Հայաստանի Տեղը Եւ Դերը . Ո՛չ Եւրասիական, Ո՛չ Եւրոպական Միութիւն

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յունիսի 27-ին Վրաստանը, Մոլտովան եւ Ուքրանիան Պրիւքսելում Եւրոպական Միութեան հետ ստորագրեցին Ընկերակցութեան համաձայնագիրը, ինչը նշանակում է, որ յետխորհրդային այս երեք երկրները աւելի են մօտենում եւրոպական տնտեսական միասնական շուկային: Համաձայնագիրը, որքան էլ համարուի տնտեսական փաստաթուղթ, այն նախ եւ առաջ քաղաքական ու իրաւական բովանդակութիւն ունի: Ըստ էութեան, յետխորհրդային այս երեք հանրապետութիւնները եւս մէկ քայլ կատարեցին Ռուսաստանի քաղաքական, տնտեսական, ռազմական ու մշակութային ազդեցութիւնից հեռանալու ուղղութեամբ:

Թէ ինչպիսին կը լինի Մոսկուայի հակաքայլը, ցոյց կը տայ ժամանակը: Ակնյայտ է, որ Ռուսաստանը ձեռքերը ծալած չի նստի: Արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը արդէն յայտարարել է, որ Ռուսաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպութեան օրէնքներով միջոցներ կը ձեռնարկի Վրաստանի, Մոլտովայի եւ Ուքրանիայի դէմ, եթէ Եւրոպական Միութեան հետ ստորագրուած Ընկերակցութեան համաձայնագրերը բացասաբար ազդեն ռուսական տնտեսութեան վրայ:

Մոսկուան, որքան էլ Արեւմուտքում թերագնահատեն, տնտեսական ու քաղաքական բազմաթիւ լծակներ ունի ազդելու Ուքրանիայի, Մոլտովայի եւ Վրաստանի վրայ: Ուքրանիայի արեւելքում ռազմական գործողութիւնները շարունակւում են: Առանց Ռուսաստանի դժուար է պատկերացնել խաղաղութիւն, հաշուի առնելով, որ հէնց Ռուսաստանն է կանգնած Դոնեցկի եւ Լուկանսկի անջատողականների թիկունքում: Ուքրանիան իր արտաքին քաղաքական ընտրութեան համար մեծ գին է վճարում: Խրիմը, կարելի է ասել, այլեւս չի լինի Ուքրանիայի մաս: Տոնեցքի եւ Լուկանսքի նահանգները, որտեղ մեծամասնութիւն են կազմում ռուսները, եւս ձգտում են անջատուել Ուքրանիայից եւ միանալ Ռուսաստանին:

Մոլտովան եւս խոցելի վիճակում է: Բացի այն, որ առկայ է սառեցուած Մերձտնեսթրի խնդիրը, Մոլտովայի տարածքում կարող է բռնկուել եւս մէկ ազգային համակամարտութեան օճախ` թուրքալեզու Կակաուզիան: Վրաստանը կորցրել է Աբխազիան ու Հարաւային Օսեթիան: Թիֆլիսի արեւմտամէտ դիրքորոշման` ՕԹԱՆ-ին եւ Եւրոպական Միութեանը անդամակցելու դէպքում որեւէ յոյս չկայ, որ Ռուսաստանը թոյլ կը տայ այդ երկու տարածքների վերադարձը Վրաստանի կազմ: Բայց սա դեռ ամէնը չէ: Ինչպէս վրացական, այնպէս էլ արեւմտեան փորձագիտական ու դիւանագիտական շրջանակներում կան մտահոգութիւններ, որ Ռուսաստանը կը փորձի Վրաստանի ներսում հրահրել ազգային հակամարտութիւնների նոր օճախներ: Առաջին հերթին խօսք է գնում գերազանցապէս հայերով բնակեցուած Ջաւախքի մասին:

Ահա այս հարցում Հայաստանն ունի դերակատարութիւն: Ազրպէյճանի եւ Թուրքիայի կողմից շրջափակուած Հայաստանը չի կարող շռայլութիւն եւ լարուածութիւն թոյլ տալ հայ-վրացական յարաբերութիւններում: Հայաստանի առեւտրային շրջանառութեան աւելի քան 70 տոկոսը կատարւում է հէնց Վրաստանի տարածքով: Հայաստանը իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ ցամաքային կապ իրականացնում է Վրաստանի տարածքով: Հայաստանը դէպի բաց ծով ելքը եւս իրականացւում է Վրաստանով` Սեւ ծովի վրացական Պաթումի եւ Փոթի  նաւահանգիստներով: Ջաւախքի հայութիւնը եւս գիտակցում է, որ հայ-վրացական յարաբերութիւններում իրավիճակի սրումը առաջին հերթին չի բխում հէնց Հայաստանի շահերից: Հայ-վրացական յարաբերութիւններում լարուածութիւն հետապնդող երկրները երկուսն են` Թուրքիան ու Ազրպէյճանը, որպէսզի Հայաստանի շրջափակումը դառնայ ամբողջական: Նայելով քարտէսին` հասկանալի է դառնում, թէ ինչպիսի կարեւորութիւն ունի Վրաստանը:

Մօտ մէկ տարի առաջ գրեթէ կասկած չկար, որ Հայաստանը եւս կը ստորագրի Ընկերակցութեան համաձայնագիրը, սակայն սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսեանը Մոսկուայում Վլատիմիր Փութինի հետ հանդիպումից յետոյ յայտարարեց, որ Հայաստանը ցանկութիւն ունի միանալ Մաքսային միութեանն ու ապագայում ստեղծուելիք Եւրասիական միութեանը:

Նրանք, ովքեր Հայաստանի եւրոհամարկման ջատագովներն են, պէտք է գիտակցեն, որ սա այն դէպքն է, երբ ցանկութիւնն ու իրականութիւնը համատեղելի չեն: Անշուշտ, Հայաստանը կարող էր ստորագրել Ընկերակցութեան համաձայնագիրը, ինչպէս արեցին Վրաստանը, Մոլտովան եւ Ուքրանիան: Սակայն պէտք է հարց տալ` ի՞նչ գնով: Ակնյայտ է, որ եթէ Հայաստանը յետ չդառնար Ընկերակցութեան ճանապարհից, ապա Ռուսաստանը Արցախի հարցում կ՛որդեգրէր բացայայտ ազրպէյճանանպաստ դիրքորոշում, Հայաստանին կ՛ենթարկէր տնտեսական ու քաղաքական ճնշումների: Միւս կողմից, սակայն, որեւէ կերպ չի կարելի արդարացնել Սերժ Սարգսեանի քաղաքականութիւնը, երբ երեք տարուց աւելի բանակցելով եւրոպացիների հետ` ի վերջոյ ցանկութիւն յայտնեց միանալ Մաքսային միութեանն ու Եւրասիական միութեանը: Սարգսեանը եւ նրա արտաքին քաղաքական խմբակը սխալ հաշուարկ կատարեցին: Հէնց սկզբից պէտք էր եւրոպացի գործընկերներին բացատրել, որ Հայաստանը, հասկանալի պատճառներով, չի կարող ստորագրել Ընկերակցութեան համաձայնագիրը, բայց պատրաստ է Եւրոպական միութեան հետ համագործակցութիւնը բարձրացնել այնպիսի մակարդակի, որը չէր վնասի հայ-ռուսական յարաբերութիւններին: Ի դէպ, այսօր Հայաստանը փորձում է հէնց դրան հասնել, այն է` նոր փաստաթուղթ ունենալ Եւրոպական միութեան հետ, որը առաջ չի բերի Ռուսաստանի դժգոհութիւնը:

Վերջին շրջանում Ռուսաստանի տարբեր պաշտօնեաների շուրթերով հնչում են յայտարարութիւններ, որոնց իմաստը հետեւեալն է` Հայաստանը չի կարող Մաքսային միութեանը եւ ստեղծուելիք Եւրասիական միութեանը անդամակցել Արցախով կամ, Հայաստանի անդամակցութիւնը պէտք չէ զայրացնի Ազրպէյճանին: Այս յայտարարութիւնները լաւ առիթ են, որպէսզի Հայաստանը հրաժարուի Մաքսային միութեանը անդամակցելուց` զուգահեռաբար հաւաստիացնելով, որ Հայաստանը եւրոպական ուղղութեամբ չի կատարի քայլեր, որոնք ուղղուած կը լինեն ընդդէմ Ռուսաստանի:

Հայաստանը չունի ընդհանուր սահման Մաքսային միութեան եւ Եւրասիական Միութեան որեւէ պետութեան հետ, հետեւաբար, տրամաբանական չէ անդամակցել այդ միութեանը: Ո՛չ Եւրոպական միութիւն, ո՛չ Եւրասիական միութիւն: Սա կարող էր լինել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրութիւնը: Գուցէ դեռ ուշ չէ:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )