Ո՞վ Է Սերտելու Ուքրանական Տխուր Դասերը

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

KT_flagsՊիելոռուսական, ուքրանական եւ ռուսական լրատուամիջոցները, միմեանց յղում կատարելով, տեղեկացնում են, որ Ուքրանիայի եւ ինքնահռչակ Տօնեցքի եւ Լուքանսքի ժողովրդական հանրապետութիւնների ներկայացուցիչների միջեւ կնքուել է հրադադարի հաստատման մասին 14 կէտանոց արձանագրութիւն:

Ինքնին հրադադարի կնքումը կարեւոր է` երկու կողմերի զինուած ուժերի միջեւ արիւնալի բախումները եւ դրանց իբրեւ հետեւանք հազարաւոր մարդկային կորուստները դադարեցնելու առումով: Բայց զուտ քաղաքական տեսանկիւնից այդ արձանագրութեան ստորագրումը Ուքրանիայի պարտութեան ինքնախոստովանութիւնն էր: Էականն այն չէ` դա պարտութիւն էր Տօնեցքի եւ Լուքանսքի ինքնահռչակ իշխանութիւնների եւ նրանց պաշտպանող զինուած խմբաւորումների՞ նկատմամբ, թէ՞ ռուսական կանոնաւոր բանակի: Փաստն այն է, որ ստորագրելով այդ փաստաթուղթը` Քիեւը ոչ միայն արձանագրեց ռազմական գործողութիւնների եւ պատժիչ գործողութիւնների միջոցով երկրի արեւելքից անջատողականներին չէզոքացնելու «փլան»-ի ձախողումը, այլեւ, այսպէս կոչուած, նրանց ճանաչեց որպէս հակամարտութեան կողմ: Սա նշանակում է, որ Ուքրանիան այլեւս երբեք առաջուանը չի լինի եւ որ` գործ ունենք մի նոր Ուքրանիայի հետ, որը բաժանուած է երկու, գուցէ երեք մասերի: Ընդ որում, նոյնիսկ էական չէ` դա ներքի՞ն բաժանում է, այսինքն` Տօնեցք եւ Լուքանսք մնալո՞ւ են Ուքրանիայի կազմում որպէս որոշակի ինքնավարութիւն ունեցող շրջաններ, թէ՞ ոչ: Էականն այն է, որ հազարաւոր մարդկային ու նիւթական կորուստները յանգեցրին մի արդիւնքի, որը յամառօրէն փորձում էր կանխել Քիեւը, որն իսկական ողբերգութիւն է Ուքրանիայի պետութեան եւ ժողովրդի համար, եւ որն արձանագրւում է ներքին անջատականութեանը ուժային հակահարուած հասցնելու հարցում Քիեւին ոգեւորող Եւրոպայի, Արեւմուտքի լուռ համաձայնութեան ներքոյ: Քիեւն այս պարտութիւնը (առայժմ յայտնի չէ` ռազմավարական, թէ մարտավարական) կրեց այն պատճառով, որ փաստացի այդպէս էլ մնաց մենակ ռուսական յարձակումների դէմ յանդիման, եւ կողքից օժանդակութիւնն այդպէս էլ խօսքից յստակ վճռական գործողութիւնների չյանգեց: Միացեալ Նահանգների եւ Եւրոմիութեան կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառուած ֆինանսատնտեսական ու ոլորտային պատժամիջոցները այնպիսի վնաս չկարողացան հասցնել Մոսկուային, որպէսզի նախագահ Փութինը հրաժարուէր Ուքրանիան բաժանելու մտքից: Խորհրդանշական է այն հանգամանքը, որ այս հրադադարը կնքւում է հէնց ուքրանիական ճգնաժամով թելադրուած` ՕԹԱՆ-ի գագաթաժողովի անցկացման օրերին: Մի գագաթաժողով, որը հրաւիրուել էր, փաստացի ասելու համար, որ ո՛չ Դաշինքը, ո՛չ էլ դրան մաս կազմող երկրներն Ուքրանիային ոչնչով օգնել չեն կարող, եւ Քիեւը պէտք է բաւարարուի մի քանի միլիոն տոլարի ֆինանսական օգնութիւն ստանալու խոստումներով: Ուքրանիայի նախագահ Փիոթր Փորոշենքոն այս գագաթաժողովից չստացաւ այն, որ ակնկալում էր:

KT_uk-1Փոխարէնը, օգտագործելով Ուքրանիայի նկատմամբ Ռուսաստանի իրականացրած յարձակումը, ՕԹԱՆ-ն փորձում է իրագործել մերձպալթեան երկներում եւ Ռուսաստանի արեւելեան սահմանագծի երկայնքով հակաօդային պաշտպանութեան համակարգեր տեղակայելու որոշումը: Դրա համար նրան անհրաժեշտ է տպաւորութիւն ստեղծել, թէ իրականում Ռուսաստանից վտանգը ոչ թէ նրա նախկին ազդեցութեան գօտում գտնուող երկրների հանդէպ է, այլ` ՕԹԱՆ-ի եւրոպական անդամների: Միացեալ Նահանգների նախագահ Պարաք Օպաման Ռիկայում,ՕԹԱՆ-ի գլխաւոր քարտուղար Անտերս ֆոն Ռասմուսենը` Նիւփորթում հէնց այս ուղերձները յղեցին եւրոպացիներին: Որքան էլ շնական հնչի, փաստօրէն Արեւմուտքն այս չյայտարարուած պատերազմում, Ուքրանիայի արեւմտեան եւ արեւելեան հատուածների բնակչութեանը մատաղացու դարձնելով, մի ողջ երկրի աւերման գնով առաջ է հրում իր շահերը: Ուքրանիան, փաստօրէն վճարում է աւելի շատ Ռուսաստան-Արեւմուտք առճակատման համար:

Որքան Ուքրանիան չէր կարող պատկերացնել, թէ մինչեւ ո՛ւր կարող է հասնել ռուսական արջի կատաղութիւնը, նոյնքան էլ չէր կարող պատկերացնել, թէ մինչեւ որտեղ կարող է հասնել եւրոպական աղուէսի սառնասրտութիւնը: Եւ այս խորապատկերում հարց է առաջանում, թէ ի՞նչ էր լինելու Հայաստանի հետ, եթէ այն եւս որդեգրէր Ռուսաստանից ապահարզանի` ուքրանիական կտրուկ ճանապարհը:

KT_uk-2Արդեօ՞ք այն բոլոր վերլուծաբանները, երդուեալ արեւմտամէտները կարող էին երաշխաւորել, որ ղարաբաղեան վերարթնացող պատերազմ ունեցող Հայաստանին նոյնպիսի, գուցէ աւելի դաժան ճակատագիր չէր սպասուելու` եւրոպական նոյն սառնասիրտ ու հաշուենկատ հայեացքների ներքոյ:

Նոյնիսկ այն դէպքում, երբ Սերժ Սարգսեանն ստիպուած եղաւ անցած տարի սեպտեմբերին Եւրոպայի հետ ընկերակցութեան ուղուց հրաժարուելու եւ Մաքսային միութեան մէջ մտնելու` իրականում նուաստացուցիչ յայտարարութիւնն անել, Ռուսաստանը չխորշեց հայկական շահերն աճուրդի հանելու միջոցով սիրախաղեր սկսել Ազրպէյճանի հետ

… Խնդիրը բացարձակապէս Ռուսաստանի հպատակը դառնալու` ներկայիս քաղաքական ուղեգիծն արդարացնելը չէ: Ուքրանիայի ներկայիս վերաբաժանումը աւելորդ անգամ հաստատում է, որ աշխարհը թեւակոխել է մի դարաշրջան, որտեղ հիմնական խնդիրը, յատկապէս` փոքր ու միջին երկրների համար, դարձել է անվտանգութեան ապահովումը, արտաքին մարտահրաւէրները չէզոքացնելը` սեփական միջոցների հզօրացման եւ զարգացման միջոցով:

Ո՛չ Ռուսաստանը եւ ո՛չ էլ Արեւմուտքը մեզ չեն պաշտպանելու անհրաժեշտութեան դէպքում, նրանք պարզապէս Հայաստանը եւ Արցախը, տարածաշրջանը դարձնելու են իրենց շահերի բախման ռազմադաշտ, եւ իւրաքանչիւրը ձգտելու է մեր հաշուին մեր կրակից իր շագանակները հանել: Հետեւաբար խնդիրը ոչ թէ արտաքին այս կամ այն կողմնորոշումը որդեգրելն է, այս կամ այն ռազմաքաղաքական դաշինքի մէջ փրկութիւն որոնելը, այլ անվտանգութեան ապահովման սեփական ոճը ստեղծելը` արտաքին հնարաւորինս չէզոք կողմնորոշում որդեգրելու, օգտագործելու եւ, ամենակարեւորը, սեփական եղունգով սեփական գլուխը քերելու ճար գտնելու միջոցով:

Հայկական բանակն անցած ամիս ապացուցեց, որ այդ ձեւը կայ: Ոչ թէ Ռուսաստանը, յետոյ էլ Միացեալ Նահանգները ստիպեցին Սերժ Սարգսեանին ու Իլհամ Ալիեւին նստել բանակցութիւնների սեղանի շուրջ, գոնէ առժամանակ հրաժարուել ռազմական արկածախնդիր գործողութիւններից, այլ` հէնց յենակէտում կանգնած հայ զինուորը, որը, ցաւօք, չի կարող նաեւ մեր երդուեալ ռուսամոլներին կամ ամերիկամոլներին ձեռքի հետ նաեւ խոհեմութեան դասեր տալ:

(Յապաւումով)

Share this Article
CATEGORIES