Ժերար Տիւմոն. «Պատմական Փաստերի Անտեսումն Է՛լ Աւելի Է Բարդացնում Ղարաբաղեան Հակամարտութեան Լուծումը»

Հարցազրոյցը վարեց ՆՈՒԱՐԴ ՉԱԼԻԿԵԱՆ

0819gerard-dumont«Փանորամա. ամ»-ը ձեր ուշադրութեանն է ներկայացնում հարցազրոյց Փարիզ 4 Սորպոն համալսարանի ժողովրդագրութեան դասախօս Ժերար Տիւմոնի հետ:

ՀԱՐՑՈՒՄ.- Դոկտոր Տիւմոն, ձեր վերջին յօդուածում, վերնագրուած` «Լեռնային Ղարաբաղ. անվերջ հակամարտութեան աշխարհաքաղաքականութիւնը», դուք խօսում էք Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան ծագման պատմական պատճառների մասին: Ինչպէ՞ս էք գնահատում այն փաստը, որ այս պատմական իրողութիւնները լիովին անտեսուած են հակամարտութեան կարգաւորման ներկայի գործընթացում: Դրանց անտեսումը, մասնաւորապէս, ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Աշխարհաքաղաքական հակամարտութիւնների պատճառ հանդիսացող պատմական իրողութիւնների չիմացութիւնը, ցաւօք, շատ յաճախ հանդիպող երեւոյթ է: Դա շատ լաւ է երեւում Սուտանում, Կենտրոնական Ափրիկէյում ներկայումս առկայ հակամարտութիւնների օրինակներով, կամ` հէնց Եւրոպայի օրինակով, մասնաւորապէս` Հունգարիայի եւ Եւրոմիութեան միջեւ նկատուող լարուածութեամբ, որի հիմնական պատճառը Ա. Համաշխարհային պատերազմից յետոյ` 1920 թուականի յունիսի 4-ին ստորագրուած Թրիանոնի պայմանագրի անարդարացի լինելն էր: Իրականութիւնն այն է, որ սահմանների անձեռնմխելիութիւնը, որն այժմ պաշտպանւում է միջազգային հանրութեան կողմից, բերում է նրան, որ անտեսւում են այդ սահմանների ամրագրման պատճառներն ու պատմութիւնը:

Համեմատութիւնները միշտ չէ, որ տեղին են, բայց այնուամենայնիւ հետաքրքիր է համեմատել Հարաւային Կովկասում եւ Ուքրանիայում ստեղծուած իրավիճակները: խորհրդային Միութիւնը, կիրառելով «Բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքը, 1946 թուականին Ուքրանիային կցեց Խրիմը, որտեղ գտնւում էր Սեւասթափոլի նաւահանգիստը, որը Մոսկուայի համար ճանապարհ է բացում դէպի Սեւ ծով, այնուհետ` դէպի Միջերկրական ծով: Այդ իրավիճակը բարդացնում է Ուքրանիայի ներկայիս աշխարհաքաղաքական դրութիւնը, ինչը պարզ երեւում է այն փաստից, որ Խրիմը միակ մարզն էր, որը 1991 թուականին անցկացրած հանրաքուէի ժամանակ դէմ քուէարկեց Ուքրանիայի անկախութեանը:

Տարբերութիւնները մի կողմ դնելով` պէտք է ասել, որ Խորհրդային Միութիւնը գծել է Ազրպէյճանի սահմանները այդ նոյն սկզբունքով, մի փաստ, որն այժմ անտեսւում է: Նոյն կերպ անտեսուել են նաեւ 1988թ.-ի Պաքուի հակահայկական ջարդերը: Իսկ երբ պատմական փաստերն անտեսւում են, դա միշտ յանգեցնում է միեւնոյն արդիւնքի` այն աւելի է բարդացնում հակամարտութեան լուծումը եւ անգամ է՛լ աւելի է սրում այն:

Հ.- Հաշուի առնելով այն փաստը, որ Ազրպէյճանն առ այսօր շարունակում է լուրջ սպառնալիք հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի համար (ի դէմս ներկայումս տարուող հակա-հայկական քաղաքականութեան, ռազմատենչ յայտարարութիւնների, սպառազինութիւնների կուտակմամբ եւ այլն), ինչ էք կարծում, արդեօ՞ք առաջարկուող Մատրիտեան սկզբունքները նախատեսում են համապատասխան անվտանգութեան երաշխիքներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, որոնք հնարաւորութիւն կը տան կանխել Ազրպէյճանի հետագայ հնարաւոր յարձակումը: Ո՞րն է ձեր գնահատականն այս առումով:

Պ.- Պատմականօրէն սկզբունքները նման են համաձայնագրերի կամ հռչակագրերի: Դրանք ունեն ճիշտ այնքան կարեւորութիւն, որքան կարեւորութիւն նրանց վերագրում են քաղաքական գործիչները: Աշխարհաքաղաքականութիւնը ուժերի յարաբերակցութեան վրայ հիմնուած խաղ է: Ո՛չ մի սկզբունք, որքան էլ բարենպաստ այն լինի, չի կարող երաշխաւորել որեւէ ժողովրդի անվտանգութիւնը: Լինես Մատրիտեան սկզբունքներին դէմ, թէ կողմ, դրանք ընդամէնը սկզբունքներ են, որոնց մեկնաբանութիւնը կարող է շատ տարբեր լինել, կախուած նրանից, թէ ո՛վ է այն մեկնաբանում, իսկ դրանց իրականացումն իր հերթին կարող է յանգեցնել շատ տարբեր արդիւնքների` կախուած ուժերի յարաբերակցութիւնից: Այլ կերպ ասած, Լեռնային Ղարաբաղը պէտք է պատրաստ լինի բոլոր հնարաւոր զարգացումներին: Ըստ էութեան, միայն այն խաղաղութեան պայմանագիրը, որը կը ներառի անվտանգութեան երաշխիքներ, ինչպէս նաեւ` դրանք պահպանելու կամք, կարող է ապահովել անվտագութիւնը:

Հ.- Զուտ աշխարհաքաղաքական տեսանկիւնից արդեօ՞ք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարող է ունենալ վերջնական լուծում, որը կը բերի տարածաշրջանում երկարատեւ խաղաղութեան: Եթէ այո, ապա ինչպիսի՞ն կարող է լինել այդ լուծումը:

Պ.- Պատմութիւնը սովորեցնում է, որ հակամարտութիւնները հանգուցալուծւում են միայն այն դէպքում, երբ հակամարտութեան անմիջական կողմերը իսկապէս ցանկանում են վերջ դնել դրան: Ի հարկէ միջազգային ուժերը կարող են նպաստել խնդրի լուծմանը, եթէ ձեռնպահ մնան այն հրահրելուց եւ առաջարկեն երաշխիքներ: Մինսքի խումբը օգտակար դեր է խաղում փորձելով մեղմել իրավիճակը եւ հեշտացնել երկխօսութիւնը: Սակայն այն չի կարող լուծել հակամարտութիւնը, ինչի մասին վկայում է անցած երկու տասնամեակը: Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը ամբողջութեամբ կը լուծուի միայն այն դէպքում, եթէ Ազրպէյճանը, Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը գտնեն համաձայնութեան եզրեր, եւ եթէ երեք կողմերն էլ հաւասարապէս ցանկանան լուծել հակամարտութիւնը:

Հ.- Իսկ ինչպէ՞ս էք գնահատում ժողովրդավարութեան գործօնի դերը հակամարտութեան լուծման մէջ:

Պ.- Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հանգուցալուծման դժուարութիւններից մէկն այն է, որ այն կախուած է հակամարտութեան մասնակիցների միջեւ տիրող իրավիճակից: Աւելի հեշտ է լուծումներ գտնել այն հակամարտութիւններին, որոնց մասնակից կողմերը ժողովրդավար են, քանի որ ժողովուրդները չեն սիրում բանտարկուած լինել փակ սահմանների մէջ եւ, ի վերջոյ, քուէարկում են այն իշխանութիւնների օգտին, որոնք կողմ են, որ սահմանները նպաստեն փոխանակումներին եւ առեւտրին: Հետեւաբար պէտք է ժողովրդավարական առաջընթաց մաղթել այդ երկրներին:

Հ.- Ինչպէ՞ս էք գնահատում Հայաստանի` Մաքսային միութեանը միանալու որոշումը: Կանգնած լինելով Եւրոպայի եւ Ռուսաստանի միջեւ ընտրութեան առջեւ` արդեօ՞ք Հայաստանն այլընտրանք ունէր:

Պ.- Հայաստանը, որն ունի սահմանափակ հարստութիւններ եւ մեծապէս մեկուսացուած է Թուրքիայի եւ Ազրպէյճանի հետ փակ սահմանների պատճառով, ստիպուած է ապաւինել այն գործընկերներին, որոնք կ՛ունենան հնարաւորութիւն եւ ցանկութիւն արդիւնաւէտ կերպով նպաստելու նրա անվտանգութեանը: Միջազգային յարաբերութիւններում ներկայիս իրականութիւնն այն է, որ Միացեալ Նահանգները, ինչպէս վկայում են Միացեալ Նահանգների նախագահների բազմաթիւ յայտարարութիւններն ու գործողութիւնները, նախապատուութիւնը տալիս է Թուրքիային, թէկուզ միայն այն բանի համար, ինչը ես անուանում եմ «թուերի օրէնք» – Թուրքիան ունի 76 միլիոն բնակչութիւն, իսկ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ միասին` 3 միլիոն բնակչութիւն:

Եւրամիութիւնը, դաշնակից լինելով Միացեալ Նահանգների հետ, 2005թ.-ին Թուրքիայի հետ բանակցութիւններ սկսեց վերջինիս ԵՄ անդամակցութեան համար, աւելի ճշգրիտ` Թուրքիային թեկնածու երկրի կարգավիճակ տալու համար` դրանից բխող բոլոր ֆինանսական առաւելութիւններով: Մինչդեռ այս իրավիճակն անհեթեթ է. Թուրքիան չի ճանաչում Եւրոմիութեան անդամ երկրներից մէկի ինքնիշխանութիւնը, ինչպէս նաեւ չի երաշխաւորում իր երկրում փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութիւնը, ինչը հիմնարար եւրոպական արժէք է:

Այսպիսով, չկարողանալով իրապէս յենուել ո՛չ Միացեալ Նահանգների եւ ո՛չ էլ ԵՄ-ի վրայ, Հայաստանն այլ ելք չունէր, քան` միանալ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միութեանը: Բացի այդ, Մոսկուան վճարեց դրա համար` առաջարկելով Հայաստանին կազ մատակարարել «ընկերական գնով»: Միեւնոյն ժամանակ, սակայն, Մաքսային միութիւնը չի կարող տնտեսական հրաշք գործել երկու պատճառով: Նախ, ՄՄ-ն Հայաստանի համար բացում է աւելի փոքր շուկայ, քան կը բացէր ԵՄ-ն իր 500 միլիոն բնակչութեամբ: Իսկ յետոյ, ՄՄ անդամ երկրների տնտեսութիւնը աւելի շատ յենուած է բնական հարստութիւնների շահագործման, քան նորարարութեան վրայ: Բայց այս միութիւնը հիմնադրող երկիրը` Ռուսաստանը, Հայաստանի համար անհրաժեշտ անվտանգութեան հովանոց է ապահովում:

Հ.- Դոկտո՛ր Տիւմոն, դուք նաեւ ուսումնասիրել էք ժողովրդագրական խնդիրները Հայաստանում: Ինչպէ՞ս էք գնահատում ներկայիս իրավիճակն այս առումով: Ի՞նչ լուծումներ էք դուք տեսնում այս խնդրին:

Պ.- Ժողովրդագրական առումով, Հայաստանն իսկապէս գտնւում է շատ մտահոգիչ իրավիճակում: Մի կողմից բնակչութեան բնական աճի կշռոյթները թոյլ են ծնելիութեան ցածր ցուցանիշների պատճառով, ինչը ես անուանում եմ «ժողովրդագրական ձմեռ»է, այսինքն ծնելիութեան մակարդակը երկարաժամկէտ կտրուածքով նուազել է` իջնելով սերունդների պարզ փոխարինման շէմից ներքեւ: Եթէ Հայաստանում այդ շէմը ենթադրում է, որ մէկ կինը պէտք է ծննդաբերի 2.2 երեխայ եւ աւել, ապա ներկայումս այդ թիւը չի գերազանցում 1.6-ը: Բացի այդ, Հայաստանն ունի գաղթի բացասական ցուցանիշ: Ընդհանուր առմամբ, Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Հայաստանը լքել է մօտ կէս միլիոն մարդ: Արտագաղթը արնաքամ է անում Հայաստանը: Այս խնդիրը յաղթահարելու երկու ճանապարհ կայ: Առաջինը` պէտք է մշակել ընտանեկան քաղաքականութիւն: Երկրորդը` պէտք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ հայերը ցանկանան ապրել Հայաստանում, եւ որ սփիւռքահայերը կարողանան գալ եւ օգտակար լինել Հայաստանին իրենց հմտութիւններով եւ իրենց ձեռնարկատիրական գաղափարներով: Բայց սա ենթադրում է, որ պէտք է սահմանափակել մենաշնորհները, քաջալերել ազատ ձեռներէցութիւնը եւ շարժուել դէպի իրաւական պետութիւն:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )