«Կանգառ Երեւանում». Նկարիչները` Սիրիահայերին Օգնելու Համար
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Ֆրանսայում բնակուող նկարիչ վաչէ Տեմիրճեանի աչքերում յուզմունքի նուրբ ուրուագծեր են յայտնւում, երբ պատմում է, թէ ինչպէս իր ինստալացիոն աշխատանքի համար գնացել էր Երեւանի «քրջի պազար»: Ինստալացիայի համար նրան անհրաժեշտ էին հին հագուստ, ճամպրուկ, որպէսզի մարմնաւորի գաղթականներին: ,մարմինս, գիտէք, նորից փուշ-փուշ եղաւ, երբ սա պատմեցի: Մարդիկ (նկատի ունի ,քրջիէ շուկայի առեւտրով զբաղուողներին- հեղ.) կառավարութիւնից սպասելիք չունեն: Երեւանից դուրս աղբանոցներ կան, որտեղ գնում են, զատում են իրերը եւ բերում: Գիտէք` այդ իրերը նրանք մաքուր, ադամանդի պէս շարում են: Դա, կարծես, արդէն ինստալացիա լինիէ, ասում է նկարիչը:
Վաչէի ինստալացիան կարելի է տեսնել Երեւանի Ժամանակակից արուեստի թանգարանում: Հեղինակը գաղափարական զուգահեռ է անցկացնում սիրիահայութեան խնդրի հետ: Թանգարանում այս օրերին ընթանում է «Կանգառ Երեւանում» բարեգործական ցուցահանդէս- վաճառքը: «Կանգառից» ստացուած գումարով նախատեսուած է կացարան կառուցել սիրիահայերի համար: Վաչէ Տեմիրճեանը նկատում է, որ նման «կանգառներ» ոչ սիրահայութեան խնդիրների համար դեռ տարիներ առաջ էին կազմակերպել Ֆրանսայում, օրինակ` «Կանգառ Փարիզը»: Սա «Հալէպ» ՀԿ-ի կազմակերպած առաջին ցուցահանդէս-վաճառքն է:
«Իմ գաղափարը կամուրջ ստեղծելն էր Հայաստանի եւ սփիւռքի միջեւ, եւ դրա յաջողութիւնը եղաւ, որովհետեւ «Երրորդ յարկի» խումբը եղաւ, որը 25 տարի առաջ Երեւանում է ստեղծուել: Այդ խմբի մէջ են` Վահան Ռումելեանը, Արման Գրիգորեանը, Արմէն Գէորգեանցը, Մոկոն եւ այլք: Կապուեցի նրանց հետ, եւ նրանք շատ սիրայօժար, ամէն մէկը 2-3 գործ նուիրեց այս կազմակերպութեան համար», նշում է նա: Ֆրանսայում ապրող հայ նկարիչի խօսքով, այս ցուցահանդէսի նպատակը նաեւ այն է, որ Հայաստանում աղմուկ բարձրանայ սիրիահայերին օգնելու համար: «Երբ 25 տարի առաջ երկրաշարժ եղաւ, սիրիահայերը շատ օգնեցին Հայաստանին, երեւակայածից աւելի շատ` թէ՛ դրամով, թէ՛ ուտելիքով, թէ՛ հագուստով, հիմա մեր կարգն է, որպէսզի օգնենք մեր սիրիահայ քոյրերին եւ եղբայրներին», ասում է նա:
Ցուցահանդէսին մասնակցում է 29 արուեստագէտ (Հայաստանից, Սիրիայից, Ֆրանսայից), ներկայացուած է 104 աշխատանք: «Հալէպի» երիտասարդական յանձնաժողովի ատենապետ Յակոբ Գազանճեանն ասում է, որ առայժմ վաճառուել է 2 աշխատանք, բայց դա չի ենթադրում, որ հետաքրքրութիւն չկայ: Նա նշում է, որ նկարներից ստացած գումարով 6 յարկանի շէնք են կառուցելու կարիքաւոր սիրիահայերի համար, որի առաջին յարկում բացուելու են արհեստանոցներ նրանց համար: «Ինչպէս գիտէք, սիրիահայերի մէջ տարբեր արհեստներում հիանալի վարպետներ կան, եւ ափսոս է, որ նրանք կորչեն: Իսկ այդ տարածքում նրանք կարող են պահպանել աւանդոյթները», նշում է Յակոբը:
Ցուցահանդէսը օգոստոսի 22-ից յետոյ էլ լինելու է «շարժական»: Աշխատանքները, որոնք չեն վաճառուել, ցուցադրուելու են երեւանեան սրճարաններում կամ այլ պատկերասրահներում: Սրահ մտած նկարիչ Լորեն Նիսուն ուշադիր լսում էր մեր զրոյցը: Նա Ֆրանսայից է, մայրը հայուհի է` Մարի Պոյաճեան, իսկ հայրը` ֆրանսացի: Ասում է` ցաւում է, որ հայերէն չի կարող խօսել, թէեւ միշտ ցանկութիւն ունէր սովորելու: «Մայրս ծնուել է Ֆրանսայում, ամուսանցել է հօրս` ֆրանսացու հետ: Նրանք դրսում շատ չէին ուզում ցոյց տալ, որ հայ են, իսկ տան մէջ այլ էր: 1940-50-ական թթ. Ֆրանսայում շատ ճնշում կար, հայութիւնն ամաչում էր փողոցում իրենց լեզուով խօսելու, դրա համար մայրս ինձ չսովորեցրեց հայերէն լեզուն», նշում է նա: Վաչէ Տեմիրճեանը, ով թարգմանում էր մեր զրոյցը, ցոյց տալով Նիսուի նկարները (յաճախ ստորագրում է «Սուն»), ասում է, որ նա մօր մահից յետոյ մօտ մէկ տարի չէր նկարում եւ միայն այս ցուցահանդէսի համար վերսկսել է նկարչութիւնը: Նիսուն ժպտում է: «Հայրենի հողը զօրաւոր ուժ ունի, եւ ես էլ Եղեռնի հետեւանքներից եմ», ասում է Նիսուն:
Նկարիչ Արմէն Գէորգեանցն էլ եւս մէկ անգամ պտտւում էր սրահում` դիտելով նկարները: Հարցնում եմ` ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ցուցահանդէսին, պատասխանում է, թէ մասնակցել-չմասնակցելու հարց չի եղել: «Ես մտածում էի` ի՞նչ կարող եմ տալ», աւելացնում է: Նրա խօսքով` ցուցահանդէսի գաղափարը լաւն է, բայց մեր իրականութեան մէջ դժուար է պատկերացնել, որ կը ստացուի շօշափելի արդիւնք: «Չնայած` դէպքեր գիտեմ, որ գործեր երբեմն վաճառւում են ե՛ւ 20.000-ով, ե՛ւ 25.000-ով: Էն մարդիկ, ովքեր այդ գումարները տալիս են, էստեղ չեն լինում: Միգուցէ խնդիրն այդ դէպքում այդ մարդկանց այստեղ հրաւիրե՞լն է: Չեմ կարծում, թէ շատ թանկ են գնահատուած գործերը, որ չկարողանան գնել. զուտ որպէս բարեգործական քայլ ամէն մէկը կարող է գնել մէկ գործ», ասում է Ա. Գէորգեանցը:

