Գարուն Էր Ու Տերեւաթափ. . .

ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ

Յարգա՛նք նրանց յիշատակին:

2014 թիւ, ապրիլեան գարնանային ծաղկունքի օրեր էին սպասւում բնութեան եւ մարդկութեան մէջ, բայց ո՞վ է տեսել, որ բնութիւնը ընթանայ իր բնական հունով ու չարբենայ իրեն առեղծուածային, չնախատեսուած հնարքներով:

Ապրիլ ամսուայ հինգ օրուայ մէջ, մէկ առ մէկ գնացին համայնքիս հայ մշակոյթը պահպանող չորս ազգանուէր անձինք:  Անձի՛նք, որոնց մտային արմատները խորն էր մխրճուած հեռու հայրենիքի սրբազան հողի մէջ: Անձի՛նք, որոնց ծնողները, մեծ հայր ու մայրերը նահատակուեցին ու տառապեցին բարբարոս թուրքերի ճիւաղային մտքի գործունէութեան արարումներով: Անձինք, որոնք գիտակից էին իրենց  պատմութեանը, գիր ու գրականութեան:

ՀԵՐԻ ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆ.- (Ծնած` Հալէպ), դեկտեմբեր 4, 1930 – ապրիլ 21, 2014թ. յայտնի լրագրող- լուսանկարիչ, Միջազգային մամուլի գործակալութեան աշխատակից, Միջին Արեւելքից սկսած մինչեւ Ափրիկէ ու Ամերիկայի զանազան շրջանների լրագրերի մէջ փայլում էին նրա իւրայատուկ լուսանկարները` հայ արուեստն ու մշակոյթը ծանօթացնելով նաեւ ուրիշներին: Նա յաճախ էր լինում հայկական ձեռնարկներում` միշտ վզից կախուած լուսանկարչական գործիքով, որով մամուլին էր յանձնում լուռ ու անխօս պատկերները`  իրենց խօսուն ու պատմող հայեացքների տեսքով: Հերին համայնքիս սիւներից մէկն էր համարւում: 2005-ին նա պարգեւատրուել էր «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԵՍԱՅԵԱՆ.- (Ծնած` Պաղտատ) նոյեմբեր 2, 1929 – ապրիլ 18, 2014թ., հայ ազգին նուիրեալ, ՀՄԸՄ-ի  տարիների ատենապետ էր` սկսեալ Պաղտատից մինչեւ Նիւ Եորք: Հաստատուելով Նիւ Եորք` անդամակցել էր Ս. Լուսաւորիչ մայր եկեղեցւոյ ամէնօրեայ վարժարանի խնամակալ մարմինին: Իր սիրայօժար ծառայութիւնն էր բերել տեղիս Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան, մասնաւորապէս այս վերջին տարիներին որպէս վարչական յանձն էր առել հաշուապահական եւ դրամատնային պատասխանատու եւ լուրջ գործերը: Զգալի պիտի լինի բացակայութիւնը:

ԼՈՒՍԻ ԻՇԽԱՆԵԱՆ-ԹԱՆՔԵԱՆ.-  (Ծնած`  Ամերիկա, Եղեռնից  վերապրողի զաւակ)  –   Ապրիլ 20, 2014թ. միջազգային ճանաչում ունեցող դաշնակահարուհի, ճամբորդել է հեռաւոր երկրներ` ներկայացնելով բարձրորակ եւ սքանչելի համերգներ, ուր ծանօթացրել է նաեւ հայ յօրինողների գործերը օտար ազգերին: Միջին Արեւելքում եւ Ասիայում հրաւիրուել է «որպէս մասնագէտ»` համերգներ ունենալու Իրան, Իրաք, Լիբանան, Իսրայէլ, Յորդանան, Սուրիա, Եգիպտոս, Փաքիստան, Պանկլատեշ, եւ Սրի Լանքա:  Անձնապէս յիշում եմ, երբ 60-ական թուականներին Թեհրանի համերգից յետոյ հրաւիրուեց Նոր Ջուղայ` զարմանք ու հիացմունք պատճառելով ներկաներին: Նախկին Խորհրդային Միութեան հրաւէրով ութ շրջապտոյտ է կատարել Ալմա Աթա, Պաքու, Կիրովական, Լենինական, (Գիւմրի) Լենինկրատ, (Ս. Փեթերսպուրկ), Մինսք, Մոսկուա, Թաշքենդ, Թիֆլիս, Վլատիմիր, Եարոսլաւ եւ Երեւան: Ֆրանսայում Արուեստի գիտութեան միութեան կողմից արժանացել է ոսկեայ, իսկ Փարիզ քաղաքի անունից` արծաթեայ մետալի: Համերգ է ունեցել նաեւ Արժանթին եւ արժանացել` մեծ գնահատանքի: Լուսին ծառայել է Նիւ Եորքի Ազգային առաջնորդարանի Տիկնանց միութեան շարքերում երկար տարիներ, գործակցել է «Միւզիքալ Արմէնիա» ձեռնարկի յայտագրին` քաջալերելով տաղանդաւոր հայ երիտասարդ երաժիշտներին համերգ ունենալու անուանի «Քառնեկի հոլ, Ռիսայթըլ հոլ»-ի մէջ:

1991-92 թուականից սկսեալ եղել է «Ջուլիեարդ – Կոմիտաս բարեկամութիւն» կապի հիմնադիրը: Եւ մեծապէս աշխատանք է տարել, որ Երեւանի Կոմիտասի անուան երաժշտանոցի շնորհալի հայ երիտասարդ երաժիշտ-արուեստագէտ ուսանողները իրենց բարձրագոյն կրթութիւնը ստանան Նիւ Եորքի յայտնի «Ջուլիեարդ-արուեստի ուսումնարան»-ում: Եւ մինչեւ վերջ մնաց Կ. Ա. Երաժշտանոցի պատուոյ փրոֆեսէօր եւ աւարտական ուսանողների ամավերջի քննութեան դատական կազմի նախագահ: 2011-ին մեծարուեց տեղիս Ազգ. առաջնորդարանի կողմից` տարիների իր ազգասիրական տքնաջան ու անշահախնդիր աշխատանքի համար եւ պարգեւատրուեց «Զապէլ թագուհ»-ի պատուոյգրով: Լուսին Իշխանեանի բացակայութիւնը զգալի պիտի լինի երաժշտանոցի, իրեն սիրող ու յարգող անհատների ու համայնքիս համար:

ՕՆՆԻԿ  ՄԱՐԱՇԵԱՆ.- (Ծնած` Եգիպտոս) 1925  ապրիլ 22, 2014թ.  սկսեալ 1979 թուից մինչեւ 1999 թուականը ծառայել է Նիւ Եորքի Ազգային առաջնորդարանում եւ համարուել է առաջնորդարանի սիւներից մէկը: Եղել է անդամ Ամերիկայի Արեւ. թեմի  Ազգային վարչութեան, յետոյ ատենադպիր եւ ապա նախագահ` 1994-ից: Մասնակցել է Ազգային ընդհանուր ժողովին, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւն, Անթիլիաս, ուր ընտրուել է Ազգային Կեդրոնական վարչութեան   անդամ: Ծառայել է Նիւ Եորքի Ազգ. առաջնորդարանում մինչեւ 1999թ.: 1996 թուին պարգեւատրուել է քաղաքացիական ամենաբարձր գնահատականով` «Կիլիկեան իշխան»  շքանշանով, իր ազգանուէր ու նուիրական գործունէութեան համար: Օննիկ Մարաշեանը ճանաչուած էր նաեւ որպէս հմուտ մասնագէտ վառելանիւթի ասպարէզում, աշխատում էր «ՄԿՐՕ-ՀԻԼ» ընկերութեան մէջ, խմբագրում եւ գրում կարեւոր յօդուածներ` ընկերութեան պարբերաթերթում: Հանգստեան կոչուելուց յետոյ մնաց որպէս պատասխանատու խորհրդատու: Ունեցաւ համաշխարհային ճանաչում, սիրուեց ու յարգուեց բոլորի կողմից:

Մշակոյթը մարդկային մտքի հոգեւոր դաշտի ինքնութիւնը ներկայացնող զարկերակն եւ կենարար աղբիւրն է: Զուլալ ջուրն է ազգերի յաւերժութեան եւ հիմնաքարը լինելութեան: Մշակոյթը չպահպանող ազգերը կորցրել են իրենց լեզուն ու իրենց ինքնութիւնը:

Դարերի ընթացքում հայ ժողովուրդը շատ է տառապել վայրագ յարձակումների, կողոպուտների, կոտորածի ու տեղահանութեան պատճառով եւ ստիպուած` թողել է իր բնօրրանը ու ապրել ոչ քրիստոնեայ երկրներում. կարողացել է պահպանել իր լեզուն ու իր ինքնութիւնը: Այսօր, ինչպէս տեսնում ենք, Միջին Արեւելքում, նաեւ Ամերիկայի մէջ մի ուրիշ վտանգ է սպառնում հայ մշակոյթին: Մինչեւ այս վերջին տարիները հայ ազգը կարողացել է տոկալ իր կենցաղային խոչընդոտներին` պահպանելով իր լեզուն ու  իր ինքնութիւնը մահմետական երկրների մէջ: Բայց այսօր ամէն ինչ փոխուած է այդ երկրների մէջ, դարձեալ կարող ես փրկել լեզուդ եւ ազգութիւնդ, բայց կեանքի, ապրելու միջոցների դռները մնում են շատ նեղ, կամ  թէ` բոլորովին փակ: Եւ` նորէն պարտադրական տեղահանում հայ ընտանիքների,  համայնքների քայքայում ու լքում մեր հնադարեան հաստատութիւնների, ներկայի տխրութիւնը յիշեցնող յիշատակներով… Կեանքի ու ապրելու ապահովութիւնը վտանգուած ու անյայտ վիճակի մէջ է գտնւում այլեւս:

Իսկ դրա ճիշդ հակառակը, Ամերիկայում կարելի է  հանգիստ ու ապահով ապրել, բա՛յց, … բայց դիւրութեամբ կորցնել   լեզուդ ու պատմութիւնդ: Մի խօսքով, ապրել առանց ինքնութեան` անտեղեակ մարդ ինքն իրենից, ծառից պոկուած մի ճիւղի պէս:

Եթէ սփիւռքի մէջ, յատկապէս Ամերիկայում, ծնուած հայ զաւակը չունենայ հայեցի կրթութիւն, եթէ անտեղեակ լինի իր մշակոյթից ու պատմութիւնից, չորացած ճիւղերի պէս պիտի ցամաքի իր ինքնութիւնից, եւ ո՛չ մի պայծառ յոյս, ո՛չ մի լուսաւոր շող պիտի թողնի իր ապագայ ժառանգներին:

Եւ այսօր  մեր կազմակերպութիւնների գործիչները տակաւին ոչ ամերիկածին մարդիկ են: Կազմակերպութիւնները կարեւոր դեր են կատարում հայապահպանման խնդրում, եւ եթէ ամերիկածինը հեռու է մնում այդ հաստատութիւններից, կամաց-կամաց փլում է նրանց գոյատեւումը:

Ո՞ւր է գնում  մեր նորահաս երիտասարդութիւնը,  ո՞ւր ենք գնում մենք, ո՞վ է մեզ քաջալերող ընդհանուր հաւաքականի ուժ առաջնորդը: Թէ՞ նոր մաշտոցներ ու խրիմեան հայրիկներ են պէտք…  Ամերիկայի մէջ հայ մնալը պայքար է բառի բուն իմաստով, ընդհանրապէս մարդ պիտի զոհի իր ապրուստի կամ կեանքի որոշ ժամերը` ազգապահպանման գործի համար, եւ դա դժուարին խնդիր է շա՜տ շատերի համար: Արդեօ՞ք կեանքն է այդպէս պահանջում, թէ՞ մենք ենք զլանում:

Ինչպէս վերեւում նշուեց, մենք մէկ առ մէկ կորցնում ենք մեր տարեց ազգանուէր մարդկանց  եւ` ցաւ զգում, որ այսօր նրանց տեղը գրաւող անձինքը չկան: Աշնան տերեւի պէս պոկւում են իրենց համայնքից եւ գնում անվերադարձ: Գնալով դատարկւում է մեր շուրջը, դատարկւում է համայնքիս նախկին աշխուժ գործունէութիւնը: Չնայած` համոզուած եմ, որ միայն հայ հողի վրայ հայը կարող է մնալ հայ, բարգաւաճի ու մնայ հաւատարիմ իր սկզբունքներին, ինքնութեան ու իր դարաւոր մշակոյթին, բայց դա չի նշանակում, որ զլանանք Ամերիկայի մէջ ունենալու հայկական դպրոցներ ու կազմակերպութիւններ:

Ի՛նչ գնով էլ որ լինի դա, մենք պիտի սատարենք մեր հայ վարժարաններին, ուսանողութեան, այս է փրկութեան ճամբան, … Եւ միասնաբար աշխատանք տանենք կերտելու ո՛չ թէ միայն տարրական, այլ միջնակա՛րգ հայ վարժարաններ, որպէսզի հայ լեզուն բարգաւաճի հասուն ուսանողի մտքում ու հոգու խորքում: Կարեւոր է, որ ստեղծենք յարմարաւէտ կեդրոններ ու միջավայր` երիտասարդների համար: Եւ յուսա՛նք, յուսանք լաւատեսութեամբ, որ ամերիկածին հայ ուսանողը կը գիտակցի թէ ո՛վ է ինքը եւ ո՞ւր է գնում:  Չէ՞ որ մարդը մարդ է, երբ ապրում է գաղափարի ու նպատակների իրագործման համար: Մարդը լեցուն ու լրիւ է, երբ իր հոգու խորքում է պահում իր ազգութիւնը, իր մշակոյթը, հաւատքն ու պատմութիւնը:

ՆիւԵորք, 2014        

Share this Article
CATEGORIES