Հայաստանի Գրողներու Միութիւնը Կը Սգայ Ալիսիա Կիրակոսեանի Մահը

0606aliciagiragosian22 մայիսին Լոս Անճելըսի մէջ մահացաւ բանաստեղծ Ալիսիա Կիրակոսեանը: Ստորեւ կը ներկայացնենք այս առիթով Հայաստանի Գրողներու միութեան վշտակցութեան գիրը, որ լոյս տեսաւ «Գրական թերթ»-ին մէջ:

Հայ բանաստեղծութիւնը մեծ կորուստ ունեցաւ. Լոս Անճելըսում 78 տարեկանում մահացաւ բանաստեղծ Ալիսիա Կիրակոսեանը: Ալիսիա Կիրակոսեանը ծնուել է 1936թ. յուլիսի 13-ին, Քորտոպայում (Արժանթին), վանեցու ընտանիքում: Աւարտել է Պուէնոս Այրէսի ազգային համալսարանի Իրաւաբանական կաճառը: 10 տարի խաղացել է թատրոնում: Այնուհետեւ փոխադրուել է Լոս Անճելըս: Բանաստեղծութիւնների առաջին գիրքը` «Մէկ օրում հինգ ձայն», լոյս է տեսել 1966-ին: Հայ ընթերցողը նրան ճանաչեց 1967-71թթ., բանաստեղծ Վահագն Դաւթեանի հրաշալի թարգմանութեամբ հրատարակուած «Արմատ եւ էութիւն» բանաստեղծութիւնների ժողովածուով: Նրա «Պեդրօ Ամոր» (1969) թատրերգութիւնը բեմադրուել է Պուէնոս Այրեսի «Փայրօ» թատրոնում: Ալիսիա Կիրակոսեանի բանաստեղծութեան թեմատիկ առանցքն են սէրը, մայրութիւնը, հայրենիքը եւ փիլիսոփայական խոհը: Նա գերտարածական կոչուող բանաստեղծական շարժման հիմնադիրն է (տեսութիւնը հրապարակել է սպաներէն, հայերէն եւ անգլերէն): Նրա բանաստեղծութեան բնորոշ են ներաշխարհի պատկերները, արդիական լեզուամտածողութիւնը, բանաստեղծական վերաիմաստաւորումների ինքնատիպութիւնը: Ալիսիա Կիրակոսեանի որոշ գրքեր նկարազարդել է Փապլօ Փիքասօն: 1993 թուականին Պրազիլի Սան Փապլօ համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախօսութիւն` գրականութեան բնագաւառում: Նուրբ, խորազգաց բանաստեղծուհու յիշատակը կ՛ապրի իր սիրուած բանաստեղծութիւններով եւ երգերի վերածուած հրաշալի ստեղծագործութիւններով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ
ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )