Տէրտէրեանական «Կրակէ Օղակ»-ը Շուշիում

ՎԱՀԱԳՆ ԶԱՔԱՐԵԱՆ

_LUS1677Արցախի մշակութային կենտրոն Շուշիում աշնան առաջին օրը առանձնայատուկ տօնական շուք ու հմայք էր հաղորդուել: Հայոց հնագոյն քաղաքը բազմամարդ էր, այստեղ էին ժամանել հայեր աշխարհի տարբեր կողմերից, շատ էին նաեւ օտարերկրեայ հիւրերը: Բոլորն էլ այդ օրը եկել էին Շուշի` տօնելու Արցախի անկախութեան օրը: Հայաստանի Առաջին տիկին Ռիթա Սարգսեանի բարձր հովանու ներքոյ, Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մշակոյթի նախարարութիւնների աջակցութեամբ, «Ալ. Սպենդիարեան»-ի անուան օփերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնութեամբ Շուշիի ամրոցում մեծ յաջողութեամբ կայացաւ հայ նշանաւոր երգահան Աւետ Տէրտէրեանի «Կրակէ օղակ» օփերայի արցախեան առաջնախաղը (բեմագիր` Վլադիմիր Շահնազարեանի, ըստ Պորիս Լաւրենիովի «Քառասունմէկերորդը» վէպի եւ Եղիշէ Չարենցի բանաստեղծութիւնների):

_LUS2396Արցախեան անդրանիկ ցուցադրութեան ներկայ են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակօ Սահակեանը, Հայաստանի մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանը, Լեռնային Ղարաբաղի մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Նարինէ Աղաբալեանը, երկու երկրների այլ բարձրաստիճան պաշտօնեաներ: «Կրակէ օղակ» օփերայի արցախեան անդրանիկ ցուցադրութիւնը նուիրւում է Արցախի անկախութեան օրուան եւ Աւետ Տէրտէրեանի ծննդեան 85-ամեակին: Նախագծի հեղինակն ու գեղարուեստական ղեկավարն է` Սարինէ Աւթանդիլեանը:

«Կրակէ օղակ» օփերայի առաջին բեմադրութիւնն դեռեւս տասնամեակներ առաջ իրականացրել են Երեւանի Ալեքսանդր Սպենդիարեանի անուան օփերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի գլխաւոր գեղարուեստական ղեկավար Արամ Քաթանեանը, բեմադրող Վահագն Բագրատունին եւ բեմանկարիչ Մինաս Աւետիսեանը: Սա թատրոնի եւ երգահանի մեծ յաղթանակն էր եւ Աւետ Տէրտէրեանի փայլուն ճանապարհի սկիզբը: Տաղանդաւոր ստեղծագործողների աստղաբոյլը բոլոր իմաստներով նպաստեց ներկայացման յաջողութեանը եւ դրանով իսկ ուղի հարթեց երգահանի հետագայ յաջողութիւնների համար: Տէրտէրեանական օփերայի հենքում Պորիս Լաւրենիովի «41-րդ»-ը պատմուածքի իրադարձութիւններն են: Օփերայում մի քանի գործող անձ կայ` աԱղջիկը, սպան, երգչախումբը եւ ասմունքողը: Օփերան սկսւում է Չարենցի բանաստեղծութեամբ: Չորս կողմը կռիւ է, կրակէ օղակում այս ու այն կողմ են նետւում վիրաւոր, տանջուած մարդիկ: Ողջ մնացած մարդկանց շարքը նօսրանում է, վերջում երկուսն են մնում` երիտասարդ աղջիկ եւ մի վիրաւոր սպայ: Երկու թշնամի իրար դէմ, եւ աղջիկը հրացանով կրակում ուշագնաց է անում տղային: Սպան դառնում է աղջկայ գերին: Աշխարհը նրանց համար հետզհետէ դառնում է մի հեքիաթ` բարու, սիրոյ եւ յոյսի մասին:

Այն որ Աւետ Տէրտէրեանի «Կրակէ օղակ» օփերան ներկայացուեց Շուշիում ամենեւին էլ պատահական չէր: Տէրտէրեանների գերդաստանի ակունքները սկիզբ են առնում Շուշիից:  Երգահանի ծնողները երաժշտական շնորհով օժտուած մարդիկ էին եւ յաճախ էին մասնակցում տարբեր օփերային ներկայացումների: Աւետ Տէրտէրեանի համար «Կրակէ օղակ» օփերայի պատմութեան մէջ կարեւոր են հերոսները: Մեծ եւ ինքնատիպ կերպարներ, որոնցից իւրաքանչիւրի թիկունքում կանգնած են իւրայատուկ աւանդոյթները եւ տուեալ ժամանակաշրջանը: Կերպարները համակուած են վեհ զգացմունքով` սիրով, որն, աւաղ ծնուել է գաղափարների համար մղուող դաժան պայքարի մթնոլորտում: Երգահան Աւետ Տէրտէրեանն իր ստեղծագործական կեանքն սկսեց որպէս նորարար: Նա հանդիսատեսին ներկայացրեց միանգամայն անծանօթ հնչիւնային աշխարհ, որտեղ նոր կեանք ստացան եւ նորովի հնչեցին հին հայկական ծէսերի հեռաւոր ձայները` լեցուն ժողովրդական տօների խանդավառութեամբ, ինչպէս նաեւ հայ ժողովրդի անամոք կորուստների վշտով:

Տէրտէրեանական «Կրակէ օղակ»-ն արդէն իրականութիւն է եւ արցախեան առաջնախաղից յետոյ մտադրութիւն կայ այն ներկայացնելու օփերային թատրոնի բեմում, իսկ այն, որ Շուշին այսօրինակ բարձրարժէք մշակութային իրադարձութիւններով իսկապէս փաստում է Արցախի մշակութային կենտրոն լինելու իրաւունքը, ինչպէս նաեւ թոյլ է տալիս ենթադրելու, որ յետայսու նոյնպէս հայոց հնագոյն բերդաքաղաքում աւանդաբար կը կազմակերպուեն այսօրինակ մեծածաւալ մշակութային իրադարձութիւններ` նոր լիցքեր ու առանձնայատուկ կարեւորութիւն տալով հայոց մշակութային քաղաք Շուշիին:

 

Share this Article
CATEGORIES