Դատապարտուածները Կամ`«Արիւն Թողնելը» Ազրպէյճանական Ձեւով
ՖԱԽՐԷՏՏԻՆ ԱՊՈՍԶՈՏԱ
Սոյն յօդուածը անդրադարձ է ազրպէյճանական եւ ղարաբաղեան (լայն իմաստով` հայկական) զինուած ուժերի ճակատային գծում վերջերս տեղի ունեցած արիւնալի միջադէպերին, ինչը յանգեցրել է վառ արտայայտուած խուճապի ազրպէյճանական հասարակութեան բոլոր շերտերում, իսկ երկրի իշխանութիւններն այն օգտագործում են բնակչութեան շրջանում հերթական ռազմական հոգեբանութիւն առաջացնելու համար:
Այսօր Պաքուի զանգուածային լրատուամիջոցների (ԶԼՄ) հրապարակումների վերլուծութեան հիման վրայ կը փորձենք այդ միջադէպի հետ կապուած որոշ եզրայանգումներ կատարել: Եւ այսպէս, ինչի՞ մասին են Պաքուի ԶԼՄ-ների հրապարակումները:
Գլխաւոր եզրակացութիւնը. մի քանի խափանարարական խմբերի` ղարաբաղեան բանակի թիկունք ներթափանցման հետ կապուած ոչ մեծ միջադէպերը (իրական պատերազմի տեսանկիւնից) մերկացրեց ազրպէյճանական հասարակութեան ու պետութեան բոլոր թոյլ տեղերը եւ ապացուցեց նրանց դատապարտուած լինելը: Փորձենք հիմնաւորել մեր այս եզրակացութիւնը շօշափելի փաստարկներով:
Միջադէպն ապացուցեց բանակի եւ հասարակութեան լրիւ անպատրաստ լինելը գալիք պատերազմին, որի մասին շատ է սիրում թմբկահարել նախագահ Իլհամ Ալիեւը: Որովհետեւ բանակ նշանակում է ոչ միայն ժամանակակից զինատեսակներ եւ սպառազինութիւն, ոչ միայն զինուորների եւ սպայական կազմի որոշակի քանակութիւն զօրքերի շփման գծում: Բանակ նշանակում է նաեւ բարձր արհեստավարժութիւն ունեցող զինուորականներ, որոնք ունակ են մշակել հակառակորդի դիմադրութիւնը յաղթահարելու յստակ ծրագրեր եւ իրականացնել գործնականում: Եւ այս ամէնը` փտածութեան հետ մէկտեղ, ինչը սովորական երեւոյթ է ազրպէյճանական բանակի համար: Պաքուի որոշ փորձագէտների գնահատականով, բանակը պետական պիւտճէի փողեր «խմելու» աստիճանով շինարարական արդիւնաբերութեան հետ նոյն շարքում է կանգնած:
Երեւի թէ փորձելով պարզել իշխանութիւնների համար այդպիսի անցանկալի խօսակցութիւնների տարածման պատճառները` նախիջեւանեան քլանի անդամ, պատգամաւոր Ֆազիլ Մուսթաֆան հանդէս եկաւ axar.az-ում «Ո՞վ է պատերազմ վարելու» հետաքրքիր վերնագրով յօդուածով:
Նա ընդունում է, որ` «չի տեսնում ժողովրդի միջոցների օգնութեամբ լայնածաւալ պատերազմ վարելու հնարաւորութիւնը»: Այսինքն բնակչութիւնը ի վիճակի չէ պատերազմ վարել, աւելի ճիշդ` ժողովուրդը չի ցանկանում կռուել այս պետութեան (իշխանութեան) համար:
Ինչ վերաբերում է հրոսակային խմբաւորումներին, ապա, ըստ պատգամաւորի, «նրանք վերջին 22 տարուայ ընթացքում ոչ թէ Հայաստանում, այլ նոյնիսկ բռնագրաւուած (այսինքն արցախեան, «Ա.») տարածքներում ոչ մի խափանարարական գործողութիւն չկարողացան իրականացնել»: Ստացւում է, որ նրանց վրայ էլ յոյս դնել չի կարելի:
Օտարերկրեայ պետութիւնների վրայ յոյս դնել, աւաղ, նոյնպէս չի կարելի. «Մեր ամենամօտ դաշնակից Թուրքիան նոյնիսկ իր հեղինակութեան համար չի կարող կռուել Իրաքում եւ Սուրիայում, նշանակում է` միամիտ կը լինէր յուսալ, որ այն կը կռուի Ղարաբաղում»:
Դեռ սադրանքի առաջին օրերին որոշ փորձագէտներ Պաքուի լրատուամիջոցներում հանդէս էին գալիս երկրի ռազմական ղեկավարութեան քննադատութեամբ եւ նոյնիսկ հաշուետուութիւն էին պահանջում ողբերգութեան պատճառների առնչութեամբ: Սակայն արդէն իսկ յաջորդ օրը, ասես` «գայլաձկան հրամանով», բոլորը միաբերան սկսեցին արդարացնել պաշտպանութեան նախարարին եւ ողբերգութեան ողջ մեղքը բարդել Մոսկուայի վրայ:
Դեռ շարունակւում են խօսակցութիւնները, թէ ո՛վ էր իրականում կազմակերպել ներթափանցումը` հայե՞րը, թէ՞ ազրպէյճանցիները: Նախագահ Ալիեւի աշխատակազմի բաժնի վարիչ Նովրուզ Մամետովն իր յայտարարութիւնում կտրականապէս հերքում է սեփական երկրի մեղքը:
Այս ամէնից յետոյ յատուկ հետաքրքրութիւն առաջացրեց Սոչիում Ռուսաստանի նախագահ Վ. Փութինի մասնակցութեամբ Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների անսպասելի հանդիպման մասին հաղորդագրութիւնը: Մեզ մնում է միայն ենթադրել, թէ ինչ է նրանց հետ խօսելու Փութինը: Այն, որ Ալիեւը յամառօրէն լռում էր, վկայում է, որ Սոչիում նա չի կարողանալու իր պայմանները թելադրել, քանզի միջադէպերը ցոյց տուեցին, որ ազրպէյճանական բանակ որպէս այդպիսին գոյութիւն չունի, աւելի ճիշդ` այն ունակ չէ Ղարաբաղը վերադարձնելու ռազմական ճանապարհով: Ընդհակառակը, Ալիեւը կարող է աւելի շատ տարածք կորցնել, ընդհուպ մինչեւ Կուր եւ աւելի:
Իսկ Հայաստանն այս բանակցութիւններում ունէր միայն մէկ խնդիր` ինչպէս պահել Լեռնային Ղարաբաղը: Այն արդէն 20 տարի փաստացի անկախ պետութիւն է: Մնում է հասնել նրան, որ Ազրպէյճանն այն ճանաչի «տէ ժիւրէ»:
Ի տարբերութիւն Հայաստանի` Ազրպէյճանը խնդիրների մի ամբողջ փունջ ունի, որոնք անպայման պէտք է հաշուի առնուեն ԼՂՀ հարցը լուծելիս: Անկախ այն բանից` ի՛նչ սկզբունքների շրջանակներում կը լուծուի ղարաբաղեան խնդիրը, Փութինը պէտք է իմանայ, որ այն Ալիեւին քարթ-պլանշ կը տայ, որպէսզի վերջինս վերջնականապէս «լուծի» տարածաշրջանի այլ բնիկ ժողովուրդների հարցը` թալիշների, աւարների եւ այլն, ինչը ոչ մի կերպ չի կարելի թոյլ տալ:
Սեփական սահմանների երկայնքով եւ մասնաւորապէս Անդրկովկասում ռուս իշխանութիւնների երկար տարիների անգործութեան պատճառով առաջացել է իւրատեսակ «առողջապահական սահման», որը, ինչպէս վկայում են վերջին տարիների իրադարձութիւնները, սպառնում է վերածուել խեղդօղակի: Անկայունութեան այդ գօտու մասնակի ձեւափոխման փորձերը կարող են իբրեւ հարցի կարճաժամկէտ լուծումը լինել միայն, նման գործողութիւններ բազմիցս նախաձեռնուել են Վրաստանի եւ Ուքրանիայի նկատմամբ: Արդիւնքը բոլորին յայտնի է. այսպիսի մարտավարութիւնը բացառապէս բարդացնում է իրավիճակը եւ դժուարացնում դրա լուծումը: Խնդրի միակ երկարաժամկէտ ռազմավարական լուծումը կարող է դառնալ ձեւաչափի վերափոխումը, որի շնորհիւ տարածաշրջանում կարող է իրականացուել նոր աշխարհաքաղաքական ծրագիր: Միջազգային յարաբերութիւնների պատմութիւնը եւ այսօրուայ իրավիճակը պահանջում են հէնց այդպիսի խիզախ եւ հեռանկարային գործողութիւններ, ինչպէս, օրինակ, Խրիմը վերադարձնելու որոշումը: Այս խնդրի ցանկացած այլ տիպի հարցադրումը (չխօսելով արդէն լուծման մասին) կայունութիւն չի ապահովի Ռուսաստանի համար սահմանամերձ այս հատուածում: Քանի որ, նախ, Արեւելեան Անդրկովկասի բնիկ ժողովուրդները երբեք չեն յօժարի իրենց ուղղակի ոչնչացմանը: Երկրորդ, հաշուի առնելով ոչ այնքան հանգիստ Տաղստանի եւ Հիւսիսային Կովկասի առկայութիւնը, որտեղ Պաքուն իրավիճակի վրայ ազդելու եւ անհրաժեշտութեան դէպքում այն ապակայունացնելու գործուն լծակներ ունի, ռուսական ղեկավարութիւնը հետագայում ստիպուած կը լինի վերադառնալ այդ հարցին: Իսկ դա այնքան էլ ցանկալի չէ, եթէ հաշուի առնենք, որ ներկայ աշխարհաքաղաքականութիւնը Ռուսաստանից պահանջում է զբաղուել նման բարդ հարցերով իր սահմանների համարեա ողջ տրամագծով: Այժմ Ռուսաստանը բացառիկ պատեհութիւն ունի լուծելու դրանցից մէկը իր հարաւային սահմաններում: Ճիշդ չէր լինի եւ նոյնիսկ յանցաւոր կը լինէր այդպիսի հնարաւորութիւնից չօգտուելը:
Այսպիսով, հասարակութիւնն «առողջացնելու» եւ Իլհամ Ալիեւի դիրքերն ամրապնդելու փոխարէն, վերջին արկածախնդրութիւնը նրա եւ նրա ղեկավարած պետութեան համար լրացուցիչ բարդութիւններ ստեղծեց` ապացուցելով, որ ե՛ւ ազրպէյճանական հասարակութիւնը, ե՛ւ պետութիւնն ամբողջովին դատապարտուած են: Ասել է թէ` ոչ մի «արիւն թողնել» այլեւս նրանց չի փրկի:

ՖԱԽՐԷՏՏԻՆ ԱՊՈՍԶՈՏԱ
Թալիշական ազգային շարժման առաջնորդ,
Թալիշ-Մուղանեան Հանրապետութեան
խորհրդարանի նախագահ
Թարգմանութիւնը`
ՆԱՅԻՐԱ ՄԿՐՏՉԵԱՆԻ
«Հայ Զինուոր»

