Երազանք Եւ Իրականութիւն. Նաւթի Եւ Կազի Պաշարները Ազրպէյճանում

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Տարիներ շարունակ Ազրպէյճանը զինւում է: Այսօր այդ երկրի միայն ռազմական պիւճէն աւելին է, քան` Հայաստանի եւ Արցախի պետական պիւճէները միասին վերցրած: Ազրպէյճանը կարողանում է մեծ քանակութիւններով զէնք եւ զինամթերք գնել, քանի որ նաւթ է արտահանում: Աւելի՛ն. նախագահ Իլհամ Ալիեւը յոյս ունի, որ առաջիկայում նաւթի ու կազի վաճառքից երկիր այնքան գումարներ են մտնելու, որ դա հնարաւորութիւն է տալու Ազրպէյճանին «լուծել» արցախեան խնդիրը:

Անկասկած, Ազրպէյճանը վերջին տարիներին տնտեսապէս վերելք է ապրել: Համեմատութեան համար ասենք, որ Ազրպէյճանի պետական պիւտճէն արդէն գրեթէ տասն անգամ գերազանցում է Հայաստանի պիւտճէին: Բայց արդեօք Ազրպէյճանը ունի՞ հսկայական նաւթի ու կազի պաշարներ, ինչպէս պնդում են Պաքուի իշխանութիւններն ու Կասպիցի աւազանում շահեր հետապնդող պետութիւններն ու նաւթային ընկերութիւնները: Այս հարցի պատասխանը մի քանի օր առաջ իր դասախօսութեամբ տուեց նաւթի ու կազի ոլորտի ուսումնասիրութիւններով զբաղուող ֆրանսական «Petrostrategies» ընկերութեան տնօրէն Պետրոս Թերզեանը: Նա «սիվիլնեթ» հեռուստաընկերութեան  տաղաւարում դասախօսութիւն կարդաց «նաւթի եւ կազի գործօնը. Ազրպէյճան, Թուրքիա, Ուքրանիա» թեմայով:

Այսօր արդէն հաստատուած է, որ Կասպիցի աւազանում նաւթի պաշարները կազմում են համաշխարհային նաւթի ընդհանուր պաշարների 3 տոկոսը միայն: Անկասկած, 3 տոկոսն էլ մեծ թիւ կը լինէր, եթէ այն ամբողջութեամբ գտնուէր Կասպիցի ազրպէյճանական հատուածում: Իրականում, Կասպիցի նաւթի հիմնական պաշարները գտնւում են Ղազախստանի հատուածում: Ըստ Թերզեանի ներկայացրած տուեալների` Կասպիցի աւազանում յայտնաբերուել է 47 միլիառ տակառ (մէկ տակառը հաւասար է 160 լիթրի) նաւթ, որից 40 միլիառը Ղազախստանում, իսկ Ազրպէյճանում ընդամէնը 5 միլիառը: Ազրպէյճանի եւ արեւմտեան նաւթային ընկերութիւնների յոյսերը, որ Ազրպէյճանում կը յայտնաբերեն եւ կ՛արդիւնահանեն 100 միլիառ տակառ նաւթ, իրականութիւն չդարձաւ:

Կասպիցում նաեւ կազի պաշարներ կան, որոնք կազմում են համաշխարհային կազի ընդհանուր պաշարների միայն 6 տոկոսը: Այս 6 տոկոսն էլ փոքր թիւ չէ, սակայն Կասպիցի կազի պաշարները հիմնականում Թուրքմենստանի հատուածում են: Այսօրուայ տուեալներով` Կասպիցում յայտնաբերուել է 11.600 միլիառ խորանարդ մեթր կազ, որի առիւծի բաժինը գտնւում է Թուրքմենստանում` 8200 միլիառ խորանարդ մեթրը: Երկրորդ տեղում Ղազախստանն է` 1900 միլիառ խորանարդ մեթր, երրորդում` Ազրպէյճանը` 1500 միլիառ խորանարդ մեթր:

Երբ Խորհրդային Միութիւնը փլուզուեց, արեւմտեան նաւթային ընկերութիւնները յայտարարում էին, թէ Կասպիցի աւազանը պէտք է դառնայ երկրորդ Պարսից ծոց, իսկ Ազրպէյճանը` Նոր Քուէյթ: Առաջին կանխատեսումների համաձայն, Կասպիցի աւազանի երեք երկրներում` Ազրպէյճան, Թուրքմենստան եւ Ղազախստան, նաւթի ընդհանուր պաշարները գնահատւում էին 200- 233 միլիառ տակառ: Այսօրուայ տուեալներով, այդ թիւը միայն 47 միլիառ է:

Ազրպէյճանի անկախութիւն ստանալուց յետոյ այդ երկրում նաւթի որեւէ խոշոր նոր պաշար չի յայտնաբերուել: Այն նաւթը, որ այսօր արտահանում է Ազրպէյճանը եւ նաւթատոլարներով զէնքի գնում, Խորհրդային Միութեան ժամանակներից մնացած նաւթն է: Ժամանակակից Ազրպէյճանում նաւթ արդիւնահանւում է սկսած 1850-60-ական թուականներից: Նախքան Խորհրդային Միութեան ժամանակաշրջանը, նաւթի արդիւնահանութեան մէջ կարեւորագոյն դերակատարութիւն են ունեցել նաեւ հայերը` Մանթաշովը, Արամեանցը, միւսները: Հէնց հայերն են կառուցել առաջին նաւթախողովակաշարը, որը Պաքուից հասնում էր Պաթում` Սեւ ծովի վրացական ափ: Ազրպէյճանի նաւթը բացառիկ կարեւորութիւն է ունեցել Խորհրդային Միութեան տարիներին, յատկապէս` Բ. Աշխարհամարտի շրջանում:

Երբ Ազրպէյճանը անկախացաւ, արեւմտեան նաւթային ընկերութիւնները սկսեցին որոնողական աշխատանքները: 15 տարբեր ընկերութիւններ ծախսեցին 1,2 միլիառ տոլար, սակայն Կասպիցի Ազրպէյճանի հատուածում չյայտնաբերեցին նաւթի որեւէ նոր պաշար: Նրանք ստիպուած էին արդիւնահանել Խորհրդային Միութեան ժամանակներից մնացած նաւթը: Նաւթի այդ պաշարները մնացել էին, քանի որ Խորհրդային Միութիւնը արհեստագիտութեամբ զարգացած չէր եւ ի զօրու չէր արդիւնահանել նաւթի այն պաշարները, որոնք ծովի խորքում էին: Արեւմտեան ընկերութիւնները դա կարող էին:

1994-ի սեպտեմբերին Պաքւում կնքուեց այսպէս կոչուած` «Դարի պայմանագիրը»: Երեք տարի անց արեւմտեան նաւթային ընկերութիւնները շահագործման յանձնեցին Չըրաղ հանքավայրը, իսկ 1999-ին կառուցուեց եւ շահագործման յանձնուեց Պաքու-Սուփսա ոչ մեծ նաւթամուղը: Սուփսան Սեւ ծովի վրացական ափին գտնուող փոքր բնակավայր է: Խորհրդային տարիներին ազրպէյճանական նաւթը խողովակաշարով հոսում էր Նովոռոսիսկ, որը նոյնպէս Սեւ ծովի ափին է, սակայն` ռուսական հատուածում: Այսպիսով, Ազրպէյճանը շրջանցեց Ռուսաստանը: 2006 թուականին շահագործման յանձնուեց Պաքու-Թիֆլիս-Ճէյհան նաւթատարը, որով ազրպէյճանական նաւթը Վրաստանի տարածքով հասնում է Միջերկրականի թուրքական ափ, այնտեղից` միջազգային շուկայ: Ճէյհանը Կիլիկիայի յայտնի Տէօրթ Եոլի շրջանում է:

Արեւմտեան նաւթային ընկերութիւնները հետախուզական որոնումների ընթացքում նաւթի նոր պաշարներ չյայտնաբերեցին, սակայն փոխարէնը յայտնաբերեցին կազի երկու խոշոր հանքավայրեր Կասպիցի ազրպէյճանական հատուածում` Շահ Տենիզը եւ Ապշերոնը: Այսօր, երբ ազրպէյճանական նաւթի պաշարները սպառւում են, Պաքուի յոյսը կազն է: Համեմատած Ռուսաստանի եւ կազով հարուստ այլ երկրների հետ, Ազրպէյճանի կազային պաշարները չնչին են, սակայն չափազանց կարեւոր են Ազրպէյճանի տնտեսութեան համար:

Այսօրուայ դրութեամբ Ազրպէյճանում տարեկան արդիւնահանւում է 17 միլիառ խորանարդ մեթր կազ, որից 10 միլիառը սպառւում է երկրի ներքին շուկայում, իսկ 7 միլիառը արտահանւում է Պաքու-Թիֆլիսի-էրզրում կազատարով: Երբ շահագործման յանձնուի Թրանսանատոլիական նախագիծը` TANAP-ը, Ազրպէյճանը Թուրքիայի տարածքով Շահ Տենիզ հանքավայրից արդիւնահանուող կազը Թուրքիայի տարածով կը հասցնի եւրոպական շուկաներ: Ակնկալւում է, որ 2019 թուականից Ազրպէյճանը տարեկան Եւրոպա կը մատակարարի 10 միլիառ խորանարդ մեթր կազ: Եւրոպան տարեկան սպառում է 500 միլիառ խորանարդ մեթր, հիմնականում ռուսական կազ: Այսպիսով, ազրպէյճանական կազի բաժինը ընդհանուրի մէջ կը կազմի ընդամէնը 2 տոկոս: Սա, անկասկած, չնչին տոկոս է միջազգային չափումով, սակայն Ազրպէյճանի տնտեսութեան համար ունենալու է կարեւորագոյն նշանակութիւն:

Այսպիսով, կարող ենք ամփոփելով ասել, որ միջազգային շուկայի համար ազրպէյճանական նաւթի եւ կազի պաշարները չունեն կարեւոր նշանակութիւն, սակայն Ազրպէյճանի տնտեսութեան համար դրա նշանակութիւնը կենսական է: Այսօր Ազրպէյճանի պիւտճէն հիմնականում ձեւաւորւում է նաւթի եւ կազի արտահանումից ստացուող եկամուտներով:

Ազրպէյճանից դուրս եկող խողովակաշարերը անցնում են Արցախեան հակամարտութեան գօտուն շատ մօտ տարածքով` Եւլախի կիրճով: Շատ վերլուծաբաններ համոզուած են, որ քանի դեռ Ազրպէյճանը նաւթ եւ կազ է արտահանում, պատերազմ չի սկսի Արցախի եւ Հայաստանի դէմ, քանի որ հայերը կարող են պայթեցնել խողովակաշարերը:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
CATEGORIES