Մայիս Մխիթարեանի Արուեստանոցում

ԱՇՈՏ ՎԱՒԵԱՆ

Մայիս Մխիթարեանը Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խորանի վարագոյրի մօտ

Մայիս Մխիթարեանը Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խորանի վարագոյրի մօտ

Գեղանկարիչ Մայիս Մխիթարեանի ստեղծագործական ոճն ազգային կերպարուեստում մի նոր էջ է` առանձնանալով իւրօրինակ գունաշխարհով եւ ինքնատիպ լուծումներով, նրան լաւ են ճանաչում մշակոյթի սիրահարները Հայաստանում: Վերջերս Իտալիայի Ֆլորանս քաղաքում ցուցադրուած նրա աշխատանքներն արժանացան նաեւ օտարերկրեայ արուեստասէրների ուշադրութեանը, իսկ հանրաճանաչ բանաստեղծ, քանդակագործ Մասսիմօ Լիփփին նրա արուեստը համարեց մի նոր ուղղութիւն` ժամանակակից նկարչութեան բնագաւառում:

Մայիս Մխիթարեանի հետ ծանօթ էի, բայց առաջին անգամ էի Երեւանի Սարի Թաղում գտնուող նրա տանը, որի երկրորդ յարկի լուսաւոր եւ ընդարձակ սենեակը վարպետի արուեստանոցն էր: Պատի երկայնքով մէկ փակցուած էր նկարչի հանրայայտ «Խորհրդաւոր ընթրիքը» հսկայաչափ գեղանկարը, որի կենտրոնում Յիսուսն է` իբրեւ խմբավարական փայտիկ ձեռքին ունենալով ցորենի մի հասկ, որի վրայից գինի է կաթում, իսկ նուագախմբի անդամներն են տասներկու առաքեալները իւրաքանչիւրի ձեռքում երաժշտական մի գործիք: Գործիքների կա՛մ լարերն են պոկուած, կա՛մ փողերը` հատուած. այնպէս որ, քարացած, սպասողական կեցուածքով եւ խորհրդաւոր հայեացքներով առաքեալներն անկարող են նուագել, … այսինքն` քարոզել Յիսուսի Խօսքը, քանի դեռ Տէրը չի խաչուել, յարութիւն առել, համբարձուել եւ նրանց օժտել Սուրբ Հոգով: Մօտենում ենք ծանօթանալու նրա` դեռեւս անաւարտ վերջին ստեղծագործութեանը. Եուտիթն է Աստուածաշնչից: Գեղեցկատես եւ հպարտ, նա կամաց շարժւում է առաջ, չար զօրապետի կտրուած գլուխը մի ձեռքով պահած, իսկ մահաբեր դաշոյնը միւս ձեռքից մի փոքր հեռաւորութեամբ` ասես օդում անշարժացած, … եւ կարծես թէ տեսնում ես, որ այն շարժւում է տիկնոջ շարժումներին համընթաց: «Եուտիթ»-ից քիչ այն կողմ պատին է փակցուած նաեւ արուեստագէտի հեղինակած Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խորանի քերովբէներով նկարազարդ եռագոյն վարագոյրի լուսանկարը, որի կարմիր, կապոյտ եւ ծիրանի գոյների ընտրութիւնը, պարզւում է, դարձեալ քաղուած է Աստուածաշնչից…

«Խորհրդաւոր ընթրիքը» գեղանկար

«Խորհրդաւոր ընթրիքը» գեղանկար

«Եուտիթ»-ը` Աստուածաշնչից

«Եուտիթ»-ը` Աստուածաշնչից

Արուեստանոցի` նկարչական պարագաներ պարունակող հատուածից ուղղւում ենք սենեակի հակառակ կողմում գտնուող հիւրասեղանը, ուր մեզ արդէն սպասում են գեղանկարչի կնոջ պատրաստած ուտեստները: Սեղանի շուրջ մեր զրոյցը եւս ազգայինի եւ հոգեւորի շուրջ է` ինչպէս եւ տրամադրում է արուեստանոցի մթնոլորտը: Խօսում ենք, որ հայութեան պարագայում ազգային եւ քրիստոնէական արժէքները միահիւսուած են, իսկ մշակոյթը` ամբողջութեամբ ներծծուած այդ հաւատքով: Ցաւում ենք, որ ի վնաս հասարակութեան բարոյական նկարագրի, բոլորը չէ, որ հասկանում են, թէ հէնց սրանում է կայանում մեր ժողովրդի առանձնայատկութիւնն ու կենսունակութեան գաղտնիքը: Մայիս Մխիթարեանը, ով ծնուել ու մեծացել է Թիֆլիսում, չի կարողանում թէկուզ մի պահ պատկերացնել, որ ոեւէ վրացի յանդգնի իր եկեղեցու դէմ խօսել, էլ ուր մնաց, թէ լրատուամիջոցների կողմից ամպիոն տրամադրուի այդպիսիներին: Եւ սա այն դէպքում, երբ հայերի աւանդը քրիստոնէութեան տարածման գործում այդքան մեծ է: Իրօք որ, խորհրդային հակաաստուածութիւնը թերեւս այնքան խորը հետք թողեց, որպէսզի որոշ մարդիկ առանց Աւետարանը գոնէ մասամբ կարդալու` կարողանան նպատակադրուած դէմ արտայայտուել հաւատքին ու եկեղեցուն: Բայց Մայիս Մխիթարեանը շատ աւելի լաւատես է, քան ես, նա հակում է տեսնում դէպի լոյսն ու հաւատքը: Յիշեցնում է, որ ժամանակին ինչպէս էին ասում, թէ Երեւանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին շատ մեծ է, կը մնայ դատարկ, բայց ահա տեսնում ենք. ամէն կիրակի այն լեփլեցուն է` իր բոլոր 1700 տեղանոց աթոռաշարով հանդերձ: Եւ հիմա էլ, երբ աւարտին է մօտենում Աբովեան փողոցի վրայ գտնուող հրաշագեղ Ս. Աննա եկեղեցու շինարարութիւնը, դեռեւս չեն մարում տրտնջոցները, թէ մեզ եկեղեցիներ պէտք չեն… Արուեստագէտը վստահ է, որ այն լինելու է սիրուած ու մարդաշատ: Մայիս Մխիթարեանի կարծիքով, հայերի մօտ եկեղեցի կառուցելը գալիս է ծիներից եւ բնազդի պէս մի բան է: «Պատմութեան ընթացքում մենք եկեղեցիներ ենք կառուցել նոյնիսկ պատերազմների ժամանակ», ասում է նա:

Երբ այս խօսքերի վրայ վարպետը մի պահ կանգ առաւ ու մի քիչ էլ մտածեց, պարզուեց, որ նրա մօտ մի նոր մտայղացում եւս ծնուեց: Ես չհետաքրքրուեցի եւ այդպէս էլ չիմացայ, թէ ինչպիսին էր լինելու իր յաջորդ գործը, բայց պարզօրէն մի բան հասկացայ. Մայիս Մխիթարեանի արուեստանոցի ստեղծագործական մթնոլորտի ազդեցութեամբ սեղանի շուրջ փոխանակուող մտքերից կարող էին ծնուել նորանոր ստեղծագործութիւնների մտայղացումներ: Այնպէս որ, հիւրասեղանը արուեստանոցում զետեղելն ամենեւին էլ պատահականութիւն չէր. սա նոյնպէս Մայիս Մխիթարեանի մտածողութեան ինքնատիպութեան մի դրսեւորում էր:

Իմաստալից եւ անչափ հետաքրքիր էր գեղանկարիչ Մայիս Մխիթարեանի արուեստանոց-հիւրասենեակում անցկացուած ժամանակս, իսկ վարպետի կնոջ` Պերճանուշի պատրաստած ուտեստը` չափազանց համեղ: Բեղմնաւոր աշխատանք մաղթենք տաղանդաշատ արուեստագէտին ու անհամբերութեամբ սպասենք նրա կերտելիք կտաւներին:

 

 

 

Share this Article
CATEGORIES