«Զուարթնոց»-ը Կարող Է Հանուել Եունեսքօ-ի Համաշխարհային Ժառանգութեան Ցանկից
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Յունիսի 14-ին մէկ օրով վարձակալուել էր «Զուարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքը, որը տրամադրուել էր ինչ-որ փակ միջոցառման համար: Դրանից մէկ օր առաջ «Ֆէյսպուք»-ում զբօսավարներից մէկը տարածել էր լուսանկարներ` «քորփորաթիւ փարթի»-ի պատրաստութեան մասին: Միջոցառման համար օգտագործուել է ոչ միայն խոտածածկ տարածութիւնը, այլեւ Զուարթնոցի տաճարի աւերակների` սիւների յետին հատուածը, որտեղ տեղադրուել են մետաղական յարմարանքներ` պաստառն ամրացնելու համար:
Սիւների հարեւանութեամբ էլ` գետնին, դրուել են տարբեր սարքաւորումներ: Խոտածածկին կրկին մետաղական կազմածներով մեծ վրան է պատրաստուել: Ինչպէս երեւում է լուսանկարներում, տարբեր տեղերում առկայ է ռուսական «Թրոյքա տիալոկ» ընկերութեան անունը` նոյնիսկ մեծ գրութեամբ:
«Փարթին» փակ է եղել, որին միայն մասնակցել են հրաւիրուած անձինք: Այդ օրը զբօսաշրջիկների խմբեր են գնացել արգելոց-թանգարան, սակայն բոլորն էլ ստիպուած են եղել հեռանալ դարպասների մօտից:
Խնճոյք Տաճարում` Զուգարանները
Վերանորոգելու Դիմաց
«Զուարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Վարդան Գրիգորեանն ասում է, թէ տեղեակ չէր` ով է եղել խնճոյքի կազմակերպիչը: Նշում է, որ կառավարութեան կողմից է եղել, հայ եւ ռուս բարեգործներ էին: Փոխարէնը գիտի, որ այդ միջոցառումն անցկացնելու դիմաց արգելոց-թանգարանի կենտրոնական 4 սանհանգոյցներն են վերանորոգել: «Էս ամբողջ տարածքում երկու հաւաքարար ունենք, որ ամէն մի գնացողի յետեւից դոյլը վերցրած վազում էին` ինձանից բռնած: Հո մենք կրակը չե՞նք ընկել: Էս որերո՞րդ դարն է», ասում է նա: Յետոյ աւելացնում է, որ 29 տարի աշխատում է այդտեղ, չի թողնում, որ մի ծիտ «թռվռայ», ինքն է մշակում ծառերը, հսկում տեղանքը, ու վստահեցնում է, որ այդ միջոցառումից յետոյ ոչ մի քար չի վնասուել: Նաեւ զարմանում է, թէ ինչո՛ւ է այդպիսի աղմուկ բարձրացել: Ասում է` դրա փոխարէն թող աղմկողները գնան եւ իրեն օգնեն յուշարձան պահպանելու գործում: «Էսօր մէկը սանհանգոյցն է արել, միւսն էլ ցանկապատը կ՛անի», ասում է Վ. Գրիգորեանը:
Նախարարութիւնը Յայտնում Է
Մշակոյթի նախարարութեան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ի տնօրէն Վլադիմիր Պօղոսեանը «Հետք»-ի հետ հեռախօսազրոյցում ասաց, որ մայիսի 27-ին «Քեմփ վենչուրս» ՓԲԸ-ի հետ կնքել են պայմանագիր: Այն ստորագրել է ընկերութեան տնօրէն Էդգար Մանուկեանը: «Պայմանագրի առարկան հետեւեալն է. ընկերութիւնը` «Քեմփ վենչուրս»-ը, պարտաւորւում է կատարել «Զուարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում գտնուող զբօսաշրջիկների այցելութեան սրահի սանհանգոյցների վերանորոգման աշխատանքներ, իսկ մենք պարտաւորւում ենք դրա դիմաց տարածքը տրամադրել` միջոցառումը կազմակերպելու եւ անցկացնելու համար», նշում է Վլ. Պօղոսեանը:
Միջոցառումն, ըստ նրա, հայ եւ ռուս գործարարներին էր նուիրուած: Ասում է` կազմակերպիչներն էին նախատեսել Զուարթնոցում միջոցառում անցկացնել: Դիտարկմանը, թէ Զուարթնոցն ընդգրկուած է ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում, նախարարութեան աշխատակիցը նշում է. «Զուարթնոց»ի հնավայրը, այո՛, դուք ճիշդ էք, ընդգրկուած է ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան պահպանութեան ցանկում, բայց բուն միջոցառումը տեղի է ունեցել, եթէ ճշդել էք, ստեղծագործողի տան դիմացի հարթակում, վրանների մէջ»: Իսկ մեր յաւելմանը, թէ պաստառն էին փակցրել սիւների յետեւում, նա պատասխանում է. «Հա՛, հիմնականում 3D-ով նախատեսւում էր տաճարին բնորոշ պատկերներ ցուցադրել եւ այլն, եւ այլն»:
Պօղոսեանի փոխանցմամբ, տարածքի վարձակալման մէկ օրուայ գինը 700,000 դրամ է (շուրջ 1750 տոլար): Իսկ սանհանգոյցների (ներքեւի նկարում) վերանորոգման համար, ՊՈԱԿ-ի տնօրէնի հաւաստիացմամբ, աւելին է ծախսուել:
Վերջինս նաեւ թուարկում է պայմանագրով նախատեսուած կէտերը, ըստ որոնց, վարձակալը տարածքը պէտք է պահի մաքուր վիճակում, իր գործողութիւններով պէտք չէ խանգարի արգելոց-թանգարանի բնականոն աշխատանքը, տարածքի յուշարձաններին պատճառած վնասի դէպքում փոխհատուցում պիտի կատարի եւ այլն: Խնդրեցինք մանրամասնել, թէ ի՛նչ է ենթադրում «բնականոն աշխատանքը», Պօղոսեանն ասաց. «Տարածքի բանուորը, եթէ աշխատանք է իրականացնում, ծառերի ջրման կամ բարեկարգման աշխատանք, [վարձակալը] չասի, թէ դուք ինչի էք էդտեղ»:
Սակայն շեշտենք, որ, ըստ մեր տեղեկութիւնների, տարածքը փակ է եղել ոչ միայն զբօսաշրջիկների, այլեւ հէնց արգելոց-թանգարանի աշխատակիցների համար: Այդ մասին «Հետք»-ի հետ զրոյցում ասացին աշխատակիցներից երեքը, որոնց շահերից ելնելով` անունները չենք նշում:
Ներկայացնենք նրանից մէկի հետ «Հետք»-ի կարճ զրոյցը.
– Միջոցառում ա եղել այստեղ, իրանց տօնն էր, ինչ էր, մեզ ստեղ չեն թողել, կողմնակի մարդ չի եղել, մենակ իրանք են եղել:
– Հայեր չե՞ն եղել:
– Չէ՛, չէ՛, ոչ մէկ:
– Դէ, հայերից ներկայացուցիչ…
– Հա, նախարարութիւնից մարդ է եղել:
– Մշակոյթի՞:
– Հա՛, ընենց կողմնակի մարդ չի եղել:
– Իսկ ինչի՞ ձեզ չեն թողել, իրանց ի՞նչ պիտի անէիք:
– Ոչ մի բան, իրանք հանգիստ… ճաշկերոյթ են արել:
Ամսի 16-ին, այն բանից յետոյ, երբ ընկերային ցանցերում բողոքի մեծ ալիք բարձրացաւ այս «քորփորաթիւ փարթի»-ի շուրջ, ՊՈԱԿ-ի կայքում, այսպէս կոչուած, պարզաբանող տեղեկութիւն յայտնուեց: Դրանում նշւում է, թէ ՊՈԱԿ-ն իր կանոնադրութեամբ հաստատուած յուշարձանի հանրահռչակման գործառոյթն իրականացնում է նաեւ բաց եւ փակ միջոցառումների միջոցով: Դրանք, ըստ յայտարարութեան, իրականացւում են ՊՈԱԿ-ի միւս արգելոց-թանգարաններում նոյնպէս, իսկ միջոցառումների քաղաքականութիւնը որոշում է ՊՈԱԿ-ը` համաձայնեցնելով լիազօր մարմինի հետ: Նշուել է նաեւ, որ Զուարթնոցում փակ միջոցառում է եղել նաեւ յունիսի 7-ին: Ըստ կայքի, «փակ» օրերի փոխարէն` արգելոց-թանգարանն աշխատել է այլ օրեր, ինչի մասին նախապէս իրազեկել են տնտեսութեան նախարարութեան զբօսաշրջութեան վարչութեանը, ինչպէս նաեւ` յայտնել համացանցով:
«Քեմփ Վենչուրս»-ը Հերքում Է
«Քեմփ վենչուրս»-ի մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյեանը «Հետք»-ի հետ զրոյցում ասաց, թէ իրականութեանը չի համապատասխանում Վլ. Պօղոսեանի ասածը, թէ կազմակերպիչը եղել է իրենց ընկերութիւնը: «Քեմփ վենչուրս»-ը հանդիսացել է թեքնիք կապալառու, եւ իր պարտականութիւնը կայացել է միջոցառման վրանը կազմելը, եւ դա տեղի է ունեցել «Զուարթնոց»-ի տաճարի յարակից տարածքում` յուշարձանի կողքը, բայց` ոչ յուշարձանի տարածքում», նշում է նա: Իսկ հարցին, թէ ինչո՞ւ է նախարարութեան աշխատակիցը նշել իրենց ընկերութեան անունը` որպէս պայմանագիր ստորագրող կողմի, Անուշ Բեղլոյեանն ասաց. «Կա՛մ ինքն ապատեղեկացուած է, կա՛մ ես չեմ կարող մեկնաբանել նման յայտարարութիւնը: Ես` որպէս ընկերութեան աշխատակից, կարող եմ ասել, որ «Քեմփ վենչուրս»-ը վարձուել է արտասահմանեան ընկերութեան կողմից որպէս վրան կազմող: «Քեմփ վենչուրս»-ի աշխատակիցները ներառուած չեն եղել միջոցառման կազմակերպմանը եւ միջոցառմանը»:
Նա, սակայն, հրաժարուեց ասել, թէ ո՛վ է միջոցառման կազմակերպիչը` համարելով, որ իրաւասու չէ, չի կարող բացել պատուիրատուների գաղտնիքը:
Նշենք, որ «Քեմփ վենչուրս» ՓԲԸ-ն հիմնադրուել է 2007 թ. եւ «Սքուլ վենչուրս» ՓԲԸ-ի իրաւայաջորդն է: «Քեմփ վենչուրս»-ը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացնողներից մէկն է, իսկ վերջինիս հեղինակն ու գլխաւոր հովանաւորը, ինչպէս յայտնի է, գործարար «Թրոյքա տիալոկ»-ի նախկին սեփականատէր Ռուբէն Վարդանեանն է:
Զուարթնոցը Համաշխարհային Ժառանգութիւն Է
Զուարթնոցի տաճարը կառուցուել է կաթողիկոս Ներսէս Տայեցի Երրորդի օրօք` 643-652 թթ.: 2000 թ. այն ընդգրկուել է ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում (1011 համարի ներքոյ. այս համարով գրանցուել են նաեւ Էջմիածնի մայր տաճարը, Ս. Հռիփսիմէ, Ս. Գայեանէ, Ս. Շողակաթ եկեղեցիները` իբրեւ մէկ ընդհանուր արժէք): Այստեղ չափանիշներից մէկը համարւում է այն, որ տուեալ կառոյցը մարդկային ստեղծագործ մտքի գլուխ գործոց է: Մինչդեռ այսօր Հայաստանի մշակոյթի նախարարութիւնը պատրաստ է ընդամէնը 700,000 դրամով սրբավայր-արգելոցը տրամադրել միջոցառումների համար, այդ թւում` հարսանեաց արարողութիւնների (խօսքը ոչ միայն ծիսակարգային արարողութիւնների, այլեւ կերուխումի մասին է): Փաստօրէն, մշակոյթի նախարարութիւնը սրբավայրը հաւասարեցնում է ճաշարանի մակարդակի (ընդ որում` բարձրակարգ ճաշարաններն աւելի թանկ են) եւ դրա տարածքը դիտարկում իբրեւ կերուխում-փարթիներից փող աշխատելու լաւ միջոց:
Հայաստանում` արտաքին գործերի նախարարութեան կազմում, գործում է ԵՈՒՆԵՍՔՕ-ի գործերով ազգային յանձնաժողով, որի նախագահը արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանն է: Յանձնաժողովի գլխաւոր քարտուղարը Վահրամ Կաժոյեանն է: Վերջինս մեզ հետ հեռախօսազրոյցում ասաց, որ առանց թոյլտուութեան չի կարող պատասխանել հարցերին եւ խորհուրդ տուեց հարցերն ուղարկել գրաւոր:
Կառավարութեան մեր աղբիւրի փոխանցմամբ, եթէ ԵՈՒՆԵՍՔՕ-ն իմանայ նման միջոցառման մասին, ապա առանց վարանելու, յուշարձան-արժէքը կը հանի համաշխարհային ժառանգութեան ցանկից: Իսկ դրա համար մշակոյթի նախարարութիւնը ջանք ու եռանդ չի թափում իր գործելաոճով. աւելի՛ն, նախարարը երեւի նոյնիսկ բնական կ՛ընդունի դա: Գուցէ այդ դէպքում հնարաւորութիւններն աւելի շատանան այդ տարածքում, ասենք, մի լաւ «քլապ» բացելու համար:
Յ. Գ. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ն այսօր (17 յունիս) հասցրել է «աւետել», որ վաղը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն աշխատելու է մինչեւ 17:00-ն: Բանն այն է, որ նախատեսուած է փակ միջոցառում Հարաւարեւելեան Եւրոպայի եւրոպական տարեկան համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած հիւրերի համար:
«Հետք»
Լուսանկարները` ԿԱՏԱՐ ԹԱՍԼԱՔԵԱՆԻ,
ՆԱՐԵԿ ԱԼԵՔՍԱՆԵԱՆԻ, ՎԱՀԷ ՍԱՐՈՒԽԱՆԵԱՆԻ

