ՎՐԱՑԻ ԴԻՒԱՆԱԳԷՏՆԵՐԸ ԵՒ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՆԵՂԱՑԵԼ ԵՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է «ՁԵՌՆՊԱՀ» ԼԻՆԵԼ ԵՒ ՆՈՅՆԸ ԱԿՆԿԱԼԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՑ

Վրաստանի ղեկավարութիւնը հրապարակաւ իր ափսոսանքն է յայտնել, որ Հայաստանը Ռուսաստանի եւ 11 այլ պետութիւնների հետ դէմ է քուէարկել ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովում «Աբխազիայից եւ Հարաւային Օսեթիայից  հարկադիր տեղահանուածների ու փախստականների վիճակի մասին» բանաձեւին:

Արտաքին գործերի փոխնախարար Նինօ Քալանտածէն օրերս մամուլի ասուլիսում ափսոսանք է յայտնել, որ «Հայաստանը չի կիսում Թիֆլիսի պաշտօնական դիրքորոշումը»: «Մենք պարզաբանել էինք, որ բանաձեւը բացառապէս մարդասիրական բնոյթ ունի եւ չի հետապնդում որեւէ քաղաքական նպատակ», ասել է Քալանտածէն` յաւելելով, որ Հայաստանը դէմ է քուէարկել Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով:

Անկասկած, Վրաստանը ՄԱԿ-ում նման բանաձեւերով հետապնդում է առաջին հերթին քաղաքական նպատակներ, որքան էլ վրացի դիւանագէտները խօսեն դրանց «մարդասիրական բնոյթի» մասին:

«Մենք շարունակելու ենք մեր ջանքերը` համոզելու մեր բարեկամներին, որ մեր դիրքորոշումը ճիշդ է», ասել է Քալանտածէն:

Յիշեցնենք, որ Թիֆլիսը 2008-ից ի վեր նման ոչ պարտաւորեցնող բանաձեւեր է ներկայացնում ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի քուէարկութեանը, եւ Հայաստանը միշտ «դէմ» է քուէարկում: Սակայն այս տարուայ քուէարկութիւնը ուշագրաւ էր նրանով, որ այն օրը` յուլիսի 29-ին, երբ Նիւ Եորքում պիտի տեղի ունենար քուէարկութիւնը, Հայաստանի թիւ մէկ դիւանագէտը` արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանը  Թիֆլիսում էր: Վրաստանի արտաքին գործերի նախարարութիւնը գրաւոր նամակով խնդրել էր Հայաստանին, որպէսզի այս տարի Երեւանը աջակցի, սակայն հայկական կողմը նախորդ տարիների նման «դէմ» քուէարկեց:

Պարզ տրամաբանութիւնն ու դիւանագիտական նրբանկատութիւնը յուշում են, որ ցանկալի չէ այցով նոյն օրը գտնուել մի երկրում, որը բանաձեւի նախագիծ է ներկայացնում ՄԱԿ եւ, աւելի՛ն, ակնկալում քո օժանդակութիւնը կամ չէզոքութիւնը: Այս իմաստով, նախարար Նալբանդեանի` Վրաստան այցի ընտրուած ժամանակացոյցը լաւագոյնը չէր:

Բայց կարեւորագոյն հարցը, անշուշտ, Հայաստանի կատարած ընտրութիւնն է: Մի կողմից, անկասկած, Հայաստանը պարտաւորուածութիւն չունի յօգուտ Վրաստանի քուէարկել, քանի որ վերջինս գրեթէ առանց բացառութեան միանում է Ազրպէյճանին եւ ղարաբաղեան եւ կամ «ձգձգուող հակամարտութիւնների» հարցով ընդունուող բանաձեւերում քուէարկում է ընդդէմ Հայաստանի եւ հետեւաբար` Լեռնային Ղարաբաղի: Միւս կողմից, Հայաստանի համար դժուար է անկախ որոշում ընդունել, երբ ընդդէմ Վրաստանի քուէարկողների խումբը գլխաւորում է Ռուսաստանը:

Հայաստանի շահը, սակայն, առաջնահերթ է, եւ թերեւս արդարացուած կը լինի, եթէ այսուհետ Երեւանը «ձեռնպահ» քուէարկի, երբ ընտրութիւնը կարեւոր հարեւան Վրաստանի եւ դաշնակից Ռուսաստանի միջեւ է:

Եթէ Հայաստանը «ձեռնպահ» քուէարկի, ապա նոյնպիսի դիրքորոշում կարող է ակնկալել Վրաստանից, երբ Ազրպէյճանը ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կառոյցներում բանաձեւեր է ներկայացնում ընդդէմ Հայաստանի: Բացի այդ, «Աբխազիայից եւ Հարաւային Օսեթիայից  հարկադիր տեղահանուածների ու փախստականների վիճակի  մասին» բանաձեւի քուէարկութեան ամէնից մեծ խումբն այն երկրներն են, որոնք «ձեռնպահ» են քուէարկում: Այսպէս, յուլիսի 29-ին Վրաստանի «դէմ» քուէարկել է 13 երկիր, «կողմ»` 57-ը, «ձեռնպահ»` 74 պետութիւն:

Բայց կայ նաեւ մի երրորդ պատճառ, որը Հայաստանի «ձեռնպահ» քուէարկելը դարձնում է ցանկալի: Վրաստանի դէմ քուէարկող երկրները հիմնականում մենատիրական կամ ամբողջատիրական վարչակարգեր ունեն, եւ Հայաստանին պատիւ չի բերում լինել նրանց շարքում` Քուպա, Հիւսիսային Քորէա, Լաոս, Միանմար, Նիքարակուա, Ռուսաստան, Սերպիա, Սրի Լանքա, Սուտան, Սուրիա, Վենեզուելա, Վիեթնամ:

Եւ վերջապէս, Հայաստանը ՄԱԿ-ում քուէարկելու մէկ այլ ընտրութիւն ունի, եթէ իրօք ցանկանում է չնեղացնել հարեւան Վրաստանին ու դաշնակից Ռուսաստանին: Կարելի է ուղղակի այդ օրը քուէարկութեանը ներկայ չգտնուել: Այս տարուայ քուէարկութեանը ներկայ չեն գտնուել մասնաւորապէս Ուքրանիան եւ Իրանը, իսկ Վրաստանի ռազմավարական դաշնակիցներից Թուրքիան ձեռնպահ է քուէարկել:

ՎՐԱՑ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆ ԷԼ Է ՆԵՂԱՑԵԼ

Անցնող յունիսին Թիֆլիսի, իսկ  այնտեղից Ջաւախք այցելեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը` Վրաստանի հոգեւոր առաջնորդ Իլիա Երկրորդ պատրիարքի ուղեկցութեամբ: Վեհափառի այցի եւ դրա արդիւնքների մասին հայկական ու վրացական լրատուամիջոցներում եղան ամենահակասական հրապարակումներ: Հայաստանեան որոշ լրատուամիջոցներ եւ կազմակերպութիւններ Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը համարեցին ձախողուած, քանի որ հայ-վրացական եկեղեցական կնճիռներից եւ ոչ մէկը չհարթուեց: Միւսները վեհափառի այցը որակեցին պատմական եւ յաջողուած գոնէ այն իմաստով, որ աւելի քան մէկ դար յետոյ Ամենայն հայոցը այցելեց Ջաւախք, որտեղ բնակչութեան 95 տոկոսը հայեր են:

Ընդհանրապէս անիմաստ է սպասել, որ մէկ այցով հարթուեն բոլոր կնճիռները: Եթէ առաջիկայում հայ-վրացական եկեղեցական վէճերն ընթանան աւելի դրական, բարեկամական ու հանդուրժողական մթնոլորտում, ապա դա արդէն կարելի է յաջողութիւն համարել: Սակայն դատելով վրացական լրատուամիջոցների եւ վրաց հոգեւորականութեան վերջին օրերի պահուածքից,  դժուար է ակնկալել դրական զարգացում հայ-վրացական հոգեւոր յարաբերութիւններում:

Վրաստանի խորհրդարանը մէկ շաբաթ առաջ ընդունեց Քաղաքացիական օրէնսգրքի համապատասխան փոփոխութիւններ, որոնցով նախատեսւում է իրաւաբանական անձի կարգավիճակ շնորհել երկրում գործող կրօնական հինգ միութիւնների, այդ թւում` Հայ առաքելական եկեղեցուն: Մինչեւ այս փոփոխութիւնը` Վրաստանի կրօնական կազմակերպութիւնները եւ եկեղեցիները, բացառութեամբ Վրաց ուղղափառ եկեղեցու, կարող էին գրանցուել միայն որպէս հասարակական կազմակերպութիւն: Հիմնականում եւրոպական կառոյցների ճնշման տակ Վրաստանի խորհրդարանը ստիպուած էր կատարել փոփոխութիւններ, թէեւ դրան կտրականապէս դէմ էր Վրաց ուղղափառ եկեղեցին ու նրա առաջնորդ Իլիա Երկրորդ պատրիարքը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունեց Վրաստանում հայկական եկեղեցուն իրաւաբանական անձի կարգավիճակ տալու` վրացական իշխանութիւնների որոշումը: Մայր Աթոռի տեղեկատուական համակարգի պատասխանատու Վահրամ քհն. Մելիքեանը ասել է, որ այդ որոշումը արդիւնք էր յունիսին Վրաստան Ամենայն Հայոց կաթողիկոսի կատարած հովուապետական այցի ընթացքում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր երախտագիտութիւնն է յայտնում Վրաստանի նախագահին` Ամենայն Հայոց կաթողիկոսի խնդրանքին ընդառաջելու եւ խնդրին լուծում տալու համար», ասել է Մելիքեանը:

Իլիա Երկրորդը, ով աւելի վաղ յատուկ յայտարարութեամբ դիմել է խորհրդարանին ու յորդորել կասեցնել քաղաքացիական օրէնսգրքի փոփոխութիւնները, նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին կոչ է արել կրօնական միաւորումներին իրաւաբանական կարգավիճակ տրամադրելու մասին օրինագծի հարցում օգտուել վեթոյի իր իրաւունքից:

Վրաց եկեղեցու տարբեր ներկայացուցիչներ այս ընթացքում ոչ բարեկամական յայտարարութիւններ են անում Հայ առաքելական եկեղեցու, մասնաւորապէս Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցէին: Այսպէս, Վրաստանի ուղղափառ եկեղեցու Բրիտանիայի եւ Իրլանտայի թեմի առաջնորդ հայր Զենոնը, վկայակոչելով Վրաստանի խորհրդարանի որոշումը, Թիֆլիսի  «Մաէսթրօ» հեռուստատեսութեան եթերում ասել է. «Բոլորին յայտնի է վրացական ուղղափառ եկեղեցու հանդէպ նրա (Գարեգին Երկրորդի) վերաբերմունքը: Հայկական կողմի պահանջները միակողմանի են բաւարարուել. նրանց կարգավիճակ է տրամադրուել, այժմ նրանք կարող են եւ սեփականութեան վերաբերեալ պահանջներ առաջադրել: Փաստօրէն, այս ողջ լարուածութիւնը հայկական կողմի գործողութիւններով է պայմանաւորուած: Հասկանալի չէ, թէ ինչո՛վ է պայմանաւորուած հայկական եկեղեցուն տրամադրուող այս աջակցութիւնը, այն դէպքում, երբ Հայաստանը չի ընդունում փախստականների վերադարձի մասին ՄԱԿ-ի բանաձեւը»:

Մի քանի օր առաջ վրացական ելեկտրոնային լրատուամիջոցները տեղադրել են Ամենայն Հայոց կաթողիկոսի Վրաստան այցից մի տեսանիւթ (այն արդէն տեղադրել են նաեւ հայկական ելեկտրոնային լրատուամիջոցները), որում Գարեգին Երկրորդը գինու սեղանի շուրջ, շրջապատուած հայ եւ վրացի հոգեւորականներով, զրուցում է Իլիա Երկրորդի հետ: Ակնյայտօրէն տեսանիւթը կրճատուած ու խմբագրուած է ներկայացուած: Այն Ամենայն Հայոց հայրապետին ներկայացնում է անչափ ոչ շահեկան վիճակում: Սակայն յանուն արդարութեան պէտք է նշել նաեւ, որ Գարեգին Երկրորդ վեհափառի ընտրած լեզուն եւ բառապաշարը պատիւ չեն բերում ո՛չ Մայր Աթոռին, ո՛չ Ամենայն Հայոցին եւ ո՛չ էլ Հայ առաքելական եկեղեցուն առհասարակ: Գարեգին Երկրորդը այդ տեսանիւթում խօսում է չափազանց վատ ռուսերէնով, իսկ որ ամենաանընդունելին  է` վրաց պատրիարքին դիմում է վիրաւորական «դու»ով: Հայկական որոշ լրատուամիջոցներ ամենախիստ ձեւով են քննադատել Ամենայն Հայոց կաթողիկոսին` նրա ընտրած բառապաշարի համար:

Իսկ ահա Մայր Աթոռի տեղեկատուական Համակարգի պատասխանատու Վահրամ քհն. Մելիքեանն այսպէս է արձագանգել. «Համացանցում տարածուած տեսանիւթը վերախմբագրուած է եւ խեղաթիւրուած ձեւով է ներկայացնում երկու կաթողիկոսների հանդիպումը, որին, ի դէպ, թոյլատրուած չէր նկարահանողների մուտքը: Սա վրացական կողմի հերթական սադրանքն ենք նկատում, ինչը մեզ համար անհասկանալի պատճառներով որոշ շրջանակներ շահարկման նիւթ են դարձնում»:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի համար

 

Share this Article
CATEGORIES