Երեք Օր Ջաւախքում Կարս-Ախալքալաք Երկաթուղին Կառուցւում Է
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Ապրիլի 15-17-ը անցկացրի Ջաւախքում: Այս անգամ մեկնել էի երկու հիմնական նպատակով: Առաջին` ի՞նչ ընթացք ունի Հայաստանը մեկուսացնելուն ուղղուած Կարս-Ախալքալաք-Թիֆլիս-Պաքու երկաթուղու շինարարութիւնը, երկրորդ` ի՞նչ արձագանգներ են գտել Խրիմի եւ Ուքրանիայի արեւելքում ընթացող իրադարձութիւնները ջաւախահայութեան շրջանում եւ Թիֆլիսում:
Երեւանից մինչեւ հայ-վրացական սահմանի Պաւրա մաքսակէտ շուրջ 160 քիլոմեթր է: Եթէ մայրաքաղաքից մինչեւ Գիւմրի ճանապարհը, ընդհանուր առմամբ, վատ վիճակում չէ, ապա Գիւմրիից մինչեւ սահման սարսափելի է: Դա ոչ թէ ճանապարհ է, այլ` հազարաւոր փոսերով տարածութիւն: Անցնում ես վրացական տարածք` հայկական Ջաւախք, եւ սկսւում է հարթ, բարեկարգ, նորակառոյց ճանապարհը: Վերջին տարիներին Վրաստանը Ջաւախքում ամերիկեան գումարներով վերանորոգել է մի քանի ճանապարհներ: Հայ-վրացական սահմանից ճանապարհը հայաբնակ Նինոծմինտայով ու Ախալքալաքով դէպի Ախալցխա գերազանց վիճակում է:
Երբ ասում ենք Ջաւախք, նկատի ունենք Սամցխէ-ջաւախք երկրամասի երկու շրջանները` Նինոծմինտան եւ Ախալքալաքը: Նինոծմինտայի շրջանում հայերը կազմում են բնակչութեան շուրջ 98, իսկ Ախալքալաքի շրջանում` 95 տոկոսը: Մարզկենտրոն Ախալցխայում եւ համանուն շրջանում հայերի թիւը գրեթէ 50 տոկոս է, իսկ միւս երեք շրջաններում` Ասպինծայում, Ատիկենում եւ Պորժոմում մեծամասնութիւն են կազմում վրացիները: Սամցխէ-Ջաւախքում հայերի ընդհանուր թիւը շուրջ 130 հազար է:
Նինոծմինտա եւ Ախալքալաք քաղաքների միջեւ, ճանապարհի հարեւանութեամբ, կառուցւում է մի շինութիւն, որի վրայ գրուած է` «Ախալքալաքի միջազգային երկաթուղային կայարան»: Կարսից դուրս եկող գնացքը Ջաւախքի տարածքում ունենալու է մէկ հիմնական կանգառ: Միանգամից նշենք, որ խորհրդային տարիներին կառուցուել եւ մինչեւ վերջերս շահագործւում էր Ախալքալաք-Թիֆիլիս գնացքը: Այսպիսով, երբ ասւում է Կարս-Ախալքալաք-Թիֆլիս-Պաքու երկաթուղու կառուցում, նկատի է առնւում երկաթուղու շինարարութիւն Կարս-Ախալքալաք հատուածում միայն, քանի որ Ախալքալաքից մինչ Թիֆլիս, այնտեղից էլ` դէպի Պաքու, երկաթգծեր կան:
Դեռ 2008 թուականի ամրանը Կարսում նախագահներ Ապտիւլլա Կիւլի, Միխայիլ Սահակաշվիլիի եւ Իլհամ Ալիեւի մասնակցութեամբ տեղի ունեցաւ Կարս-Ախալքալաք-Թիֆլիս-Պաքու երկաթուղու շինարարութեան հիմնարկեքը: Այս օրը ես Կարսում էի, եւ շատ լաւ յիշում եմ, թէ ինչպէս էին Հայաստանի հարեւան երեք երկրների նախագահները խօսում այս նախագծի կարեւորութեան մասին: Իրականութեան մէջ այս նախագիծը բացառապէս քաղաքական հենք ունի եւ ուղղուած է տարածաշրջանում Հայաստանին առաւել մեկուսացնելուն: Կարսից մինչեւ Թիֆլիս գնացքի գիծ գոյութիւն ունի արդէն աւելի քան հարիւր տարի: Խօսքը Կարս-Գիւմրի-Թիֆլիս երկաթուղու մասին է, որը շահագործուել է խորհրդային տարիներին: Թուրքիան շրջափակման տակ է պահում Հայաստանը եւ դէպի մեր երկիր մտնող հաղորդակցութիւնները:
Կարսից մինչեւ Ախալքալաք երկաթուղային կայարան գնացքի գծերը անցնում են հայկական գիւղերով կամ հարեւանութեամբ: Հայկական Կարծախ գիւղը վրաց-թուրքական սահմանին է: Կտրելով սահմանը` Կարսից եկող գնացքը կանգառ է տալու Կարծախ կայարանում, որի շինարարութիւնը դեռ չի աւարտուել: Անցնելով նորակառոյց երկաթուղու երկարութեամբ, ես տպաւորութիւն ունեցայ, որ այս պահին աշխուժ շինարարական աշխատանքներ չեն ընթանում: Ըստ շրջանառուող լուրերի, նախագծի ֆինանսաւորման խնդիրներ են ծագել: Յամենայն դէպս, Պաքուի, Թիֆլիսի եւ Անգարայի իշխանութիւնները յայտարարում են, որ առաջին գնացքը կ՛անցնի արդէն 2014-ի վերջին կամ 2015-ին: Նշենք, որ Ախալքալաքից մինչեւ Կարծախ ճանապարհը եւս վերանորոգուել եւ գերազանց վիճակում է: Այն անցնում է Վաչիան, Սուլտա, Պոզալի հայկական գիւղերով: Սպասւում է, որ մէկ տարուայ ընթացքում վրաց-թուրքական սահմանի վրայ` Կարծախում, կը բացուի նոր անցակէտ: Սա կը լինի երրորդը: Վրաց-թուրքական սահմանի վրայ գործում են երկու անցակէտեր` Սարպիում եւ Վալէում: Այս անցակէտերից են օգտւում նաեւ Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր մեկնում են Թուրքիա կամ Արեւմտեան Հայաստան: Ինքս բազմաթիւ անգամ հատել եմ վրաց-թուրքական սահմանը: Երբ բացուի Կարծախի անցակէտը, ապա հայերը աւելի շատ կ՛օգտուեն այդ անցակէտից, քանի որ, օրինակ, Երեւանից մինչեւ Կարս, Անի ու Վան ճանապարհը կը կրճատուի գրեթէ 200 քիլոմեթրով:
Կարս-Ախալքալաք-Թիֆլիս-Պաքու երկաթուղու կառուցման հետ կապուած Հայաստանում եւ Ջաւախքում մտահոգութիւններ միշտ էլ եղել են: Այդ նախագիծը բացառապէս քաղաքական է եւ ուղղուած է ընդդէմ Հայաստանի: Պատահական չէ, որ ո՛չ ամերիկացիները եւ ո՛չ էլ եւրոպացիները, որոնք միշտ էլ խրախուսել են Արեւմուտք-Արեւելք միջանցքը, այն է` Թուրքիա-Վրաստան-Ազրպէյճան համագործակցութիւնը, հրաժարուեցին ֆինանսաւորել երկաթուղու նախագիծը` գիտակցելով դրա հակահայկական էութիւնը:
Ամբողջ շինարարութեան ընթացքում շատ քիչ ջաւախահայեր մասնակցեցին աշխատանքներին: Ես այցելեցի Ջիգրաշէն գիւղ, որը նոր կառուցուող Ախալքալաք երկաթուղային կայարանի հարեւանութեամբ է: Գիւղացիները պատմեցին, որ շատ քիչ տեղացի հայեր են հրաւիրուել աշխատանքի: Նրանք ասում էին, որ դա հաւանաբար Ազրպէյճանի իշխանութիւնների հրահանգն է, քանի որ երկաթգծի վրացական հատուածի ֆինանսաւորողը ազրպէյճանական կողմն է: Ջաւախահայութիւնը հիացած չէ այս նախագծի իրականացումով, քանի որ դրա հակահայկական էութիւնը ակնյայտ իրականութիւն է:
Վերջերս վրացական լրատուամիջոցները շրջանառութեան մէջ դրեցին մի ապատեղեկատուութիւն, թէ իբր Ռուսաստանը անձնագրեր է բաժանում ջաւախահայութեանը: Տարիներ առաջ Ռուսաստանը անձնագրեր էր բաժանել Աբխազիայի եւ Հարաւային Օսեթիայի բնակիչներին: Երբ 2008-ին բռնկուեց ռուս-վրացական պատերազմը, Մոսկուան իր քաղաքացիների անվտանգութիւնը ապահովելու պատճառաբանութեամբ զօրքեր մտցրեց Աբխազիա եւ Հարաւային Օսեթիա:
Վրացական լրատուամիջոցներում շրջանառութեան մէջ դրուած ապատեղեկատուութիւնը հերքուեց նոյն լրատուամիջոցների կողմից: Այս ամէնը պատահաբար չէր արուել: Ենթադրւում է, որ փորձ էր արւում ստուգել ջաւախահայութեան նուիրուածութիւնը եւ հաւատարմութիւնը Վրաստան պետութեան հանդէպ: Աւելի յստակ, Թիֆլիսի իշխանութիւնները վախեր ունեն, որ Մոսկուան Վրաստանին հարուածելու նպատակով կարող է օգտագործել ջաւախահայութեանը:
Ախալքալաքում այս թեմայով ես զրուցեցի ինչպէս շարքային քաղաքացիների, այնպէս էլ քաղաքականութեամբ ու հասարակական գործունէութեամբ զբաղուողների` «Վիրք» կուսակցութեան համանախագահ Դաւիթ Ռստակեանի, Հայ Առաքելական եկեղեցու Ջաւախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հայր Բաբգէն Սալբիեանի, Սամցխէ-Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիէլեանի, «Նոր Ակունք» թերթի խմբագիր Մելս Թորոսեանի հետ: Վրաստանի անկախութիւն ստանալուց յետոյ Ջաւախքը առիթներ ունեցել է ինքնավարութիւն պահանջելու, սակայն նման քայլի չի գնացել` գիտակցելով Հայաստան-Վրաստան բարիդրացիական յարաբերութիւնների կարեւորութիւնը: 1990-ական թթ. Ջաւախքը դարձաւ խաղաղ երկրամաս այն ժամանակ, երբ ազգամիջեան պատերազմ էր գնում Հարաւային Օսեթիայում եւ Աբխազիայում, ինչպէս նաեւ` ներքաղաքական պատերազմ Վրաստանի արեւմուտքում` Մեկրելիայում եւ մայրաքաղաք Թիֆլիսում: Երբ 2008-ին սկսուեց վրաց-ռուսական պատերազմը, ինչպէս Ջաւախքը, այնպէս էլ Հայաստանը բռնեցին արժանապատիւ կեցուածք եւ չարեցին որեւէ քայլ, որը Թիֆլիսում կ՛ընկալուէր հակավրացական:
Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ գործում է այցեգրային կարգ, իսկ Ջաւախքի հայութեան մի ստուար հատուած եղանակային աշխատանքի է մեկնում Ռուսաստան: Քանի որ ռուսական այցագիր ստանալը դիւրին չէ, Ջաւախքի հայերը ձեռք են բերում Հայաստանի անձնագիր, որպէսզի առանց այցեգրի մեկնեն Ռուսաստան աշխատելու: Երբ Հայաստանը, ելնելով երկքաղաքացիութեան մասին օրէնիքից, անձնագրեր է տրամադրում Ջաւախքի հայութեանը, դա լայն հաշուով օգտակար է առաջին հերթին Վրաստանին, քանի որ Ռուսաստանում աշխատող ջաւախահայերը իրենց աշխատած գումարները ուղարկում են ոչ թէ Հայաստան, այլ Ջաւախք` իրենց ընտանիքներին: Սա նշանակում է, որ ռուսական գումարները հոսում են Վրաստան եւ նպաստում այդ երկրի տնտեսական զարգացմանը:
Յատուկ «Ազդակ»-ի համար

