«ՎԷՄ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆԴԷՍԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ

Յուլիսի սկզբներին լոյս է տեսել «Վէմ» համահայկական հանդէսի 2011 թ. թիւ 2(34)ը, որի «Խմբագրականը» նուիրուած է  Հայոց ցեղասպանութեան 100ամեակի նախօրէին Հայաստանի ու հայութեան առջեւ ծառացող նոր մարտահրաւէրների գաղափարաքաղաքական երեւոյթների քննութեանը: Հանդէսի «Հիմնաքարեր» բաժնում տեղ են գտել հայագիտական կարեւոր առարկաների` գրականագիտութեան ու պատմագիտութեան առջեւ կանգնած տեսական ու մեթոտաբանական հիմնահարցերի քննութեանը նուիրուած երկու հրապարակումներ, որոնց հեղինակների` ակադեմիկոս Սերգեյ Սարինեանի եւ գիտութիւնների թեկնածու Սերգեյ Աղաջանեանի եզրակացութիւններն ու առաջարկներն ունեն ոչ միայն գիտատեսական, այլեւ գործնական-կիրառական նշանակութիւն:

Ուշագրաւ է «Պատմութիւն» բաժնում լոյս տեսած ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Բաբկէն Յարութիւնեանի «Այսպէս կոչուած Աղուանքի էթնիկ  եւ քաղաքական պատմութեան մի քանի հարցեր» հիմնարար ուսումնասիրութեան առաջին մասը, որը նոր հայեցակարգով է  քննում օտար հեղինակների կողմից «Կովկասեան Ալպանիա» անունը ստացած երկրի պատմութիւնը: Այն ունենալու է իր շարունակութիւնը` համապատասխան քարտէզի միջոցով ընթերցողին ներկայացնելով ողջ արեւելեան Այսրկովկասի հնագոյն ցեղային կազմը` դրանից բխող ուշագրաւ եզրակացութիւններով:

Գրականագէտ Ալբերտ Մակարեանը  Փարիզի Նուպարեան մատենադարանից ձեռք բերած «Թատրոն» լրագրի (1874-1877) ամբողջական հաւաքածուի հիման վրայ հրապարակել է «Յակոբ Պարոնեանի «Պտոյտ մը Պոլսոյ թաղերու մէջ» ակնարկաշարի նորայայտ տարբերակները» ուսումնասիրութիւնը: Նրանում առարկայական փաստերի եւ համեմատութիւնների միջոցով հեղինակն ապացուցում է, որ Յակոբ Պարոնեանի գրական ժառանգութեան մասը կազմող` մի ողջ հատորի ծաւալ ունեցող անտիպ նիւթերը դեռեւս իրենց հրատարակիչին են սպասում:

«Վէմ»ի 2011 թ. թիւ 2(34)ում տեղ են գտել նաեւ յոբելեանական բնոյթի հրապարակումներ. արուեստագիտութեան դոկտոր Աննա Ասատրեանը Առնօ Բաբաջանեանի ծննդեան 90-ամեակի հետ կապուած` քննութեան է ենթարկել  ականաւոր երգահանի հարուստ ժառանգութիւնը, իսկ պատմաբան Արմէն Մարուքեանը ներկայացրել է  2011-ին իրենց  ստորագրման 90 տարին բոլորող` Մոսկուայի ու Կարսի պայմանագրերի միջազգային-իրաւական գնահատականը:

Ուշադրութեան է արժանի նաեւ ՀՅԴ Մեծ դատավարութեան թղթածրարների հերթական փաթեթը, որում ներկայացւում են ցարական Օխրանայի կողմից որպէս դաշնակցական ամբաստանուած ու ձերբակալուած մի շարք ականաւոր հոգեւորականների դատական գործերը:

«Վէմ»ի 2011 թ. թիւ 2(34)ում տեղ են գտել նաեւ այլ ուշագրաւ հրապարակումներ` սեպագիր արձանագրութիւններում պահպանուած` Արարատի մասին յիշատակութիւնների, Նոպելեան մրցանակակիր Էլիաս Քանեթիի ինքնակենսագրութեան մէջ տեղ գտած` թուրքական բարբարոսութիւններից մազապուրծ «Տխուր հայի» կերպարի եւ այլ թեմաների վերաբերեալ:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ՅԻՇՈՂՈՒԹԵԱՆ ԵՒ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԲԱՆԱՎԷՃԸ   3

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
Սերգեյ Ն. Սարինեան
ԷՔԶԵԳԵՏԻԿԱՅԻՑ ՄԻՆՉԵՒ ՖԵՆՈՄԵՆՈԼՈԳԻԱ
Գրականագիտութիւնը մեթոտաբանական ուրուագծերում    10

Սերգեյ  Ա. Աղաջանեան
ԵՂԵԼՈՒԹԻՒՆ, ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹԻՒՆ 23

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
Բաբկէն Հ. Յարութիւնեան
ԱՅՍՊԷՍ  ԿՈՉՈՒԱԾ ԱՂՈՒԱՆՔԻ ԷԹՆԻԿ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐ
Մաս առաջին: Էթնիկ պատմութեան հարցեր      30

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ
Ալբերտ  Ա. Մակարեան
ՅԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆԻ «ՊՏՈՅՏ  ՄԸ ՊՈԼՍՈՅ  ԹԱՂԵՐՈՒ  ՄԷՋ» ԱԿՆԱՐԿԱՇԱՐԻ ՆՈՐԱՅԱՅՏ  ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ       65

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ
Սմբատ  Խ. Յովհաննիսեան
ԱՆՆԱԼՆԵՐԻ ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
Լիւսիեն  Ֆեւրի եւ Մարք Պլոքի պատմութեան տեսութիւնը 95

ՄՇԱԿՈՅԹ
Աննա  Գ. Ասատրեան
ԱՌՆՕ ԲԱԲԱՋԱՆԵԱՆ. ԴԻՄԱՆԿԱՐԻ ՆՐԲԱԳԾԵՐ
Ականաւոր կոմպոզիտորի ծննդեան 90-ամեակի առիթով   119

ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆ
Արմէն Ց. Մարուքեան
ՄՈՍԿՈՒԱՅԻ ԵՒ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ-ԻՐԱՒԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
Ստորագրման 90-ամեակի առիթով  129

Դաւիթ  Վ. Պետրոսեան
ՄԻՖԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԵԱՆԻ ԷՍՍԵՆԵՐՈՒՄ 140

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Դիմիտրի Ն. Սարգսեան

ԲԻԲԼԻԱԿԱՆ «ԱՐԱՐԱՏԻ ԼԵՌՆԵՐԸ»
ԸՍՏ ՍԵՊԱԳԻՐ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ 146

Յովհաննէս Գ. Խորիկեան
ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ Մ. Թ. Ա. VIIV ԴԱՐԵՐՈՒՄ` ԸՍՏ ՄՈՎՍԷՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ 154

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ
Արտաշէս Ի. Շահնազարեան
ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐ ԳԻՏՈՒԹԵԱՆԸ
Կրկին  Ռամիզ Մեհթիեւի «գլուխգործոցի» մասին  164

ԳՐԱԽՕՍՈՒԹԻՒՆ
Մելինէ Վ. Անումեան
ԱՐԺԷՔԱՒՈՐ ԵՒ ԱՅԺՄԷԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒ    184

ՎԱՒԵՐԱԳՐԵՐ
Աւագ  Ա. Յարութիւնեան
ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԵԾ ԴԱՏԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԹՂԹԱԾՐԱՐՆԵՐԸ
Հայ հոգեւորականների դատական գործերը 193

ՅԱՒԵԼՈՒԱԾ
Ալբերտ  Ա. Մակարեան,
Լիանա Ա. Սաֆարեան
ՏԽՈՒՐ ՀԱՅԸ
Հատուածներ Էլիաս Քանեթիի ինքնակենսագրական
եռագրութիւնից  217(1)

ՅԻՇՈՂՈՒԹԵԱՆ ԵՒ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԲԱՆԱՎԷՃԸ*

Յիշողութիւնը մշտապէս արդիական
ֆենոմեն է, յաւերժական ներկայի
հետ վերապրուող կապ(1):

ՓԻԵՌ ՆՈՐԱ

«Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին  նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի 2011թ. ապրիլի 23-ի հրամանագիրը եւ 2011թ. մայիսի 30-ին կայացած այդ յանձնաժողովի առաջին նիստը կարեւոր հանգրուան են մեր ժողովրդի մեծագոյն  ողբերգութեան 100-ամեակը  պետականօրէն ոգեկոչելու եւ նրա հետեւանքների յաղթահարման ճանապարհին:

Մինչեւ  2015 թուականը Հայաստանն ու հայութիւնը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման հիմնախնդիրը հետապնդելու են սկզբունքօրէն նոր իրողութիւնների` հայոց անկախ պետականութեան գոյութեան եւ նրա շուրջը ծաւալուող բուռն ու անկանխատեսելի զարգացումների պայմաններում: Եւ քանի որ առաջիկայ տարիներին Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման համաթեքսթում առաջընթացի հաւանականութիւնը կախուած է ոչ միայն մեզանից, այլեւ` միջազգային իրավիճակից, մինչ այդ Թուրքիան փորձելու է շրջափակելով`  չէզոքացնել հայկական գործօնի դերակատարութիւնը Հարաւային Կովկասում:

Փաստերը ցոյց են տալիս, որ անցած տարիներին ղարաբաղեան հիմնահարցի շահարկումը  Թուրքիայի համար վերածուել է ոչ միայն եւ ոչ այնքան Ազրպէյճանի, որքան սեփական խնդիրները լուծելու միջոցի: Թուրքիան սկսել է նաեւ գիտակցել, որ տարածաշրջանում եւ աշխարհում իրադարձութիւնների զարգացման որոշ տարբերակներում, հնարաւորութիւն ունի  Ազրպէյճանի միջոցով կրկնելու 1920 թուականի աշնանը` Սեւրի պայմանագրի ստորագրումից յետոյ, երիտթուրքերի  ծրագրով, բայց  քեմալականների ձեռքով Հայաստանի Հանրապետութեանը հասցուած ծանր հարուածը, ինչը թոյլ տուեց երկար ժամանակով քաղաքական ասպարէզից հեռացնել Հայկական հարցը: Ուստի, 2009 թ. հոկտեմբերի 10-ի հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրումից եւ Հայաստանի Սահմանադրական դատարանի 2010 թ. յունուարի 12-ի յայտնի որոշումից յետոյ,  «խեղճ ու աղքատ հարեւանին» գրկախառնութեամբ լռեցնելու հնարքին փոխարինելու է եկել Ղարաբաղի հարցի օգտագործումով Հայոց ցեղասպանութեան ճանաչման խնդիրը  եւ ընդհանրապէս` Հայկական հարցը չէզոքացնելու ռազմավարութիւնը:

Սա բացատրւում է նրանով, որ համաշխարհային բեմահարթակներում Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցը լռեցնելու Թուրքիայի հնարաւորութիւնները  որոշակի սահման ունեն: Մինչդեռ Հայաստանի խոցելիութիւնն օգտագործելով` նրան «յիշողութեան կորուստ» պարտադրելու տարբերակները տարածաշրջանային գետնի վրայ գնալով աճում են, որովհետեւ 70 տարի ԽՍՀՄ-ի կազմում գոյատեւած մեր երկրին ներկայումս բաժին ընկած   սահմանային բարդ իրավիճակը մեզ վերադարձրել է 1918-1920-ին արձանագրուած` յետցեղասպանական անձուկ իրողութիւնների շրջագիծը:

Այսինքն` այն պահին, երբ մենք պատրաստւում ենք Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի միջոցառումներին, Թուրքիայում  պատրաստւում են ոչ թէ զղջման ու փոխհատուցման, այլ Ազրպէյճանի միջոցով նոյն յանցագործութիւնը կրկնելով` եւս  50 տարի մեզ լռութիւն պարտադրելու յարմար պահին ու առիթին:

Մեր հակառակորդները Հայկական հարցը փակելու իրենց նպատակի իրականացումը տեղափոխել են հարաւկովկասեան բեմահարթակ` այն վերածելով  Ջաւախքը  թուրքմեսխեթցիներով բնակեցնելու, Հայաստան-Իրան յարաբերութիւնների մէջ սեպ խրելու, Գիւմրիի ռուսական  յենակէտի մատակարարումները չէզոքացնելու, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը Պաքու-Թիֆլիս-Ախալքալաք-Կարս-Իգդիր-Նախիջեւան երկաթուղային օղակի մէջ առնելու համար ու հետեւողական  ջանքերի: Թուրքիան քայլ առ քայլ մօտեցնում է այն պահը, երբ Հայաստանի աշխարհաքաղաքական դերը կ՛արժեզրկուի անգամ իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի աչքում: Ուստի` Հայաստանի ռազմավարական նշանակութիւնը հետեւողականօրէն չէզոքացնելու հետ միասին,  նա յամառօրէն փորձում է հակահայ գործարքի հող նախապատրաստել անորոշութիւնների մէջ յայտնուած Ռուսաստանի հետ, ինչը դիտում է իբրեւ Հայկական հարցը փակելու լաւագոյն հնարաւորութիւն:

Դրա պատճառը նաեւ այն է, որ Թուրքիայի նման քաղաքականութիւնը յաջողութիւններ է արձանագրել ոչ միայն 1920-ականներին` Հայկական հարցի համաթեքսթում, այլեւ` վերջին տարիներին` քրտական հարցում, քանզի Ապտիւլլա Օճալանին յանձնելու «փրիմաքովեան  գործարքի» միջոցով ապահովել է քրտական շարժման ժամանակաւոր տեղատուութիւնը: Ու թէեւ տարածաշրջանային գետնի վրայ Հայաստանին «թակարդը գցելով»` Հայկական հարցը փակելու Թուրքիայի հնարաւորութիւնների աճը դեռեւս չի հասել իր ճակատագրական սահմանագծին, բայց ակնյայտ է, որ  նման զարգացումներին հակազդելու համար  Հայաստանի Հանրապետութիւնը չունի որեւէ յստակ ռազմավարութիւն եւ իր «վերջին յոյսը» կապել է տարածաշրջանային սթաթիւս-քուոյի պահպանման երազանքի հետ: Մինչդեռ այն ձեւաւորւում է համաշխարհային ուժերի հաշվեկշռի հիման վրայ, իսկ համաշխարհային քաղաքականութիւնը կենդանի, զարգացող օրկանիզմ է:

Հաստատումների այս համակարգից բխում է հետեւեալ եզրակացութիւնը. Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի նախօրէին Հայաստանի ու հայութեան համար ստեղծւում է մի կացութիւն, երբ հին յանցագործութեան հետեւանքների յաղթահարման փորձերը բախվում են նոր յանցագործութեան կրկնութեան  ծրագրերին: Արդիւնքում` հանրային մակարդակի վրայ դրսեւորուող ազգի կենդանի յիշողութիւնը բանավէճի մէջ է մտնում Հայոց ցեղասպանութեան վերհուշի պատմականացման փորձերի հետ եւ պահանջում է յիշատակի արարողութիւնների փոխարէն` առաջնորդուել յարափոփոխ կեանքի մարտահրաւէրների գիտակցմամբ: Վերջին առումով Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հիմնախնդիրը ներկայ հանգրուանում նախ եւ առաջ` սեփական կամքի կենտրոնի` Հայաստանի Հանրապետութեան նուազագոյն ինքնուրոյնութեան պահպանման, երկրորդ` Լեռնային Ղարաբաղում նոր ցեղասպանութեան բացառման, եւ ապա` հին յանցագործութեան դիմաց արդար հատուցման հասնելու առաջադրանք է: Պատմութեան կրկնութեան վտանգի պայմաններում պէտք է գոյութիւն ունենայ ցեղասպանութեան օբյեկտն իբրեւ ինքնուրոյն պետութիւն, որպէսզի վերածուի արդար հատուցման սուբյեկտի:

Եւ երբ «մեր ձեռքով մեր հարցը փակելու»` Թուրքիայի հնարաւորութիւնները աւելի ու  աւելի են մեծանում, մտահոգիչ երեւոյթներ են արձանագրւում նաեւ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման պատասխանատու օրակարգով առաջնորդուող երկրի ներսում: Հայաստանը սկսում է զրկուել ոչ միայն արտաքին շրջափակման չէզոքացման, այլեւ երկրի ներքին զարգացման հիմնական  կռուանից` հայրենի հողի վրայ ապրող հայ մարդուց: Երբ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներն այսօր լքում են անգամ երկրի ողնաշարը կազմող անառիկ Սիւնիքն ու չքնաղ Լոռին, ապա Արեւմտեան Հայաստանը վերադարձնելու եւ  այն հայերով բնակեցնելու հարցը նրանց համար հռետորական է դառնում:

Եւ Հայաստանի կիսադատարկ գիւղերի ու քաղաքների խորապատկերի վրայ  անհրաժեշտութիւն է զգացւում Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հիմնախնդիրը տարանջատել կարճաժամկէտ կամ քաղաքական, միջնաժամկէտ կամ տնտեսական եւ երկարաժամկէտ կամ  քաղաքակրթական առաջադրանքների: Ակնյայտ է դառնում, որ եթէ Հայոց ցեղասպանութեան ճանաչմանն ուղղուած Հայաստանի ու սփիւռքի ջանքերի շնորհիւ առաջին խնդրի լուծումն այս կամ այն կերպ առաջ է գնում, իսկ միջնաժամկէտ  առումով լուծելի է նաեւ Հայաստանի տնտեսական վիճակի բարւոքման առաջադրանքը, ապա երկարաժամկէտ` քաղաքակրթական հարթութեան վրայ, որքան էլ տարօրինակ է, մենք դեռեւս չունենք հայ մարդու` Հայաստանում  ապրելու հիմնախնդրի լուծումները: Մինչդեռ պատմութեան դառը փորձը ցոյց է տալիս, որ հէնց նման բանաձեւի բացակայութիւնն է դարձել Հայաստանի հայաթափման եւ ցեղասպանական գործողութիւնների հանդէպ անպաշտպան դառնալու խորքային պատճառը: Եւ այսօր հարկ է գիտակցել այն իրողութիւնը, որ ապագայում ուղղակի անհնար է լինելու բռնել ցեղասպանի ձեռքը, երբ ներկայ պահին արտագաղթը կամ ուղղակի` գաղթը եւ որպէս դրա հետեւանք` մեր ուժասպառութեան գործընթացը կրկնում է անցեալում արձանագրուած  Հայաստանի ժողովրդագրական արիւնաքամութեան շրջափուլերը: Դրանք, սկսուելով 11-րդ դարում եւ կրկնուելով որոշակի պարբերականութեամբ, այսօր արդէն իրական են դարձրել մեզ մնացած վերջին հողակտորի վերջին հայաթափման սպառնալիքը:  Ակնյայտ է, որ արտաքին յարձակումը կասեցնելու գործում մեր պարբերական ձախողումներն իրականում  եղել են հայ հանրոյթին համակած  գոյաբանական ճգնաժամի արտայայտութիւններ, որոնք ունեցել են ոչ միայն արտաքին, այլեւ ներքին դրդապատճառներ:

Ներկայումս` պետականութեան պայմաններում, գոյաբանական ճգնաժամի ախտանշանները փոխել են միայն իրենց  արտաքին ձեւերը, բայց ո՛չ բովանդակութիւնը, որովհետեւ անկախացումից յետոյ էլ պահպանուել են հայ հանրոյթի ներքին կառուցակազմութիւնն ու ազգային հոգեբանութիւնը: Գոյատեւման խնդիրներ լուծող հայութեան ողջ «քաղաքակրթական պաշարը» շարունակում  է պարփակուած մնալ հայ անհատին բնորոշ երկու ծայրայեղութիւնների` անհատականութեան ու անհատապաշտութեան շրջագծում: Դրանցից ե՛ւ մէկի, ե՛ւ միւսի  համակողմանի զարգացման համար օտար միջավայրերի ընձեռած աւելի մեծ հնարաւորութիւնները պարբերաբար ծնունդ են տալիս հայ անհատի ու հայ հաւաքականութեան` ձեւով քաղաքական կամ տնտեսական, իսկ խորքում` քաղաքակրթական բանավէճին: Համարձակութիւն ունենք պնդելու, որ  քաղաքակրթական միջավայրի փոփոխման արդիւնքում ժամանակին տեղի ունեցած հայ հաւաքականութեան կոտորակումն անհատների խճանկարի, իրականում, պետականութեան կորստի ոչ թէ հետեւանքն էր, այլ պատճառը: Դա ցոյց է տալիս, որ Հայաստանի ներքին զարգացման համաթեքսթում եւս նկատւում է ազգի քաղաքական յիշողութեամբ գիտակցուող` պատմութեան կրկնութեան սպառնալիքը:

Չմոռանանք, որ պետականութեան կորստից յետոյ արտաքին վտանգի չէզոքացմանն ուղղուած մեր հերոսական դիմադրութիւնները` գոյամարտերը,  թէեւ ժամանակաւորապէս կասեցրել են «հայութեան անկման անիւը»(2), բայց չեն կարողացել յետ շրջել այն: Եւ աստիճանաբար նօսրանալով սեփական հայրենիքում` 17-րդ դարի սկզբին ժողովրդագրական առումով գրեթէ կորցրել ենք Շահ Աբբասի կողմից դատարկուած Արեւելեան Հայաստանը, իսկ  1826-1828 թթ. ռուս-պարսկական եւ 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմներից յետոյ, ի հաշիւ Արեւմտեան Հայաստանի ուժասպառութեան,  կրկին «խտացրել ենք» այն: 1918-1920 թուականներին, ի հաշիւ արեւմտահայ գաղթականութեան, ձեւաւորել ենք շատ թէ քիչ միատարր Հայաստանի Հանրապետութիւն, որպէսզի 1988-1994 թուականներին Հայաստանից ազրպէյճանցիների ու Ազրպէյճանից հայերի հեռացումով եւ Արցախի ազատագրումով ստեղծենք մեր գոյատեւման վերջին պատուարը` Հայաստանի Հանապետութիւնն ու Լեռնային Ղարաբաղը` ազատագրուած տարածքների հետ միասին: Ուստի` հայրենի հողի վրայ «շակրենի կաշուի» նման պարբերաբար ձգուող մեր մարմինը ներկայումս` արտաքին նոր վտանգների առարկայացման պայմաններում, յայտնուել է անդառնալիօրէն «պատռուելու» սպառնալիքի առաջ:

Հնարաւոր չէ ընթացիկ-քաղաքական ու տնտեսական լուծումների միջոցով համադարման գտնել ցեղասպանութեան հանդէպ մեր դիմադրողականութեան թուլացման պատճառներին, որոնք գտնւում են հայ հանրոյթի աղճատուած սոցիոմշակութային դիմագծի յետնախորքում: Գնալով վատթարացող քաղաքակրթական միջավայրում ապրելու եւ զարգանալու աշխատակարգերի բացակայութեան պայմաններում գոյատեւման խնդիրը մեզանում աստիճանաբար վերածուել է ինքնանպատակ իտէա-ֆիքսի(3): Հետահայեաց առումով դիտարկելով ժամանակին սոսկ արտաքին վտանգներով թելադրուող արտագաղթը, կարող ենք եզրակացնել, որ քաղաքակրթական ձգողականութեան համաշխարհային օճախները «մագնիսական դաշտերի» նման պարբերաբար մեզանից քաշել տարել են այն ամէնը, ինչն ուժեղ է եւ կենսունակ` թոյլերին ու յարմարուողներին թողնելով ամայացող Հայաստանում «վերջին կռիւը» տալու պարտականութիւնը: Եւ մեր ուժազրկման պատճառը դարձած` հաւաքական գոյութեան հիմքերի քայքայման գործընթացն աստիճանաբար վերածուել է զարգացման սեփական օրէնքներն ունեցող ներքին հիւանդութեան, որն իր հերթին մեզ անհաղորդ է դարձրել արտաքին նոր վտանգներին:

Որ այս ամէնի պատճառը հայրենասիրութեան պակասը չէ, ապացուցւում է Նոր ու Նորագոյն ժամանակների մեր գոյամարտերի միջոցով, ուստի` բուն խնդիրն այն է, որ իրարամերժ բեկորների տրոհուած հայ հանրոյթը հայրենի հողի վրայ մինչ օրս չի մշակել իր հաւաքական համակեցութեան տեսլականը, որի բացակայութեան պայմաններում  հայրենասիրութիւնը զրկուել է իր տնտեսաքաղաքական բովանդակութիւնից` վերածուելով անցեալի յիշատակների եւ մշակութային արժէքների պաշտամունքի:

Հայաստանի հայաթափումը կանխելու եւ դրանով` նոր ցեղասպանութեան վտանգը ետ մղելու ուղին հայրենի հողի վրայ նման տեսլականի ձեւաւորումն է, սկզբում` որպէս հայկական երազանքի` նոր Երկիր Դրախտավայրի գաղափար, իսկ հետագայում` որոշակի քաղաքական, տնտեսական ու հոգեւոր-մշակութային բաղադրիչներ ունեցող զարգացման բնորդ: Նման տեսլականը կարող է լինել ազգային առանձնայատկութիւնները հաշուի առնող, բայց խորքում համամարդկային գաղափարների վրայ հիմնուող դրական նպատակների համակարգ: Անհատականութեան զարգացման եւ  համամարդկային առաջադիմութեան գաղափար-սկզբունքների բախումը` Հայաստանի ներսում, անխուսափելի են դարձրել անհատների պայքարը երկրի սահմանափակ քանակական ռեսուրսների վերահսկողութեան համար: Իսկ քանակական ռեսուրսները որակականի վերածելու հիմնախնդիրը իր հերթին բախուել է վերջիններիս  ձեւաւորման  համար անհրաժեշտ պայմանների բացակայութեանը, որոնք հին` խորհրդային ու նոր` ազատական համակարգերի բացասական գծերի մէկտեղման արդիւնք են: Ժամանակակից երկիր ստեղծելու համար անհրաժեշտ որակական ռեսուրսներից ամենակարեւորի` մարդու օտարումը, Հայաստանում նրա գործունէութեան  ոլորտների բազմազանութեան բացակայութեան հետեւանքն է, որում մենաշնորհների առկայութիւնը ընդհանուր խճանկարի մէկ երեսն է միայն: Նման իրողութիւնը փակում  է  անհատականութիւնների պայքարը երկրի զարգացման շարժիչի վերածելու ճանապարհը եւ  ձեւաւորում  ազատ հնարաւորութիւնների սահմանափակման երկմիասնական մեխանիզմ, որն ուղղակի աւերներ է գործում մեր կենսագործունէութեան բոլոր ոլորտներում` տնտեսութիւնից մինչեւ մշակոյթ ու գիտութիւն: Երկրից սկսում են հեռանալ բոլոր այն հայերը, ովքեր ունեն ազատ արարելու հնարաւորութիւն` պիզնեսմենից մինչեւ գիտնականը, արուեստի գործիչն ու գիւղացին: Մանաւանդ` վերջինիս հեռացումը հոգեվարքի արտայայտութիւն է. ժամանակին մեր երկիրը զաւթած  բռնապետներին անգամ չի յաջողուել հայ գիւղացուն կտրել իր հողից:

Ուրեմն` Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման համազգային հիմնախնդրի համաթեքսթում իրականացուող` «ներքին հիւանդութեան» ախտաճանաչումները առաջին պլան են մղում երկարաժամկէտ կամ  քաղաքակրթական լուծումներ որդեգրելու հրամայականը: Ընդ որում` դրանցից հիմնականը գտնւում է ո՛չ միայն եւ ո՛չ այնքան` քաղաքական ազատութիւնների կամ տնտեսական խաղի ընդհանուր կանոնների, այլ դրանց հենքի վրայ հաստատուող` անհատականութիւններից բաղկացած հայ հասարակութեան նոր` հորիզոնական կառուցուածքակազմութեան միջոցով հայ մարդու ազատօրէն արարելու հնարաւորութիւնների բազմազանութեան ապահովման համաթեքսթում:

Ասուածը վկայում է, որ Հայաստանի շուրջն ընթացող արտաքին զարգացումների ուժականութիւնը եւ երկրի հետեւողական հայաթափումը ռազմավարական հեռանկարի առումով ուրուագծում է Հայաստանի միջոցով Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցը լռեցնելու թուրքական սպառնալիքը, ինչն այլեւս  պէտք չէ դիտարկել տեսական-հայեցողական հարթութեան վրայ: Մեր հակառակորդները յարմար պահին պարզապէս կարող են «բռնել մեր գլուխը» եւ պայմաններ թելադրել մարմնի միւս մասերին, որի առաջին փորձը  մեզ արդէն ծանօթ` 2009 թ. հոկտեմբերի 10-ի արձանագրութիւններն են…

Ուստի` Հայոց ցեղասպանութեան դառը վերյուշի հերթական «թարմացումը» եւ անգամ` արդար հատուցման համար պայքարի ակտիւացումը առաջիկայ տարիներին ամենեւին էլ չեն լուծելու մեր նահատակների կտակին հաւատարիմ մնալու հիմնախնդիրը: Վերջիններս զոհուեցին` երազելով այն Ազատ Հայաստանը, որտեղ հայ մարդը ոչ միայն  պաշտպանուած կը լինի ցեղասպանութեան կրկնութեան վտանգից, այլեւ հնարաւորութիւն կ՛ունենայ ապրելու համայն հայութեան համակեցութեան դրական տեսլականը մարմնաւորող ազգային լիարժէք կեանքով, նրա հնոցում միաձուլելու կոտորակուած ազգի բեկորները եւ իրեն զգալու որպէս միասնական ազգային-պետական օրկանիզմ, որը վաղ թէ ուշ  վերատիրանալու է իր ամբողջական հայրենիքին:

Այս ամէնը գալիս է հաստատելու, որ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակը պարտաւոր ենք դիմաւորել մեր ներպետական ու ներազգային  կեցութեանը սպառնացող վտանգների  համապարփակ ու հիմնարար ախտաճանաչումներով: Յիշատակի արարողութիւնները կարող են ապահովել նման առաջադրանքի իրականացման արտաքին` հուզական կողմը միայն: Որովհետեւ անկախ պետականութեան պայմաններում,

ա) անհնար է լուծել ազգի դիմադրողականութեան մեծացման առաջադրանքը` չյստակեցնելով նրա ներսում շարունակուող գոյաբանական ճգնաժամի յաղթահարման ուղիները,

բ) անհնար է պարզ գոյատեւման խնդիրը փոխարինել զարգացման առաջադրանքով` չունենալով հայրենի հողի վրայ համակեցութեան ընդհանուր տեսլական,

գ) անհնար է հաւատարիմ մնալ մեր անմեղ նահատակների կտակին, երբ հայերը հեռանում են Հայաստանից`  իրենց մանուկներին զրկելով  Սբ. Մեսրոպի լեզուով խօսելու հնարաւորութիւնից:

Ուստի ցաւի ու տառապանքի մղձաւանջից պայքարի եւ արարումի հարթութիւն տեղափոխուելու, ազգային իրական արժէքներից նահանջը կասեցնելու եւ մեր ազգային-քաղաքական կեանքի յաւերժական ներկաների` Հայոց ցեղասպանութեան զոհերի գործը շարունակելու վճռականութիւնը պահանջում է գործել ոչ թէ պատմութեան հետքերի, այլ  յիշողութեան մարտահրաւէրների դաշտում:

Յիշողութեան «արմատականացումը» նոյնքան վտանգաւոր է, որքան պատմութեան միֆականացումը եւ միայն մեր կամքի ու բանականութեան «զուգահեռ գոյակցութիւնը» առաջիկայ տարիներին թոյլ կը տայ կանխել մի կողմից` Հայոց ցեղասպանութեան վերյուշի պատմականացումը, իսկ միւս կողմից` Հայոց պատմութեան դասերի անտեսումը: Պատմութեան կրկնութիւնը բացառելու համար բաւարար չէ նրա իմաստի գիտակցումը: Հարկաւոր է պահպանել նաեւ նոր սպառնալիքների յաղթահարման խնդիրը տեսական հարցադրումից հաւաքական կամքի ու գործողութիւնների փոխակերպող, անցեալը յաւերժական ներկայի վերածող` ազգի քաղաքական յիշողութեան անաղարտութիւնը:

Եւ եթէ մեր թշնամին 100 տարի առաջ ծրագրուած յանցագործութեան միջոցով ընդհատել է հայութեան տնտեսաքաղաքական վերելքը, ապա նրանից արդար հատուցման հասնելուց առաջ եւ հասնելու համար մենք պէտք է ապացուցենք սեփական կենսունակութիւնը` ազգի կենդանի յիշողութիւնը վերածելով  Հայաստանի վերելքի հզօրագոյն կռուանի:

Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի նախօրէին բորբոքուող յիշողութեան ու պատմութեան բանավէճը մեզ թոյլ կը տայ, գիտակցելով անցեալը, ծրագրաւորել ապագան եւ խուսափել թշնամական նկրտումների ծուղակն ընկնելու վտանգից:

ԽՄԲ.

(1) Ընդունուել է տպագրութեան 18. 06. 2011:

(2) Գարեգին Նժդեհ, Ցեղի ոգու շարժը, «Հատընտիր», Եր., «Հայաստան», 2001, էջ 146:

(3) Մեր ինքնագիտակցութեան մէջ ամուր «նստած» նման մտակաղապարից բխող պարադոքսների քննութիւնը տե՛ս «Վէմ»ի ներկայ համարում հրապարակուող Սերգեյ Ա. Աղաջանեանի «Եղելութիւն, պատմութիւն եւ ազգային ինքնագիտակցութիւն» յօդուածում:

Share this Article
CATEGORIES