Հայաստան-Նախիջեւան Սահմանը . Ազրպէյճանը Նոր Ճակա՞տ Է Բացում
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Յունիսի 5-ին Հայաստան-Նախիջեւան սահմանի Արարատի հատուածում (Երեւանից մօտ 40 քմ հեռաւորութեան վրայ) ազրպէյճանական դիպուկահարների կրակոցից սպաննուեցին 26-ամեայ պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Եղոյեանը եւ 22-ամեայ Բորիս Գասպարեանը: 2013-ի օգոստոսին հայկական կողմը եւս մէկ զոհ տուել էր Հայաստան-Նախիջեւան սահմանի հարաւային` Մեղրիի հատուածում:
Ճիշդ է, հայ-ազրպէյճանական առաջին կռիւները հրասայլերի եւ այլ ծանր զրահամեքենաների օգտագործումով սկսուել են հէնց հայ-նախիջեւանեան հատուածում, սակայն, ընդհանուր առմամբ, ճակատի այդ հատուածը համեմատաբար խաղաղ է եղել: 1990 թուականի յունուարին պատերազմական իրավիճակ ստեղծուեց Երասխ-Սադարակ հատուածում: Հէնց այդ կռիւների ընթացքում զոհուեց Հայաստանի ազգային հերոսներից (յետմահու) Մովսէս Գորգիսեանը:
Արարատեան դաշտավայրից դէպի Վայոց Ձոր, Սիւնիք եւ Արցախ միակ մայրուղին անցնում է հէնց այս հատուածով: Դեռ 1990-ին հայկական ուժերը վերցրեցին Քեարքի ազրպէյճանաբնակ գիւղը, որը վարչականօրէն պատկանում էր Նախիջեւանին, սակայն կղզեակի ձեւով գտնւում էր Հայաստանի տարածքում: Մայրուղին անցնում էր հէնց այդ գիւղով: Նրանք, ովքեր Երեւանից ուղեւորուել են Վայոց Ձոր, Սիւնիք կամ Արցախ, կը յիշեն Տիգրանաշէն գիւղը (Պարոյր Սեւակ եւ Զանգակատուն գիւղերի միջեւ), որը վերանուանուած եւ հայերով վերաբնակեցուած նախկին Քեարքի բնակավայրն է:
Արցախեան պատերազմի տարիներին, բացառութեամբ Երասխ-Սադարակ փոխադարձ ռմբահարումների, Նախիջեւանի եւ նրա հետ ընդհանուր սահմաններ ունեցող Հայաստանի Սիւնիքի, Վայոց Ձորի եւ Արարատի մարզերի բնակավայրերը զերծ մնացին պատերազմական արհաւիրքներից:
Հայաստան-Նախիջեւան սահմանը սկսւում է Երասխում` Արարատեան դաշտավայրում եւ աւարտւում Մեղրիի շրջանում` Իրանին յարակից տարածքներում: Սահմանը, ի տարբերութիւն Հայաստան-Ազրպէյճան պետական սահմանի եւ Արցախ-Ազրպէյճան սահմանի կամ շփման գծի, Հայաստան-Նախիջեւան սահմանում հիմնականում անցնում է լեռնաշղթաներով եւ լեռների գագաթներով: Պատճառներից մէկը, որ հայ-նախիջեւանեան սահմանում չեն եղել ռազմական գործողութիւններ, հաւանաբար հէնց աշխարհագրութիւնն է:
Բայց կային մի քանի այլ պատճառներ եւս: Երբ բռնկուեցին ռազմական գործողութիւնները Արցախում եւ Հայաստան-Ազրպէյճան սահմանների երկայնքով (հիմնականում Տաւուշի մարզում հայկական կողմից եւ Ղազախի եւ Թովուզի շրջանում ազրպէյճանական կողմից), Նախիջեւանը ղեկավարում էր Հայտար Ալիեւը: Վերջինս, ի տարբերութիւն Ազրպէյճանում նախագահող Այազ Մութալիպովի եւ ապա Ապուլֆազ Էլչիպէյի, փորձում էր Հայաստանի ղեկավարութեան հետ անջատ բանակցութիւնների ճանապարհով Նախիջեւանը զերծ պահել ռազմադաշտի վերածելու վտանգից:
Այսպէս, 1990-1992 թուականների ընթացքում Հայաստան-Նախիջեւան սահմանի հայկական եւ նախիջեւանեան հատուածում տեղի են ունեցել բազմաթիւ հանդիպումներ: Առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը ազգային անվտանգութեան գծով իր խորհրդական Աշոտ Մանուչարեանին նշանակել էր բանագնաց: Մանուչարեանը բազմաթիւ հեռախօսազրոյցներ եւ հանդիպումներ էր ունեցել Հայտար Ալիեւի հետ: Հայ-նախիջեւանեան բանակցութիւններ էին տեղի ունենում նաեւ պաշտպանութեան փոխնախարարների եւ խորհրդարանների փոխխօսնակների մակարդակով: Հայկական կողմից այդ բանակցութիւններին մասնակցում էին Վահան Շիրխանեանն ու Արա Սահակեանը (այսօր Հայաստանի դեսպանն է Ղազախստանում): Ճիշդ է, 1993-ի ամրանը Հայտար Ալիեւը իշխանութեան եկաւ Ազրպէյճանում եւ նոյն տարուայ աշնանը եւ ձմրանը ռազմական լայնածաւալ գործողութիւններ նախաձեռնեց Արցախում` հիմնականում Քարվաճառի եւ Հորադիսի ուղղութեամբ, սակայն այն տարիներին, երբ նա առաջնորդում էր Նախիջեւանը, փորձում էր իր ծննդավայրը զերծ պահել պատերազմական ճակատի վերածելու անկանխատեսելի հեռանկարից:
Իր հերթին, հայկական կողմը եւս շահագրգռուած չէր, որպէսզի լարում ստեղծուի Հայաստան-Նախիջեւան հատուածում, քանի որ դա կարող էր Թուրքիայի` պատերազմում ուղղակի ներգրաւման առիթ դառնալ: Համաձայն 1921 թուականի մարտին կնքուած ռուս-թուրքական պայմանագրի, Նախիջեւանը յատուկ կարգավիճակ է ստացել: Հայաստանի կողմից Նախիջեւանի վրայ յարձակումը կարող էր ընկալուել որպէս յարձակում Թուրքիայի վրայ: Ահա այդ պատճառով էր, որ Հայաստանը չափազանց զգուշ էր: Արցախեան պատերազմի եւ դրան յաջորդած ողջ ժամանակահատուածում Թուրքիան ռազմական, տնտեսական եւ քաղաքական օգնութիւն է տրամադրել Ազրպէյճանին, եղբայրական հանրապետութիւն ուղարկել զէնք ու զինամթերք, ռազմական խորհրդատուներ, կամաւորներ, սակայն միեւնոյն ժամանակ Թուրքիան զերծ է մնացել Հայաստանի վրայ ուղղակի յարձակումից:
Այն տարիներին եւ այսօր որոշ վերլուծաբաններ հակուած են այն տեսակէտին, որ Թուրքիան Հայաստանի վրայ չյարձակուեց, քանի որ հայ-թուրքական սահմանին կանգնած էին (այսօր էլ կանգնած են) ռուս սահմանապահներ, իսկ յարձակումը կը նշանակէր պատերազմի մէջ ուղղակիօրէն ներգրաւել նաեւ Ռուսաստանին:
Հայաստանի իշխանութիւնները յայտարարում են, որ իրավիճակը վերահսկում են հայ-նախիջեւանեան հատուածում: Նախքան յունիսի 5-ի ողբերգական միջադէպը, երբ հակառակորդի կրակոցից սպաննուեցին երկու հայ զինծառայողներ, ազրպէյճանական լրատուամիջոցները հաղորդել էին, որ հայկական կողմից բացուած կրակոցից Նախիջեւանի հատուածում սպաննուել է ազրպէյճանցի զինծառայող: Համապատասխանո՞ւմ էր իրականութեանը այս հաղորդագրութիւնը: Եթէ այո, ապա ազրպէյճանական կողմը երկու հայ զինծառայողի սպաննելով սահմանի նոյն հատուածում` արդեօք պատասխան հարուա՞ծ է հասցնում: Այս հարցերի պատասխանը մենք չունենք:
Միւս կողմից, քանի դեռ պատերազմը կամ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղութիւն» իրավիճակը շարունակւում է Արցախ-Ազրպէյճան, Հայաստան-Ազրպէյճան եւ Հայաստան-Նախիջեւան հատուածում, քանի դեռ վերջնական խաղաղութիւն չի հաստատուել, ապա նման ողբերգական միջադէպերը անխուսափելի են: 1994 թուականի մայիսեան հրադադարից ի վեր ազրպէյճանական կողմից ձեռնարկուած գործողութիւնների պատճառով հայկական կողմը տուել է մօտ 1000 զոհ: Զոհեր տալիս է նաեւ Ազրպէյճանը: Ազրպէյճանական աղբիւրների հաշուարկով, 1994-ի հրադադարից ի վեր նրանց կորուստների թիւը հասնում է 3000-ի:
Հայկական կողմը յայտարարում է, որ ազրպէյճանական կողմից հրադադարի ամէն մի խախտման դէպքում, որը կը բերի մարդկային կորուստների, հայկական կողմը անհամաչափ ուժ է կիրառելու: Այսինքն, եթէ ազրպէյճանցիները սպաննում են մէկ հայ զինծառայողի, ապա ի պատասխան, Ազրպէյճանը ունենալու է երկու զոհ:
Եթէ այս իրավիճակին նայում ենք մաթեմատիկական հաշուարկի տեսանկիւնից, ապա հայկական կողմը յաղթական վիճակում է: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մարդկային ճակատագիրը անընդունելի է տեղաւորել մաթեմատիկական հաշուարկի տրամաբանութեան մէջ:
Յատուկ «Ազդակ»-ի համար

