50 Տարի Առաջ (30 Յունիս 1964)
Անդրանիկ
Մայր բնութիւնից եւ բախտից պարգեւատրուած բացառիկ անհատներից էր Անդրանիկը եւ բացառիկ վիճակի արժանացաւ նա հայոց պատմութեան մէջ: Եթէ ժողովրդական կամ ազգային հերոս բառը որոշ իմաստ ունի, Անդրանիկը եղաւ բառիս ամենալայն մտքով ազգային հերոս, որի ճակատը դափնէ պսակով զարդարեցին «Հայոց կուսանք» եւ հայ աշուղները փառքի երգեր ձօնեցին նրան:
Ինչպէս մեր բոլոր հերոսները, Անդրանիկն էլ համեստ ծագում ունէր. ծնուած էր 1866 թ. շապինգարահիսարցի ատաղձագործի մի ընտանիքում: Տարրական ուսում առնելով` ինքն էլ հետեւեց ատաղձագործութեան արհեստին, 17 տարեկան հասակին ամուսնացաւ եւ հազիւ տարի անցած` այրիացաւ: Այնուհետեւ պսակուեց հայրենիքի հետ:
Պատանի հասակից սկսած` Անդրանիկը աչքի էր ընկնում ուշիմ եւ ըմբոստ բնաւորութեամբ: Խաղընկերների հետ միշտ առաջնորդողի դերում էր. մեծ տենչ ունէր նախաձեռնելու, իշխելու եւ հրամայելու:
Իննսունական թուականների սկիզբը արդէն Անդրանիկը յեղափոխական խմբակի մէջ էր` Վռամշապուհ քահանայի (հետագային` եպիսկոպոս, Փարիզում) գլխաւորութեամբ: Մատնութեան պատճառով, սակայն, ձերբակալւում է եւ բանտից ազատուելով` մեկնում է Պոլիս, ուր շարունակում է իր ատաղձագործական արհեստը: Պապը Ալիի ցոյցից յետոյ անցնում է Կովկաս` Երկիր մեկնող հայդուկային խմբերին միանալու նպատակով, 1897 թ. յուլիսին Վազգէնի խմբի հետ Սալմաստից մտնում է Վան, այնտեղից` Ախլաթ ու Տարօն, ուր մի քանի տարի, իբրեւ պարզ զինուոր, գործում է Սերոբ Աղբիւրի եւ Գուրգէնի խմբերում` մասնակցելով բազմաթիւ կռիւների, մասնաւորապէս` Առաքելոց վանքի պատմական կռուին: Ի միջի այլոց, Անդրանիկի եւ մի քանի հայդուկների գործն էր Աղբիւր Սերոբի սպաննիչ Պշարա Խալիլի ահաբեկումը:
Անդրանիկ անունը, սակայն առանձնապէս լայն հռչակ ստացաւ 1904-ին, երբ նա իր զինակիցների կողմից ընտրուեց Սասունի ազատամարտի ղեկավար: Իր հետ էին անուանի հայդուկներ` Սեբաստացի Մուրատը, Գէորգ Չաւուշը, Սեպուհը, Կայծակ Առաքելը, Սէյտօ Պօղոսը, Կիւմիւշխանեցի Աւոն եւ այլ կտրիճ մարտիկներ, ինչպէս նաեւ` Դաշնակցութեան ներկայացուցիչ Վահանը, Հրայր Դժոխքը եւ ուրիշներ: Անդրանիկը արժանացաւ ընդհանուր խմբապետութեան մեծ պատուին իր մարտական եւ կազմակերպական շնորհքների պատճառով: Նա զինուորական էր ծնած եւ հայդուկային-խմբական կռիւները նրա բնական տարերքն էին կազմում: Անվախ, յանդուգն, նախաձեռնող, ուժեղ կամքի եւ երկաթի բազուկի տէր, պաղարիւն ու տեսանող ու պայմաններին արագ յարմարուող եւ անհնարին կացութեան մէջ իսկ շուտով ելք գտնող` Անդրանիկը ստեղծուած էր պատերազմի եւ հրամանատարութեան համար: Իր վագրանման արտաքինն էլ նպաստում էր այդ դերին: Դաժան ու երկաթէ կարգապահութիւն պահանջող կռիւներում եւ ընկերական` խաղաղութեան օրերին:
Սասունի ազատամարտը ճնշուեց. շատ մարտիկներ, որոնք շտապեցին «օգնելու Անդրանիկին», նահատակուեցան: Եւ եթէ Սասունի կռուող ուժերն էլ ոչնչացան, Անդրանիկի արտակարգ հնարամտութեան պէտք է վերագրել նրանց ազատութիւնը: Ճեղքելով թշնամու շղթան` Անդրանիկը եւ ընկերները անցան դէպի Ախլաթ, նաւ նստան եւ ապաստանեցան Աղթամար կղզին, որտեղ կռիւ ունեցան թուրք զինուորների հետ եւ, խաբելով թշնամուն, նաւով հասան Վան ու այնտեղից` Պարսկաստան ու Կովկաս:
Սասունի հերոսական կռիւները արտասովոր հմայք առաջ բերին ժողովրդի մէջ Անդրանիկի անուան շուրջ: Նա դարձաւ մի տեսակ խորհրդանիշ` յեղափոխական մարտիկների բոլոր առաքինութիւնների ու քաջագործութիւնների: «Անդրանիկը քաջ» դաշնակցական հայդուկի տիպար էր ժողովրդի աչքին: Նրա արեւով երդւում էին. նրա անունն էին տալիս նոր ծնուած մանչերին:
Կովկասից Անդրանիկը անցաւ արտասահման` ապրելով մերթ Ժընեւում, մերթ Եգիպտոսում, մերթ Պուլկարիայում` մասնակցելով Դաշնակցութեան կարեւոր ժողովներին ու ձեռնարկներին: Ժընեւում նա թելադրեց իր յուշերը, որոնք յետոյ լոյս տեսան «Հայրենիք» ամսագրում: Ֆիլիփփէում, Ռ. Զարդարեանի աջակցութեամբ, կազմեց «Մարտական հրահանգները», որոնք հրատարակուեցին «Դրօշակ» մատենաշարում: 1907-ին մասնակցեց ՀՅԴ Դ. Ընդհ. ժողովին Վիեննայում, Վարդանի, Նիկոլ Դումանի, Մուրատի, Սեպուհի, Սաքոյի եւ ուրիշ խմբապետների հետ միասին:
Օսմանեան սահմանադրութիւնը չոգեւորեց Անդրանիկին, նա չէր հաւատում թուրքերի անկեղծութեան, ոչ էլ նրանց բարենորոգուելու ընդունակութեան: Կարճատեւ այցելութիւնից յետոյ Պոլիս` նա վերադարձաւ Պուլկարիա, ուր 1912-ին, Պալքանեան պատերազմի օրերին, կազմեց կամաւորական խումբ եւ մասնակցեց պատերազմին թուրքերի դէմ:
1914-ի ամառը, երբ սկսուած էր համաշխարհային պատերազմը, Անդրանիկը, պատասխանելով ՀՅԴ Բիւրոյի հրաւէրին, փութաց Թիֆլիս, ուր գործօն մասնակցութիւն ունեցաւ կամաւորական գնդերի կազմութեան մէջ եւ ստանձնեց առաջին գնդի հրամանատարութիւնը` անցնելով պարսկական ճակատ, ու մասնաւորապէս մեծ հմտութեամբ վարեց Դիլմանի ճակատամարտը եւ հետապնդեց Խալիլ փաշայի նահանջող զօրամասերին: Այնուհետեւ, նահանջի ու յառաջխաղացման օրերին, մերթ ռազմաճակատում, մերթ թիկունքում, մերթ ոգեւորուած ու գործօն, մերթ դժգոհ ու հոգեկան խռովքի մատնուած` շարունակեց մնալ հայ կեանքի առաջաւոր դիրքերում, մինչեւ կամաւորական գնդերի լուծումը եւ մինչեւ ցարական գահի խորտակումը, 1917 թ. փետրուարին:
Հայ ժողովրդին բաժին հասած աղէտները չափազանց ծանր ազդեցին Անդրանիկի մտքի ու հոգու վրայ: Եղան պահեր, երբ նա կորցրեց հոգեկան հաւասարակշռութիւնը, բայց հայրենիքի սէրն ու զօրաւոր կամքը թոյլ չտուին, որ հեռանայ ու քաշուի ազգային գործերից:
Կամաւորական գնդերի լուծումից յետոյ, որոշ ժամանակ անցած, Անդրանիկը նորից անցաւ գործի` զբաղուելով առաւելապէս արեւմտահայութեան վերաբերող կազմակերպական, հոգատարական եւ պաշտպանութեան հարցերով: Իրեն յայտարարեց հրաժարուած Դաշնակցութիւնից ձեռնարկեց «Հայաստան» թերթի հրատարակութեան, մասնակցեց արեւմտահայ համագումարներին եւ Ապահովութեան խորհրդի աշխատանքներին` իբրեւ հայկական զօրաբաժնի հրամանատար, զօրավարի աստիճանով գնաց ճակատ, բայց տարերային թափով զարգացող դէպքերը այլեւս վեր էին մարդկային ուժերից: Կարինի անյաջող պաշտպանութիւնից յետոյ Անդրանիկը նահանջեց Կովկաս եւ մերժելով նորաստեղծ հանրապետութեան ճանաչումը` իր զօրամասով անցաւ դէպի Պարսկաստան` կամենալով միանալ անգլիական բանակի հետ: Այս ձեռնարկումն էլ ձախողեց. վերադարձաւ Զանգեզուր եւ պաշտպանեց այդ շրջանը` մինչեւ անգլիացիների երեւումը, որոնց ստիպումով հեռացաւ Էջմիածին: Այստեղ իր զօրամասը ցրեց, զէնքն ու ռազմամթերքը յանձնեց կաթողիկոսին եւ չկամենալով ապրել նորազատ Հայաստանում` մեկնեց արտասահման, ի վերջոյ հաստատուելով Քալիֆորնիայի Ֆրեզնօ քաղաքում, ուր եւ վախճանուեց 1927 թ. օգոստոս 31-ին: Իր վերջին խօսքը եղաւ` «Գործս կէս մնաց…»:
Տխուր եղան Անդրանիկի կեանքի վերջին տարիները: Արծիւը չէր կարող երջանիկ լինել հաւնոցում: Անքաւելի վրիպումներ ունեցաւ հայրենիքի եւ իր իսկ անձի հանդէպ: Ժողովուրդը, սակայն, ներեց այդ ամէնը եւ շարունակում է ու պիտի շարունակէ նուիրումով ու պաշտամունքով յիշել նրա հերոսական անունը: Ու երգել`
| Իբրեւ արծիւ սաւառնում ես | |
| սարէ սար… | |
Անդրանիկի աճիւնները այժմ հանգչում են Փարիզի Փեր Լաշեզ գերեզմանատունը, Գրիգոր Օտեանի, Աւ. Ահարոնեանի, Ա. Խատիսեանի դամբաններից ոչ հեռու: Նրա փափաքն էր թաղուել Հայաստանում, բայց Հայաստանի նոր վարիչները մերժեցին կատարել նրա բաղձանքը` «յիւսկն եկ եւ իւրքն գնա ոչ ընկալան…»:
Ս. ՎՐԱՑԵԱՆ

