«ՈՒՐԵՄՆ ԵՍ ԻՍԿԱՊԷՍ ՄԵՐ ՏՈՒՆ ԵՄ ԵԿԵԼ»

Աւետիս Կասեանը ռումանահայ երիտասարդ է: Ամբողջական անուն-ազգանունն է` Աւետիս Կասեան Ստեփանեանց: Ասում է` Հայաստան եկել է առաջին անգամ, իսկ որոշման  ազդակը Հայաստանի սփիւռքի նախարարութեան «Արի տուն» ծրագիրն է: «Գիտէք` Հայաստանը շատ տարբեր է Եւրոպայից: Այն իսկապէս շատ գեղեցիկ է: Ես անգամ որոշել եմ, որ իմ կինը հայ պէտք է լինի», ասում է Աւետիս Կասեանը, ով բացառապէս հայերէն խօսել չգիտի: Վերջինիս հետ զրոյցին մասնակից եղան նաեւ Ռումանիայից եկած միւս երիտասարդները: Օրինակ, Եոնուտն էլ Հայաստան գալով է որոշել անպայման ամուսնանալ հայ աղջկայ հետ: Եոնուտը, ինչպէս Ռումանիայից եկած միւս երիտասարդները, Հայաստան գալու ծրագրի մասին լսել էր տեղի հայկական համայնքից: Մինչ այդ Հայաստանի մասին պատկերացումներ կազմել էին տեղի հայերի զրոյցներով կամ յիշողութիւնների հետագծով: Հետաքրքիրն այն էր, որ երիտասարդները հայերէն չգիտէին, անգլերէն խօսում էին ոչ այդքան վարժ, բայց, ինչպէս կ՛ասէր Ուիլիըմ Սարոյեանը` «հոգին հայկական է»: «Արի տուն» ծրագրով Ռումանիայից եկած 12 հայ երիտասարդները ծանօթացել էին օդանաւում: Նրանցից միայն Անին ու Մկրտիչն են խօսում հայերէն: «Ես 1 տարեկան էի, երբ գնացինք Ռումանիա: Ծնուել եմ Գիւմրիում: Կարծում եմ` ամէն մարդ գոնէ մի անգամ պէտք է գայ իր տուն: Անցեալ տարի «Արի տուն» ծրագրին չկարողացայ մասնակցել, իսկ յետոյ որոշեցի այս տարի մասնակցել: Մինչ գալս` Հայաստանը միայն նկարներով էի տեսնում, ու արդէն գիտէի, թէ ի՛նչ կայ այստեղ», ասում էր Մկրտիչ Բաղդասարեանը, ով աշխատում է  Ռումանիայի հայկական միութիւնում` որպէս լրագրող-լուսանկարիչ: Նրա ասելով` Ռումանիայում ապրող շուրջ 3500 հայերից հազիւ 500-ն են խօսում հայերէնով, իսկ շատերի համար հայերէն սովորելու միակ միջոցը տեղի հայկական կիրակնօրեայ դպրոցն է, որտեղ սովորում են նաեւ հայկական պարեր, երգեր եւ նոյնիսկ կազմակերպում միջոցառումներ: ««Արի տուն» ծրագիրն անցկացւում է 10 փուլով եւ կը շարունակուի մինչ սեպտեմբերի 26-ը: Անցած տարի ծրագրին մասնակցեցին մօտ 600 հոգի, իսկ այս տարի 800 հոգի կը լինի: Աշխարհի տարբեր ծայրերից մասնակցում են` անգամ Ափրիկէից ենք ունեցել մասնակից», նշեց սփիւռքի նախարարութեան Պոակ-ի աշխատակից Գագիկ Լալայեանը: Ի դէպ, ըստ ծրագրի կազմակերպիչների, ծրագրին մասնակցելու յայտերը կարող են ներկայացնել ցանկացած պահի, ասել է թէ վերջնաժամկէտ չկայ: Ընդ որում` ծրագիրը հոգում է  ամբողջ ծախսերը, բացի օդանաւի տոմսերից:

Էրեբունի-Սեւան կամ մի պարան գունաւոր լուացք

Աներեւակայելի յուզիչ պատկեր էր յատկապէս օթոպիւսում, երբ տուն եկած շուրջ 80 հայ երիտասարդներ երգում էին տարբեր լեզուներով: Հայաստանի հիմնը երգելուց յետոյ նրանք  փութկոտութեամբ երգում էին այն երկրի հիմնը, որտեղ ապրում են, իսկ յետոյ յանկարծ կայծկլտացող աչքերով ժպտում` մի տեսակ ներողութիւն խնդրելով արածի համար: Միջազգային հայի կերպարի տրաման հասկանալի էր Էրեբունի պատմամշակութային թանգարանից Սեւան տանող ճանապարհին: «Տարբեր, բայց միեւնոյն ժամանակ` խիստ նման», այս ամբողջ ճանապարհին` լսելով օթոպիւսում գունաւոր լուացքի նմանուող երեխաների երգերը, որոնք աստիճանաբար, հատ-հատ փռւում էին` իրար կողքի, կոկիկ, մաքուր, մտածում էի ես: Երբ օրեր առաջ հրաւէր ստացայ մասնակցել այս ծրագրին, երբեւէէ այն զգացողութիւնների խորը էութիւնը, որ կ՛ապրէի այդտեղ մի քանի ժամուայ ընթացքում, չէի պատկերացնում: Դժուար չէ հիմա քննդատական եզրոյթեր գտնել այն աշխատանքում, որ արւում է, բայց առկայ յղացքը, գաղափարն աւելին է, քան ենթադրում ենք: Զուտ մարդկայնօրէն մի քանի կարճատեւ վայրկեանների ընթացքում երիտասարդներն ասացին աւելին, քան հէնց իրենք պատկերացնում էին: Նրանցից շատերի հետ զրուցելուց յետոյ յանկարծ բացայայտում ես մտածողութեան միանման գիծը: Ու, գիտէք, այդ պարագայում այնքան միեւնոյն է դառնում, թէ ո՞վ է կազմակերպել այս ծրագիրը` սփիւռքի նախարարութիւ՞նն է հրաւիրել, թէ՞ մեր բակի կօշկակար Համօն: Փաստը մնում է այն, որ երկիրը ճանաչել տալու միակ գրաւականը երիտասարդներին հրապուրելն է հանգստով, ճամբարներով ու երկրի պատմամշակութային վայրերով: Էրեբունի պատմամշակութային թանգարանում, երբ  աշխատակիցը բացատրում էր այս կամ այն իրի պատմական ժամանակն ու իրադարձութիւնները, երիտասարդներից ոմանք լսածը ի մի բերելու կամ մի տեսակ չհաւատալու ուժով նայում էին իրար` յետոյ ոգեւորւում, նոյնիսկ մեծամտանում` այն պատմութեամբ, որ մինչ այդ պահը փակ ու մութ էր եղել իրենց համար: «Որոշեցինք գալ մեր տուն: Սկզբում չէինք պատկերացնում, որ այսքան լաւ կը լինի: Մինչ գալը մտածում էինք, որ գուցէ հետաքրքիր չլինի, մեզ լաւ չընդունեն այստեղ, տեսնես` ի՞նչ կը լինի, բայց յետոյ, երբ եկանք եւ մեզ երգ ու պարով դիմաւորեցին, զարմացանք, ասացինք` ուրեմն իսկապէս մեր տուն ենք եկել, ուրիշի տուն չենք եկել: Այստեղ շատ լաւ է», նկատեց Թիֆլիսի Պետրոս Ադամեանի անուան տրամաթիքական թատրոն-սթիւտիոյի սաներից Արամ Մանուկեանը` հայեացքը յառելով Սեւանի եկեղեցու խաչին: «Այս ձեւով հայերին ծանօթացնում են Հայաստանի հետ: Մի քանի օրուայ ընթացքում այնքան շատ բան ենք իմացել մեր հայրենիքի մասին, այնքան թանգարաններ գնացինք», ասաց Թիֆլիսից եկած երիտասարդներից Էտուինը: Կարելի է երկար խօսել Հայաստան եկած երիտասարդների տպաւորութիւնների մասին, մինչդեռ  զգացական ողջ շերտերը կարող է նկարագրել այն կայծը, որ սկսեց թրթռալ նրանց աչքերում: Կենդանաբանական այգի վերադարձի ճանապարհին ամէնքը մի պահ լռեցին` նայելով պատուհանից դուրս` ինչ-որ հարցերի յստակ պատասխաններ փոխանցելու ակնկալիքով…

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի համար
Երեւան

 

Share this Article
CATEGORIES