«ԴՐՕՇԱԿ»Ի ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԼՂՀ-Ի ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԸ

«ԴՐՕՇԱԿ».- Վերջերս Լիբանանի «Արցախ ռուց ինվեսթմենթ» (ARI) կազմակերպութեան հրաւէրով ձեր գլխաւորած պատուիրակութիւնն աշխատանքային այցով Պէյրութում էր: Ինչպիսի՞ն են ձեր տպաւորութիւններն այդ այցից:

ԱՐԱ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Լիբանանից վերադարձել եմ մեծ տպաւորութիւններով եւ նոր մտայղացումներով: Զարգացած գիւղատնտեսութիւն ունեցող երկրում ունեցած հանդիպումները համոզմունք են ներշնչել, որ ճիշդ աշխատելու դէպքում` հնարաւոր է այդ ճիւղը զարգացնել նաեւ Արցախում, մանաւանդ որ մեր երկրամասը գիւղատնտեսական է, եւ նպաստաւոր պայմաններ ստեղծելով` պետութիւնը աջակցում է հողօգտագործողներին: Այցի ընթացքում հանդիպումներ ենք ունեցել լիբանանահայ համայնքի եւ գործարարների հետ ու ձեռք բերել մի շարք պայմանաւորուածութիւններ` Արցախում գիւղատնտեսութեանը, ինչպէս նաեւ վերաբնակեցմանը նպաստող ծրագրերը շարունակելու եւ ընդլայնելու ուղղութեամբ:

«ԴՐՕՇԱԿ».- Լիբանանահայ համայնքի եւ գործարարների հետ հանդիպմանը ի՞նչ որոշակի առաջարկութիւններ են հնչեցուել ապագայ համագործակցութեան շուրջ եւ այցի ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ էք ունեցել:

Ա. Հ.- Լիբանանահայ գործարարների հետ ունեցած հանդիպման ընթացքում շահագրգիռ քննարկումներ են ծաւալուել Արցախում գիւղատնտեսութեան զարգացման ուղղուած ԱՌԻ-ի ծրագրի շարունակման շուրջ: Ցածր տոկոսադրոյքով լիբանանահայ ներդրողների կողմից քաշաթաղցիներին տրամադրուող նիւթական փոխատուութիւններն ուղղւում են անասնապահութեան զարգացմանը: Ձեռք է բերուել Շահումեանի շրջանը նոյնպէս ծրագրում ընդգրկելու պայմանաւորուածութիւն: Նշեմ, որ ընկերութեան կողմից արուող ներդրումների ծաւալները նախկին` 300 հազար ամերիկեան տոլար գումարից զգալիօրէն աճել են: Վերջին այցի ժամանակ մօտ 2 միլիոն ամերիկեան տոլարի չափ խոստումներ են եղել: Արցախում գիւղատնտեսական ներդրումների ծրագիրը նախաձեռնել են լիբանանահայ գործարարները, եւ այդ աշխատանքները, իմ կարծիքով, պէտք է շարունակուեն հայկական այլ գաղութներում, մինչեւ որ հնարաւոր լինի այդ ծրագրերի մէջ ներգրաւել նաեւ օտար գործարարների եւ վերածուել ներդրողների միջազգային միութեան:

«ԴՐՕՇԱԿ».- Նկատելի է, որ իրականացուող ծրագրերը հիմնականում ուղղուած են Արցախի վերաբնակեցուած շրջանների զարգացմանը. ինչպիսի՞ն կը լինի այդ գործընթացի շարունակականութիւնը եւ արդեօ՞ք այդ ծրագրերում կ՛ընդգրկուեն Արցախի միւս շրջանները:

Ա. Հ.- Այո՛, ծրագիրը մեկնարկել է Քաշաթաղի շրջանում, սակայն ԱՌԻ-ի ծրագրից արդէն կարող են օգտուել նաեւ շահումեանցիները: Նախնական փուլով այսքանը. հետագայում, սակայն, չի բացառւում նաեւ հանրապետութեան միւս շրջանների ընդգրկումը ծրագրում:

«ԴՐՕՇԱԿ».- Նկատի ունենալով վերջերս ԵԱՀԿ-ի Մինսքի խմբի հրապարակած զեկոյցը, որի մէջ յորդոր կայ Արցախի ազատագրուած տարածքներում ձեռնպահ մնալ գործունէութիւն ծաւալելուց, ինչպիսի՞ն է լինելու Արցախի կառավարութեան մօտեցումը այս խնդրի շուրջ:

Ա. Հ.- Արցախի իշխանութիւնները ազատագրուած տարածքներում շարունակելու են իրականացնել նախատեսուած ծրագրերը` ենթակառուցուածքների վերականգման, տնտեսութեան տարբեր ճիւղերի զարգացման եւ վերաբնակեցման ուղղութեամբ: Այդ շրջաններում բնակւում են ԼՂՀ քաղաքացիներ, ովքեր ունին բնական պայմաններում ապրելու իրաւունք, իսկ պետութիւնը պարտաւոր է ապահովել գոնէ նուազագոյն պայմաններ: Մեր նպատակների իրագործման ճանապարհին ես որեւէ խոչընդոտ չեմ տեսնում:

«ԴՐՕՇԱԿ».- Բազմիցս նշուել է, որ Արցախի վերաբնակեցումը համահայկական խնդիր է. Ի՞նչ ակնկալիքներ ունի Արցախի կառավարութիւնը սփիւռքի հայ համայնքներից եւ յատկապէս  ՀՅ Դաշնակցութիւնից` որպէս համահայկական կառոյց, եւ որքանո՞վ են դրանք իրականանալի:

Ա. Հ.- Վերջին տարիներին վերաբնակեցման ոլորտում կատարուած փոփոխութիւնները արձանագրում են թէկուզեւ դանդաղ, սակայն դրական տեղաշարժեր: Օրինակ, վերջին երեք տարուայ ընթացքում հանրապետութիւն է տեղափոխուել աւելի քան 440 ընտանիք, որից 130-ը` միայն անցած տարի: Իսկ անցած 7 ամիսներին միայն Քաշաթաղի շրջանում վերաբնակուել է մօտ 300 ընտանիք, շարունակուել են հայրենադարձութեան ծրագրերը: Միայն պետական պիւտճէի միջոցները բաւարար չեն կարեւոր նշանակութեան այս ոլորտի խնդիրների լուծման համար, մենք ակնկալում ենք սփիւռքի հայ համայնքների աջակցութիւնը: Առաւել աշխուժ մասնակցութիւն եմ ակնկալում ՀՅ Դաշնակցութիւնից` որպէս համահայկական խոշոր կառոյց:

«ԴՐՕՇԱԿ».- Համահայկական ներուժի օգտագործման ուղղութեամբ Արցախի իշխանութիւնները ի՞նչ քաղաքականութիւն են որդեգրել եւ Արցախում ինչպէ՞ս են համակարգւում սփիւռքի հետ յարաբերութիւնները:

Ա. Հ.- Նախ պէտք է նշեմ, որ Արցախի Հանրապետութեան անկախացման ճանապարհին անգնահատելի է համահայկական ներդրումը` որպէս սեփական հայրենիքի անկախացման միտուած նուիրում: Արցախի իշխանութիւնները մշտապէս կարեւորում են համահայկական ներուժի օգտագործումը Արցախի զարգացման գործում: Մենք հնարաւորութեան սահմաններում ստեղծում ենք բարենպաստ պայմաններ` հայրենանուէր ներդրումների համար, որոնք ուղղուած են Արցախի տնտեսութեան զարգացմանը, ազատագրուած տարածքների վերաբնակեցմանը: Մշտապէս պատրաստ ենք սերտ համագործակցել համահայկական բոլոր կազմակերպութիւնների հետ: Մեր գլխաւոր նպատակն է Արցախում ստեղծել արդիւնաւէտ ու բարենպաստ միջավայր, որը կը համընկնի սփիւռքում ապրող մեր հայրենակիցների ցանկութեանը` օգնելու, մասնակիցը լինելու Արցախի զարգացմանը:

Օգտուելով առիթից` կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին աւելի յաճախ այցելել Արցախ, տեղում ծանօթանալ իրականացուող ծրագրերին:

«ԴՐՕՇԱԿ».- Շնորհակալութիւն:

Share this Article
CATEGORIES