Յայտարարութիւն
ՀՅԴ Բիւրոյի Յայտարարութիւնը
Հալէպում Հակահայ Արարքների Մասին
Հայ յեղափոխական դաշնակցութեան Բիւրոն դատապարտում է Հալէպի հայաբնակ թաղամասերի վրայ վերջին օրերին հետզհետէ ուժգնացող յարձակումները: Արդէն կասկած չի մնում, որ Սիրիայի իշխանութիւններին իբրեւ ընդդիմութիւն հանդէս եկող ուժերի թիրախը բացառապէս հայաբնակ թաղամասերն են:
Կան փաստեր, որ Հալէպի հայաբնակ թաղամասերի վրայ սաստկացած յարձակումները խրախուսւում են յատկապէս Թուրքիայի կողմից:
Դիմում ենք ընդդիմադիր այդ ուժերի վրայ ազդեցութիւն ունեցող բոլոր, յատկապէս արեւմտեան պետութիւններին` անմիջապէս իրենց լծակները օգտագործելով դադարեցնել հայաբնակ թաղամասերի վրայ յարձակումները: Հակահայ յարձակումներին եւ գործուած ոճրագործութեանը մեղսակից կը համարուեն հովանաւորող բոլոր այն պետութիւնները, որոնք առաջքը չեն առնի այդ արարքների:
Կոչ ենք անում Սիրիայի իշխանութիւններին, անհրաժեշտ միջոցները ձեռնարկել` յատկապէս քրիստոնեայ անզէն փոքրամասնութիւնների ֆիզիքական անվտանգութիւնն ապահովելու համար:
Կոչ ենք անում նաեւ համայն հայութեանը` հնարաւոր բոլոր միջոցներով սատարել հակահայ արարքների դադարեցմանը ուղղուած ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների նախաձեռնութիւններին:
ՀՅԴ ԲԻՒՐՕ
4 յունիս, 2014

