Պատմական Կոթողները Թող Պատմութիւն Չդառնան
«ՇԵՀՐԻՒԱՆ ԿԱԶԵԹԱՍԻ»
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան Վանի երեսփոխան Օզտալ Ուչերը Մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Օմեր Չելիքին ներկայացրած երկու տարբեր առաջարկով հարցրեց, թէ այս փուլում ինչի՞ են հասել Վանի պատմական կոթողները զբօսաշրջութեան համար բացելով: Ուչերը նախ նախարար Չելիքին տեղեկացրեց Այանիս ամրոցի եւ քաղաքի պատմական եկեղեցիների վիճակի մասին, այնուհետեւ հարցրեց, թէ այժմ կատարուող աշխատանքներն ի՞նչ փուլում են:
Ուչերը նախ Այանիս ամրոցի վերաբերեալ որոշ տեղեկութիւններ տուեց, այնուհետեւ ամրոցում կատարուող աշխատանքների մասին տեղեկանալու համար հարց ուղղեց նախարար Չելիքին. «25 տարի է անցել, ինչ Վանայ լճի վրայ գերիշխող դիրք ունեցող գագաթի վրայ կառուցուած եւ զարդանախշերով ուշադրութիւն գրաւող Այանիս ամրոցում պեղումներ են կատարուել: Այանիս ամրոցի, որտեղ գտնուել է աշխարհի ամենակարեւոր եւ առանձնայատուկ ուրարտական տաճարներից Խալդի տաճարը, պեղումային աշխատանքները Էգէ համալսարանի գրականութեան բաժանմունքի հնագիտութեան ամպիոնի փրոֆեսէօր Ալթան Չիլինկիրօղլուի թոշակի անցնելուց յետոյ ղեկավարել է Էրզրումի Աթաթուրքի համալսարանի գրականութեան բաժանմունքի հնագիտութեան ամպիոնի ընկալական (տոսընթ), դոկտոր Մեհմետ Ըշըքլըյի խումբը: Մօտ 25 տարի տեւող պեղումներից առաջ որեւէ պեղում կատարուե՞լ է, եթէ կատարուել է, ապա ի՞նչ արդիւնքներ կան: Ամրոցը արգելավայր համարուե՞լ է: Եթէ այո, ապա ե՞րբ եւ ո՞ր աստիճանի արգելավայր է համարւում: Ո՞րն է պեղումների այսչափ ձգձգման պատճառը: Այս անտարբերութեան պատճառով, որն ապացուցում է, որ պատմական եւ մշակութային կոթողների նկատմամբ անտարբերութիւն է տիրում, եւ որը պատճառ է հանդիսացել, որ ամրոցը գրեթէ ջնջուի պատմութեան հարթակից, ամրոցը որպէս պատմական կոթող ինչպիսի՞ կորուստներ է կրել: Որո՞նք են ամրոցի այն հատուածները, որոնք պեղման աշխատանքների հետ միասին գործի դրուած վերականգնման աշխատանքների ձգձգման պատճառով անդառնալիօրէն աւերուել եւ այլեւս վերականգնման ենթակայ չեն: Հանդիպե՞լ էք նախկինում ապօրինի պեղումների պատճառով գողացուած պատմական արժէքների: Եթէ այո, ապա որո՞նք են, եւ ի՞նչ ճակատագիր ունեն հիմա: Շարունակուող պեղումային աշխատանքներն ի՞նչ վիճակում են: Ամրոցի այնպիսի հատուածներ կա՞ն, որտեղ աշխատանքներն աւարտուած են: Եթէ այո, ապա ի՞նչ բացայայտումներ են կատարուել: Ցայժմ վերականգնուած հատուածները որո՞նք են: Այս հատուածներում ինչպիսի՞ վերականգնման աշխատանքներ են կատարուել: Պեղումների ժամանակ ի՞նչ իրեր են յայտնաբերուել, եւ պահպանման ինչպիսի՞ աշխատանքներ են կատարուել: Ի՞նչ տեղեկութիւններ են ձեռք բերել: Այդ իրերը որտե՞ղ են պահւում եւ ցուցադրւում»:
Ուչերի միւս առաջարկն էլ վերաբերում էր աւերակների վերածուած եկեղեցիներին: Ուչերը, յատկապէս ընդգծելով Սուրբ Աստուածածին եկեղեցու բախտի քմահաճոյքին լքուած լինելու փաստը, Վանի եկեղեցիների վերաբերեալ ասաց. «Վան նահանգի կենտրոնից 10 քմ հեռաւորութեան վրայ գտնուող Վերին Պաքրաչլը գիւղում` Էրեք (Վարագայ) լերան փէշերին գտնուող եւ շրջակայքի ամենահարուստ վանք հանդիսացած Վարագավանքը կազմուած է եղել 7 տարբեր եկեղեցիներից (Սուրբ Սոֆիա, Սուրբ Յովհաննէս, Սուրբ Մարիամ Աստուածածին, Սուրբ Գէորգ ժամատուն, Սուրբ Սեալ մատուռ, Սուրբ Խաչ եկեղեցի)»:
Այս կառոյցները տարբեր ժամանակներ յաւելուել են վանքին: Վանքը կառուցել է Վասպուրականի թագաւոր Սենեքերիմ-Յովհաննէսը (1003-1022): Վարագավանքի ամենահին եկեղեցին Սուրբ Սոֆիան է: Հարաւային հատուածում գտնուող այս եկեղեցին 981 թ. կառուցել է Սենեքերիմի կին Խոշոշը: Հետագայում Սուրբ Սոֆիա եկեղեցու հիւսիսային պատին կառուցուել է երկրորդ եկեղեցին` Սուրբ Յովհաննէսը: Վանքի երկրորդ խմբին պատկանող եկեղեցիներից գլխաւորը Սուրբ Աստուածածինն է, որը կառուցուել է 1003-1021 թթ.: Ենթադրւում է, որ այն Սենեքերիմն է կառուցել: 1648 թ. այն երկրաշարժից վնասուել է: Այս եկեղեցին, որը հայ ճարտարապետութեան մէջ յայտնի է որպէս Սուրբ Հռիփսիմէի տիպ, կառուցուել է կոպիտ հիմնաքարերով: Արեւմտեան ճակատի կենտրոնում գտնուող մուտքը հետագայում փակուել է մեծ ժամատնով: Ժամատան դրան վերեւի արձանագրութիւնից պարզ է դառնում, որ այն կառուցել է 1648 թ. Տրդատը: Սուրբ Սեալ մատուռը, որը կրկին վանքի երկրորդ խմբի կառոյց է հանդիսանում, Սուրբ Աստուածածին եկեղեցու հիւսիս-արեւմուտքում է եւ կառուցուել է նրան կից: Սուրբ Աստուածածին եկեղեցին եւ այս եկեղեցին միջանցքով են իրար միանում:
Բախտի Քմահաճոյքի՞ն Է Թողնուել
«Ամէն տարի հազարաւոր (տեղացի եւ օտար) այցելուների առաջ իր դռները բացող հսկայական պատմական կոթողն այլեւս աւերակներ է յիշեցնում: Տարիներ շարունակ անխնամ լինելու պատճառով վանքի տանիքը թռչունների բոյն է հանդիսացել, իսկ ներսը ցեխի ովկիանոս է յիշեցնում: 2011 թ. երկրաշարժի ժամանակ տանիքն ու մուտքի հատուած փլուած վանքը հանրապետութեան շրջանում ո՛չ վերանորոգուել, ո՛չ էլ վերականգնուել է: Իսկ սա ցոյց է տալիս, որ Օսմանեան կայսրութեան վերջին շրջանում հայ ժողովրի նկատմամբ սկսուած ազգայնամոլական եւ ձուլման քաղաքականութիւնը նոյնութեամբ շարունակւում է նաեւ հանրապետութեան շրջանում, եւ այդ ընկալումից դեռեւս չեն ազատուել: Մինչդեռ այս պատմական կոթողի վերանորոգումն ու պահպանումը ե՛ւ խղճի, ե՛ւ ընկերային-մշակութային պատասխանատուութեան անհրաժեշտութիւն է: Բացի այդ, նման կերպ վարուելով եւ վանքը պահպանելով` մեծ ներդրում կը լինի նաեւ մշակութեան զբօսաշրջութեան զարգացման համար:
«Այն, որ կրկին սեփականութեան իրաւունքի վերաբերեալ արտայայտուողներն ասում են, որ այս վանքը Վանի նահանգում պետութեան հետ խորը յարաբերութիւններ ունեցող անձանց է նուիրուել, գալիս է ապացուցելու այն իրականութիւնը, որ հայ ժողովրդի եւ հայ համայնքի բնական իրաւունք հանդիսացող վանքը (ինչպէս որ բոլոր միւս ասպարէզներում է) ռեժիմի հետ միութիւն կազմածներին է նուիրուել»:
Պատմական Վայրերն Ի՞նչ Վիճակում Են
Այնուհետեւ Ուչերը նախարար Չելիքին հարց ուղղեց պատմական վայրերի վերաբերեալ. «Ցայժմ ի՞նչ հիմքերով են վերանորոգման աշխատանքներ կատարուել: Վարագավանքի վիճակը որոշելու համար մինչեւ հիմա որեւէ աշխատանք կատարուե՞լ է: Եթէ այո, ապա ո՞ր կազմակերպութեան կողմից եւ ե՞րբ: Այս աշխատանքի արդիւնքներն ինչպիսի՞ն են: Վանքն արգելավայր համարուե՞լ է: Եթէ այո, ապա ե՞րբ եւ ո՞ր աստիճանի արգելավայր է համարւում: Պետական մարմինների կողմից հասարակական գործունէութեան անուան տակ կատարուող գործունէութեան ժամանակ վանքի աւերուած հատուածներ կա՞ն արդեօք: Որո՞նք են այդ բաժինները: Հանդիպե՞լ էք ցայժմ ապօրինի պեղումների եւ այս մարդկանց նկատմամբ ինչպիսի՞ իրաւական գործընթաց է սկսուել: Կա՞յ ոեւէ մէկը, ում նկատմամբ հետաքննութիւն է սկսուել եւ պատիժ նշանակուել: Կա՞ն արդեօք պատմական արժէքներ, որոնք հետագայում են գտել եւ հասկացել, որ պատմական կոթողներ են: Եթէ այո, ապա որո՞նք են, եւ որտե՞ղ են պահւում: Ներկայ պահին վանքի սեփականութեան իրաւունքը ո՞ւմ կամ ո՞ր կազմակերպութեանն է պատկանում: Կալուածագրերի գրանցամատեաններում (բնակարան, պատմական կոթող կամ ուրիշ անշարժ գոյքի բնորոշում) որպէս ի՞նչ է գրանցուած: Եթէ մասնաւոր սեփականութիւն է, ապա ո՞ւմ է պատկանում: Եթէ կալուածագրի գրանցամատեանում գրանցուած անձը կենդանի չէ, ապա ո՞վ կամ ովքե՞ր են ժառանգորդները: Ըստ կալուածագրի գրանցամատեանի` վերոյիշեալ անձից առաջ ո՞ւմ է պատկանել սեփականութեան իրաւունքը: Իրաւական ի՞նչ հիմնաւորմամբ (գնման փաստաթուղթ, բռնագրաւում, ժառանգութիւն, դատարանի որոշում կամ այլ պատճառներ) է անցել այդ մարդուն: Եթէ այս վանքը այդ մարդուն ժառանգութիւն է մնացել, ապա ժառանգութիւն թողողն ինչպէ՞ս է ստացել սեփականութեան իրաւունքը: Վանքը հայկական հիմնադրամներին կամ էլ հայոց պատրիարքարանին փոխանցելու մտադրութիւն կա՞յ: Կա՞յ որեւէ հիմնադրամ, որը դիմել է: Պատրիարքարանից նման պահանջ կա՞յ»:
Թարգմ.` ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
«Ակունք»

