Վրէժ Իսրայէլեան. Գրողի Զսպուած Ուժը

Ներկայացրեց` ԱՐՄԻՆԷ ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆԸ

Vrezh_Israelyan-5Յունիսի 20-ին Յակոբ Պարոնեանի անուան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացաւ Վրէժ Իսրայէլեանի «Վաղ թէ ուշ» գրքի շնորհահանդէսը (1 տարի առաջ գրողը հրաժեշտ տուեց երկրային կեանքին): Շնորհահանդէսի արարողութեանը ներկայ էին հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը, պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը, բարձրաստիճան այլ պաշտօնեաներ, գրողի մտերիմները, հարիւրաւոր ընթերցողներ: Գիրքը տպագրուել է պետական աջակցութեամբ, 500 օրինակով: Գրքում զետեղուած է հեղինակի խօսքը` ուղղուած  ընթերցողին: Նա գրում է. «Հայ ծնուելուս համար Աստծուն շնորհակալութիւն չեմ յայտնել, ոչ էլ փնովել եմ իմ ճակատագիրը: Ապրել եմ ինձ տրուածով` ուժերս ներածին չափ փախչելով  ազգային խեղճութիւնից: Նարեկացուն ու «Սասունցի Դաւիթ» էպոսը աշխարհի աչքը խոթելուց առաջ փորձել եմ ինքս լցուել նրանցով: Երեւի ուժս չի պատել: Չէ՛, դա անզօրութիւն չէ, ուրիշ բան է: Ո՞րն է ուժը, այն, որ գործադրւո՞ւմ է, թէ՞ այն, որ զսպւում է: Կարծում եմ` գրականութիւնը բառերի մէջ զսպուած ուժն է: Հակառակը աղէտն է»:

Այսպէս էր մտածում, այսպէս էր ապրում, այսպիսին էր Վրէժ Իսրայէլեան մարդը, հայի սասունցի տեսակը, առանց որի, ինչպէս ինքն էր ասում, աշխարհը տխուր կը լինի: Եւ իրօք. մեր աշխարհը առանց սասունցի Վրէժ Իսրայէլեանի տխուր է: Տխրութիւն, թախիծ, ափսոսանք, բայց եւ` վրէժիսրայէլեանական հումոր, ժպիտ եւ անեզր ջերմութիւն: Այսպիսին էր ամառային երեկոն Յակոբ Պարոնեանի անուան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

«Վաղ թէ ուշ» գրքի շնորհահանդէսի արարողութեանը յաջորդեց Վրէժ Իսրայէլեանի յիշատակին նուիրուած յուշ-երեկոն: Երեկոյի  ընթացքում մնջախաղի ուղեկցութեամբ հիւրերի ուշադրութեանը ներկայացուեցին հատուածներ հեղինակի նոր հրատարակուած «Վաղ թէ ուշ» գրքից (ընթերցում էր դերասան Դաւիթ Յակոբեանը), որոնք մերթընդմերթ ուղեկցւում էին հայ անուանի երգիչ-երգչուհիների կատարումներով:

Վրէժ  Իսրայէլեանն աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, «Սովետական Հայաստան» ամսագրում, «Գարուն» ամսագրում, տպագրուել է նաեւ այլ պարբերականներում: 1993-1999 եղել է Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան «Հայ զինուոր» պաշտօնաթերթի խմբագիրը, 1999-2009թթ. ղեկավարել է պաշտպանութեան նախարարութեան լրատուութեան եւ քարոզչութեան վարչութիւնը: Հեղինակել է արցախեան պատերազմին նուիրուած վաւերագրական բեմագրութիւններ («Մահից առաջ եւ յետոյ», «Երկրապահը եւ քաղաքականութիւնը», «Այսպէս դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» եւ այլն): Ստեղծագործութիւնները թարգմանուել են` ռուսերէն, անգլերէն, վրացերէն, արաբերէն, ուքրաներէն եւ այլ լեզուներով: «Տօնապետ» գրքի համար 2010-ին արժանացել է Հայաստանի Գրողների միութեան Դերենիկ Դեմիրճեանի անուան մրցանակի: Ստեղծած բազմաթիւ կերպարներից  գրողին ամենահոգեհարազատը Տօնապետն էր: «Հասկացայ, որ Սերվանթես լինեմ, թէ Վրէժ Իսրայէլեան, մէկ է` կեանքը վերափոխելու ունակ չեմ: Ընդամէնը իմ եւ Տօնապետի տեսակը կարող եմ փրկել», մի առնչութեամբ նշել է գրողը:

Հարցազրոյցներից մէկի ժամանակ էլ, խօսելով գրողի հոգեվիճակի մասին, Վրէժ Իսրայէլեանն ասել էր. «Ես ծրագրերով չեմ առաջնորդւում: Մէկ էլ տեսար գրիչը վերցրի ու պատմուածք գրեցի: Կեանքում ոչ մի բան ինձ այնքան բաւականութիւն չի պատճառում, որքան` գրուած պատմուածքը: Այդ պահերին սիրտս լցւում է ազնիւ թրթիռներով, դրամապանակս ծանրութիւնից տռզում է, ի՜նչ օլիկարխ, ի՜նչ պատգամաւոր, ի՜նչ ծափ ու ծնծղայ… դառնում եմ այս աշխարհի ամենակարեւոր մարդը. մարդ, ով ունի հայրենիք, ազատութիւն եւ արժանապատուութիւն»:

Գրքի նախաբանում գրող Ռուբէն Յովսէփեանը գրում է, թէ կեանքում, մարդկային փոխյարաբերութիւններում զսպուած ուժի մարմնացում էր Վրէժը: Զսպուած ուժը խնայում է շրջապատը, բայց` ոչ երբեք ուժի տիրոջը: Նրա վերջին արարքը, վերջին քայլը նոյնպէս զսպուած ուժի արտայայտութիւն է:

 

Share this Article
CATEGORIES