարականը տալիս է հնարաւորութիւն` ժողովրդի համար յոյսի նշոյլ ստեղծել: Մենք կարող ենք փապուղիի վերջում մի լոյս ցոյց տալ: Եթէ կարողանանք, որ այս մասը գործի` նոր վարչապետ, նոր կառավարութիւն, կառավարութեան նոր ծրագիր` կը կարողանանք լաւ լուծումների յանգել: Ոչ թէ միայն մարդը փոխենք, այլ փոխենք նաեւ քաղաքականութիւնը, փոխենք մօտեցումը եւ կարողանանք այդ յոյսը ներշնչել մեր ժողովրդին: Ես կարծում եմ կ՛ուտակայինի հարցով Սահմանադրական դատարանի որոշումը, վարչապետի ուշացած հրաժարականը կարող են դառնալ այդ յոյսը եւ այս մասում է պէտք գործը չփճացնել, ամրապնդել այդ յոյսը: Ժողովուրդը պէտք է տեսնի, որ սկսւում է մի գործընթաց, որը դրական ուղղութեամբ է գնում: Շատերը կարող են ինձ երեւակայող համարել, մտածել, որ նման յոյս ունենալը լաւ բանի մասին չի խօսում: Ես այդպէս չեմ մտածում, այն, ինչ տեղի է ունենում, ինչ կայ այս երկրում կուտակուած, այնքան մեծ է, որ պէտք է սթափեցնի երկրի իշխանութիւններին եւ պատճառ դառնայ լուրջ վերանայումների:

Share this Article
CATEGORIES