Դա Ցեղասպանութիւն Է, Պարոն Վարչապետ
ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ
Թալէաթ փաշան, 1916 թ. հոկտեմբերի 7-ին Ճեմալ փաշային մի հեռագիր ուղարկելով` բացատրում է, թէ ինչո՛ւ են հետագայում բռնագրաւել հայերի գոյքը. «Նպատակը այս վայրի գոյութիւնը լիովին վերացնելուն էր ուղղուած»: Հիմա սրան ի՞նչ կ՛ասի պարոն վարչապետը:
Չգիտես թէ ինչո՛ւ, ցանկացայ որոշ հարցեր ուղղել վարչապետ Էրտողանին, ով ապրիլի 24-ին ասում է. «Իմ ազգը ցեղասպանութիւն չի իրագործի», «Մուսուլմանների պատմութեան մէջ ցեղասպանութիւն չի եղել»: Երբ նրա ասածները որպէս ճշմարտութիւն եմ ընդունում, որոշ լուրջ հարցեր են ի յայտ գալիս, որոնց պատասխանները չեմ կարողանում տալ: Յուսով եմ, որ դրանց կը կարողանայ պատասխանել մեր վարչապետը: Նպատակս ոչ թէ բանավիճելն է, այլ ընդամէնը որոշ օսմանեան վաւերագրերի յղումներ անելը եւ վարչապետից պատասխան ստանալը` դրանց նշանակութեան վերաբերեալ: Քանզի սոյն հեռագրերը պատկանում են 1915 թ. օսմանեան կառավարութեան ներքին գործերի նախարարը եղած Թալէաթ փաշային:
Առաջին հեռագիրը 1915 թ. օգոստոսի 29-ին ուղարկւում է Անգարա: Հեռագրում Թալէաթ փաշան ասում է. «Արեւելեան վիլայէթներին վերաբերող Հայկական հարցը լուծուել է: Այլեւս կարիք չկայ անտեղի բռնութիւններով ազգին եւ կառավարութեանը խայտառակել»: Հեռագրի լեզուն շատ պարզ է. ընդունւում է, որ մինչեւ օգոստոսի 29-ը յանցագործութիւններ են կատարուել, եւ քանի որ օգոստոսի 29-ի դրութեամբ Հայկական հարցը լուծուած էր, բռնութիւնների դիմելն այլեւս անտեղի էր համարւում: Այդ պատճառով էլ նա ասում է, թէ անիմաստ բռնութիւնների կարիքը չկայ:
Հարցս շատ հասարակ է, յարգելի՛ վարչապետ, 10 տարի է, ինչ կառավարութիւն էք ղեկավարում: Ըստ ձեզ, Թալէաթ փաշան, որպէս ներքին գործերի նախարար, ինչո՞ւ է տարբերութիւն դնում «անտեղի» եւ «տեղին» բռնութեան միջեւ: Ո՞րն է ոչ տեղին, այսինքն` անիմաստ եւ ոչ ճիշդ բռնութիւնը: Որ՞ն է «տեղին» բռնութիւնը: Ովքե՞ր են այդ «անտեղի» եւ «տեղին» բռնութիւններն իրագործողները: Եթէ «ազգը» չէ, որի մասին խօսում էք, ապա ովքե՞ր են:
Հէնց այդպէս, կառավարութեան մի իրաւասու բացայայտ կերպով ասում եւ ընդունում է, որ յանցագործութիւններ են կատարուել եւ դրանք տարբերակում որպէս «անտեղի» եւ «տեղին» ոճրագործութիւններ: Մէկ հարց եւս. արդեօք ի՞նչ տեսակի գործողութիւններ իրականացուեցին այդ «տեղին եւ անտեղի» ոճիրները կատարածների նկատմամբ, գիտէ՞ք:
Լա՛ւ, իսկ ի՞նչ էր Հայկական հարցը, որը լուծում էր պահանջում: Եւ ըստ ինչի՞ էր ենթադրւում, որ այն «լուծուել է»:
Սոյն թեմայի վերաբերեալ կարդանք Թալէաթ փաշային պատկանող երկու առանձին հեռագիր եւս: Առաջինը դարձեալ 1915 թ. օգոստոսի 29-ով է թուագրուած: Գրեթէ բոլոր նահանգներ յղուած այս հեռագրում նոյնպէս ասւում է. «Հայերի գտնուած շրջաններից նրանց արտաքսումից եւ նշանակուած վայրեր ուղարկուելուց կառավարութեան ակնկալած հիմնական նպատակն ուղղուած է այս տարրի` կառավարութեան դէմ միջոցներով եւ գործողութիւններով հանդէս գալ չկարողանալուն եւ Հայաստանի կառավարութիւն ստեղծելու նրանց ազգային նպատակները իրագործել չկարողանալու վիճակին հասցնելուն»:
Այս հեռագրի կապակցութեամբ հետեւեալ հարցի պատասխանն եմ ակնկալում. ինչպէ՞ս է լինելու հայերին` հայաստանեան կառավարութիւն ստեղծելու պէս ազգային դատին հետեւել չկարողանալու դրութեան մէջ դնելը: Եթէ մէկուկէսից երկու միլիոն հայի իր տնից-տեղից հանես, վերաբնակեցնես Սիրիայում, ինչպէ՞ս կը լինի, որ «ազգային դատին հետեւող» հայերը հրաժարուեն այդ դատը պաշտպանելուց: Եթէ մի ազգ, որի առնչութեամբ մտածում են, թէ նա իր սեփական հայրենիքում ազգային դատին է հետամուտ լինում, բռնի ուժով մէկ այլ վայր փոխադրուի, ինչո՞ւ նա պէտք է հրաժարուի այդ ազգային դատին հետամուտ լինելուց: Օրինակ, եթէ ազգային դատը պաշտպանող Տիգրանակերտի ժողովրդին հարկադրաբար Տէր Զօր աքսորես, ի՞նչ կը լինի: Հակառակը չի՞ լինի, այսինքն աւելի շատ հետամուտ չե՞ն լինի: Եւ յատկապէս ի՞նչ է նշանակում «ազգային դատին հետամուտ լինել չկարողանալու վիճակին հասցնել»:
Ձեզ հետաքրքրո՞ւմ է այս հարցին իմ պատասխանը: Եկէք` այդ պատասխանը որոնենք մէկ այլ փաստաթղթում, որը եւս պատկանում է Թալէաթ փաշային: Այն տեղ է գտել Հալէպում վերաբնակեցման գործի համար պատասխանատու Նայիմ պէյի յուշերում: Վերջինիս համաձայն, նշեալ հեռագիրը ուղարկուել է 1915 թ. նոյեմբերին: Ցաւօք, մեր ձեռքի տակ չկայ Նայիմ պէյի յուշերի օսմաներէն բնագիր տարբերակը: Յուշերը պահպանուել են անգլերէն, ֆրանսերէն եւ հայերէն թարգմանութիւններում: Հեռագիրը հետեւեալն է. «Յայտնի անձանց աքսորը երկրի հետագայ բարօրութեան ապահովման համար է, որովհետեւ անկախ այն բանից, թէ նրանք որտեղ են վերաբնակեցուել, քանի որ չեն հրաժարուի իրենց տարաբախտ գաղափարներից, նրանց թիւը հնարաւորինս նուազեցուել է»:
Մեր հարցի պատասխանը յստակեցուեց. պարզւում է, որ հայերին` իրենց ազգային դատին հետամուտ լինել չկարողանալու վիճակին հասցնել կարողանալու համար պէտք է նրանց թիւը հնարաւորինս նուազեցնել: Արդէն իսկ հրամաններն իրար էին յաջորդում` Սիրիա ուղարկուած հայերի թիւը այստեղի մուսուլման բնակչութեան 10 տոկոսի մակարդակից ցածր պահելու նպատակով: Եկէք` միասին կարդանք այդ հրամաններից մէկը. «Հայերի վերաբնակեցման համար յատկացուած շրջանը փոխուել եւ ընդարձակուել է` տեսնուած անհրաժեշտութեան հիման վրայ: (1) Քերքուք սանճագի` Իրանի սահմանից 80 քմ հեռաւորութեան վրայ գտնուող գիւղերն ու աւանները Մոսուլի վիլայէթի հարաւային եւ արեւմտեան շրջանները` գիւղերը ներառեալ: (2) Տէր Զօր սանճագի հարաւը եւ արեւմուտքը, որն ընդգրկում է նաեւ Տիգրանակերտի սահմանից 25 քմ հեռաւորութեան վրայ գտնուող տարածքը եւ Խաբուր ու Եփրատ գետերի հովիտներում տեղակայուած քաղաքները եւ աւանները: (3) Բացառութեամբ Հալէպի վիլայէթի հիւսիսային շրջանի` այս նահանգի արեւելեան եւ հարաւային, ինչպէս նաեւ հարաւարեւմտեան շրջաններում գտնուող բոլոր գիւղերում եւ աւաններում հայերը կը ցրուեն եւ կը վերաբնակեցուեն` մուսուլման բնակչութեան համեմատ 10 տոկոս կազմելով»:
Այդ պատճառով շրջաններից գրեթէ ամէն շաբաթ բնակչութեան մասին տեղեկութիւններ էին հարցւում: 1916 թ. գարնան ամիսներին մարդահամար անցկացնելու նպատակով մեճլիսին յաւելեալ պիւտճէ տրամադրելու առաջարկ ներկայացուեց եւ գումար պահանջուեց: Երբ սոյն առաջարկը մերժուեց, գաղտնի դրամական յատկացումներից գումար ուղարկուեց մարդահամար կազմակերպելու համար: Հարկադրեալ կերպով Սիրիա նետուած հայերից ողջ մնացածներին մէկ առ մէկ հաշուելը համարուեց գաղտնի յատկացուած գումարով լուծուելիք խնդիր: Արդեօք ի՞նչ է մտածում վարչապետը այն կառավարութեան մասին, որը իր սեփական քաղաքացիների թուի մասին տեղեկանալու նպատակով գաղտնի գումար է յատկացնում այդ գործին:
Այն շրջաններում, որոնք յարմար էին համարուել հայերի բնակեցման առումով, մուսուլման բնակչութեան թիւը մօտ 2 միլիոն է: Դժուար չէ գտնել այն հարցի պատասխանը, թէ ամենահամեստ հաշուարկով աքսորուած 1,2 միլիոն հայերն ինչպէս էին 2 միլիոն մուսուլման բնակչութեան 10 տոկոսը կազմելու: Հայերը 1916 թ. սպաննուել են այն գործընթացի շրջանակներում, որն սկսուել է Ռաս-ուլ-Այնում եւ ողջ ամառը շարունակուել Տէր Զօրի շրջակայքում: Հայերին «ազգային դատին հետեւել չկարողանալու վիճակին հասցնելու» համար այլ միջոցների էլ են դիմում, որոնցից մէկն էլ հայ ազգի մշակութային եւ պատմական հետքերը «լիովին վերացնելն էր»: Կրկնում եմ. մի ազգի մշակութային եւ պատմական հետքերը «լիովին վերացնելը»… Դա ոչ թէ ես եմ ասում, այլ դարձեալ` Թալէաթ փաշան: Նա Ճեմալ փաշային 1916 թ. հոկտեմբերի 7-ին յղած հեռագրում հետեւեալ կերպ է բացատրում, թէ ինչո՛ւ են Սիսի հայկական կաթողիկոսարանի գոյքը բռնագրաւել, եւ ի՞նչ պատճառով է կաթողիկոսն աքսորուել Սիսից. «… Նպատակն ուղղուած է այդ վայրի գոյութիւնը լիովին վերացնելուն, վայր, որտեղ հայերը ենթադրում են, թէ Կիլիկիայում շատ մեծ պատմական եւ ազգային հարստութիւններ կան, եւ որը իբր թէ եղել է հայկական կառավարութեան ամենավերջին արքայանիստ կենտրոնը»: Թալէաթը խօսում է սոյն շրջանի բոլոր հայերին աքսորելուց յետոյ Սիսում մնացած հայկական գոյութիւնը մէջտեղից վերացնելու մասին: Թերեւս մեր վարչապետը տեղեակ չէ, որ 1948 թ. դրութեամբ դրան ցեղասպանութիւն են ասում, բայց մենք գիտենք:
«Մեր ազգին մի՛ ստիպէք ասել, թէ նա ցեղասպանութիւն է իրագործել»: Սակայն վերոյիշեալ գործողութիւնները պէտք է, որ ոմանք արած լինէին: Նրանք ովքե՞ր են արդեօք:
«Թարաֆ»
Թարգմ.` ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
«Ակունք»

