Օտարամոլութեամբ Նեխած Ենք…
ԱՐՄԻՆԷ ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆ
Այս նամակով ուզում եմ անդրադառնալ մեր միջում հիւանդագին երեւոյթ դարձած օտարամոլութեան մասին: Օտարամոլութիւնը մեր մէջ մանաւանդ Հայաստանում ուղղակի զաւեշտական մակարդակի է հասել: Երեւանի խանութներից մի մասը կրում են օտար անուններ, երբեմն էլ` գրուած միայն լատինական տառերով: Օրինակ` supermarket SAS, BEST, FRESH, YEREVAN CITY , MOSKEVICHKA (այս մէկը գրւած է միայն ռուսերէնով), կամ` beauty salon «SENIORITA» «RENOIRE», Hotel «HOUSE», «MULTI REST GROUP», կամ արագ ուտելիքի ճաշարան (ֆասթ ֆուտ) BURGER QUEEN, շաուրմա SUPER Shaurma, GEORGE’S շաուրմա` կամ կօշիկի խանութ` ELLEN shoes, MAXI , PALERMO, ROBERTO, shoes, կամ` «Cafe SANTA FE» , Cafe LaBOHEME, resaurant La PIAZA, CALUMENT, NATURA GOLD, եւ շատ ուրիշ օրինակներ: Հակառակ նրան, որ ըստ պետական օրէնքի, բոլոր օտարատառ գրութիւները խանութների ցուցատախտակներին պէտք է կրեն տուեալ անունը հայերէն տառերով եւս, բայց անօրէն պատճառներով բացակայում են այս օրէնքին հետեւողները` որոշ բացառութիւներով: Եթէ մի օտարի աչքերը փակեն ու Երեւանի կենտրոնական պողոտաներից մէկում բացեն, չի կարող զանազանել, որ գտնւում է Եւրոպայում, Միացեալ Նահանգներո՞ւմ, թէ՞ Հայաստանում: Ամէնից ծիծաղելին, մի փոքր մթերքի խանութ է մի անյայտ գիւղում, որի ճակատին գրուած է SUPERMARKET, սուփերմարքեթ: Գիտեմ` հայերէն ստեղծուած մի բառ կայ սուփերմարքեթի համար, որ չի գործածւում «գերշուկայ»: Հետաքրքիր է իմանալ այս խանութի տիրոջից, որ քանի ամերիկացի կամ եւրոպացի է անցնում այդ գիւղից, կամ` որքա՞ն դժուար կը լինի որեւէ օտարազգի զբօսաշրջիկի համար հասկանալու, որ այդ տեղ ի՛նչ է ծախւում: Ես յաճախ չեմ կարողանում զսպել իմ վրդովմունքը եւ նոյն հարցն եմ տալիս Երեւանի օտար անուներով խանութպաններից: Մի դէպքում կարողացայ համոզել մէկին (TOMMY HILFIGER), որ խանութի անունը հայերէն տառերով եւս փակցնի խանութի ճակատին: Ամիսներ յետոյ մեծ հպարտութեամբ ինձ ցոյց տուեց պահանջածս փոփոխութիւնը:
Մի ուրիշ երեւոյթ էլ է սկսած վերջերս , մի որեւէ նոր խանութի բացումից առաջ, ցուցափեղկին գրւում է «OPENING SOON». Մէկ դէպքում միայն տեսայ որ գրուած էր, «ԲԱՑՈՒԵԼՈՒ Է ՇՈՒՏՈՎ».
Հետաքրքիր է իմանալ, թէ ի՛նչ անուղղելի կամ ահաւոր սխալ կամ վնաս է լինելու տուեալ «պիզնես»-ին եթէ հայերէն տառերով գրուի բացումի մասին: Այդ ո՞ր օտարն է, որ բարկանալու է կամ պախարակելու է խանութի տիրոջը իր ազգի ու լեզուի գործածութեան համար: Ընդհակառա՛կը, մենք կը ցուցաբերենք յարգանք ու կարեւորութիւն մեր ինքնութեան ու տեսակի նկատմամբ: Ես երբեմն այս հարցը արծարծել եմ ու ստացել եմ իմ հետ համակարծիք պատասխան: Թւում է որ շատ դէպքերում այս մասին նախօրօք չէ մտածուած:
Ես կարծում եմ, որ մեր օտարամոլութեան պատճառը հպարտութեան պակասն մեր ազգի մշակոյթի եւ պատմութեան նկատմամբ: Այն օրը, երբ աշխարհի օտարալեզու պատմութեան գրքերում մարդիկ կարդան միւս ազգերի կայսրութիւների շարքին, օրինակ, Տիգրան Մեծի ու Արտաշէս Աշխարհակալի կայսրութեան մասին, կամ հին փիլիսոփաների շարքում կարդան Նարեկացու , Ներսես Շնորհալու, կամ հին պատմաբաների շարքում կարդան, Մովսէս Խորենացու, Եղիշէի մասին, կամ գիտնակաների շարքում կարդան Անանիա Շիրակացու, Գրիգոր Տաթեւացու եւ շա՜տ շատ ուրիշ դէմքերի մասին «վերջին դարաշրջանների հանճարեղներ, օրինակ գիտնականներ Համբարձումեան, Ադամեան, Գուրզադեան, երաժիշտներ` Խաչատրեան, Յարութիւնեան եւ շատ շատեր այլ ասպարէզներում», մեր ազգակիցները տարբեր ակնածանքով ու հպարտութեամբ կը մտածեն մեր ազգի կարեւորութեան մասին: Երեւի այն ժամանակ չեն ամաչի կամ նուաստութեան բարդոյթից չեն տառապի: