Հայաստանը` Ռուսաստանի Եւ Թուրքիայի Միջեւ

ԱՐԱՄ ՍԱՐԱՖԵԱՆ

Աշխարհագրական Խոհեր
Ապրիլ 24-ի Առիթով

Մեծ եղեռնի զոհերի յիշատակի օրն այս տարի նշել ենք Ա. Համաշխարհային պատերազմի հարիւրամեակի տարում: Հայաստանի բազմահազարամեայ պատմութեան մէջ եւ ոչ մի պատերազմ այդքան աղէտալի ու կործանարար հետեւանքներ չի ունեցել մեր ժողովրդի համար, որքան` այդ պատերազմը: Հիմա, երբ մենք պատրաստւում ենք համազգային ջանքերով յաջորդ տարի արդար պահանջատիրութեան հզօր ձայն բարձրացնել Մեծ եղեռնի հարիւրամեայ տարելիցին, աշխարհը փորձում է յիշել եւ դասեր քաղել Ա. Աշխարհամարտի աղէտներից: Այդ պատերազմը, որը, ժամանակակիցների վկայութեամբ, յոյսեր առաջացրեց հայերիս մէջ, բայց աւարտուեց համազգային աղէտով, մի թեմայ է, որի շուրջ արդէն տասնամեակներ բախւում են հասարակական ու քաղաքական կարծիքները, որի հետեւանքների հետ չի հաշտւում ու հանգստանում մեր ազգային հաւաքական մտածողութիւնը:

Մեր օրերի աշխարհը նոյնպէս ալեկոծուած է եւ մեզանից աչալրջութիւն եւ զգօնութիւն է պահանջում: Այս վերլուծականում փորձենք քննարկել մի քանի թեմաներ, որոնք այս օրերին քննարկման առարկայ են եւ լուսաբանման ու մեկնաբանութիւնների կարօտ:

Կա՞յ Արդեօք Այլընտրանք Վարուող
Արտաքին Քաղաքականութեանը

Հայաստանի Առաջին Հանրապետութեան մասին խօսելիս` Սիմոն Վրացեանը շրջանառութեան մէջ դրեց «մուրճի եւ սալի միջեւ» հասկացութիւնը: Այդ ժամանակ էր, որ դադարեց գոյութիւն ունենալ արեւմտահայութիւնը, կամ ինչպէս այն ժամանակ էին անուանում` թուրքահայութիւնը, իսկ Ռուսահայաստանը կամ Արեւելեան Հայաստանը խորհրդայնացաւ: Մեր պատմութիւնը ուսումնասիրողներիս հանգիստ չի տալիս այն միտքը, թէ այդ ինչպէ՞ս եղաւ, որ մի փոքրիկ ժողովուրդ իր ազգային երազանքի հռչակման ու կերտման փորձերում յայտնուեց միանգամից երկու հզօր ուժերի արանքում` մէկի համար դառնալով ատելի թշնամի, իսկ միւսի համար անվստահելի գործընկեր:

Մեր պատմաբանները դեռ պէտք է ջանքեր գործադրեն գնահատելու ու վերագնահատելու 1914-1920թթ. իրողութիւնները` հարիւրամեակի հեռաւորութիւնից` փորձելով աւելի քիչ զգացմունքային ու հախուռն լինել եւ աւելի շատ փորձել տեղաւորուել ընդհանուր, աշխարհին իրենց կամքը թելադրող իրողութիւնների շրջանակներում: Սա ասում եմ, որովհետեւ համոզուած եմ, որ այլ կերպ աշխարհին հասկանալի լինել ուղղակի հնարաւոր չէ: Մեր կենցաղային քաղաքական դատողութիւններում մենք յաճախ ենք կրկնում, որ երբ Ռուսաստանն ու Թուրքիան մերձենում են, հայերիս ճակատագիրը վտանգւում է: Այս դատողութիւնը միամիտ է ու սխալ այնքանով, որ անցեալում հայերի ճակատագիրը ոչ պակաս, այլ գուցէ աւելի մեծ չափով վտանգուել է այն ժամանակներում, երբ Ռուսաստանն ու Օսմանեան կայսրութիւնը միմեանց դէմ պատերազմել են կամ ունեցել են լարուած փոխյարաբերութիւններ: Յիշենք, որ հարիւր տարուայ ընթացքում ռուսները չորս անգամ գրաւել են Արեւմտեան Հայաստանը եւ չորս անգամ էլ միջազգային դիւանագիտութեան ճնշումների պատճառով ստիպուած են եղել վերադարձնել այն: Այդ պատերազմներից իւրաքանչիւրից յետոյ տեղի է ունեցել քրիստոնեայ եւ իսլամ բնակիչների փոխանակում, եւ Արեւմտեան Հայաստանը կամաց-կամաց դադարել է գլխաւորապէս հայերով բնակեցուած տարածք լինելուց:

Ամենաաղէտալին Ա. Աշխարհամարտն էր, որտեղ երիտթուրքական իշխանութիւնները, օգտուելով ընձեռնուած պատեհութիւնից, ոչնչացրին, տեղահանեցին եւ հայրենազրկեցին ողջ արեւմտահայութեանը: Հիմա քաղաքական ինչ-ինչ փոփոխութիւնների արդիւնքում Թուրքիայում սկսել են բարձրաձայն քննարկել Հայոց ցեղասպանութեան թեման: Չնայած այդ իրողութիւնը ճանաչողների եւ ժխտողականութեան կողմնակիցների յարաբերութիւնը, պատկերաւոր ասած, մէկին հազար է: Արեւելահայութիւնը պահպանեց իր ֆիզիքական գոյութիւնը եւ այդ տարածքի մի մասի վրայ է այսօր յառնել մերօրեայ Հայաստանի Հանրապետութիւնը:

Վերջերս Գերմանիայում կայացած մի քաղաքագիտական խորհրդաժողովի ժամանակ, որի մասին ես առիթ ունեցել եմ գրելու, գերմանացի քաղաքագէտներից մէկն իմ ելոյթից յետոյ փորձեց վերացական դատողութիւններ անել հայերի ի սկզբանէ աշխարհասփիւռ լինելու եւ բոլոր երկրներում նկատելի ներկայութիւն ունենալու վերաբերեալ, ինչին ռուս քաղաքական վերլուծաբաններից մէկը կտրուկ յաւելեց, թէ հայերը Ռուսաստանի դաշնակիցն են նաեւ այն պատճառով, որ չեն ուզում, որ իրենց հարեւանները կրկնեն 1915-ը: Այդ խօսքերից յետոյ դահլիճում երկար եւ տհաճ լռութիւն տիրեց, որովհետեւ բոլորն էին հասկանում` ինչի՛ մասին է խօսքը, բայց չէին ցանկանում եւ ուժ չունէին այդ թեմայով դատողութիւններ անելու: Սա ասում եմ այն պատճառով, որ մեր պահանջատիրութիւնն ունի երկու սուր ծայր: Առաջինը` Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացն առաջ տանելն է բոլոր հնարաւորութիւններով եւ ընձեռնուող բոլոր առիթներում: Երկրորդը` Հայաստանի անկախ պետականութեան ամրապնդումն ու հզօրացումն է: Այս երկրորդի մէջ է նաեւ յստակ ուրուագծող աշխարհաքաղաքական առճակատումների պայմաններում մեր անվտանգութիւնն ու կայունութիւնը պահպանելու խնդիրը:

Խօսելով Մաքսային միութեանը եւ ապագայ Եւրասիական տնտեսական միութեանը Հայաստանի անդամակցութեան որոշման մասին` իմ ռուս ընկեր Վլատիմիր Լեփեխինը մեր մամուլի համար եզրակացրեց, որ Հայաստանն ընտրութիւն է կատարել յօգուտ անվտանգ զարգացման, տնտեսական ինքնիշխանութեան եւ պատմական յիշողութեան: Մեր քաղաքական ու հասարակական գործիչներից շատերը տարբեր առիթներով ասում են, որ վատ է, երբ անկախ պետութիւնը չունի զարգացման այլընտրանքային տարբերակներ: Այո՛, Հայաստանի Հանրապետութիւնը հայ-ռուսական ռազմավարական գործընկերութեանը, ՀԱԿՊ-ին անդամակցելուն եւ Եւրասիական համարկման գործընթացներում ներգրաւուելուն այլընտրանք չունի: Բայց չէ՞ որ նման վիճակում են աշխարհի միջին ու փոքր պետութիւնների մեծ մասը, որոնցից եւ ոչ մէկը սակայն չունի այնպիսի ողբերգական պատմական անցեալ, ինչպիսին մերն է: Օրինակ` այլընտրանք չունեն Եւրոմիութեան անդամ Լաթվիան, Սլովաքիան, Ռումանիան եւ Պուլկարիան, որոնք բոլորովին էլ չեն ստացել այն առաւելութիւնները, որն ակնկալում էին անդամակցելիս, եւ որոնց տնտեսական վիճակի ցուցանիշներից մէկը բնակչութեան շատ զգալի մասի արտագաղթն է: Այսպիսի օրինակներ շատ կան եւ դրանց գոյութիւնը խօսում է այն մասին, որ տարածաշրջանային աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական կազմաւորումներում ընդգրկուելը պարզապէս ժամանակի պահանջ է: Պահանջ, որը պէտք է ուսումնասիրուի, հասկացուի եւ դառնայ հիմք զարգացման գործնական ծրագրերի համար:

Ռուսաստանի Եւ Թուրքիայի
Համագործակցութիւնը

Տարածաշրջանային տնտեսական կառոյց դարձող Մաքսային միութիւնն իր մէջ կ՛ընդգրկի Ռուսաստանին, Պելառուսիային, Ղազախստանին, Խըրխըզստանին եւ Հայաստանին: Սա համարեա հաստատ է: Բայց Մոսկուայում չեն դադարում քննարկումներն այն հարցի շուրջը, թէ արդեօք կարելի է այդ կառոյցի անդամ դարձնել Նոր Զելանտային, Վիեթնամին, Սուրիային եւ Թուրքիային: Եւրասիականութեան գաղափարախօս Ալեքսանտր Տուկինը շարունակում է պնդել, որ Եւրասիականութեան հիմքը արեւելասլաւոնական հաւաքականութեան եւ պատմական Թուրանի համախմբան մէջ է: Թուարկածս բոլոր պետութիւններն ուզում են Թուրքիային տեսնել ցանկալի գործընկերոջ դերում: Աշխարհաքաղաքական բնական մրցակիցներ հանդիսացող Ռուսաստանն ու Թուրքիան սերտ գործընկերներ են, ինչի դրսեւորումներից ամենացայտունը կազի մատակարարման ծաւալների մեծացումն է եւ սակագնի իջեցումը Թուրքիայի համար: Մենք պէտք է հասկանանք, որ աշխարհի ութերորդ տնտեսութիւն համարուող Ռուսաստանը եւ տասնվեցերորդ տնտեսութիւն հանդիսացող Թուրքիան ունեն խորը ընդհանուր հետաքրքրութիւններ: Շատ դժուար է ասել` Արեւմուտքը Թուրքիային բաց կը թողնի՞ արդեօք Ռուսաստանի հետ աւելի սերտ յարաբերուելու համար: Այս նոր յարաբերութիւններում Հայաստանի հարցը փոքր թուացող, բայց մեզ համար աւելի քան արդիական ու զգայուն հարց է: Այսօր արդէն շատերն են հասկանում, որ Հայաստանի ապագայ անդամակցութիւնը Եւրասիական տնտեսական միութեանը ստիպելու է Թուրքիային աւելի լուրջ հայեացքով նայել մեր երկրին:

Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչները վերջին շրջանում մի քանի առիթով նշել են, որ ուսումնասիրւում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղուած գործընթացները մեռեալ կէտից շարժելու հարցը: Ուզում եմ յիշեցնել, որ «ֆութպոլային դիւանագիտութեան» ծաւալման ընթացքում թուրքական վերլուծաբանները եկան միանշանակ եզրակացութեան, որ տնտեսական փաստարկները եւ երկկողմ առեւտրի զարգացման ներուժը չունեն այն հզօրութիւնը, որպէսզի ստիպեն Թուրքիային առանց նախապայմանների յարաբերութիւններ սկսել Հայաստանի հետ: Վերջին քսանամեակի տարբեր հզօրութեամբ եւ տարբեր հետեւողականութեամբ իրականացուած քայլերն առանց նախապայմանների դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու եւ սահմանները բացելու ուղղութեամբ բախուել են առարկայական աշխարհաքաղաքական բնոյթի խոչընդոտների: 22 տարի առաջ աշխարհը սկսեց քննարկել Սամուել Հանթինկթընի «քաղաքակրթութիւնների բախումը» կարեւոր աշխատութիւնը: Միաբեւեռ աշխարհի պայմաններում պաշտօնական Ուաշինկթընի իշխանութիւնները չընդունեցին այդ տեսութիւնը եւ աշխարհի գիտնականները զբաղուած էին այդ տեսութեան քննադատութեամբ եւ չէզոքացմանն ուղղուած քայլերով: Այսօր մենք տեսնում ենք, թէ ինչպէս Ուքրանիայի առիթով բախւում են Արեւմուտքի եւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը եւ տնտեսական շահի պատկերացումները դառնում են երկրորդական, երբ սրւում են քաղաքակրթական հակասութիւններն ու պատկերացումները: Այս թեմայով կարելի է անսահման երկար դատողութիւններ անել, բայց եզրակացութիւնը առայժմ մէկն է: Քաղաքակրթութիւնների միջեւ անցնող աշխարհաքաղաքական ճեղքուածքում յայտնուած բոլոր պետութիւնների համար էլ դժուար է լինելու եւ նրանք բոլորն էլ լրացուցիչ ջանքեր են ստիպուած լինելու կիրառել ինքնիշխանութիւնը եւ կայունութիւնը պաշտպանելու համար:

Մեր Ինքնիշխանութեան Սահմանները

Արեւելեան Հայաստանի մեծ մասն այսօրուայ Հայաստանի Հանրապետութիւնն է: Այստեղ է փրկութիւն գտել ոչնչացուած արեւմտահայութեան մի մասը: Այստեղ է, որ արդէն 94 տարի պատերազմ չի եղել: Հայաստանի Հանրապետութիւնը երաշխաւորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան փաստացի անկախութիւնը, եւ աշխարհում, կարծես, բոլորի համար դա հասկանալի է: Որովհետեւ չլինէր այդ երաշխաւորութիւնը, ոչնչացման եւ տեղահանման, ասել կ՛ուզի ցեղասպանութեան էր ենթարկուել նաեւ արցախահայութիւնը: Ռուս քաղաքագէտներից մէկը, պատասխանելով հայ լրագրողի այն հարցին, թէ ի՞նչ է ակնկալում Ռուսաստանը Հայաստանից, հանգիստ պատասխանել է. «Ծրագրուած գործընթացների հանգիստ եւ հետեւողական իրականացում»:

Այսօր, երբ աշխարհի տնտեսապէս ամենազարգացած Արեւմուտքում անհանգստութիւններ կան, որ երկու-երեք տարի յետոյ կարող է սկսուել տնտեսական ճգնաժամի մի նոր փուլ, իսկ տնտեսութիւնների շրջանայնացման բուռն գործընթացում փոքր ու միջին պետութիւնները փորձում են փրկել եւ մրցունակ դարձնել իրենց ազգային տնտեսութիւնները, մենք շարունակում ենք քննարկել ու վիճել մեր ազգային խնդիրներն առաջ մղելու թեմաներով, քսանամեայ դեգերումների եւ տարբեր փորձութիւնների արդիւնքում հասկանալով, որ ամենաճիշտը հաւատարիմ դաշնակցի, անկեղծ ու բաց գործընկերոջ կեցուածքն է:

Մեծ եղեռնի զոհերի յիշատակին կառուցուած վեհաշուք յուշարձանին այցելելով ու դրանով մեր համազգային համախմբումը աշխարհին ցուցադրելով` մենք հասկանում ենք, որ մեր տնտեսութիւնը զարգացնելու, կայուն պետականութիւն կերտելու եւ համազգային համախմբում իրականացնելու հարցերը միմիայն մեզանից են կախուած: Սա է մեր ինքնիշխանութեան հարցը եւ առհաւատչեան` նաեւ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը աւարտին հասցնելու պայքարում:

«Ազգ»

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )