Լուսնային Ճանապարհով
Լ. ՄԿՐՏՉԵԱՆ
Մանուկեանի երկերում բաւական գերակշռում է պատմողական ու նկարագրական, ինչպէս եւ ձօնագրական կողմը, առանց կառուցուածքային շեշտուած ելեւէջների: Շատ դէպքերում դրանք առայժմ գործին չեն վնասում, բայց անընդհատ կրկնուելու դէպքում կարող են միապաղաղութեան եւ փակուղու վտանգ ստեղծել:
Առհասարակ երկար ու միագիծ, անսահման ու միապաղաղ ճանապարհը բանաստեղծութեան մահ է նշանակում:
Բանաստեղծական խօսքը արտայայտիչ է դառնում ո՛չ թէ հերթականօրէն ծագած մտքերին նոյնպիսի մտքեր գումարելու, շարադրանքի ծաւալը ընդլայնելու, այլ միեւնոյն կէտից զանազան հորիզոններ ընդգրկելու եւ այդպիսի տարբեր մերձեցման ճանապարհները կարճեցնելու միջոցով:
Ուղիղ եւ անծայրածիր ճանապարհին պարզապէս բանաստեղծութիւն չկայ:
Բանաստեղծութիւնը կեանքի, շարժման, ելեւէջների, հանդիպումների, արձագանգների, արտացոլումների, թրթիռների ու բաբախումների ծնունդ է:
Բազմազան երեւոյթների միջեւ իւրայատուկ կապ ստեղծելու արուեստ, սահմանափակ տարածութեան վրայ անսահմանութիւնը ամփոփելու հոգեւոր արարք: Տեսածն ու լսածը թէկուզ չափածոյ պատմելն ու նկարագրելը առհասարակ չի ապահովում բանաստեղծութեան բազմակողմանի եւ բարդ ընդգրկումները:
Յակոբ Մանուկեանի այժմեան «Լուսնային ճանապարհով» գիրքը, անշուշտ, հանրագումար չէ, այլ` ելակէտ ու իր տեսակի գրական ցատկատախտակ: Գրքի բովանդակութիւնը ընդհանուր առմամբ վկայում է, որ հեղինակն ունի ներաշխարհ, բանաստեղծական ընկալունակութիւն, գեղարուեստական խօսքի սէր եւ ճաշակ: Բայց այդ բարեմասնութիւնները մինչեւ հիմա ստեղծագործական շրջանառութեան մէջ են դրուել գերազանցապէս ներքին ճանապարհով. ուստի քնարական ու խոհական ասպարէզում հեղինակը անհամեմատ աւելի երկար ու արդիւնաւէտ ուղի է կտրել, աճել ու որոշ չափով հասունացել: Մինչդեռ դրա կողքին, արտաքին աշխարհին վերաբերող պատկերացումները նկատելիօրէն կրում են գրքային ու զուտ գաղափարական դրոշմ, կենսափորձը չի հասել աւարտական փուլին, եթէ խօսելու լինենք միայն նրա բանաստեղծական մարմնաւորման մասին, այլ ոչ թէ անհատական ապրումների հնարաւոր խորութեան ու վաւերականութեան: Այդ ասպարէզում դեռեւս չի գտնուած համապատասխան գեղարուեստական միջոցը` մտքերին ձեւ տալու համար:
Ճիշդ է, որ առհասարակ բանաստեղծ ծնւում են, այլ ոչ թէ դառնում: Բայց բանաստեղծ ծնուածներն էլ իրենց հերթին գիտեն, թէ ինչպիսի` ահռելի աշխատանք ու լարուածութիւն է պահանջւում իրենցից, որպէսզի կարողանան ամէն անգամ յղացման սաղմերը աճեցնել ու վերջապէս իրենց կերպարանքով աշխարհին յանձնել: Նրանք գիտեն, որ բանաստեղծութեան շինանիւթը բացառապէս բառերն են, բայց դա չի նշանակում, թէ ամէն տեսակ բառ միմիանց կցելով անպայման բանաստեղծութիւն կը ստացուի: Ուրեմն, միշտ էլ հարկաւոր է բանաստեղծական ներքին հնոց, յարատեւ աշխատանք եւ դարձեա՛լ աշխատանք:
Այն ժամանա՛կ միայն կարելի է արդիւնք ակնկալել` բանաստեղծական չափանիշով: Եւ իրականում էլ արուեստի համը իսկապէս ճաշակած բանաստեղծները ամբողջ կեանքում շարունակում են իրենց գործը, առանց կողմնակի յորդորանքների:
«Բագին»- 1921, թիւ 1 – հատուած

