Հակառակորդը Լուրջ Կորուստներ Է Կրել Պատերազմ Հայաստան-Ազրպէյճան Սահմաններում
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
1994 թուականի մայիսին հաստատուած անժամկէտ հրադադարից ի վեր Հայաստան-Ազրպէյճան եւ Արցախ-Ազրպէյճան սահմաններում իրավիճակը երբեք այն աստիճանի չէր լարուել, ինչպէս վերջին օրերին: Ազրպէյճանական կողմը, սանձազերծելով նոր սադրանքներ ու գրոհներ, բազմաթիւ կորուստներ է կրել: Ըստ պաշտօնական եւ ոչ պաշտօնական տուեալների, ազրպէյճանական բանակը տուել է աւելի քան մէկ տասնեակ սպաննուած եւ բազմաթիւ վիրաւորներ: Վերջին քսան տարիներին սա ազրպէյճանական կողմի ամենալուրջ կորուստն էր: Դժուար է ասել` արդեօք սա դաս լինելո՞ւ է Իլհամ Ալիեւի համար, թէ՞ ազրպէյճանական կողմը շարունակելու է իրավիճակը լարուած պահելու եւ հայկական գիւղերը գնդակոծելու, հայ քաղաքացիական բնակչութեանը թիրախաւորելու իր քաղաքականութիւնը:
Ակնյայտ է մէկ բան եւ դա չեն կարողանում թաքցնել նաեւ ազրպէյճանական լրատուամիջոցները: Վերջին փոխհրաձգութիւնները, որոնք կարելի է համարել պատերազմ, ազրպէյճանական կողմի համար եղել է սառը ցնցուղ: Մի քանի օրուայ ընթացքում աւելի քան մէկ տասնեակ զոհը բանակում կատակ բան չէ: Եւ սա այն բանակում, որը, ըստ ազրպէյճանական վստահեցումների ու սպառնալիքների, պէտք է «ազատագրի Լեռնային Ղարաբաղն ու գրաւեալ հողերը»: Ազրպէյճանական բանակին, իրականում, միայն մէկ բան է յաջողւում` մի քանի ժամ շարունակ գնդակների տարափ թափել հայկական գիւղերի վրայ: Ռուսական համերգային մի յայտնի խումբ, որը պէտք է ելոյթներ ունենար Պաքւում, յետաձգել է առաջիկայ համերգը, քանի որ Ազրպէյճանում գրեթէ սուգ է: Ազրպէյճանական Էյ.Էն.Էս. հեռուստաընկերութիւնը, որը աւելի քան քսան տարի իր լուրերի թողարկումները պարտադիր սկսում է Արցախ-Ազրպէյճան սահմանում տիրող իրավիճակի մասին տեղեկատուութեամբ, մէկ օրով իր եթերից հանել է բոլոր երաժշտական հաղորդումները: Իլհամ Ալիեւի աւագ դուստրը` Արզուն, ֆէյսպուքեան իր էջում ռուսերէնով գրել է. «Յաւերժ յիշատակ` հայրենիքի համար զոհուածներին»:
Յուլիսի վերջին օրերին ես հերթական անգամ մեկնեցի հայ-ազրպէյճանական սահմանի ամէնից վտանգաւոր հատուած` Տաւուշի մարզի Բերդի շրջանի չորս գիւղեր` Չինարի, Մովսէս, Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբիւր: Այս գիւղերը, որոնք գտնւում են ազրպէյճանական դիրքերի ուղիղ կրակահերթերի տակ, խաղաղ կեանք չունեն արդէն աւելի քան քսան տարի: Միւս կողմից, գիւղացիները պատմեցին, որ այնպիսի հրետակոծութիւն, ինչպէս յուլիսի վերջին օրերին տեղի ունեցածն էր, տեսել ու ապրել էին միայն պատերազմի տարիներին: Իրականութեան մէջ Հայաստան-Ազրպէյճան պետական սահմանի Տաւուշի հատուածում պատերազմ է: Բարեբախտաբար վերջին օրերի հրետակոծութեան պատճառով հայկական կողմը խաղաղ, քաղաքացիական բնակչութեան շրջանում չի տուել զոհեր եւ վիրաւորներ: Սա նշանակում է, որ մեր գիւղերի բնակիչները կարողանում են ճիշդ ժամանակին պատսպարուել: Հայկական բանակը կորուստներ է կրել Արցախում: Վերջին օրերին նահատակուել են երեք հայ զինուորականներ:
Այս օրերին շատ է գրւում, որ անհրաժեշտ է սահմանամերձ գիւղերի բնակիչներին զինել: Սա շատ վտանգաւոր մտայնութիւն է, որին Հայաստանի իշխանութիւնները դէմ են արտայայտուել: Հայաստանը ունի բանակ եւ պէտք է մտածել բանակի մարտունակութիւնը բարձրացնելու, սահմանները աւելի լաւ պաշտպանելու եւ վերահսկելու մասին: Հայաստան-Ազրպէյճան սահմանները մասամբ պաշտպանում են պայմանագրային զինծառայողները, այսինքն` քաղաքացիական անձինք, ովքեր պետութեան կողմից ստանում են աշխատավարձ եւ պաշտպանում սահմանները: Պէտք է մտածել այդ մարդկանց աշխատավարձերը բարձրացնելու եւ ընտանիքների ընկերային վիճակը բարելաւելու մասին: Բացի այդ, կարելի է մտածել պայմանագրային զինծառայողների թիւը աւելացնելու մասին:
Այս օրերին, երբ սահմաններում պատերազմական վիճակ է, անհրաժեշտ է աւելի համապարփակ եւ իրականութեանը համապատասխանող լրատուութիւն տալ: Այգեպար, Մովսէս եւ յատկապէս Չինարի գիւղերում բնակիչները ուղղակի զայրացած էին հայկական հեռուստաընկերութիւնների աշխատանքի վրայ: Մարդիկ բողոքում էին, որ պետական քարոզչութիւնը ճիշդ չի ներկայացնում առկայ իրավիճակը:
Իրականում, ինչպիսի իրավիճակ է հայ-ազրպէյճանական սահմաններում եւ հայկական գիւղերում: Պէտք է հաւատալ, որ, իրօք, Հայաստանը եւ հայկական բանակը ամբողջութեամբ վերահսկում է իրադրութիւնը: Ազրպէյճանական կողմի վերջին օրերի կորուստները դրա ուղղակի հաւաստիացումն է: Հայկական կողմի յայտարարուած մարտավարութիւնը եւս արդարացուած է` հարուածել ոչ թէ ազրպէյճանական խաղաղ բնակչութեանը, այլ` բանակին: Արդարացուած է նաեւ անհամաչափ ուժ կիրառելու սկզբունքը, այսինքն հայկական կողմից ամէն մի զոհի դիմաց ազրպէյճանական կողմը պէտք է կրի մի քանի զոհ:
Սահմանամերձ հայկական գիւղերում չկայ խուճապային տրամադրութիւն, բայց կայ տագնապ: Մարդիկ մտահոգուած են: Մինչեւ ե՞րբ է այսպէս շարունակուելու, արդեօք սահմանները լա՞ւ են պաշտպանուած, չկա՞յ վտանգ, որ ազրպէյճանական խափանարարական-հետախուզական խմբերը կը ներթափանցեն հայկական գիւղեր եւ կը սպաննեն խաղաղ բնակիչներին: Մտահոգիչ է երեխաների վիճակը: Հայաստանի իշխանամէտ հեռուստաընկերութիւնները եւ պաշտօնական քարոզչութիւնը չի անդրադառնում սահմանամերձ գիւղերի երեխաների խնդրին: Իրականութիւնն այն է, որ իւրաքանչիւր գնդակոծութիւնից յետոյ երեխաների հոգեկան աշխարհը տակնուվրայ է լինում: Գնդակոծութիւնը սկսուելուց յետոյ շատ երեխաներ լացում, աղաղակում են: Վերջին գնդակոծութիւնները, որոնց թիրախում էին սահմանամերձ Դովեղ, Բարեկամաւան, Ոսկեպար, Մովսէս, Այգեպար, Չինարի եւ Ներքին Կարմիրաղբիւր գիւղերը, անդադար շարունակուել են երեքից հինգ ժամ: Տասնեակ ծնողներ ինձ պատմեցին, որ իրենց երեխաները հիւանդութիւններ են ձեռք բերում: Այս մասին պէտք չէ լռել: Աւելի՛ն. այս մասին պէտք է բարձրաձայնել ի լուր աշխարհի, ի լուր Հայաստանի եւ սփիւռքի հայ ժողովրդի:
Վերջին օրերին հայ հասարակութեան, աւելի ճիշդ` սահմանամերձ գիւղերում քննարկուող թեմաներից մէկը բնակչութեան տարհանման խնդիրն է: Այսպէս, Բարեկամաւան գիւղից վերջին հրետակոծութեան ժամանակ մարդկանց մի մասին տարհանել են: Այո՛, պէտք է երեխաներին ու ծերերին ժամանակաւորապէս տարհանել, երբ հակառակորդը սկսում է գնդակոծութիւնը: Պէտք չէ յատկապէս երեխաներին թողնել կրակի տակ: Աւելի՛ն. հէնց այդ երեխաների համար պէտք է կազմակերպել հանգիստ Հայաստանի տարբեր ճամբարներում եւ դա պէտք է անել անվճար: Սահմանամերձ գիւղերի երեխաների համար պէտք է անվճար կազմակերպել տարբեր շրջապտոյտներ: Դա կը լինի փոքրիկ փոխհատուցում այդ երեխաներին ու նրանց ծնողներին, ովքեր աւելի քան քսան տարի ապրում, հող են մշակում եւ պահում Հայաստանի սահմանը:
Յատկապէս այս տարի Տաւուշի մարզի սահմանամերձ գիւղերը չկարողացան մշակել իրենց հողակտորները, քանի որ հակառակորդը թոյլ չի տալիս: Չինարի գիւղում ես մի քանի գիւղացիների հետ բարձրացայ այն տարածքներ, որտեղ ազրպէյճանցիները գնդակոծել էին Կարմիր խաչի մեքենան եւ հունձի պատրաստուող մեքենան: Այսօր Չինարիի ու Մովսէսի տասնեակ հեկտար ցորենի արտեր չեն հնձուել: Պետութիւնը պարտաւոր է այն գիւղացիներին, որոնց բերքը մնալու է դաշտում, արժանապատիւ փոխհատուցում տրամադրել: Բաւական է էժան քարոզչութեամբ ու հայրենասիրական լոզունգներով «կերակրել» սահմանամերձ գիւղի հայ մարդուն: Այդ մարդն է Հայաստանի սահմանապահը: Այդ մարդը պէտք է համոզուած լինի, որ ինքը պետութիւն ունի:
Յատուկ «Ազդակ»-ի համար

