Կեանքը Եւ Մարդիկ Սահմանի Վրայ. Մովսէս. Հակառակորդի Ափի Մէջ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Movses-villageՏաւուշի մարզի Մովսէս գիւղը հակառակորդի ափի մէջ է: Այստեղ պատերազմը, կարելի է ասել, չի աւարտուել: «Ոչ խաղաղութիւն, ոչ պատերազմ» վիճակը Մովսէսում աւելի մօտ է պատերազմին:

«Վերջին զոհը մենք տուել ենք անցնող տարուայ փետրուարին, պայմանագրային զինծառայող էր: Զոհուել է դիրքերում` ազրպէյճանցի դիպուկահարի կրակոցից: Երեք անչափահաս երեխաների տէր ընտանիք: Մեծ երեխան ութերորդ դասարանում է, փոքրը մանկապարտէզ է գնում: Ընդհանուր առմամբ,  գիւղի տարածքում զոհուել է 23 մովսէսցի, չհաշուած դրսի օգնութեան եկած եւ զոհուած ընկերներին: Մինչեւ 35-40 զոհ է եղել Մովսէսում», ասում է Մովսէսի գիւղապետ Արարատ Աւալեանը:

Աբէլ քահանայ Քարտաշեանը Մովսէս եւ Չինարի գիւղերի հոգեւոր հովիւն է: Ասում է, որ առանց Աստծոյ հնարաւոր չէ ունենալ խաղաղութիւն: Նրանից ես լսեցի խօսքեր, որոնք գուցէ շատերի համար զարմանալի եւ անընդունելի լինեն, բայց այստեղ, սահմանի վրայ, այլ է մտածողութիւնը, հոգեբանութիւնը եւ «պատերազմի ու խաղաղութեան» ընկալումը:

«Ես ամէն առաւօտ աղօթք եմ բարձրացնում մեր հարեւան ժողովրդի համար, եւ փառք Աստծոյ, արդէն երկար ժամանակ է, որ Մովսէս գիւղում կրակոցներ չկան: Եւ այդ պարզ հաւատքով խնդրում եմ Աստծուն: Կը լինեն մարդիկ, ովքեր կ՛ասեն` անիմաստ գործով ես զբաղուած: Բայց ես գիտեմ, որ այն զօրութիւնը, որ Աստուած ունի, այն խաղաղութիւնը, որ կարող է Աստուած բերել, դա մարդկային ոչ մի ուժ եւ ոչ մի երաշխիք չի կարող հաւասարուել դրան», հայեացք ձգելով դէպի ազրպէյճանական դիրքեր` խորհում է տէր Աբէլ քահանան: Մենք քայլում եւ զրուցում էինք եկեղեցու բակում, որը նայում է ազրպէյճանական դիրքերին: Այդ դիրքերը ընդամէնը մի քանի հարիւր մեթր են հեռու:

Ռուզաննա Ադամեանը Մովսէս գիւղի դպրոցի տնօրէնն է: Այդ դպրոցը հիմնադրուել է 1852 թուականին: Հակառակորդը կրակում է նաեւ դպրոցի վրայ: «Դպրոցի տարածքը միշտ էլ վտանգաւոր է: Ոչ միայն ամբողջ գիւղը, այլ նաեւ դպրոցի տարածքը: Հակառակորդը հէնց դիմացի հանդամասից ուղիղ նայում է դէպի դպրոց, դպրոցի բակ: Դրա համար մենք մարզական հրապարակը շատ քիչ ենք օգտագործում», ասում է աւանդոյթներ ու հարուստ անցեալ ունեցող դպրոցի տնօրէնը:

Մովսէսը հիմնադրուել է 1780 թուականին, երբ Արցախից չորս ընտանիքներ եկել եւ բնակութիւն են հաստատել այստեղ: Գիւղը մայրաքաղաք Երեւանից հեռու է շուրջ 220 քիլոմեթր: Գիւղացիները հիմնականում զբաղւում են հողագործութեամբ եւ անասնապահութեամբ: Մովսէսը Հայաստան-ազրպէյճան սահմանին մօտ գտնուող ամէնից վտանգաւոր գիւղերից է:

Մովսէսը ձորի մէջ է: Գիւղի մակերեւոյթը բազմազան է ու բարդ, ամենացածր եւ ամենաբարձր կէտերի միջեւ տարբերութիւնը գրեթէ 500 մեթր է: Այգետարածքները, այսինքն` ցածր գօտին, հիմնականում սահմանի վրայ է: Մովսէսի հարեւանութեամբ երեք ազրպէյճանական գիւղ կայ:

«Ընդհանուր հողատարածքներից երեւի թէ մշակւում է մօտ 20-25 տոկոսը, էն էլ` վա՛յ էն մշակելուն: Դրսից էլ ինչքան այցելութիւններ կան, հարցնում են` բա ո՞նց են մշակում: Ասում եմ, սա է կեանքը այստեղ, սահմանի վրայ, մարդիկ սովորել են, քիչ չէ` 24 տարի անընդհատ կրակոցների տակ: Լինում են օրեր, երբ մինչեւ գիշերուայ կէսը կրակոցները չի դադարում, բայց վաղ առաւօտեան մարդիկ այգիներում կրկին աշխատում են` առանց հաշուի առնելու, թէ ինչ կը պատահի իրենց հետ», ասում է գիւղապետ Աւալեանը:

Աւալեանը իւրայատուկ բացատրութիւն է տալիս խորհրդային ժամանակների հայ-ազրպէյճանական յարաբերութիւններին ու համակեցութեանը: Նա կարծում է, որ Խորհրդային Միութիւնն է եղել զսպող ուժը, բաւական է` վերանար այդ պետութիւնը, որպէսզի վերսկսուէին հայ-ազրպէյճանական բախումները:

«Ուղղակի գերտէրութիւնների ճնշում է պէտք, թէկուզ` երկու կողմի վրայ էլ, որպէսզի դադարի այս ամէնը, մարդիկ հանգիստ ապրեն: Էլի թող խռով լինեն, էլի թող հարեւանութիւն չանեն, բայց ազրպէյճանցին գործ չունի էս տարածքի վրայ` գնդակոծելու, մարդկանց անհանգստացնելու», ասում է Աւալեանը:

Պատերազմի եւ խաղաղութեան մասին տէր Աբէլ քահանան բացատրում է. «Երբ որ մենք վատ հարեւաններ ենք ունենում, ամենածայրայեղ դէպքում կարող ենք վաճառել մեր բնակարանը եւ տեղափոխուել մի ուրիշ տեղ: Բայց սա այդ դէպքը չէ: Եւ այս իրողութիւնը, որ կողմից էլ ուզում ես նայիր, եւ մեր կողմից եւ նրանց կողմից, վերջին հաշուով` համակեցութեան, ներդաշնակ հարեւանութեամբ ապրելու որոշման որեւէ մի սերունդ պէտք է գայ: Հնարաւոր չէ առանց դրա»:

Ռուզաննա Ադամեանը պատմութեան մասնագէտ է: Նա պատմութեան, ժողովուրդների եւ պետութիւնների միջեւ յարաբերութիւնների մասին այսպիսի տեսակէտ ունի. «Իմ կարծիքով, ժողովուրդների միջեւ բարեկամութիւն չկայ, ես չեմ ընդունում: Պետութիւններն ունեն դաշնակիցներ, ոչ դաշնակիցներ, որը միշտ էլ ժամանակաւոր է, եւ կան հակամարտող կողմեր»:

Արտագաղթը, ինչպէս նշեցին իմ զրուցակիցները, մեծ ծաւալների չի հասնում, քանի որ նախորդ տասնամեակներում արդէն մեծ քանակութեամբ մովսէսցիներ հեռացել են` պատերազմի, գործազրկութեան եւ այլ պատճառներով: Ըստ պաշտօնական տուեալների, Մովսէսի բնակչութեան թիւը 2000-ից պակաս է:

«Բնակչութեան 50 տոկոսից աւելին թոշակառուներ են: Չգիտեմ` վերադարձ կը լինի՞, թէ՞ ոչ: Ի՞նչ պայմաններ պէտք է ստեղծենք, որ հեռացածները վերադառնան, միգուցէ` եթէ խաղաղութիւն հաստատուի, ռազմական ծախսերը պետութիւնը օգտագործի համայնքների զարգացման համար: Այսօր ժողովուրդը պահանջներ է ներկայացնում կառավարութեանը` նկատի չառնելով, որ իրօք այս երկիրը պատերազմի մէջ է: Իրօք ռազմական ծախսերը շատ են: Միայն մի պարագայում է զգում, երբ որ մերոնք հակահարուած են տալիս ազրպէյճանցիներին, ժողովուրդը ուրախանում է: Խաղաղութիւն հաստատուելուց յետոյ որոշները կը գան` մէկը իր տունը սիրելով, մէկը իր ծննդավայրը, մէկը իր հայրենիքը, մէկը իր հողը, մէկը ծնողներին նեցուկ լինելու համար», ասում է գիւղապետ Աւալեանը:

Մովսէսի դպրոցում ժամանակին սովորել է 1200 աշակերտ: Քաղաքայնացման պատճառով այդ թիւը արդէն 80-ական թուականներին նուազել էր: Ապա Մովսէսից սկսուեց արտագաղթ, հիմնականում` 90-ական թուականների սկզբին եւ կէսերին:

«Այսօր դպրոցում աշակերտների թիւը 147 է, տարէցտարի մեր դպրոցում աշակերտների թիւը պակասում է, բայց դա ոչ թէ արտագաղթի հետեւանք է, այլ որովհետեւ գիւղում երիտասարդ ընտանիքները քիչ են»,- ասում է դպրոցի տնօրէն Ռուզաննա Ադամեանը:

Դպրոցի տնօրէնն ասում է, որ այսօր գիւղից հեռացողները հաստատւում են հիմնականում Հայաստանի տարբեր քաղաքներում, քանի որ մարդիկ աւելի բարեկեցիկ կեանք են փնտռում:

Տաւուշի մարզը գտնւում է Հայաստանի հիւսիս-արեւելքում եւ ընդհանուր սահմաններ ունի Վրաստանի ու Ազրպէյճանի հետ: Վրաստանի հետ սահմանը կարճ է, բայց դա Հայաստանի ամէնից կարեւոր սահմանն է, քանի որ այնտեղով է Հայաստան մտնում կազատարը, այնտեղով է մտնում եւ դուրս գալիս երկաթգիծը, որով իրականացւում է Հայաստանի ապրանքաշրջանառութեան շուրջ 70 տոկոսը: Տաւուշի մարզը Ազրպէյճանի հետ ունի աւելի քան 300 քիլոմեթր սահման:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
CATEGORIES