Խմբագրական «Դրօշակ»-ի. Գերակշռող Փաստարկի Ուժով
Տարբեր առիթներով ասուել էր, որ հայ-ազրպէյճանական նոր պատերազմի բռնկումը շատ հաւանական չէ, բայց եւ ամբողջովին բացառել դրա հնարաւորութիւնը` նոյնպէս իրատեսական չէ: Հնարաւոր պատերազմի հաւանականութիւնը մեծացնում էին յատկապէս մի քանի գործօններ: Գաղտնիք չէ, որ Ազրպէյճանի ներկայ ղեկավարը` հօր համեմատ լինելով անիրատես ու արկածախնդիր, Ղարաբաղի «ազատագրման» մոլուցքի եւ հակահայկական ջղագարութեան մթնոլորտում մշտապէս փորձել է շեղել հասարակութեան ուշադրութիւնը այն իրողութիւնից, թէ ինչպէս են իր, իր հարազատների եւ մերձաւորների քլանները թալանում երկիրը: Ռազմական թշնամական հռետորաբանութիւնը, սակայն ծիծաղելի վիճակի մէջ է դնում իր հեղինակին, եթէ անվերջ կրկնուելով այդպէս էլ գործնական դրսեւորում չի գտնում: Միւս կողմից` Ազրպէյճանի առաջնորդը, ընկերային գետնի վրայ ոչ ներդաշնակ զարգացող իր երկիրը առանց չափ ու սահմանի սպառազինելով, ի վերջոյ մի օր պէտք է փաստի, որ անիմաստ գործով չի զբաղուած, եւ առկայ են նոր, յաղթական պատերազմ սանձազերծելու նախադրեալները:
Մանկութեան տարիներից ըստ պահանջի ապրած եւ պատերազմի արհաւիրքը չզգացած, խորհրդային բարձրագոյն նոմենկլատուրայի ներկայացուցչի զաւակին պակաս չի ոգեւորում այն, որ տարբեր պետութիւնների ներկայացուցիչներն ու միջազգային կազմակերպութիւնները ի վերջոյ բոլոր տեսակի ռազմական սադրանքների համար շօշափելի մեղադրանքներ չեն ներկայացնում իրեն, այլ բաւարարւում են ընդհանուր եւ պատասխանատուութիւն չպահանջող յայտարարութիւններով:
Նա տեսնում է նաեւ, որ իր բռնապետական պահուածքի, ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների խախտումների հանդէպ եւս Արեւմուտքը պատրաստ չէ այնպիսի հակադարձող քայլերի, որոնք կարող էին խախտել հարեւան-թշնամի երկրների նկատմամբ որդեգրուած հաւասարեցման քաղաքականութիւնը, եւ ի հարկէ փճացնել նաւթով ու կազով հարուստ երկրի հետ յարաբերութիւնները: Այս հանգամանքները Ալիեւ կրտսերի ձեռքերն ազատել են, երկրի ներսում ու սահմանների վրայ անել այն, ինչն քէֆն ուզում է, եւ աւելի՛ն, Եւրոխորհրդի ամպիոնից յոխորտալ եւրոպացիների վրայ, ովքեր փորձեցին կիսաձայն քննադատել նրան:
Ալիեւը առիթը չկորցնելով, մշտապէս մեղադրել է միջազգային ուժերին` պատճառաբանելով, թէ իբր ղարաբաղեան խնդրի չկարգաւորուածութիւնը չի թոյլատրում առաւել ժողովրդավարացնել իր երկիրը եւ ստիպում է ամուր բռունցքի մէջ պահել երկրի ներքին կարգ ու կանոնը: Պատահական չէ, որ իր քաղաքականութեանը դէմ հանդէս եկողներին Ալիեւը գերադասում է մեկուսացնել` որպէս Հայաստանի օգտին գործող լրտեսների:
Չի կարելի բացառել նաեւ այն վարկածը, որ հոգեպէս անհաւասարակշիռ իր հարեւան ու բարեկամ նախկին գործընկերոջ օրինակով, Ալիեւը փորձում է օգտուել խառնակ ժամանակներից`, յուսալով, որ կը կարողանայ կայծակնային հարուածով բոլորին կանգնեցնել կատարուած փաստի առջեւ:
Սրանով հանդերձ, լաւ ծանրութեթեւ անելով, որ մեծ պատերազմը կարող է յանգեցնել իր անսասան թուացող իշխանութեան մայրամուտին, նա փորձում է մանր եւ տեղային յաղթանակներով իրագործել թշնամուն «ջախջախելու» յոխորտանքը: Եթէ նաեւ բախտը հնարաւորութիւն ընձեռի «փոքր յաղթանակների» ծաւալը հնարաւորինս ընդլայնելու, ի հարկէ դրանից կարելի կը դառնայ բազմապատիկ մեծ քաղաքական օգուտներ քաղել:
Միւս կողմից, ռազմատնտեսական գերազանցութեան դիրքերից արուող շանթաժը որոշակի ճնշում է արտաքին շահագրգիռ ուժերի նկատմամբ` Ղարաբաղեան հակամարտութեան լուծման ցանկալի տարբերակ թելադրելու համար:
Պէտք է նկատի ունենալ նաեւ, որ բռնապետներին արջի ծառայութիւն է մատուցում իր շրջապատը, որը նրա ամէն քայլն ու մտայղացումը գնահատում է որպէս հանճարեղ ու անքննելի: Այդպէս ժամանակին նաեւ Հիթլերի շրջապատն էր ֆիուհրիրին հաւաստիացնում, որ Ռուսաստանի դէմ կայծակնային պատերազմը յաղթանակով կը պսակուի ոչ աւելի քան 7 շաբաթից: Իսկ ո՞վ կը համարձակուէր այլ տեսակէտ յայտնել: Հիմա պատկերացնենք նաեւ Ազրպէյճանի պաշտպանութեան նոր նախարարի վիճակը, որն ապացուցելու բան ունի, ինչպէս եւ յաղթանակների ծարաւ առաջնորդին ապացուցելու բան ունի զինուորական ներկայ ողջ ղեկավարութիւնը:
Չափազանցութիւնների մէջ ընկնելուց զգուշանալով, այնուամենայնիւ, կարելի է ասել, որ վերջին շաբաթներին սահմանային գօտում տեղի ունեցածը անուրջների խորտակում էր նշանակում Ազրպէյճանի ղեկավարութեան համար:
Այսօր արդէն, որպէս ճնշման միջոց եւ կամքի պարտադրանք, հնարաւոր չէ վկայակոչել ազրպէյճանական մարտունակ բանակն ու վերջինիս գերսպառազինուածութիւնը:
Տեղի ունեցաւ ուղիղ հակառակը. հայկական կողմը փաստեց, որ`
ա. Հայաստանի եւ Ազրպէյճանի ընկերային-տնտեսական եւ ռազմական հնարաւորութիւնների յարաբերակցութիւնը գործօն չեն հակամարտող երեք երկրների միջեւ ձեւաւորուած կացութիւնը փոխելու համար,
բ. ձեւաւորուած իրողութիւնները հնարաւոր չէ փոխել ուժային ճանապարհով, եւ նման սպառնալիքները անիմաստ են,
գ. իրավիճակի հետագայ սրումը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ Ազրպէյճանի համար (մեծաքանակ զոհեր, նոր տարածքների կորուստ, հակամարտութեան գօտու կէս միլիոնից աւելի դաշտավայրային բնակչութեան տեղահանութիւն): Ինչն իր հերթին, ընկերային ու քաղաքական պայթիւն կարող է առաջ բերել հէնց Պաքւում:
Կացութիւնը ինչ-որ չափով կարելի է համեմատել 94 թուականի մայիսեան զինադադարի նախօրեակի հետ:
Ստեղծուած կացութեան մէջ հայկական կողմը այսուհետ պէտք է լինի աշխուժ եւ իր մօտեցումները պարտադրող: Անհրաժեշտ է ձգտել ճակատում ձեռք բերուած յաջողութիւնները համարժէքօրէն ամրագրելու քաղաքական-դիւանագիտական ոլորտում:
Ասուածը նախ եւ առաջ վերաբերում է քաղաքական-քարոզչական ոլորտին: Արդէն իսկ Ազրպէյճանը Հայաստանին մեղադրել է վերջին շրջանի բախումները հրահրելու մէջ: Գաղտնիք չէ, որ նրանք ունեն նախաձեռնողական գործելաոճ, եւ այժմ քաղաքական ու քարոզչական մակարդակներով հարկ է աշխուժօրէն տարածել հայկական տեսակէտը:
Որքան էլ որ միջազգային հանրութիւնը խուսափում է ղարաբաղեան խնդրի թէժացման հարցում մատնանշել յստակ մեղաւորների, այլեւս անընդունելի պէտք է համարել հաւասարեցման քաղաքականութիւնը, ինչը ձերբազատում է հետագայ գործողութիւնների համար պատասխանատու լինելու մտահոգութիւններից:
Եկել է պահը, երբ քննութեան նիւթ պէտք է դառնայ բանակցութիւնների հետագայ շարունակման նպատակայարմարութիւնը: Կարելի՞ է իմաստ տեսնել այն բանակցութիւնների մէջ, որոնց ժամանակ կողմերից մէկը հանդէս է գալիս միայն առաւելագոյն պահանջներով, եւ բանակցութիւնների աւարտից անմիջապէս յետոյ կազմակերպում է հերթական սադրանքները սահմանի վրայ:
Ի հարկէ հասկանալի է, որ բանակցութիւնների ձախողումը կարող է նախանշել պատերազմի սկիզբը, բայց միայն հայկական կողմը չէ, որ պէտք է ունենայ այդ մտահոգութիւնը:
Սահմանային չդադարող բախումները ամենաակնյայտ փաստարկն են, որ դրանց սահմանափակումը եւ հետագայ առաւել ընդլայնումը կանխող կարեւորագոյն գործօն է երկու կողմերի միջեւ շփման գծի կրճատումը եւ չէզոք գօտու գոյութիւնը: Ազրպէյճանի գործողութիւնները` սկսած Ռամիլ Սաֆարովի արարքից ու բազմաթիւ սահմանամերձ բնակավայրերի պարզ գիւղացիների գերեվարումից ու կտտանքների ենթարկելուց եւ աւարտած սահմանային եւ խափանարարական գործողութիւններով, ապացուցում են, որ խաղաղ ապագայի համար ոչ թէ պէտք է վերացուի գոյութիւն ունեցող չէզոք գօտին, այլ` աւելի ամրապնդուի:
Ժամանակն է հրաժարուելու Մատրիտեան հնացած սկզբունքներից եւ բանակցութիւնների ու փոխզիջումների հիմք ընդունել առկայ իրողութիւնները:
Անհեթեթ է թւում մտածելը, որ մշտական լուծումների կարելի է յանգել խախտելով արդէն քսան տարի փխրուն խաղաղութիւնը հաւասարակշռող գործօնները:
Միջնորդների մասնակցութեամբ բանակցութիւնների ժամանակ անհրաժեշտ է պնդել ռազմական ուժ չկիրառելու մասին նոր պայմանագիր կնքելու պահանջը:
Պայմանագիր, որի մանրամասների մէջ կ՛ամրագրուեն նաեւ վերահսկման եւ պատասխանատուութեան որոշակի մեքանիզմներ (վերջին պահանջի տակ պէտք չէ հասկանալ խաղաղապահների ներգրաւումը, ինչը բացարձակապէս անընդունելի պէտք է լինի հայկական կողմի համար):
Անհրաժեշտ է վերականգնել հակամարտութեան ուղղակի եւ գլխաւոր մասնակից կողմ հանդիսացող Ղարաբաղի մասնակցութիւնը բանակցութիւններին: Այս պահանջը նոյնպէս պէտք է առաջադրի եւ հետապնդի հայկական կողմը:
Կարելի է մտածել, որ ներկայացուած առաջարկները վերջին փոքր յաղթանակների առաջացրած խանդավառութեան անիրատեսական պտուղներ են եւ առարկել` ասելով, օրինակ, թէ ռազմական գործողութիւնները կարող են առաւել թէժանալ հէնց Սոչիի բանակցութիւններից յետոյ: Դժուար է թէ՛ ժխտելը եւ թէ՛ հաստատելը:
Բայց միւս կողմից մենք տեսնում ենք, որ Ազրպէյճանը մշտապէս փորձել է իր պայմանները թելադրել հէնց ճնշման ճանապարհով, լինի դա ռազմական, քաղաքական թէ քարոզչական միջոցներով:
Մենք պէտք է անենք աւելին եւ պահանջենք աւելին: Դրա համար հայկական կողմը այսօրուայ դրութեամբ ունի երկու գերակշռող փաստարկ` արդարացի եւ յաղթող կողմ լինելու հանգամանքները:

