Ասորիների Ցեղասպանութիւնն Օսմանեան Թուրքիայում Եւ Յարակից Թուրքաբնակ Վայրերում

ԱՆԱՀԻՏ ԽՈՍՐՈՅԵՒԱ

30708Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օսմանեան Թուրքիայում եւ նրան յարակից տարածքներում, ուր ապրում էր մօտ մէկ միլիոն ասորի ժողովուրդ, միջազգային իրաւունքի չափանիշներով կատարուեց իսկական ցեղասպանութիւն:

Օսմանեան Թուրքիան եւ մեծ տէրութիւնները յանցաւոր են ինչպէս հայերի, այնպէս էլ ասորիների արիւնալի սպանդի մէջ: Թուրքիան մեծ տէրութիւնների յանցաւոր թողտուութեան պայմաններում, օգտուելով պատերազմական իրադրութեան ընձեռած հնարաւորութիւնից, մարդկութեան դէմ կատարեց ծանրագոյն յանցագործութիւն` ցեղասպանութիւն: 1914-1918 թթ. պատերազմի տարիներին բնաջնջման ենթարկուած ասորիների թիւը հասնում է 250 հազարի:

Դեռ 1919 թ. նոյեմբերին «Ֆրանսական Ասիա» պարբերականը նշում էր, որ «ասորիների կոտորածները յիշեցնում են հայկական ջարդերը: Եւ քանի որ 250 հազար նահատակներ ունեցած այս ժողովրդի մասին աւելի քիչ է խօսուել, ուստի պէտք է այդ մասին յայտնել աշխարհին»:

Արդէն 1922 թ. կատարուած հաշուումների համաձայն, ինչպէս նշում է ասորիների Ազգային խորհրդի քարտուղար Ճ. Կորէք տ՛Քերպորանին, իր ազգի ներկայացուցիչների կորուստը կազմում է աւելի քան 270 հազար:

Հետագայում, երբ սկսուեցին ուսումնասիրուել Ա. Համաշխարհային պատերազմում, ինչպէս նաեւ տարագրութեան ճանապարհին տեղի ունեցած այս կոտորածները, ասորի նահատակուածների թուաքանակը հասաւ 500 հազարի եւ անգամ` 750 հազարի: Եղեռնագործութեան չափերը շատ մեծ էին, եւ այսօր էլ կայ այն միտումը, որ այդ ժամանակահատուածում ասորիները կորցրել են իրենց ազգի երկու երրորդը: Պատերազմից յետոյ ասորիները ցաւով նշում էին, որ իրենց ազգը գտնւում է անհետացման եզրին, եւ որ` աշխարհով մէկ սփռուած ասորիների թուաքանակը իջել է 70 հազարի:

Ռ. Սթաֆֆորտն այստեղ ճշմարտացիօրէն նկատում է. «Մեծ առաջընթաց կը լինէր թուրքերի համար, եթէ նրանք կարողանային ցոյց տալ, որ անկախ այն հանգամանքից, թէ ինչ տեղի ունեցաւ հայերի հետ, Թուրքիայի մէկ այլ քրիստոնէական համայնք (նկատի են առնւում ասորիները, Ա. Խ.), լիովին գոհ է իր ճակատագրից»: Իսկ թէ ինչպիսին էր նրանց ճակատագիրը` արդէն պարզ է վերոշարադրուածից:

Դեռ 1916 թ. նոյեմբերին «Նիւ Եորք Թայմզ»ը տպագրեց բժիշկ Վ. Ռոքուելի «Հայերի եւ ասորիների զոհերի թիւը» վերնագրով յօդուածը, որտեղ հեղինակը, պատմելով Թուրքիայի հայկական կոտորածների մասին, աւելացնում է. «Միայն հայերը չեն, որ անբախտ են. ասորիներին նոյնպէս ոչնչացրեցին եւ իւրաքանչիւր տասներորդին հնձեցին:… այդ ազգի ներկայացուցիչներից շատ շատերը կործանուեցին, սակայն ոչ ոք չգիտի, թէ որքան…»:

Ամերիկեան մէկ այլ պարբերական` «Աթլանթիք մոնթլի» թերթը, գրում էր. «Վեց ամսուայ ընթացքում երիտթուրքերը արեցին այնքան բան, որքան չկարողացան անել հին թուրքերը վեց դարերի ընթացքում: Հազարաւոր ասորիներ անհետացան աշխարհի երեսից»:

* * *

Դեռ 1918 թ. թուրքական եաթաղանից փրկուած ասորի գաղթականների մի մասը հասել էր Իրաքի Պաքուպա քաղաքը, իսկ միւս մասը, որոնց թիւը հայերի հետ հասնում էր մօտ 50-60 հազարի, հասել էր Պաղտատ: Այստեղ նրանց տեղաւորել էին բրիտանական բանակի կողմից կառուցուած ճամբարներում, ուր նրանք ապրում էին վրանային պայմաններում: Ճի՛շդ է, գաղթականներն ապահովուած էին սննդով, սակայն կենցաղային պայմաններն անտանելի էին: Ականատեսներից մէկը վկայում էր, որ` «սկզբնական շրջանում մահացողների թիւը միջին հաշուով օրական հասնում էր` 70-ից 80-ի: Հայերի եւ ասորիների դիակները հիւանդանոցից միանգամից գերեզմանոց էին տեղափոխում: Եւ քանի որ ասորի գաղթականների թիւն այստեղ աւելի շատ էր, քան` հայերինը, հետեւաբար նրանց զոհերի քանակը գերակշռում էր»:

Մուտրոսի դաշնագրից յետոյ օսմանեան Թուրքիան սկսեց իր զօրքերը հեռացնել իրանական Ազրպէյճանից: Ասորիները յոյսը կապելով Անգլիայի հետ` պատրաստւում էին վերադառնալ իրենց նախկին տարածքները: Սակայն անգլիական հիւպատոս Սմիթը, Համատանում հանդէս գալով ասորական ղեկավարների ժողովում, յայտնեց, որ «Անգլիան պատրաստ է փոխարինել ասորիների հին ռուսական զէնքը նոր անգլիականով» եւ աւելացրեց, որ` «իրանական կառավարիչները չեն ցանկանում, որ` ասորիները վերադառնան Ուրմիա, այն էլ` զինուած վիճակում: … Այժմ իրանական կառավարութիւնը բարեկամօրէն է տրամադրուած Մեծն Բրիտանիայի հանդէպ եւ ցանկալի է, որ Թեհրանի անգլիական դեսպանատանը մենք ունենանք ասորի ազգի ներկայացուցիչ: Այդ դէպքում միայն կարելի է կարգաւորել իրանական կառավարութեան եւ ասորիների միջեւ ծագած հարցերը»: Ժողովում որոշուեց անել այնպէս, ինչպէս առաջարկում էին «դաշնակիցները»:

Ասորական հրամանատարութիւնը հրաման արձակեց` հաւաքել զէնքերը, որի համար ստեղծուեց յատուկ յանձնաժողով: Շատ չանցած, յայտնուեց անգլիական մի ջոկատ, որը վերցրեց յանձնած զէնքը եւ, ասորի փախստականներին լցնելով մեքենաները, ուղեւորուեց դէպի արեւմուտք: Ասորիների միւս մասը թաքնուեց լեռներում: Ինչպէս պարզուեց հետագայում, ասորիներով լի այդ մեքենաները հասել էին Միջագետք: Այս կերպ թուրքական սպանդից փրկուած ասորիները յայտնուեցին դաշնակից անգլիացիների իշխանութեան տակ:

1932 թ. Իրաքում բրիտանական «հովանաւորչութեան» ժամկէտը լրանալուց յետոյ 70 հազար ասորիներ խնդրանքով դիմեցին իրենց բնակավայրերում հողակտորներ ստանալու համար: Սակայն Պաղտատը թշնամաբար ընդունեց «երախտամոռ» ասորիների այդ բնական ու համեստ պահանջը եւ ուժեղացրեց իր բռնաճնշումները: Իսկ անգլիացիները, որոնք այլեւս ասորիների ծառայութիւնների կարիքը չունէին, լքեցին նրանց` այդ ժողովրդի ճակատագիրը թողնելով բախտի քմահաճոյքին: Աւելի՛ն. երես թեքելով իրենց նախկին դաշնակիցներից` անգլիացիները նրանց մատնեցին Իրաքի յետադիմութեան ձեռքը, որը չյապաղեց հաշուեյարդար տեսնել ասորիների հետ` կազմակերպելով նրանց ջարդերը:

1933 թ. յուլիսի 18-ին Մար Շիմունը Իրաքում համարուեց անցանկալի անձնաւորութիւն եւ ստիպուած եղաւ մեկնել Կիպրոս: Այստեղ նա իր ձայնը բարձրացրեց բրիտանական անտարբերութեան դէմ: Ի պատասխան դրան` անգլիացիները սկսեցին կրկին սեպ խրել ասորիների, քրտերի եւ արաբների միջեւ` փորձելով ասորական հարցը լուծել վերջիններիս վերջնական ոչնչացմամբ:

1933 թ. օգոստոսի վերջին, երբ 1000 ասորիներ փորձում էին Սուրիա` ֆրանսական հովանաւորչութեան գօտի տեղափոխել իրենց ընտանիքները, Տիգրիս գետի ափին Իրաքի իշխանութիւնները զէնք գործածեցին նրանց նկատմամբ: Ասորիները պատասխան քայլերի դիմեցին եւ յաջողութեամբ անցան Սուրիա: Իրաքեան բանակը այս պարտութեան վրէժը լուծեց ասորական գիւղերի խաղաղ բնակչութիւնից: Անգլիացիների դրդմամբ արաբ կառավարիչների կազմակերպած ասորիների այս զանգուածային ջարդերին զոհ գնաց երեք հազար խաղաղ բնակիչ: Պէտք է նկատել, որ այս ջարդերին իրաքեան կառավարութիւնը ոչնչով չխոչընդոտեց, աւելի՛ն. կոտորածների կազմակերպիչը ստացաւ զօրավարի կոչում: Այս դէպքերի մասին վկայող իրաքեան արխիւները փակուեցին թագաւոր Ֆայսալ Ա.-ի մահից յետոյ:

Ըստ Ռ. Սթաֆֆորտի` «ասորական հարցն ինքնին քաղաքական հարց է»: Եւ այդ քաղաքական հարցը անգլիացիները փորձում էին լուծել այդ ժողովրդին ամէն կերպ նեղելով:

Այն, որ 1933 թ. ասորիների ջարդերն Իրաքում անգլիացիների ձեռքի գործն է, կասկած չկայ: «Կասկած չկայ, որ 1933 թ. դէպքերը հարուած հասցրեցին Անգլիայի հեղինակութեանն Իրաքում, ինչպէս նաեւ ամբողջ Արեւելքում: Իրաքի բնակչութիւնը, արդարացի, թէ` ոչ, գտնում է, որ մենք դաւաճանեցինք մեր ընկերներին` ասորիներին», գրում էր Սթաֆֆորտը:

1933 թ. ողբերգական դէպքերը պատճառ հանդիսացան, որ ասորիները ցրուեն աշխարհով մէկ. սկզբում` սահմանակից երկրներ, ապա` Եւրոպա, Միացեալ Նահանգներ եւ Աւստրալիա:

Ցաւով պէտք է նշել, որ ասորիներն էլ իրենց հերթին դասեր չքաղեցին պատմութիւնից եւ, մոռանալով անցեալի դառը ճակատագիրը, 1941 թ. ապրիլ-մայիս ամիսներին մտան ռազմական հակամարտութէան մէջ` ի շահ Բրիտանիայի: Իրաքում տեղաւորուած Անգլիական օդուժի խարիսխը 1500 ասորիների շնորհիւ փրկուեց կործանումից: Իրաքի պարտութիւնը կարեւոր էր նացի Գերմանիայի դէմ պատերազմի ելքը Մերձաւոր Արեւելքում որոշելու համար:

1945 թ. մայիսի 7-ին ասորիների հոգեւոր առաջնորդ Մար Շիմունը, ելոյթ ունենալով ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում, փորձեց ստանալ մեծ տէրութիւնների աջակցութիւնը` իր ժողովրդի դատը պաշտպանելու խնդրում, սակայն` կրկին ապարդիւն:

Այսօր աշխարհով մէկ սփռուած ասորի ժողովուրդը մարդու իրաւունքների յարգման, ինքնավար պետութիւն ունենալու կարիք է զգում եւ շարունակում է իր դարաւոր ու արդար պայքարը: Ասորիների հարցը միջազգային լուծում է պահանջում: Այս խնդիրն առ այսօր դուրս է մնացել համաշխարհային հասարակայնութեան ուշադրութիւնից: Արդարութեան վերականգնման, ժողովուրդների ինքնութեան ճանաչման եւ մշակութային զարգացման համար այսօր Թուրքիան պէտք է դատապարտուի, քանի որ`

1.- Թուրքիայի Հանրապետութեան հռչակումից ի վեր անտեսուել են միջազգային օրէնքներն այս երկրում:
2.- ՄԱԿ-ի անդամ Թուրքիան իրագործում է իր իսկ կողմից ընդունած չափանիշներին անհամապատասխան որոշումներ:
3.- Թուրքիան չի կատարում միջազգային պայմանագրերով իր վրայ դրուած պարտաւորութիւնները:
4.- Չճանաչելով ՄԱԿ-ի «Ազգերի եւ ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ազատ ինքնորոշման» սկզբունքը` Թուրքիան ոտնահարում է տեղի ասորիների իրաւունքները:
5.- ՄԱԿ-ի կողմից, որպէս մարդկութեան դէմ ծանրագոյն յանցագործութիւն հռչակուած «ցեղասպանութեան» որակաւորումը` Թուրքիան այսօր էլ հետեւողականօրէն կիրառում է ասորիների նկատմամբ:
6.- Շարունակւում է ասորիների արտաքսումը, որը ՄԱԿ-ի կողմից որակուել է որպէս ոճիր:
7.- ՄԱԿ-ը դատապարտում է ազգային խտրականութիւնը: Թուրքիան շարունակում է նաեւ իր նախորդների որդեգրած ձուլման քաղաքականութիւնը` «Մէկ ազգ, մէկ լեզու, մէկ կրօն, մէկ դրօշ, մէկ երկիր» նշանաբանով:
8.- ՄԱԿ-ը դատապարտում է ահաբեկչութիւնը, սակայն Թուրքիան այսօր էլ դեռ շարունակում է ահաբեկչական քաղաքականութիւն կիրառել ասորիների հանդէպ` վերացնելով նրանց հոգեւոր եւ նիւթական արժէքներ:
9.- ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի ընդունած «Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի» յօդուածները չեն հասնում Թուրքիայի տարածք:
Ասորի ժողովուրդն այսօր պահանջում է, որ Թուրքիան դատապարտուի միջազգային ատեանների կողմից, որ` ցեղասպանութեան պատճառով տարածքների եւ նիւթական արժէքների կորուստները հատուցուեն միջազգային նորմերի սահմաններում, մոռացութեան չմատնելով, որ ցեղասպանութեան մահացու վարակը մարդկութեան ապագան կանգնեցնում է վտանգի առաջ:

ԱՆԱՀԻՏ ԽՈՍՐՈՅԵՒԱ
Պատմական գիտութիւնների թեկնածու

«ՀԵՏՔ»

 

Share this Article
CATEGORIES