Ուֆայի Կիրակնօրեայ Հայկական Դպրոցը Որպէս Հայոց Լեզուի Եւ Մշակոյթի Պահպանման Օճախ

ԿԱՐԻՆԷ  ԱՂԱՊԱՊԵԱՆ

p8-9-bԼեզուն ազգային դրօշն է: Ազգն ինքնըստինքեան ազգ չէ,
եթէ չունի լեզու, ազգը չի կորչի, եթէ նրա լեզուն պատշաճաւոր ճոխանայ, արմատանայ հոգու եւ սրտի մէջ:

ՄԻՔԱՅԷԼ ՆԱԼԲԱՆԴԵԱՆ

Ռուսաստանի Դաշնութեան Պաշկորտոստանի Հանրապետութեան մայրաքաղաքն է Ուֆան, որի բնակչութիւնը 1,071,600 մարդ է, իսկ ամբողջ Պաշկորտոստանն ունի 4,072,100  բնակչութիւն, տարածքը 150 հազար քառակուսի քմ է: Այն բազմակրօն եւ բազմազգ հանրապետութիւն է եւ ունի 900 մզկիթ, 200 ուղղափառ եկեղեցի, այստեղ աւելի քան 100 ազգեր են ապրում: Բնիկ բնակիչները բաշկիրներն են, ապրում են ռուսներ, թաթարներ, չուաշներ, ուքրանացիներ, գերմանացիներ  եւ այլ ազգերի ներկայացուցիչներ: Հայերի թիւը պաշտօնապէս 10 հազար է, իրականում այն կազմում է մօտ քսան հազար մարդ: Այսօր Պաշկորտոստանը օրինակելի տարածաշրջան է Ռուսաստանի Դաշնութիւնում, որտեղ հանգիստ ու խաղաղ կողք-կողքի ապրում եւ աշխատում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ:

Դա անկասկած հանրապետութեան ղեկավարութեան հմուտ քաղաքականութեան արդիւնքն է: Երկրում կան քսան ազգային կիրակնօրեայ դպրոցներ: Հայերն արդէն 13 տարիէ, որ ունեն իրենց հայկական կիրակնօրեայ դպրոցը, որի համար պիւտճէից ֆինանսաւորումը կատարում է Պաշկորտոստանի Հանրապետութեան կրթութեան նախարարութիւնը, Ուֆայի քաղաքապետարանը: Եւ սա հայ համայնքի նախկին նախագահ Արմենակ Տօնոյեանի նախաձեռնութիւնն էր:

Դպրոցի տնօրէն Ա. Ասատրեան

Դպրոցի տնօրէն Ա. Ասատրեան

Հայկական կիրակնօրեայ դպրոցում ուսուցանուող առարկաներն ունեն հայագիտական մշակութային ուղղուածութիւն եւ համաձայնեցուած են այդ հանրապետութեան կրթութեան նախարարութեան կողմից: Դպրոցում դասաւանդւում են հայոց լեզու եւ գրականութիւն, հայոց պատմութիւն, գեղագիտական ուղղուածութեան եւ նշանակութեան այլ առարկաներ: Դրա շնորհիւ Ուֆայում ապրող հայ երեխաները կապուած են մնում իրենց արմատներին: Այս դպրոցի կազմաւորման գործում մեծ աշխատանք է կատարել նաեւ հիմնադրման օրուանից տնօրէն Ալպերթ Ասատրեանը:

Շատ դժուար է եղել, ճակատագրի բերումով հայրենիքից կտրուած, օտար ափերում` Ուֆա քաղաքում յայտնուած Ալպերթ Ասատրեանի համար: Ինչքան բարի ու նուիրական պիտի լինէր նրա սէրը հայրենիքից կտրուած իր հայրենակիցների նկատմամբ, որ կարողանար ինքնանուիրումով մասնակցել հայապահպանման աշխուժ գործընթացին` հայկական կիրակնօրեայ դպրոցի հիմնադրմանը:

Ծնուել է 1955-ին, Երեւանում: Նրա կեանքում մեծ դեր է խաղացել մարզանքը: Դեռեւս վեց տարեկանից սկսել է զբաղուել մարմնամարզութեամբ Հրանդ Շահինեանի մարզական դպրոցում: 13 տարեկանից արդէն զբաղւում էր հեծելարշաւով: 1978-ին աւարտել է Հայաստանի պետական մարմնամարզանքի հիմնարկի մանկավարժութեան բաժինը:

p8-9-cՍտացած է հեծելարշաւի Խորհրդային Միութեան վարպետի կոչում: Եղել է Հայաստանի Հանրապետութեան ախոյեան եւ բազմակի տիտղոսակիր մրցանակակիր, նաեւ անդրկովկասեան հանրապետութիւնների հեծելարշաւի ախոյեան, միջհանրապետական տարբեր կարգի մրցումների յաղթող: 1976-ին Լենինկրատում կայացած Խորհրդային Միութեան միջհամալսարանային արծաթէ մետալակիր է: Նուաճած մետալները 15 են: Հեծելարշաւի միութենական կարգի մրցավար է եւ 1987-ին արդէն Թալինում լաւագոյն մրցավարների տասնեակի մէջ էր:

Այնուհետեւ անցել է մարզչային-մանկավարժական աշխատանքի: Զբաղուել է նաեւ գիտամեթոտական աշխատանքով, գրել է բազմաթիւ աշխատութիւններ մարզական հոգեբանութեան, մանկավարժութեան մասին եւ տպագրուել է` Երեւանում, Թալինում, Մոսկուայում, Չելեապինսքում, Ուֆայում, Ս. Փեթերսպուրկում:

Պաշկորտոստանում է 1997 թուականից: Հետեւողականօրէն գործելով այլ դաւանանք ունեցող միջավայրում, իր տնօրինութեան տակ գտնուող դպրոցը դարձրել է մի իւրատեսակ ովասիս, որտեղ իշխում է սէրը, ազգերի միջեւ բարեկամութիւնն ու համերաշխութիւնը: Ճակատագիրը մեր ազգին միշտ տարել է փորձութեան, սփռել է աշխարհով մէկ, բայց որտեղ էլ որ գտնուելիս լինեն հայերը, համախմբուել են եկեղեցու շուրջ, որպէսզի լեզուն, մշակոյթը, ազգային սովորոյթները պահպանեն եւ փոխանցեն սերունդներին ու այդ գործում առաջնահերթը միշտ եղել է հայկական դպրոցի ստեղծումը: Ուֆայում  հայկական եկեղեցի դեռ չեն կառուցել: Դրանով զբաղւում է նոր ընտրուած համայնքի երիտասարդ նախագահ Արկադի Դալարեանը: Այս տարուայ ընթացքում վերադաս պետական  մարմինները պաշտօնապէս կ՛ապահովեն տարածքով եւ կը կառուցուեն եկեղեցին եւ դպրոցը:

p8-9-dԱյստեղ այնքան ջերմ են յարաբերութիւնները հայ համայնքի հետ, որ Ռուսաստանի ծերակուտական Ռաֆայիլ Զինուրովը գրել է հայ ժողովրդի պատմութեանը նուիրուած «Հայաստան-հազարամեակների ուղի» աշխատութիւնը: Նա նաեւ քանդակագործ է: Նրա կազմակերպած «Անյայտ հերոսներ» խորագրով ցուցահանդէսում ներկայացուած էին նաեւ հայ հերոսների դիմաքանդակներ:

Հայկական կիրակնօրեայ դպրոցի կայացման եւ պահպանման գործում մեծ աջակցութիւն են ցուցաբերել` Սինտիմիր Պայազիտովը, որ այժմ Ուֆայի քաղաքապետի տեղակալն է, նախկինում կրթութեան վարչութեան պետն էր: Էռա Վալիեւան, նախկինում թիւ տաս դպրոցի տնօրէնն էր, որի պատերի ներքոյ էլ գործում է հայկական կիրակնօրեայ դպրոցը: Վեներա Քաֆարովան, որ Ուֆայի Լենինեան շրջանի կրթութեան բաժնի պետն է եւ տարիներ շարունակ ամէն օր ջանասիրաբար լուծում է դպրոցի հետ կապուած ցանկացած հարց, նա նաեւ Ալպերթ Ասատրեանի անմիջական ղեկավարն է: Նրանք բոլորն էլ զբաղւում են Ռուսաստանի Դաշնութիւնում ազգային փոքրամասնութիւնների հարցերով եւ շատ ուշադիր են աճող սերնդի կրթութեան ու դաստիարակութեան, մշակութային եւ սովորոյթների պահպանման նկատմամբ: Այս գործում իրենց բարեացակամ վերաբերմունքն են ցուցաբերում նաեւ հանրապետութեան ղեկավարութիւնը եւ Ուֆա քաղաքի քաղաքապետը` Իրեկ Եալալովը: Նրանք ֆինանսաւորում եւ ստեղծում են բարենպաստ պայմաններ դպրոցի աշխատանքների համար: Այսպիսի համակարգի ազգային կիրակնօրեայ դպրոցներ երեխաների լրացուցիչ կրթութեան պետական ուսումնական հաստատութիւններ Ռուսաստանի այլ շրջաններում չկան:

Այս դպրոցը պահպանում է երեխաների ազգային ինքնութիւնը եւ իրականացնում է երեխաների սահուն միացումը` ազգամիջեան բարի դրացիական յարաբերութիւնների հաստատմամբ, մշակութային երկխօսութեան միջոցով:

p8-9-eԴպրոցն իրականացնում է արտադասարանական լրացուցիչ ուսումնական գործունէութիւն` մարզական բացօթեայ խաղեր, փորձեր, փառատօներ, մրցոյթներ, տօնւում են կարեւոր օրացուցային տօները:

Ուֆայի հայկական կիրակնօրեայ դպրոցն ունի շուրջ 100 աշակերտ, որոնցից հայեր են 90-ը: Հետաքրքիրն այն է, որ բացի հայերից մեծ սիրով դպրոց են յաճախում նաեւ ուքրանացիներ, ռուսներ, թաթարներ: Ուֆայի բուհերում սովորող ուսանողները աշխուժօրէն օգտւում են դպրոցի գրադարանից: Նրանք ծանօթանում են հայոց լեզուին, հայկական մշակոյթին, նաեւ` պատմութեանը, ստանում են հնարաւորութիւն հետագայում հայագիտութեամբ զբաղուելու համար: Այստեղ ուսուցիչները եօթն են, բոլորն էլ ունեն բարձրագոյն կրթութիւն: Դպրոցի սաները եւ ուսուցիչները բազմաթիւ մրցոյթների յաղթողներ են:

Ալպերթ Ասատրեանը Համառուսաստանեան կրթական ֆորումի կողմից կազմակերպած «Ռուսաստանի հարիւր լաւագոյն դպրոցները» մրցանակաբաշխութեան շրջանակներում ճանաչուել է «Տարուայ տնօրէն-2013» նաեւ Տարուայ մարդ է: Ալպերթ Ասատրեանին Ռուսաստանի Դաշնութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը պարգեւատրել է Ռուսաստանի ընդհանուր կրթութեան պատուաւոր աշխատողի մետալով եւ կոչումով: Այս բոլոր յաջողութիւններն արդիւնք են նրա մասնագիտական եւ մարդկային բարձր որակների, ազգային ինքնութեան պահպանման հարցում հետեւողական աշխատանքի, ինչպէս նաեւ` տեղի իշխանութիւնների բարեացակամ վերաբերմունքի:

p8-9-fԱլպերթ Ասատրեանի ունեցած յաջողութիւնները գնահատուել են նաեւ հայրենիքում: Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնը շնորհաւորել եւ մաղթել է նրան յաջողութիւններ հայրենիք-սփիւռք գործակցութեան համահայկական ծրագրերի իրականացման, մայրենիի եւ հայկական մշակոյթի պահպանման, հայ եւ բաշկիր ժողովուրդների, հայ-ռուսական անխախտ բարեկամութեան հետագայ խորացման գործում եւ պարգեւատրել է «Ուիլիըմ Սարոյեան» մետալով, կրթութեան ոլորտում եւ ազգային մշակոյթի պահպանման գործում ձեռք բերած յաջողութիւնների համար: Նա նաեւ Ռուսաստանի հայերի միութեան յոբելենական ոսկէ մետալակիր է: Արժանացել է Համառուսաստանեան մրցոյթի բարձր պարգեւի «Ուսումնական համագործակցութեան համայնապատկեր» մետալին եւ տիտղոսին, արդիւնաւէտ համագործակցութեան,  մշակոյթների միջեւ երկխօսութեան  հիմքի վրայ  ուսանողների եւ երիտասարդների շրջանում հանդուրժողականութեան  դաստիարակութեան համար եւ բազմաթիւ այլ մրցանակների Պաշկորտոստանի Հանրապետութեան կրթութեան նախարարութեան, Ռուսաստանի հայերի միութեան, Համաշխարհային հայկական քոնկրեսի կողմից:

Այսպիսին են կիրակնօրեայ դպրոցի տնօրէնի յաջողութիւնները:

Ալպերթ Ասատրեանն աշխատանքից դուրս սիրում է զբաղուել մարմնամարզով, ճատրակով, լսում է ժողովրդական եւ դասական երաժշտութիւն, կարդում է մասնագիտական յատուկ գրականութիւն: Նա մշտապէս զեկոյցներով հանդէս է գալիս ամէնամեայ համահայկական միջազգային հաւաքներում:

Ուֆայի հայկական կիրակնօրեայ դպրոցում հայապահպանութիւնը իրագործւում է ազգային երգերի եւ պարերի միջոցով, երեխաներին եւ նրանց ծնողներին ծանօթացնում են նաեւ հայ բանահիւսական ժառանգութեանը: Դպրոցի աշակերտները, ուսուցիչները եւ ծնողները միշտ ներգրաւուած են լինում ազգային տօնակատարութիւններում: Այդ գործընթացներում ի յայտ են գալիս բազմաթիւ շնորհալի երեխաներ, ովքեր յաղթող են ճանաչւում միջազգային գրական եւ երաժշտական մրցոյթներում եւ փառատօներում:

Ալպերթ Ասատրեանը համոզուած է, որ հանրապետութիւնում լիովին ձեւաւորուել է տարածաշրջանային մոտել, ազգամիջեան ներդաշնակութիւն եւ խաղաղութիւն, որը կարող է կիրառուել նաեւ Ռուսաստանի այլ շրջաններում: Դպրոցի ելեկտրոնային կայքն է` http://www.armschoolufa.ru/ :

 

Երեւան

Share this Article
CATEGORIES