Ծունկի՛ Բերենք Հակառակորդին. Զօրավար Մովսէս Յակոբեան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար, պաշտպանութեան բանակի հրամանատար, զօրավար Մովսէս Յակոբեան կոչով մը դիմած է զինուած ուժերու անձնակազմին:
Ստորեւ կը ներկայացնենք այդ կոչը` ամբողջութեամբ:
Բանակի աննկո՛ւն մարտիկներ, յարգելի՛ զինակիցներ,
Վերջին օրերին հակառակորդը սկսել է աննախադէպ աշխուժութիւն ցուցաբերել շփման գծի ողջ երկայնքով` նպատակ ունենալով խափանարարական գործողութիւնների միջոցով մեր անձնակազմին պատճառել կորուստներ եւ ապակայունացնել իրավիճակն առաջնագծում: Սոյն թուականի յուլիսի 26-ից օգոստոսի 2 ընկած ժամանակահատուածում հակառակորդի դէմ մղուած անհաւասար գօտեմարտում քաջի մահով ընկան մեր 5 զինուորները, իսկ 7-ը վիրաւորուեցին: Սակայն հատուցման ժամը չուշացաւ: Մեր պատժիչ գործողութիւնների արդիւնքում սոյն թուականի յուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 2 ընկած ժամանակահատուածում հարաւարեւելեան, արեւելեան, հիւսիսարեւելեան եւ հիւսիսային ուղղութիւններով հակառակորդը կրեց զգալի կորուստներ` ընդհանուր առմամբ տալով 26 զոհ եւ 30-ից աւել վիրաւոր:
Հակառակորդին ոչնչացնելու գործողութիւնների ուղղակիօէն մասնակցել են նաեւ մի շարք ժամկէտային զինծառայողներ, որոնցից շատերին դուք ճանաչում էք անձամբ: Նրանք համարձակօրէն ներխուժել են հակառակորդի առաջնագիծը, նրան շրջանցել թիկունքից, պատուով կատարել իրենց խնդիրն ու անվնաս վերադարձել: Չեմ կասկածում, որ ձեզանից իւրաքանչիւրը մի ներքին ցանկութեամբ երազում էր լինել նրանց փոխարէն: Դա նշանակում է, որ դուք եւս պատրաստ էք համարձակ գործողութիւնների, որի համար շնորհակալ եմ: Համոզուած եղէք, որ սա նաեւ ձեր անձնական յաջողութեան արդիւնքն է: Խոր ցաւով կիսելով մեր զոհուած զինծառայող զինուորների ծնողների ու հարազատների, մարտական ընկերների վիշտը, դիմում եմ ձեզ` զգօնութիւնը բարձրացնելու եւ գօտեպնդուելու, մեր դիրքերը գրոհող նենգ ու դաւադիր հակառակորդին ձեր հրամանատարների հետ միասին սառնասրտօրէն դիմաւորելու եւ ոչնչացնելու կոչով:
Երբեք չյուսահատուէ՛ք ու չերկնչէ՛ք, քանզի հակառակորդը ոչ մի գերազանցութիւն չունի մեր նկատմամբ: Նա սովորական մահկանացու է, որի գործողութիւնները բխում են միայն ու միայն ներքին անասնական վախի զգացումից ու յուսահատութիւնից: Չէ՞ որ ոչ վաղ անցեալում` արցախեան ազատամարտի հերոսական տարիներին, մենք արդէն ծնկի ենք բերել նրան, ու համոզուած եղէք, որ էլի կը բերենք: Մենք արդէն բազմիցս ապացուցել ենք, որ հակառակորդի յատուկ նշանակութեան տարբեր ուսումնական կենտրոններում պատրաստութիւն անցած այսպէս կոչուած խափանարարների դէմ կանգնած մեր առիւծասիրտ ժամկէտային զինծառայողները կարող են հրաշքներ գործել ու հիմա էլ գործում են: Ապացոյցներ` որքան ուզէք:
2008 թուականի յունիսի 18-ին վեցերորդ պաշտպանական շրջանի շարքային Ղաբուզեանը սառնասրտօրէն ոչնչացրեց մեր դիրքերը ներխուժած յատուկ նշանակային Մուպարիս Իպրահիմովին, որին հետագայում հռչակեցին Ազրպէյճանի հերոս:
2010 թուականին սեպտեմբերի 4-ին, հինգերորդ պաշտպանական շրջանի շարքային Մանուկեանը ձեռնամարտի բռնուեց մեր դիտակէտը ներխուժած` մինչեւ ատամները զինուած ազերի հաստագլուխ ենթասպայի հետ, որին խեղդեց իր յաղթանդամ բազուկներով, ապա գնդակահարեց:
2014 թուականի յուլիսի 31-ին եօթերորդ պաշտպանական շրջանի շարքային Քամալեանը` բոլորովին անզէն, ձախ ուսից վիրաւոր վիճակում, ձեռնամարտի բռնուեց իր վրայ յանկարծակի յարձակուած հակառակորդի խափանարարի հետ, նրան պառկեցրեց թիակների վրայ ու սկսեց խեղդել, սակայն վրայ հասած միւս խափանարարը խանգարեց նրան, ինքնաձիգի խզակոթով, ապա դանակով մի քանի անգամ հարուածեց մեր զինուորին` ջարդելով նրա ծնօտը ու կողոսկրը, նոյնիսկ այդ վիճակում մեր արիասիրտ զինակիցը շարունակեց իր կռիւը եւ արդիւնքում հակառակորդի չորս հոգանոց խումբն ուղղակի փախաւ` թողնելով հարուստ ռազմավար ու թանկարժէք սարքաւորումներ:
Ահա այսպէս կարող է կռուել հայ զինուորը: Նրանք ձեզ նման երիտասարդներ են, ովքեր քաջ գիտակցում են իրենց անելիքը եւ հաւատում իրենց ուժերին: Նրանք հաւատում են զէնքի զօրութեանն ու չեն կորցնում զգօնութիւնը:
Նրանք փայլուն կերպով օգտագործեցին աստեղային ժամը, չկորցրեցին հերոսանալու պահը, որը տրւում է կեանքում մէկ անգամ, ճիշդ գնահատեցին իրավիճակն ու գործեցին յստակ:
Դրա վառ ապացոյցը օգոստոսի 2-ին հինգերորդ պաշտպանական շրջանի մարտական դիրքի ուղղութեամբ ծաւալուած մարտն է, որի ընթացքում մեր դիրքապահները արժանի հակահարուած հասցրին հակառակորդին` նրան պատճառելով զգալի կորուստներ:
Զինակի՛ց ընկեր, մեր իւրաքանչիւր յաջողութիւն պէտք չէ ինքնահանգստացման պատճառ հանդիսանայ, պէտք է միշտ յիշել, որ հակառակորդը չի դադարեցնի տարբեր գործողութիւններով մեզ վնասներ պատճառելու իր վաղեմի մարտավարութիւնը. այն է` օգտուելով մեր սխալներից, հասնել արդիւնքի: Այո՛, մենք պէտք չէ մոռանանք, որ նրա յաջողութիւնները մեծապէս կախուած են մեր բացթողումներից. ո՞ր ուղղութեամբ կը հետեւի նրա յաջորդ ոտնձգութիւնը, պատասխանը միանշանակ պարզ է, այն ուղղութեամբ, որտեղ մենք հակառակորդին չենք սպասում, ուրեմն` ի գործ, դանդաղելը հաւասարարազօր է պարտութեան:
Մեզ հետ է մեր հերոսների անպարտելի ոգին, որը յոգնութիւն չունի եւ պարտութիւն չի ճանաչում:
Աստուած մեզ պահապան:

