Հրանոյշ Յակոբեանի Ցաւակցական Խօսքը Պօղոս Սնապեանի Մահուան Մասին
Խորին ցաւով տեղեկացանք լիբանանահայ անուանի արձակագիր-քննադատ, գրականագէտ, հրապարակագիր, Պէյրութի “Բագին” գրական հանդէսի երկարամեայ խմբագիր Պօղոս Սնապեանի մահուան մասին:
Պօղոս Սնապեանի մահը ծանր կորուստ է սփիւռքահայ գրական-մշակութային անդաստանի եւ առհասարակ հայ գրական ու գրականագիտական մտքի համար:
Լինելով սփիւռքահայ մտաւորականութեան միջին սերնդի կարկառուն ներկայացուցիչներից մէկը` Պօղոս Սնապեանը իր ողջ կեանքը նուիրաբերեց հայ գրականութեան, ի մասնաւորի` արեւմտահայ գրականութեան քարոզչութեանն ու տարածմանը` ըստ այդմ բերելով իր ուրոյն, յաճախ ըմբոստ, բայց միշտ ինքնատիպ ու խորիմաստ գնահատական-արժեւորումը, ինչը մնայուն հետք է թողել արդի հայ գրականագիտական մտքի պատմութեան մէջ:
Պօղոս Սնապեանի հրապարակումները միշտ նուիրուած են եղել հային, հայութեանը եւ Հայաստանին` մտահոգ Հայրենիքի զարգացման ու հզօրացման տեսլականով:
Նա անմնացորդ հետք է թողել Հայրենք-Սփիւռք գործակցութեան խորացման, ամրապնդման եւ զօրացման գործում: Պօղոս Սնապեանը լիբանանահայութեան ճանաչուած եւ արժանի զաւակներից էր:
Ցաւում ենք Պօղոս Սնապեանի կորստի համար, մխիթարուենք այն գիտակցութեամբ, որ նրա հոգին տեղ կը գտնի դրախտի յաւէրժութեան մէջ, եւ նրա անունն ու գործը միշտ կը յիշուեն նրան ճանաչողների կողմից:
ՀՀ սփիւռքի նախարարութեան ողջ անձնակազմը ցաւակցում է Պօղոս Սնապեանի ընտանիքին, բարեկամներին, գրչակից ընկերներին, նրան ճանաչողներին` անդառնալի կորստի կապակցութեամբ:
ՀՀ սփիւռքի նախարար՝
Հրանոյշ Յակոբեան

