Միութիւն Եւ Առաջադիմութիւն Կուսակցութեան Ու Քեազիմ Քարապեքիրի Երեխայ Զինուորները

ԱՅՇԷ ՀԻՒՐ

Երբ պատերազմը թակեց դուռը, երեխային հայրենասէր եւ ապագայում էլ լաւ զինուոր դարձնելու համար կարեւոր քայլ կատարուեց, եւ ստեղծուեց Սկաուտների կորպուս կազմակերպութիւնը, որը պատերազմի ընթացքում իր տեղը զիջելու էր օսմանեան ուժային միութիւններին եւ դառնալու էր ռազմականացուած կազմակերպութիւն:

Այս յօդուածի ոգեշնչման աղբիւր է հանդիսացել երեխաների թեման, որոնց` «պնդում են, թէ Քրտական աշխատաւորական կուսակցութիւնն (ՔԱԿ) է փախցրել»: Ասում եմ` «պնդում են, թէ փախցրել են», որովհետեւ տարիներ շարունակ հետեւում եմ ՔԱԿ-ի գործողութիւնների զարգացման ընթացքին: Երկար ընկերաբանական եւ քաղաքական վերլուծութեան համար, ցաւօք, բաւարար քանակութեամբ էջ չկայ, այդ իսկ պատճառով էլ առանց ընդհատելու ասում եմ` վստահ եմ, որ երեխաները կամաւոր են գնացել Քանտիլ: Անգամ եթէ կամաւոր են գնացել, ապա պէտք է ՔԱԿ-ն այս երեխաներին համոզի, որ վերադառնան իրենց ընտանիքներ: Անգամ եթէ վստահ չեմ, թէ այդ ընտանիքները այս երեխաների համար ամենալաւ ընտրութիւնն են…

1789 թ. Ֆրանսական յեղափոխութիւնից յետոյ Արեւմուտքում «ազգ, ազգային պետութիւն, հայրենիք, հայրենակից» արտայայտութիւնների երեւան գալու հետ մէկտեղ երեխային որպէս քաղաքական առարկայ ընկալելու ու կրթելու հարցում արմատական փոփոխութիւններ տեղի ունեցան: Ապիւլ Համիտ բ.ի բռնակալական վարչաձեւից խոյս տալով` Եւրոպա մեկնած օսմանեան մտաւորականները, ովքեր երկիր վերադարձան 1908 թ. 2-րդ սահմանադրութեան հռչակումից յետոյ, երկիր բերեցին Արեւմուտքի որոշ նորոյթ: Սրանցից մէկն էլ սկաուտական կազմակերպութիւնն էր:

Սկաուտական կազմակերպութեան հեղինակը բրիտանացի զօրավար Պայտըն Փաուըլն էր: Հնդկաստանում, Ափրիկէյում եւ Քանատայում պաշտօնավարող Փաուըլը 1907 թ. թոշակի անցնելուց յետոյ Անգլիայում սկսեց երեխաների համար բնութեան մէջ միջոցառումներ կազմակերպել եւ փորձառութիւնները գրքի տեսքով 1908 թ. հրատարակեց (Սկաուտական գործունէութիւնը տղայ երեխաների համար), որից յետոյ Անգլիայում, Միացեալ Նահանգներում եւ եւրոպական երկրներում սկսեց տարածուել սկաուտական նորոյթը:

Ահմետ Ռոպինսոնի Սկաուտները

Համարւում է, որ Օսմանեան կայսրութիւնում սկաուտականութեան գաղափարի հետ ծանօթացել են Լոզանում գտնուող Ռակըփ Նուրէտտինի յօդուածից, որը լոյս է տեսել 1910 թ. վերջին Ատրիանապոլսում հրատարակուած «Աշխատանքի եւ հետազօտութեան ամսագրում»:

1912 թ. հոկտեմբերի 8-ին, երբ սկսուել է Պալքանեան պատերազմը, Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւնը Ատրիանապոլսի Միութեան դպրոցի տնօրէն Նաֆի Աթուֆին (Քանսու) եւ ընկերոջը` Մանասթըրի ուսուցիչների դպրոցի տնօրէն Էտհեմ Նեճատին ուղարկել է Եւրոպա` «հոյակապ երիտասարդական կազմակերպութիւն» հիմնելու համար ուսումնասիրութիւններ կատարելու: Վերադարձին պարոն Աթուֆը Էնվէր փաշային ասել է, որ սկաուտներն այս գործի համար իտէալական տարբերակ են. Արեւմուտքի օրինակով նման կազմակերպութիւն կարելի է հիմնել:

Հնդկաստանում ծնուած ազնուական անգլիական ընտանիքի զաւակ, ֆութպոլիստ եւ մարզիկ Ահմետ Ռոպենսոնի կողմից (կրթութիւն էր ստացել Մեքթեպ-ի սուլթանիէում. սուլթանական դպրոց, այսօրուայ Կալաթասարայի վարժարան) Պոլսում ստեղծուած առաջին սկաուտների խմբի գործունէութիւնը սահմանափակւում էր փողային եւ հարուածային նուագախմբերով, քաղաքում շրջապտոյտներով եւ բնութեան գրկում քայլարշաւներով: Սկզբում ոմանք սպիտակ թենիսի գլխարկ կրող այս խմբերն ընկալեցին որպէս իսլամ երեխաների քրիստոնէացման փորձ: Այն, որ սկաուտները սպիտակ կարճ տաբատ էին կրում, արժանացաւ պահպանողական հատուածի քննադատութեանը, սակայն երբ Տարուլֆունունի (արեւմտեան տիպի համալսարան, որն Օսմանեան կայսրութիւնում ստեղծուել է 1900 թ. Ապտիւլ Համիտ բ.-ի հրամանով, «Ակունք»-ի խմբ.) համալսարանի նախագահը սկաուտական շարժմանն աջակցելու համար հագնում է սկաուտների սպիտակ կարճ տաբատն ու սկսում շրջել, հակազդեցութիւնները նուազում են: Այս առաջին խմբին հետեւում են Տարուշշաֆաքայի, Գատըգէօյի, Նումունէ դպրոցի, Պոլսի, Քապաթաշի, Վեֆայի եւ Սկիւտարի սուլթանական եւ Հայտարփաշայի միութեան դպրոցի խմբերը: Պոլսից դուրս առաջին սկաուտական խմբերը հիմնուել են` Պուրսայում, Պէյրութում, Զմիւռնիայում, Սվազում (Սեբաստիա), Կեսարիայում, Անգարայում, Ատրիանապոլսում եւ Կուտինայում:

Ժամանակի Երիտասարդութեան Խնդիրները

1913 թ. յունուարի 23-ին Պապը Ալիի ընդվզմամբ իշխանութիւնն իր ձեռքը վերցրած Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւնը, բնականաբար, իր ձեռքը վերցրեց նաեւ երեխաների կրթութիւնը, սակայն նախ իթթիհատականների «Թուրքական հայրենիք» ամսագրում լոյս տեսած մի յօդուածից հասկանանք «ժամանակի երիտասարդութեան խնդիրները». «Այդ երկրները նուաճած հմուտ հեծեալ եւ հրաձիգ ազգը ձիու թամբից իջել եւ սրճարաններն է ընկել, սեփական ձեռքով պատրաստած ոսկէ փորագրութիւններով մահճակալը թողել եւ «պիլիարտիքի» է ձեռքն առել. սրճարանում, ազարտային խաղերում յղացումը, տիտղոսը, ուժը, տղամարդկութիւնը փոխել, ծախել է արեւմտեան հաճոյքներով ու եւրոպական շուայտութեամբ: Ցեղն ու սեռը փչացել է: Այդ ահեղ, ամրակազմ ազգի սերունդների մէջ սապատաւորները, կաղ ու ծուռ ոտքեր ունեցողները մի մեծ խումբ են կազմում: Խմիչքն ու նիքոթինը մեր ազգը կործանել է, ծխախոտից ձեռքերը դեղնել են, դէմքի գոյնը դալկացել է, խմիչքից էութիւնը յանգել, աչքերը խամրել, ձեռքերը դողում են: Ուզում եմ, որ մեր երիտասարդների ձեռքերը թրից, նիզակից, թիերից ու առագաստներից կոշտուկներով պատուեն, դէմքերն արեւից, մաքուր օդից ու ծակող քամուց կարմրեն, թշերը վառուեն: Ինքնավստահ երիտասարդների դէմքին արծիւի հայեացք եմ ուզում տեսնել: Մեր երազանքին հասնելու համար ուղին, որ բռնելու ենք, այն հետքերն են, որոնցով նախկինում քայլել, սակայն յետոյ թողել, մոլորուել ու մոռացել ենք: Կրկին այդ հին հետքերը գտնենք»:

Սղարանի Փոխարէն` Զինուորական Կրթութիւն

Այս նպատակին հասնելու համար «սկաուտութիւնը» շատ յարմար կազմակերպչական մեթոտ էր մատուցում: «Մարմնամարզութիւն» ամսագիրը, որը սկսեց լոյս տեսնել 1913 թ. մայիսին, առաջին համարից սկսած` իր էջերում մեծ տեղ է յատկացնում սկաուտներին: Այս թեմայով առաջինը Ահմետ Շիւքրիւի «Հետախուզական ընկերութիւն» յօդուածն է: Հեղինակը յօդուածում ընթերցողներին է ներկայացնում 2.5 տարի առաջ Համպուրկում գերմանացի սկաուտական խմբի նկատմամբ իր հիացմունքը. «Դիմացից եկող բազմութիւնը կարծեցի թէ ռազմական միաւորում է: Գունդ էր մօտենում: Ուշադիր նայեցի: Զինուորներ չէին, սակայն տեսայ, որ զինուորական համհարզներ էին: Ամենափոքրը 14, իսկ ամենամեծը 16 տարեկան էր, աշխարհը թնդացնող գերմանական բանակի հիմնաքարերը… երիտասարդները… Բոլորը կայտառ, զօրեղ, պոյ ու պոսով, այտերը կաս-կարմիր, միատեսակ համազգեստով, մէջքներին` պայուսակներ, գօտկատեղերին` ջրի տափաշիշ, ձեռքներին նիզակի տեսքով մահակներ, յստակ, սակայն ծանր քայլերով զինուորների պէս քայլում էին: Ինչ սուտ ասեմ` այդ պահին ոչ միայն սիրտս, այլեւ ողջ մարմինս դողում էր: Մէկ առջեւովս անցնողներին նայեցի, մէկ էլ յիշեցի մեր նեղ, ցեխոտ կամ փոշոտ փողոցների միջեւ փոշեկոլոլ սղացող կամ էլ դեղձի կորիզով խաղացող տկար, դալուկ մեր երեխաներին»:

Միլլեթի Միւսելլեհա (Բանակային Ազգ) Կրթութիւնը

Հիւանդութիւնն ախտորոշելուց յետոյ հերթը հասաւ բուժմանը: Բալասանը Ապտիւլ Համիտ բ.-ի ժամանակաշրջանից սկսած օսմանեան բանակը Բրուսիայի կազմակերպել փորձող յայտնի Կոլց փաշայի ստեղծագործութիւնն էր` Միլլեթի միւսելլեհա (բանակային ազգ): Այսինքն` ողջ բնակչութեանը պատերազմի համար կազմակերպել, ժողովրդին բանակի վերածել… Երբ այս նպատակով կատարուած քայլերից Տարրական կրթութեան մասին ժամանակաւոր օրէնքով մանրամասն եւրոպական օրինակով փոփոխութիւններ կատարուեց, դրան յաւելուեց նաեւ «երեխային հայրենասէր եւ ապագայում էլ լաւ զինուոր դարձնելու» համար անհրաժեշտ հանդերձաւորումով ապահովելու հարցը:

Երբ Ա. համաշխարհային պատերազմը թակեց դուռը, այս ուղղութեամբ քայլ կատարուեց: Պելճիքայի Սկաուտների կազմակերպութեան հիմնադիր անգլիացի Հարոլտ Փարֆիթին հրաւիրեցին երկիր: 1914 թ. ապրիլի 9-ին Հետախուզների միութեան սկաուտների կորպուսը հիմնելուց յետոյ Բարձրագոյն կրթութեամբ ապահովող դպրոցում սկսեց սկաուտութեան դասեր, քայլարշաւներ, ճամբարներ, սկաուտական
կորպուսի առաջնորդի դասընթացքներ կազմակերպել:

«Գլխաւոր Հրամանատար (Պաշպուղ»)
Էնվերն Ու «Հրամանատար» Փարֆիթը

Կորպուսի առաջին գլխաւոր հրամանատարն Էնվերն էր, իսկ հրամանատարի տեղակալը` Հարոլտ Փարֆիթը: «Մեծ ու միջին պաշտօնակիցներից» էին` Հալիլը, Զիյան, Էյուփ Սապրին, Եագուպ Ճեմիլը, դոկտոր Նազըմը, ովքեր ե՛ւ զինուորական, ե՛ւ Յատուկ կազմակերպութեան անդամ էին: Ըստ ներքին կանոնադրութեան` սկաուտները, համաձայն իրենց ունակութեան, բաժանւում էին 5 աստիճանի` անանուն, մարտիկ, թեքին, ալպ եւ թարհան: Այս աստիճաններն անցնել կարողանալու համար մէկ-մէկ թուարկւում էին անհրաժեշտ փորձութիւններն ու կարողութիւնները: Քանի որ էջերի սահմանափակում կայ, կը բաւարարուեմ միայն ամենավերին աստիճանի համար անհրաժեշտ պայմանները թուարկելով. «10 րոպէում 2 քմ վազել եւ 50 մեթր լողալ, իմանալ Մորսի այբուբենը, քարտէսագրութիւն, հարթաւայում քարտէսով առաջ շարժուելու կարողութիւն, իմանալ գլխաւոր համաստեղութիւններն ու աստղերը, 3 ժամում 15 քմ ոտքով կամ 4 ժամում 40 քմ հեծանուով կտրել անցնել, հետքերը գտնել եւ կարողանալ հետեւել, 5 կանգառի չափ հեռաւորութիւն ունեցող տարածութեան մէջ ժամանակը ճիշտ կարգաւորել, Ճիշտ եւ մանրակրկիտ գծել քաղաքի, գիւղի ուղղութիւնը, վայրն ու աշխարհագրական դիրքը, մարգագէտնում տարբեր իրերի միջեւ եղած հեռաւորութիւնը ենթադրել, 10 տեսակ ծառ եւ բոյս տարբերակել, ձեռքի աշխատանքի տիրապետել, հրդեհի, խեղդուելու եւ ձիու խրտնելու դէպքում մարդկային կեանքը փրկել, վիրակապել…»:

Կորպուսի կազմակերպութեան անուանումն էլ ըստ հերթականութեան հետեւեալն էր` վրան, ջոկատ, ցեղ եւ Ոսկէ հորդա: Բացի այդ` ունէին 12 յօդուածից բաղկացած «սկաուտնրի երդում»` «Երդւում եմ պատուովս երկրպագել Աստծուն եւ ենթարկուել հաքանին (առաջնորդ, խան), միշտ լինել բարեխիղճ, կատարել պարտքս, յարգել օրէնքը, արիաբար գործել, սիրել հայրենիքս, պատերազմի եւ խաղաղութեան ժամանակ անձնուիրաբար ծառայել նրան, յարգել եւ կատարել սկաուտների աւանդոյթները»:

Սկաուտների հագուստն ու անհրաժեշտ պարագաներն էին` սաղաւարտաձեւ գլխարկ (պաշլըք), բաց խաքի գոյնի վերնաշապիկ, որի կողային հատուածներում մէկական գրպան պէտք էր լինէր, բաց խաքի գոյնի կարճ տաբատ (կարող էր նաեւ երկնագոյն լինել), փողկապ (իւրաքանչիւր դասակի գոյնը տարբեր էր) շագանակագոյն կամ խաքի գոյնի գուլպայ, կօշիկներ, գօտի, 1. 80 սմ երկարութիւն ունեցող ձեռնափայտ, որը 1,5 «տեսիմեթր»երի բաժանման գծեր ունէր, ուսապարկ, բաց խաքի գոյնի թիկնոց, տափաշիշ, կողմնացոյց, 15 մ երկարութեան եւ մատի հաստութեան ամբողջական պարան, գօտու համար փոքրիկ օղակ, Գլխաւոր սպայակոյտի` մեծ քարտէսներ կազմելու յատուկ մասեր, կացին եւ վրան:

Փարֆիթի աշակերտների առաջին գործնական պարապմունքները տեղի ունեցան 1914 թ. ապրիլի 24-ին Քաղըթհանէի վերին հատուածներում: Գործնական այս պարապմունքները, բնականաբար, գրաւեցին ժողովրդի ուշադրութիւնը, դարձան օրաթերթերի թեմայ: 1914 թ. մայիսի 12-ին դասընթացն աւարտած 16 թեկնածու, Թալէաթ փաշայի ներկայութեամբ, երդուեց եւ գործի անցաւ` ստեղծելու սկաուտների Ոսկէ հորդան: Նոյն տարուայ յունիսին երկրի տարբեր շրջաններից Մալթեփէ կանչուած 260 երիտասարդի համար սկաուտների նոր դասընթաց սկսուեց:

Դէպի Ռազմականացուած Միութիւններ

Սակայն երբ Եւրոպայում պատերազմ սկսուեց, Սկաուտների կորպուս կազմակերպութիւնն իր տեղը զիջեց օսմանեան ուժային միութիւններին: Միութիւնը ստեղծուել է 1914 թ. յունիսի 15-ին: Ի տարբերութիւն միւս երիտասարդական կազմակերպութիւնների` ժամանակաւոր օրէնքով տեղծուած եւ յատուկ ցուցումով, որով Էնվեր փաշան ցանկանում էր «արգելել երիտասարդներին քաղաքականութեամբ զբաղուելէ, կարծես թէ Օսմանեան ուժային միութիւնները (ՕՈՒՄ), որոնք փորձում էին այնպիսի տպաւորութիւն ստեղծել, թէ ՄԱԿ-ի հետ կապերին վերջ են դնում, ըստ էութեան Ռազմական նախարարութեան կազմում էին: Այսպէս, օրինակ, ՕՈՒՄ-ի գլխաւոր հրամանատար կրկին ռազմական նախարար Էնվեր փաշան է ընտրւում: Միութեան պատրաստութիւնների մասնաճիւղ կազմող սկաուտական միութիւններ էին ընդունւում 12-17 տարեկան երեխաները, իսկ հիմնական միութիւն` 17-ից բարձր երիտասարդները: Երիտասարդների կրթութիւնն ու պատրաստութիւնը կազմակերպելու էր ռազմական նախարարութիւնը: Երիտասարդներին մարմնամարզութեան եւ ֆիզիքական պատրաստութեան հետ մէկտեղ ցուցադրուելու էր, թէ ինչպէ՛ս վարուել հրացանի եւ ատրճանակի հետ, սովորեցնելու էին կիրառել զէնք ու պայթուցիկներ, ուսումնասիրել ռազմական քարտէսներ:

Սակայն երբ պատերազմը շարունակւում էր, սա էլ բաւական չէր եւ «օսմանցի երիտասարդներին պատերազմում զէնքի տակ պահելու եւ ռազմական կազմակերպութեան շուրջ հաւաքելու նպատակով» նոր կազմակերպութիւն ստեղծելու միտք յղացաւ: Այս ռազմականացուած կազմակերպութեան գաղափարի հայրը Կոլց փաշան էր, որի առաջարկը նախարարներ դահլիճում թէժ քննարկման պատճառ հանդիսացաւ: Ոմանք դէմ էին երիտասարդներին ռազմականացնել, սակայն Կոլցը յաղթեց: Նրա խորհրդով Պոլիս բերեցին գնդապետ վան Հոֆին, ով դերակատարում էր ունեցել եւ աշխատել գերմանական այնպիսի երիտասարդական կառոյցների ստեղծման մէջ, ինչպիսին էր Գերմանիայի երիտասարդների կայսերական գունդը: Հապշտապ մինչեւ փաշայի աստիճան բարձրացրած վան Հոֆի ու նրա օգնական Սելիմ Սըրրըի (Թարճան) գլխաւորութեամբ ստեղծւում է Օսմանեան երիտասարդական միութիւնները: 1916 թ. փետրուարին Վոն Հոֆը Հրշէջների զօրանոցում իրեն յատկացուած սենեակում սկսում է աշխատել` դեռեւս առանց սուլթանի կողմից միութեան կանոնադրութիւնը հաստատելու: Նրան օգնական էին կարգել հազարապետ Թահիր պէյին եւ տաճարից Իզզեթ պէյին: Այս կազմակերպութիւնն էլ բաղկացած էր 12-17 տարեկան իսլամ եւ ոչ իսլամ երիտասարդների Կայտառ պատանիների միութիւնից եւ 17-ից բարձր երիտասարդների անդամակցած Ամրակազմների միութիւնից:

Քեազիմ Քարապեքիրի «Կիւրպիւզլեր» Բանակը
(
Առոյգ Պատանիների Բանակը)

trkatsvogh-vorperՅայտնի է, որ ազգային պայքարի ժամանակաշրջանում «Միւտաֆայի հուքուք» ընկերութիւններին (1919 թ.Զմիւռնիայի գրաւումից յետոյ Թուրքիայի տարբեր քաղաքներում հիմնուած եւ քեմալական շարժման առաջին կորիզը կազմած կազմակերպութիւնների անուանումը) աջակցութիւն են ցուցաբերել որոշ այնպիսի երիտասարդական միութիւններ, ինչպիսիք են` Երիտասարդների ակումբը Քասթամոնուում, Երիտասարդների ակումբը Չերքեշում եւ այլն: Սակայն ամենաուշագրաւ կազմակերպութիւնը Քեազիմ Քարապեքիրի

«Կիւրպիւզլլեր օրտուսու»-ն էր` Առոյգ պատանիների բանակը, որն այս օրերին Արարատի նորընտիր քաղաքապետ Սըրրը Սաքըքի եւ վարչապետ Էրտողանի միջեւ բանավէճի թեմայ է դարձել:

Քեազիմ Քարապեքիրի քրտական հարցի վերաբերեալ տեսակէտը եւ որպէս առաջնորդ նրա նկատմամբ քրտերի վերաբերմունքը թողնելով մէկ այլ յօդուածի` շարունակենք: «Ազգային պայքար»-ի ժամանակ Արեւելեան ռազմաճակատի հրամանատար Քեազիմ Քարապեքիրը իր պաշտօնավայր Էրզրում (Կարին) գնալիս ճանապարհին հանդիպած որբերին վերցրել է իր հովանաւորութեան տակ: Հետագայում այս գործընթացը մեծ թափ է ստացել, եւ երբ որբերի թիւը հասել է 1600-ի, 1920 թ. մայիսի 1-ին Քարապեքիրը Կարինի բնակչութեանն է ներկայացրել Առոյգ պատանիների բանակը: Այս մանուկները, սուսերամարտի եւ դահուկորդութեան դասերի հետ մէկտեղ, ստացել են նաեւ ռազմական կրթութիւն, նրանց մի մասն արհեստներ է սովորել Արդիւնաբերական դպրոցում (մեքենայի վերանորոգում, ոսկերչութիւն եւ այլն), բացի այդ` հագուստ եւ կօշիկ են կարել բանակի համար: Սակայն, ինչպէս Քարապեքիրն էր ասում, այս երեխաներին այս ամէնի հետ մէկտեղ «թուրքականութեան գիտակցութիւն է տուել»:

Ասում են, որ երբ 1920 թ. սեպտեմբերի 26-ին Գարապեքիրը ռուսներից հետ էր վերցնում Սարիղամիշը, զօրաշարժի ենթարկուել էր նաեւ Առոյգ պատանիների բանակը: Քարապեքիր փաշան, ով նպատակ ունէր Սարիղամիշը դարձնել «երեխաների գիւղաքաղաք», այս երեխաների համար քաղաքում բացեց բժշկական եւ ռազմական միջնակարգ դպրոց, որտեղ մանկաբարձութեան, ատամնաբուժութեան, ելեկտրականութեան, ֆիլմի եւ լուսանկարչութեան դասընթացներ էր տրւում:

1922 թ. «Երեխաների բանակ կազմակերպութիւնը կազմաւորուեց 17 գնդի` Սարիղամիշի, Տրապիզոնի, Կարսի, Կաղզուանի, Պայազետի, Իգտիրի, Արտահանի, Արտուինի, Ռիզէի, Սիւրմենէի եւ Երզնկայի»: Ասում են` կազմակերպութեան կազմում եղած որբ երեխաների թիւը հասնում էր 4-6 հազարի (թուից արդէն իսկ կարելի է եզրակացնել, թէ որքան սարսափելի ժամանակաշրջան է եղել):

Համաձայն որոշ աղբիւրների, Քարապեքիրի պահպանութեան տակ առնուած ծնողազուրկ տղայ երեխաների մէջ կային նաեւ հայ որբեր: Այս մանուկների մէջ ընդունակները Քարապեքիրի կողմից ուղարկուել էին Պուրսայի նորաբաց Ըշըքլար ռազմական վարժարան` այնպէս ներկայացնելով, թէ իբր նրանք թուրք ընտանիքների որբեր էին, իսկ մնացածները մասնագիտութիւն էին ստացել եւ կեանք մտել…

1924 թ. յունուարի 3-ին Իսմեթ Ինէօնիւն խորհրդարան է ներկայացնում օրէնքի նախագիծ, որով նախատեսւում էր 12 տարին լրացած եւ զինակոչի խմբին դասուող բոլոր երիտասարդներին ներառող կազմակերպութիւն ստեղծել եւ հայրենիքի պաշտպանութեան մէջ օգտագործել, սակայն նախագիծը խորհրդարանում ուշադրութեան չի արժանանում: Այս անգամ գործն իր ձեռքն է վերցնում Գլխաւոր սպայակոյտի պետ Ֆեւզի Չաքմաք փաշան: Ըստ մարշալի, ժողովրդին «բանակային ազգ» դարձնելու համար պէտք է անմիջապէս նախապատրաստական աշխատանքների անցնել, սակայն այս նախաձեռնութիւնն էլ արդիւնք չունեցաւ: Հարցը կրկին խորհրդարանի օրակարգ է բարձրացւում 1927, 1928 եւ 1932 թ., բայց կրկին օրէնքի ուժ չի ստանում: Սակայն «բանակային ազգի» գաղափարը երբեք չի մահանում…

«Ռատիքալ»

Թարգմանեց՝ ԱՆԱՀԻՏ ԳԱՐՏԱՇԵԱՆ
«Ակունք»

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )