Որքանո՞վ Է Իրատեսական Հայ-Թուրքական Սահմանի Բացումը. Հայ-Թուրքական Սահմանի Բացման Մասին Հաղորդում Եւ Պաշտօնական Հերքում

ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ

Kaprielian_alican2014 թուականի յուլիսի 4-ին Թուրքիայում ամենասարսափայարոյց թերթի համբաւ վայելող «Թարաֆ» (թարգմանաբար` կողմ) թերթը գրեց, որ 21-ամեայ ընդմիջումից յետոյ վերաբացւում է հայ-թուրքական սահմանը. «Դա տեղի է ունենալու սեպտեմբերին եւ հանդիսանալու է Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ Թուրքիայի երկրորդ քայլը:

Առաջին քայլը գրանցուեց այս տարուայ ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանութեան 99-րդ տարելիցի նախօրէին, երբ Թուրքիայի վարչապետ Ռեճեփ Էրտողանը ցաւակցական ուղերձ յղեց հայերին: Էրտողանն արդէն իսկ հրահանգել է մինչեւ սեպտեմբեր աւարտել Հայաստանի հետ սահմանը բացելու հետ կապուած նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները, որոնք մեկնարկել են երկու տարի առաջ:

«Խօսքը գնում է Ալիճանի սահմանային անցակէտի բացման մասին, որը 1993 թուականին փակուել է ղարաբաղեան հակամարտութեան պատճառով: Ալիճանի սահմանային անցակէտի բացումը կը նպաստի Հայաստանի ու Միացեալ Նահանգների հետ Թուրքիայի յարաբերութիւնների կարգաւորմանը:

«Ալիճանի անցակէտի բացումից յետոյ Հայաստանն էլ կը բացի Մարգարայի մօտ գտնուող անցակէտը: Ստացւում է, որ Ալիճանի սահմանակէտի բացումը, Հայաստանի ու Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորումից բացի, մեծ նշանակութիւն ունի նաեւ Թուրքիայի ու Միացեալ Նահանգների փոխյարաբերութիւնների համար»:

Նոյն օրն իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեան, ինչպէս եւ սպասւում էր, հանդէս եկաւ տուեալ տեղեկատուութեան պաշտօնական հերքմամբ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեան խօսնակ Թանժու Պիլկիչը յայտարարեց, որ այդ տեղեկատուութիւնը չի համապատասխանում իրականութեանը.

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը Հայաստանի հետ սահմանի բացման հարցն օրակարգում ընդգրկելը հնարաւոր է համարում Հարաւային Կովկասում խնդիրների համապարփակ ու տեւական կարգաւորման դէպքում: Թուրքիայի «արտաքին գործերի նախարարութիւնը կարծում է, որ Հայաստանն այդ հարցում պէտք է լուծի իր հարեւանների հետ առկայ խնդիրները` ցուցաբերելով կամք եւ գործնական քայլեր», ըսաւ ան:

Հայ-Թուրքական Սահմանի Բացման
Հնարաւորութեան Օգտին Վկայող Ցուցիչներ

Անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական հերքմանը` պէտք է նկատել, որ դա ամենեւին էլ չի նշանակում, թէ սեպտեմբերին կամ, ասենք, 2015 թուականին չի բացուելու հայ-թուրքական սահմանը: Դա են վկայում նաեւ մի շարք ցուցիչներ: «Թարաֆ»-ի հրապարակման մէջ նշուած էր, որ հայ-թուրքական սահմանի բացման նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են երկու տարի առաջ, այսինքն` 2012 թուականին:

Պէտք է յիշել, որ 2012 թուականի աշնանը թուրքական մամուլը յայտնել էր, որ Ալիճանի սահմանակէտի ճանապարհին ընթանում են ասֆալտապատման նոր աշխատանքներ: Բացի այդ, տարւում են ճանապարհի ընդլայնման աշխատանքներ, ինչն անհանգստացրել էր տեղական բնակչութեանը (նաեւ` ազրպէյճանական կողմին), որը կարծում է, թէ ճանապարհի վրայ կատարուող մեծածաւալ եւ արագ աշխատանքները կարող են կապուած լինել հայ-թուրքական սահմանի հնարաւոր բացման հետ:

Հայաստանի հետ սահմանի բացման աշխատանքների նախապատրաստութիւնների մեկնարկը 2012 թուականին կարող է տրամաբանական թուալ հետեւեալ երկու պատճառով. ա) Վերջին տարիներին Թուրքիայում շարունակ գերակայում է 2015 թուականին Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ պայքարի շրջանակներում հակաքայլեր անելու գաղափարը, բ) Էրտողանի գլխաւորած Արդարութիւն ու բարգաւաճում կուսակցութիւնը (ԱԲԿ) յաղթել էր 2011 թուականի յունիսի 12-ին երկրում անցկացուած խորհրդարանական ընտրութիւններում (49.83 տոկոս), ինչը հանդիսացաւ ԱԲԿ-ի երրորդ անընդմէջ յաղթանակը (դրանից առաջ ԱԲԿ-ը յաղթել էր 2002 թուականի նոյեմբերի 3-ի եւ 2007 թուականի յուլիսի 22-ի խորհրդարանական ընտրութիւններում) եւ ազատ արձակեց նրա ձեռքերը:

«Թարաֆ»-ը Հայաստանի հետ սահմանի բացման մասին իր նիւթում յայտնել է, որ ասֆալտապատուել է Ալիճանի անցակէտ տանող 7 քիլոմեթրանոց ճանապարհը, բուն անցակէտը վերազինուել է նոր սարքաւորումներով: Եթէ թուրքական կողմը չի պատրաստւում բացել Հայաստանի հետ սահմանը, ապա հարց է առաջանում, թէ ի՞նչ նպատակ կարող են հետապնդել նմանատիպ քայլերը:

Աւելի՛ն. 2013 թուականի մայիսի վերջին թուրքական մամուլը յայտնեց, որ 44 տարի անց վերանորոգւում է Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանի Չաթաք գիւղի եւ Հայաստանին սահմանակից Աքեաքա շրջանի միջեւ ընկած երկաթուղին («Կարս-Գիւմրի» երկաթուղու թուրքական հատուածը): 112 քիլոմեթր երկարութեամբ երկաթուղու վերանորոգման աշխատանքները տեւելու են 6 ամիս, ինչից յետոյ երկաթգծով աւելի անվտանգ կ՛երթեւեկեն գնացքները:

Դրան պէտք է նպաստի այն, որ 39 համարի երկաթգծերը փոխարինուելու են 49 համարի երկաթգծերով, ինչն աւելի կը համապատասխանի արդի պայմաններին: Այդ աշխատանքներին ներկայ է գտնուել Կարսից ընտրուած պատգամաւոր, ԱԲԿ-ի անդամ Ահմեթ Արսլանը: Եւ երբ լրագրողները նրան հարցրել էին, թէ արդեօք երկաթգծի վերանորոգումը կապուա՞ծ է Հայաստանի սահմանի (Աքեաքա շրջանի «Արեւելեան դուռ» անցակէտի) բացման հետ, նա խուսափողական պատասխան էր տուել` յայտարարելով, որ Աքեաքայի բնակիչների չափ ինքն էլ է ցանկանում, որ բացուի այդ սահմանը:

Եւ վերջապէս, 2013 եւ 2014 թուականներին թուրքական մամուլը քանիցս գրեց, որ պէտք է ականազերծում իրականացուի Հայաստանին սահմանակից շրջաններում: Այս դէպքում նոյնպէս չէր բացառուել, որ ականազերծման այդ աշխատանքները կարող են կապուած լինել հայ-թուրքական սահմանի հնարաւոր բացման հետ (թէեւ Թուրքիան նման աշխատանքներ է իրականացնելու նաեւ իր հարեւան այլ երկրների հետ սահմանին):

Հայ-Թուրքական Սահմանի Բացման Եւ
Ցեղասպանութեան Ճանաչման Ապագան

Թուրքիայի իշխանութիւնները 2015 թուականին ընդառաջ եւ ընդհանրապէս շարունակում եւ շարունակելու են «հայկական ուղղութեամբ» իրենց աննախադէպ քայլերի շարքը: Թուրքիայի նախագահի ու արտաքին գործերի նախարարի երեւանեան այցերին (06.09.2008 եւ 12.12.2013) յաջորդեց վարչապետի ցաւակցական ուղերձը (23.04.2014): Բնականաբար այդ շարքը դեռ շարունակուելու է, եւ թուրքական կողմից կարելի է ակնկալել «հայկական ուղղութեամբ» աննախադէպ նոր քայլեր (անկախ դրանց միտումից):

Թուրքիայում վստահ են, որ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ երկիրը յայտնուելու է միջազգային ուժեղ ճնշման տակ եւ ցանկանում են ի ցոյց դնել Հայաստանի եւ ընդհանրապէս հայերի հետ իրենց յարաբերութիւնները կարգաւորելու պատրաստակամութիւն, եւ որ միջազգային հանրութիւնն իր քայլերով (Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող կամ ցեղասպանութեան հերքումը քրէականացնող բանաձեւեր ընդունելով) «պէտք չէ խոչընդոտի» Հայաստանի հետ Թուրքիայի յարաբերուելուն: Սակայն Թուրքիայի համար խնդիրը չի կարող աւարտուել միայն յայտարարութիւններով, անհրաժեշտ են գործնական քայլեր:

Հարկ է նշել, որ օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացուելու են նախագահական ընտրութիւններ, եւ Թուրքիայի նախագահին առաջին անգամ ուղիղ քուէարկութեամբ ընտրելու է ժողովուրդը (մինչ այդ Թուրքիայի նախագահին ընտրում էր խորհրդարանը): Անկասկած է, որ այդ ընտրութիւններում յաղթելու է ԱԲԿ-ի թեկնածու, գործող վարչապետ Ռեճեփ Էրտողանը, ով եթէ չկարողանայ էլ յաղթել ընտրութիւնների առաջին փուլում (ուր անհրաժեշտ է հաւաքել քուէների կէսից աւելին), ապա դա անպայմանօրէն կ՛անի երկրորդ փուլում (ուր անհրաժեշտ է քուէների սովորական առաւելութիւն):

Հնարաւոր երկրորդ փուլն անցկացուելու է օգոստոսի 24-ին, իսկ գործող նախագահ Ապտիւլլա Կիւլի պաշտօնավարման ժամկէտն աւարտւում է օգոստոսի 28-ին: Ներկայումս Էրտողանի գերխնդիրը երկիրն առանց ցնցումների դէպի նախագահական ընտրութիւններն առաջնորդելն է` հաշուի առնելով իր բարձր վարկանիշը:

Ելնելով դրանից` Էրտողանի համար ներկայումս ընդհանրապէս անհրաժեշտ չէ խօսել հայ-թուրքական սահմանի բացման հնարաւորութեան մասին, ինչը որոշակի շրջանակների մօտ կ՛առաջացնի մեծ դժգոհութիւն եւ կ՛առաջացնի որոշակի քուէների կորուստ (Էրտողանի խօսքերով` նախագահական ընտրութիւններում թանկ է իւրաքանչիւր քուէն):

Անդրադառնալով «Թարաֆ»-ի կողմից նշած հայ-թուրքական սահմանի բացման ժամկէտի (սեպտեմբեր) խնդրին, ապա դա տեղաւորւում է 2015 թուականին ընդառաջ հակաքայլերի շրջանակներում: Առաւել իրատեսական կարելի է համարել, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է իրականացուել առանց Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացման, որոնցում խօսք է գնում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման եւ յարաբերութիւնների զարգացման մասին:

Դա ունի երկու պատճառ. ա) Ներկայ դրութեամբ Էրտողանի գլխաւորած ԱԲԿ-ը 550 հոգանոց Թուրքիայի խորհրդարանում ունի միայն 313 պատգամաւոր (2011 թուականի խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքներով նա ստացել էր 327 պատգամաւոր), մինչդեռ արձանագրութիւնների վաւերացման համար անհրաժեշտ է 367 քուէ (խորհրդարանի 2/3-ի աջակցութիւնը):

Աւելի՛ն. ԱԲԿ-ի պատգամաւորների թիւը չի բաւականացնում անգամ հայ-թուրքական արձանագրութիւնները քուէարկութեան դնելու համար: Դրա համար ԱԲԿ-ից պահանջւում է առնուազն 330 քուէ (խորհրդարանի 3/5-ի աջակցութիւնը):

2015 թուականի յունիսին Թուրքիայում անցկացուելու են խորհրդարանական ընտրութիւններ եւ ԱԲԿ-ն ձգտելու է դրանց արդիւնքներով խորհրդարանում ստանալ առնուազն 367 տեղ: Ի դէպ, Թուրքիայի խորհրդարանը սովորաբար յուլիսից 2.5 ամսով գնում է արձակուրդ, եւ վերստին հաւաքւում է միայն հոկտեմբերի 1-ին:

բ) Սահմանի ուղղակի բացումը, առանց արձանագրութիւնների վաւերացման, աւելի անվտանգ եւ հեշտ տարբերակ է Թուրքիայի իշխանութիւնների համար, ընդ որում` թէ՛ ներքին (ընդդիմադիրներ), թէ՛ արտաքին (Ազրպէյճան) ճնշման տեսանկիւնից, քանի որ չի ենթադրում Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատում:

Վերջին շրջանում Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ ձեւաւորուած յարաբերութիւնները կարող են օրինակ ծառայել նաեւ Հայաստանի ու Թուրքիայի համար. Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ նոյնպէս չկան դիւանագիտական յարաբերութիւններ, սակայն դա նրանց չի խանգարում առեւտրա-տնտեսական ուղիղ յարաբերութիւններ հաստատել միմեանց հետ` դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման հարցը թողնելով հետագային:

Այստեղ պէտք է մէջբերել 2011 թուականի յունիսին ազրպէյճանական «Զերքալօ» թերթում հրապարակուած ազրպէյճանցի հանրայայտ լրագրող եւ քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրքատիրովի (որին Թուրքիան այս տարի արտայանձնեց Ազրպէյճանին, ուր նա այժմ կալանքի տակ է) «Թուրքիան պատրաստւում է Հայաստանի հետ յարաբերութիւնների վերաբեռնմանը» յօդուածից մի հատուած.

«Զերքալօ»-ի լրագրողի հետ գլուխ-գլխի զրոյցում Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեան բարձրաստիճան աղբիւրը յայտնել է, որ Թուրքիան ներկայումս պատրաստւում է Հայաստանի հետ յարաբերութիւնների վերաբեռնման ծրագրի իրագործմանը: Սակայն այս անգամ կիրառուելու է «փոքր քայլերի» մարտավարութիւնը:

Այսինքն այս դէպքում խօսքը չի գնում 2009 թուականի հոկտեմբերի 10-ին ստորագրուած ցիւրիխեան արձանագրութիւնների վաւերացման եւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման մասին: Ամէն ինչ սկսուելու է այնպիսի քայլերից, որոնք, իբր թէ, թելադրուած են հասարակ քաղաքացիների շահերից:

Օրինակ` խօսքը մասնաւոր անձանց (այսինքն` շարքային քաղաքացիների) համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման մասին է: Չէ՞ որ, մեծ հաշուով, այսօր էլ Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիների փոխադարձ այցերի համար յատուկ խոչընդոտներ գոյութիւն չունեն:

Կարելի է ինքնաթիռի տոմս գնել եւ երկու ժամից էլ պակաս ժամկէտում յայտնուել Երեւանում կամ հակառակը` Պոլսում (1993 թուականին Թուրքիան միակողմանի փակել է Հայաստանի հետ օդային եւ ցամաքային սահմանը, սակայն միջազգային հանրութեան ճնշման ներքոյ օդային սահմանը վերաբացել է 1995 թուականին):

Այսինքն մասնաւոր անձանց փոխադարձ այցերի համար ցամաքային սահմանի բացումն առաջին հայեացքից միտուած կը լինի շարքային քաղաքացիների ծախսերը նուազեցնելուն (Վրաստանի տարածքը շրջանցելուն): Բնականաբար կ՛աշխուժանայ անհատական առեւտուրը, այդ թւում նաեւ` սահմանամերձ գօտում:

Իսկ դա նուազեցնում է Հայաստանին Թուրքիայի սահմանակից շրջանների բնակչութեան կողմից երկկողմանի յարաբերութիւնների կարգաւորման հանդէպ ցուցաբերուած հակազդեցութիւնը: Յաջորդ լուրջ քայլը կը լինի երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման ճանապարհին արուած լուրջ յայտը, թէեւ դա նոյնպէս պէտք է թելադրուած լինի «բացառապէս հասարակ անձանց շահերով»:

Բանն այն է, որ Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիները երկու երկրներում զրկուած են ամէն տիպի իրաւական, այդ թւում` նաեւ հիւպատոսական աջակցութիւնից: Ելնելով դրանից` պէտք է հիւպատոսական բաժանմունքներ բացել Երեւանում ու Անգարայում երկու երկրների հետ ջերմ յարաբերութիւններ ունեցող որեւէ երկրի (ասենք, Միացեալ Նահանգների) դեսպանատանը կից, ինչպէս որ ներկայումս ռուս-վրացական յարաբերութիւնների (Զուիցերիոյ դեսպանատուն) պարագայում է»:

Հայ-թուրքական սահմանի հնարաւոր բացումն առաջին հերթին պէտք է շաղկապել թուրք-ազրպէյճանական բանակցութիւնների, սակարկութեան արդիւնքների հետ (ցիւրիխեան արձանագրութիւնների ստորագրումը մեծ դժգոհութիւն էր առաջացրել Ազրպէյճանում, ուր այրել էին Էրտողանի, Կիւլի ու Տաւութօղլուի նկարները):

Դեռեւս 2013 թուականի նոյեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Տաւութօղլուն յայտարարել էր, որ հայերի հարցում Ազրպէյճանին համոզելու դէպքում իրենք կարող են անակնկալ մատուցել: Տաւութօղլուն նման պատասխան էր տուել «Ազգայնական շարժում» կուսակցութեան (ԱՇԿ) ներկայացուցիչ, Իգտիրից ընտրուած պատգամաւոր Սինան Օղանին, ով, ուշադրութիւն հրաւիրելով Հայաստանի հետ սահմանային անցակէտում եւ երկաթուղու վրայ որոշակի աշխատանքներ իրականացուելու վրայ, նրան հարցրել էր, թէ արդեօք դա վկայո՞ւմ է հայ-թուրքական սահմանը բացելու նախապատրաստութեան մասին:

Դէպի Եւրոպա ազրպէյճանական կազի արտահանման երթուղու հարցի (Թուրքիայի տարածքով, «Թանափ» կազատար) յստակեցումից յետոյ, Ազրպէյճանը Թուրքիային կարող է սպառնալ իր «Սոքար» ընկերութեան ներդրումների չեղեալ յայտարարմամբ: Ներկայ փուլում ազրպէյճանական «Սոքար»-ը պատրաստ է 17 միլիառ տոլարի ներդրում անել Թուրքիայում, իսկ հետագայում այդ ցուցանիշը հասցնել 50 միլիառ տոլարի, ինչը հազարաւոր աշխատատեղեր կը ստեղծի Թուրքիայում:

Սակայն թուրքական կողմն էլ ունի իր յաղթաթղթերը: Նա էլ իր հերթին Ազրպէյճանից կարող է նոյն վերջնագրային շեշտով պահանջել մի շարք պայմանների կատարում` Հայաստանի հետ սահմանը չբացելու համար, որով եւ կարող է զիջումներ կորզել Ազրպէյճանից: Պահանջներից մէկը կարող է առնչուել ինքնահռչակ հիւսիսային Կիպրոսի թուրքական հանրապետութեան (ՀԿԹՀ) անկախութեան ճանաչմանը:

Ցայժմ աշխարհում ՀԿԹՀ-ի անկախութիւնը ճանաչել է միայն Թուրքիան, իսկ ահա «եղբայրական» Ազրպէյճանը հրաժարւում է անել դա: Դեռեւս 2012 թուականի գարնանը թուրքական «Ճիւմհիւրիյէթ» թերթին տուած հարցազրոյցի ժամանակ Ազրպէյճանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի պետ Ալի Հասանովը յայտարարել էր, որ պաշտօնական Պաքուի կողմից ինքնահռչակ ՀԿԹՀ-ի չճանաչումը պայմանաւորուած է Լեռնային Ղարաբաղի գործօնով.

«Միջազգային հանրութիւնը չի ճանաչում ԼՂՀ-ն: Եթէ Պաքուն ճանաչի ՀԿԹՀ-ն, ապա դա կ՛ունենայ հակառակ ազդեցութիւնը: Արդէն դրա յաջորդ օրը Հայաստանի դաշնակիցները կը յայտարարեն ԼՂՀ-ի ճանաչման մասին»: Իսկ 2011 թուականի յուլիսի վերջերին Ազրպէյճանի փոխվարչապետ Ալի Հասանովը Պաքւում թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել էր, որ եթէ Ազրպէյճանը ճանաչի ՀԿԹՀ-ն, ապա միանգամից 15 պետութիւն անմիջապէս կը ճանաչի ԼՂՀ-ը:

Թուրքիայի ու Ազրպէյճանի միջեւ երկրորդ խնդրայարոյց հարցն առնչւում է այցագրային դրութեան վերացմանը: Թուրքիան Ազրպէյճանի հետ գործող այցագրային դրութիւնը միակողմանիօրէն վերացրել է մի քանի տարի առաջ եւ դրանից յետոյ շարունակ պահանջում է, որ ազրպէյճանական կողմը նման կերպ վարուի իր պարագայում: Սակայն Ազրպէյճանը ցայժմ հրաժարւում է դա անելուց:

2011 թուականի ամռանը թուրքական «Թուտէյզ Զաման» թերթին տուած հարցազրոյցում Ազրպէյճանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ Ալի Հասանովը պարզութիւն մտցրեց այդ հարցում. «Մենք խնդիր չենք տեսնում Թուրքիայի հետ այցագրային դրութիւնը վերացնելու մէջ: Սակայն Իրանը կտրուկ դէմ է հանդէս գալիս դրան` պահանջելով նոյնը կատարել նաեւ իր պարագայում: Իրանը սպառնում է հակառակ դէպքում կտրել Նախիջեւանի հետ ցամաքային կապը: Այսինքն Ազրպէյճանը թէ՛ Թուրքիայի, թէ՛ Իրանի հետ այցագրային դրութիւնը պէտք է վերացնի միաժամանակ: Բայց, ներկայումս Ազրպէյճանի կառավարութիւնը պատրաստ չէ դրան, քանի որ Իրանի նման մեծ երկրի հետ յարաբերութիւններում առանց այցագրային դրութեան քաղաքականութիւնը (իսլամականների ներհոսքը) չի համապատասխանում Ազրպէյճանի ազգային շահերին»:

Եւ ահա Թուրքիան Ազրպէյճանից կարող է պահանջել կատարել այս (կամ այլ) պայմանները, որպէսզի չգնայ Հայաստանի հետ սահմանի բացման քայլին: Բացի այդ, Թուրքիան, որը Հայաստանի հետ սահմանի փակումն ու հնարաւոր բացումը Ազրպէյճանի ճնշման ներքոյ պայմանաւորում է ղարաբաղեան հակամարտութեան գործօնով, կարող է Ազրպէյճանին յիշեցնել, որ նոյն Կիպրոսի խնդիրը լուծում չի ստանում արդէն 40 տարի, եւ երաշխիքներ չկան, որ ղարաբաղեան հակամարտութիւնը կը կարգաւորուի աւելի շուտ, եւ որ իրենք չեն կարող այլեւս փակ պահել Հայաստանի հետ սահմանը:

Հայաստանի հետ սահմանի բացման եւ ընդհանրապէս Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման հարցում Ազրպէյճանից ունեցած Թուրքիայի կախուածութիւնը վնասում է վերջինիս դիմագծին եւ իրականում չի կարող անվերջ տեւել: Թուրքիան (1999 թուականից) ունի Եւրոպական միութեան անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ, եւ ՕԹԱՆ-ի անդամ է: Եւ հետեւաբար Հայաստանի ու Թուրքիայի սահմանը պէտք է դիտարկել նաեւ որպէս Հայաստանի ու ՕԹԱՆ-ի սահման, իսկ Եւրոպական միութեան Թուրքիայի անդամակցութեան դէպքում Հայաստանը կը սահմանակցի նաեւ Եւրոպական միութեան հետ:

Ինչ վերաբերում է «Թարաֆ»-ի այն հրապարակմանը, թէ Հայաստանի սահմանի բացումը կը նպաստի նաեւ Թուրքիայի ու Միացեալ Նահանգների յարաբերութիւնների կարգաւորմանը, ապա յայտնի է, որ գրեթէ ամէն տարուայ ապրիլի 24-ից առաջ որոշակի լարուածութիւն է առաջանում թուրք-ամերիկեան յարաբերութիւններում` կապուած Միացեալ Նահանգների Քոնկրեսում Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւեր առաջ քաշելու հետ, եւ Թուրքիան անգամ դժգոհ է մնում Միացեալ Նահանգների նախագահ Պարաք Օպամայի ապրիլքսանչորսեան ելոյթներից, որոնցում բացակայում է «ցեղասպանութիւն» եզրոյթը:

Այստեղ պէտք է մէջբերել 2011 թուականի դեկտեմբերին թուրքական «Հիւրրիյէթ» թերթում հրապարակուած յայտնի թուրք վերլուծաբան (ներկայումս հանգուցեալ) Մեհմեթ Ալի Պիրանտի` Հայոց ցեղասպանութեան դէմ պայքարի մասին յօդուածները. «Սառցաբեկորի գագաթնակէտը կը լինի 2015 թուականը, երբ հարուած կը հասցուի Թուրքիային: Ինչո՞ւ հէնց 2015 թուականին, որովհետեւ հէնց այդ ժամանակ է լրանում Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը:

«Յիշէ՛ք այդ տարեթիւը: Ամպրոպը կը ճայթի հէնց այդ ժամանակ: Մօտակայ տարիներին նրանք պատրաստւում են հարուածել ինչպէս փոթորիկ: Ի՞նչ ենք մենք ձեռնարկում այս ամէնի դէմ: Ինչպէս միշտ մենք փորձում ենք դրան հակազդել խիստ նամակներով ու սպառնալիքներով: Մենք շեշտը դնում ենք Եւրոպայի համար մեր նշանակութեան, մեր ռազմավարական կարեւորութեան վրայ, սակայն ոչինչ չի փոխւում:

«Այդպիսի մեթոտներն արդէն չեն ծառայում իրենց նպատակին: Աւելի՛ն. 2015 թուականի մօտենալուն պէս դրանք կը դառնան առաւել անօգտակար: Թուրքիան պարտուել է Ցեղասպանութեան դէմ իր պայքարում: 100 տարուայ ընթացքում Թուրքիան նախ գլուխը թաղել է աւազի մէջ, չի քննարկել այդ հարցը եւ անգամ իր հասարակութեանը պահել է տուեալ խնդրի շուրջ անիրազեկութեան մէջ: Այս ողջ տարիներին Թուրքիան չկարողացաւ միջազգային հանրութեանն ապացուցել, որ ոչ մի ցեղասպանութիւն էլ չի եղել:

«Գնացքն արդէն մեկնել է, մենք ուշացել ենք դրանից: Միջազգային հանրութիւնը ճանաչել է Ցեղասպանութիւնը եւ հաւատացել է հայերին: Միւս կողմից էլ հայերը պատրաստւում են եզրափակիչ վարագոյրն իջեցնել 2015 թուականին: Միացեալ Նահանգների Քոնկրեսից սկսած` նրանք պատրաստւում են աշխատել այդ ուղղութեամբ եւ տուեալ գործընթացը հասցնել իր աւարտին: Եթէ Թուրքիան շարունակի դրա դէմ պայքարել աւանդական անհամոզիչ մեթոտներով, ապա նա չի կարողանայ կանխել այդ ցունամին:

«Ազրպէյճանցիների պատճառով մենք յետ կանգնեցինք հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացից: Եւ ի զուր, քանի որ դրանով իսկ նորից առերեսուեցինք Արեւմուտքի հետ: Եթէ այդ արձանագրութիւնները վաւերացուէին, ապա ո՛չ Ֆրանսայի Ազգային ժողովը, ո՛չ Միացեալ Նահանգների Քոնկրեսը, ո՛չ էլ մէկ այլ երկրի խորհրդարան մեզ շանթաժի չէին ենթարկի Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցում: Մենք կորցրել ենք մեր առիթը:

«Եթէ մենք չենք ցանկանում վերստին պայքարել 4 ճակատով եւ վերջնականապէս փճացնել Արեւմուտքի հետ մեր յարաբերութիւնները, ապա Անգարան պէտք է վաւերացնի հայ-թուրքական արձանագրութիւնները: Մեր վարչապետ Էրտողանը սպառնում է երկրից վտարել 70,000 հայ ապօրինի ներգաղթեալներին, սակայն դա ճիշդ մօտեցում չէ:

«Մենք պէտք չէ նրանց արտաքսենք, ընդհակառա՛կը, մենք պէտք է նրանց ապահովենք աշխատանքով եւ անգամ քաղաքացիութիւն շնորհենք: Մենք պէտք է խելացի գտնուենք եւ մեր քաղաքականութեանը հաղորդենք դրական լիցք: Միայն համարձակ քայլերը կարող են մեզ փրկել մեղադրանքներից: Ցեղասպանութեան քամին կարելի է ցրել միայն նոր նախաձեռնութիւնների իրագործման միջոցով, որոնք կը զարմացնեն միջազգային հանրութեանը:

«Թուրքական հակաքայլերն արդիւնաւէտ չեն, եւ յանգեցնում են երկրի մեկուսացմանը` նրան պատճառելով քաղաքական ու տնտեսական վնաս: Միայն հրապարակաւ ներողութեան եւ Երեւանի հետ մեր յարաբերութիւնների աշխուժացման շնորհիւ մենք կարող ենք կանգնել ցեղասպանութեան ժայռի եզրին: Այլապէս, 2015 թուականը շատ աւելի կործանարար կը լինի Թուրքիայի համար: Դրա համար, եկէ՛ք, գոնէ մէկ անգամ մեզ պահենք ոչ թէ որպէս թուրքեր, այլ` որպէս եւրոպացիներ»:

Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացումը շատ աւելի հեշտ եւ իրագործելի է, քան` Հայոց ցեղասպանութեան ճանաչումը: Ինչպէս խոստովանում է Մեհմեթ Ալի Պիրանտը թուրքական հասարակութեանը շարունակ անիրազեկուածութեան մէջ է եղել տուեալ հարցում, եւ միայն նոր է սկսել քիչ թէ շատ ազատօրէն քննարկել եւ ուսումնասիրել տուեալ թեման: Դա նշանակում է, որ դեռ կը պահանջուեն տասնամեակներ, որպէսզի թուրք հասարակութիւնը պատրաստ լինի Հայոց ցեղասպանութեան ճանաչմանը:

Ինչպէս նշում էր Հրանդ Տինքը, Ցեղասպանութեան ճանաչմանը հասնելու լաւագոյն ճանապարհը Թուրքիայի ժողովրդավարական երկիր դառնալն է, երբ «ներքեւից» պահանջ կը լինի եւ հասարակութիւնն ինքը` առանց արտաքին ճնշումների, կը ճանաչի Ցեղասպանութիւնը: Տինքն անհրաժեշտ էր համարում, որ հայ-թուրքական յարաբերութիւնները դուրս բերուեն 1915 մեթր խորութեամբ ջրհորից:

Թուրքիայի ներկայիս իշխանութիւնները նոյնպէս պատրաստ չեն այդ քայլին: Բաւական է յիշել, որ դեռեւս 2009 թուականի նոյեմբերին Էրտողանը, մեկնաբանելով այն, որ Սուտանի նախագահ Օմար Պաշիրին մեղադրում են սեփական ժողովրդի դէմ ցեղասպանութիւն (Տարֆուր) իրականացնելու մէջ, յայտարարել էր, որ` «մուսուլմանն ի վիճակի չէ ցեղասպանութիւն իրականացնել»:

Այն ժամանակ Էրտողանին իր յօդուածում հակադարձեց «Հիւրրիյէթ» թերթի (տուեալ ժամանակուայ) գլխաւոր խմբագիր Էրթուղրուլ Օզքէօքը: Յիշեցնելով, որ Էրտողանը մէկ այլ դէպքում Տէրսիմի դէպքերի համար օգտագործել է «Տէրսիմի կոտորած» արտայայտութիւնը` Օզքէօքն իր հարցը հասցէագրեց նրան. «Իսկ այդ դէպքում ո՞վ է 1937-1938 թուականներին Տէրսիմում կոտորել քիւրտ-ալեւիներին, ո՞վ է ռումբեր նետել նրանց քարանձաւների վրայ: Մի գուցէ՞ քրիստոնեայ թուրքը:

Ցայժմ անյայտ է մնում «Տէրսիմեան դէպքերի» ժամանակ զոհուածների թիւը, որը տատանւում է 7000-90,000-ի միջեւ: Եւ եթէ այդչափ մարդկանց սպանութիւնը պաշտօնապէս (Էրտողանի մակարդակով) անուանւում է կոտորած, ապա ի՞նչ ասել «հայկական խնդրի» մասին: Հայկական թեզերի համաձայն, 1915 թուականին զոհերի թիւը կազմել է 1.5 միլիոն մարդ: Որքանո՞վ է այդ թիւը գերազանցում «տէրսիմեանը»: Եթէ Տէրսիմում զոհերի թիւը եղել է 7000, ապա` 200 անգամ, իսկ եթէ 90,000, ապա` 17 անգամ:

Լա՛ւ, ասենք, թէ 600,000 է: Եթէ Տէրսիմում տեղի ունեցածը կոտորած է, ապա ինչպէ՞ս բնութագրել «Հայկական խնդիրը»` «մեծ կոտորած», «խոշոր կոտորած», «սարսափելի կոտորած», «մեծածաւալ կոտորած»: Եւ եթէ վաղն այս հարցի պատասխանը ծառանայ Թուրքիայի ղեկավարութեան առջեւ, ապա ո՞րը կը լինի պաշտօնական պատասխանը»:

«168 ժամ»

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )