Հայոց Ցեղասպանութիւնը` «Վարձկան Զինուորի» Աչքերով

«ՓԱՆ ԱՐՄԻՆԻԸՆ»

PanArmenian_MendezՀայոց ցեղասպանութիւնը նկարագրել են ոչ միայն հայերին համակրող մարդիկ, այլ նաեւ` թուրքերի կողմնակիցները: Երկրորդ կողմի առաւել վառ ներկայացուցիչներից է վենեզուելացի «վարձկան զինուոր» Ռաֆայէլ տէ Նոկալես Մենտեզը:

Ռաֆայէլ տէ Նոկալես Մենտեզը քաղաքական դրդապատճառներով կեանքի մեծ մասը վտարանդի է եղել: 1915 թուականին նա անդամագրուել է գերմանական բանակի շարքերը, յետոյ գործուղուել է Թուրքիա` թուրքական բանակի գերմանական սպայակոյտում  ծառայելու համար: «Չորս տարի կիսալուսնի ներքոյ» գրքի (սպաներէն հրատարակութիւնը` 1924 թ., գերմաներէն հրատարակութիւնը` 1925 թ., անգլերէն հրատարակութիւնը` 1926 թ.) հեղինակն է: Որպէս գերմանական բանակի սպայ` Նոկալեսը դէմ էր հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին: Միեւնոյն ժամանակ, լինելով իրադարձութիւնների անմիջական մասնակիցն ու ականատեսը, նա բաւականին հաւաստի վկայութիւններ է թողել Թուրքիայի մարդատեաց քաղաքականութեան մասին: Նոկալեսի գրքում բազմաթիւ են հայերի կազմակերպուած ոչնչացման կենդանի օրինակները, ինչպէս նաեւ` կատարուած ոճրագործութիւնների հետքերը թաքցնելու, ցեղասպան քաղաքականութիւնը հայկական ապստամբութիւնների վարկածով արդարացնելու թուրքական իշխանութիւնների ապարդիւն ջանքերի նկարագրութիւնը:

Հեղինակը ցոյց է տուել, թէ ինչպէս էին Օսմանեան կայսրութիւնը ղեկավարող երիտթուրքերը, Միութիւն եւ յառաջադիմութիւն կոմիտէի ղեկավարներ Թալէաթը, Էնվերն ու Ճեմալը, եւ նրանց թիկունքում թաքնուող Նազիմն ու Կարասոն, զբաղւում բնակչութեան թալանով:

Ռաֆայէլ տէ Նոկալեսի գիրքն այժմ մատենագիտական հազուագիւտ գործ է դարձել: Այդ գիրքը չկայ Ռուսաստանի գրադարաններում, չկայ, հաւանաբար, նաեւ այլ երկրների գրադարաններում: Այդ գրքի տպաքանակը գնում էին ու ոչնչացնում, իսկ հեղինակին փորձել են սպաննել որպէս հայ ժողովրդի ցեղասպանութեան կենդանի վկայ: Սակայն նրան յաջողուեց ողջ մնալ եւ նա քրիստոնեայի ու քաղաքացու իր պարտքը համարեց պատմել ամբողջ աշխարհին մարդկութեան դէմ ամենամեծ ոճրագործութիւններից մէկի մասին:

«Ժամանելով քաղաք` ես տեսայ, որ իշխանութիւնները վերացնում են իրենց յանցագործութիւնների վերջին հետքերը: Այլ կերպ ասած` շտապ կարգով թաղում են հայերի դիերը, որոնք ամէնուր են: Հաւանաբար նրանք չէին ուզում, որ ես հասկանայի կատարուածի իրական տարողութիւնը: Այնուամենայնիւ ես անընդհատ դիակների կոյտեր էի տեսնում, շների, որոնք հողից դուրս մնացած մարդկային ոտք կամ ձեռք էին կրծոտում: Դիակների սարսափելի գարշահոտ էր շուրջը…»:

«Քրտերի ու տեղաբնակների օգնութեամբ թուրքերը պաշարում ու թալանում էին հայկական թաղամասերը, որտեղ 300-400 արհեստաւորներ կատաղի պաշտպանւում էին այդ ստահակների գազազած ամբոխից: Յարձակուողները կոտրում էին դռները, անցնում ցանկապատերի վրայով, ներխուժում էին տները եւ կոտորելով անօգնական ու անզէն զոհերին` ստիպում էին այդ դժբախտների կանանց, մայրերին կամ քոյրերին քարշ տալով ոտքերից կամ ձեռքերից դիակները հանել տնից, որտեղ արդէն միւս տականքներն էին աւարտին հասցնում նախորդների գործը: Յետոյ, հանելով նրանց հագուստը, գցում էին դիակները որտեղ պատահի` թողնելով ագռաւներին ու բորենիներին»:

Նոկալեսը սպառիչ է բնութագրում այս ամէնի կազմակերպչին. «40-ին մօտ, զգաստ, կարճ պեխերով, միջինից մի քիչ բարձրահասակ Ճեւտեթ պէյը վերջին փարիզեան նորաձեւութեամբ էր հագնւում: Նրա անսովոր գունատ դէմքի վրայ աչքի էին ընկնում սեւ մազերն ու սեւ աչքերը»:

Ի դէպ, Նոկալեսը գրել է, որ երիտթուրքերի եռեակը Աթաթուրքի հետ միասին սերում էին «տէօնմէ»-ներից, այսինքն` իսլամ ընդունած հրեաներից: Ըստ նրա վարկածի, Ապտիւլ Համիտը տապալուեց, քանի որ թոյլ չէր տալիս հրեաներին բնակութիւն հաստատել Պաղեստինում:

Ակնյայտօրէն վարձու զինուորի համակրանքը երիտթուրքերի կողմն էր, սակայն, ցանկացած դէպքում, նրա վկայութիւնները շատ արժէքաւոր են:

«Հայոց ցեղասպանութեանը վերաբերող փաստերից մահմետական ազգերն ամէնից շատ թաքցնում էին ոչ թէ այն, որ թուրքերը կոտորել են 12 տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց, այլ այն, որ բռնագաղթի ժամանակ շուրջ 1 միլիոն կանայք ու երեխաներ մատնուել էին սովի ողջ մարդկութեան աչքի առաջ: Դա կ՛ալեկոծէր բոլոր քրիստոնեայ ազգերին եւ պատերազմից յետոյ ճակատագրական կը լինէր օսմանցի թուրքերի եւ ամբողջ մահմետական աշխարհի համար»:

Նոկալեսը միամիտ մարդ էր` քրիստոնեայ աշխարհը հանգիստ ու լուռ ընդունեց մի ողջ ժողովրդի բնաջնջումն ու ստորագրեց նոր Թուրքիայի հետ Լոզանի պայմանագիրը: Իսկ Ռաֆայէլ տէ Նոկալեսը 1918 թուականին հեռացաւ Թուրքիայից` թուրքական բանակի պատուոյ զօրավարի կոչումով:

«Չորս տարի կիսալուսնի տակ» գիրքը հրատարակուեց ռուսերէնով, 2006 թուականին «Ռուսկի վեստնիկ» հրատարակչութիւնում:

 

Share this Article
CATEGORIES